Երեկ Պետական թատրոնում Մոսկվայի Հայկ. դրամ. ստուդիան առաջին անգամ բեմադրեց Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ը:
Ճիշտն ասած՝ մենք մեծ սպասելիքներ ունեինք այդ խմբից և այդ բեմադրությունից: Բացի այն, որ մենք դեռ մի քանի տարի առաջ տեսել էինք այդ խմբի պարապմունքները Մոսկվայում, բացի այն, որ այդ խմբի առաջին ներկայացումից՝ «Մեծապատիվ մուրացկաններ»-ից մենք ստացել էինք 3 տարի առաջ լավազույն տպավորություն,—բացի այս ամենը՝ մեզ մեծ սպասելիք էր ներշնչում այդ ներկայացման աֆիշը, որի վրա փայլում էր ռեժիսոր Սիմոնովի, Վախթանգովի այդ մեծահմուտ աշակերտի անունը։—Սակայն, դժբախտաբար, մեր սպասելիքները չարդարացան: Երեկ Պետական թատրոնի բեմի վրա մենք տեսանք պարզապես մի աշակերտական ներկայացում, որն, այդպիսին լինելով հանդերձ՝ հավակնություն ուներ ամենավերջին «նորույթի» տպավորություն անել Երևանի «պրովինցիալ» հասարակության վրա։ Սակայն, օ՛, զարմա՜նք, ներկայացումը… ոչ մի տպավորություն չթողեց։ Եվ այն, որ այդ ներկայացումը ոչ մի տպավորություն չթողեց, մեզ առիթ է տալիս մտածելու ներկա հանդիսատեսի հոգեբանության մասին, այն հանդիսատեսի, որը խոր ոգևորությամբ ընդունեց «Բեկումն» ու «Խռովությունը» և շատ անտարբեր մնաց դեպի «Բաղդասար աղբար»-ը:
Ո՞րն է պատճառը. ո՞րն է այդ հետաքրքիր երևույթի բացատրությունը:
Պատասխանել այս հարցին—նշանակում է տալ ոչ միայն երեկվա ներկայացման գնահատականը, այլև հասկանալ մեր այսօրվա մասսայական հանդիսատեսի հոգեբանությունը և նշել այն ուղին, որ այսօր ցանկանում է տեսնել այդ հանդիսատեսը թատրոնում:
«Բաղդասար աղբար»-ը իբրև բեմադրություն թերևս զուրկ չէր որոշ սրամտությունից. նույնիսկ կարելի է ասել, որ այդ բեմադրությունն իր վրա կրում էր «մայրաքաղաքային» որոշ «փայլ», սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ «փայլը» մի փոքր խունացած լաթի տպավորություն էր թողնում… 1928 թվին հրամցնել հասարակությանը պայմանական թատրոնի քաղցրամեղցիկ էսթետիզմով շաղախված մի բեմադրություն—և դա անել այնպիսի մի հավակնությամբ, թե արվեստի վերջին խոսքն ես ասում,—դա առնվազը միամտություն է, եթե չասենք, որ դա լիապես ապացուցում է, որ այդ խմբի գաղափարական ղեկավարները կարծես միանգամայն դադարել են հասկանալ մեր այսօրվա մասսայական հանդիսատեսի պահանջները, այն հանդիսատեսի, որն արդեն աճել է և կազմել թատրոնական նոր հասարակայնություն և որին այլևս չի կարելի շլացնել «պայմանական» թատրոնի բավականին հին մթերանոցից վերցրած բավականին խունացած խաղալիքներով: Այն հասարակությունը, որ այնպես մոլեգին ոգևորությամբ ողջունում էր «Բեկումի» և «Խռովության» բեմադրությունը,—թատրոնական այդ նոր հասարակայնությանն այսօր հրամցնել նման «պսպղուն», սակայն սնամեջ խաղալիքներ և հավակնություն ունենալ, որ դա կարող է տպավորություն թողնել և կուլտուրական նշանակություն ունենալ— առնվազը միամտություն է:
Այդ հասարակայնությունը պահանջում է հեղափոխական ռեալիստական թատրոն, և դա նրա կուլտուրական մակարդակի բարձրացման ամենալավ նշանացույցն է:— Նոր թատրոնը, ինչպես ընդհանրապես նոր արվեստն ու կուլտուրան, պիտի ստեղծվի ու աճի այդ հասարակայնության ծոցից, հյութեր ծծելով այդ հասարակայնության սոցիալական արմատներից,—այլ ուղի մեր կուլտուրական զարգացումը չունի: Առանց այդ սոցիալական մթնոլորտի ու արմատների ամեն մի կուլտուրական հարց դատապարտված է սնանկության ու անհաջողության, որքան էլ մեծահմուտ լինեն այն փորձի հեղինակները, որքան էլ նրանք անկեղծ ցանկություն ունենան «նոր» խոսք ասելու:
Մոսկվայի Հայկ. դրամ, արհեստանոցի ամբողջ պատմությունը, որի վերջին էջերից մեկն էր «Բաղդասար աղբար» երեկվա բեմադրությունը,—ամենալավ ապացույցն է մեր կարծիքի ճշմարտության:
Մեզ այսօր հարկավոր է հեղափոխական ռեալիստական թատրոն, և մենք խորապես համոզված ենք, որ այդ թատրոնը, ինչպես և պրոլետարական նոր կուլտուրան, կարող է ծնվել ու աճել միմիայն պրոլետարական նոր հասարակայնության ծոցում, սնվելով նրա սոցիալական արմատներից—ուրիշ ուղի մեր կուլտուրայի զարգացումը չունի:
Այսքան: