«ՆՈՅԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Մասսաների նյութական բարեկեցության բարձրացումը և դրա հետ կապված` հեղափոխության հետևանքով ուղեղներում կատարված հեղաշրջումը, մասսայական ակտիվության ուժեղացումն ու մտավոր հորիզոնի ընդլայնումն ստեղծել են կուլտուրական հարցերի ու պահաջների հսկայական աճումն: Այդ մասսայական կուլտուրական աճման մի մասն է կազմում նոր գրականության-առաջին հերթին՝ բանվորական և գյուղացիական գրականության աճումը» (տե՛ս կուսակցական բանաձևը գրականության մասին, և կետերը):-
Կուլտուրական հարցերի և պահանջների մասսայական աճման այս երևույթը Նոյեմբերյան հեղափոխությունից հետո առաջացել է մեզանում: Շնորհիվ դրա՝ մեզ մոտ էլ է սկսվել կուլտուրական այդ ընդհանուր աճման մի մասը կազմող՝ բանվորական և գյուղացիական գրականության առաջացման ընթացքը: Սակայն փաստն այն է, որ գրական այդ շարժումը մեզանում մինչև օրս կրել է տարերային, անկազմակերպ բնույթ, և նրան կազմակերպչական որոշ հունի մեջ դնելու մի երկու փորձերը չեն տվել հարկ եղած գրական արդյունքը: 1922 թվին Երևանում հիմնված Պրոլետգրողների խմբակն իր երեք տարվա գործունեության ընթացքում չկարողացավ վարել կազմակերպչական մի այնպիսի գիծ, որ Հայաստանի պրոլետարական փոքրաթիվ ուժերը համախմբվեին նրա շուրջը: Իր վարած գրական քաղաքականության անխոհեմ ու անհամբերողական, ոչ-զգուշավոր ընթացքի շնորհիվ նա ջլատեց մեր պրոլետգրական շարքերը և կաստայացավ: Իսկ գրական արտադրանքի ասպարեզում նա ստեղծեց այն ջերմոցային «պրոլետգրականությունը», որի անընդունելիության մասին ասված է մեր կուսակցության բանաձևի 11-րդ կետում:- Մյուս կողմից՝ Լենինականում սույն թվի ապրիլին՝ կազմակերպվեց բանվոր և գյուղացի գրողների «Հոկտեմբեր» միությունը, որի ևս մինչև օրս չկարողացել դառնալ համահայաստանյան կազմակերպություն ստեղծելը: Այս նպատակով Լենինականի պրոլետարական գրողների «Հոկտեմբեր» միությունը և մի շարք բանվոր ու գյուղացի առանձին գրողներ, որոնք մինչև օրս չեն անդամակցել գրական որևէ կազմակերպության, միանում են և հիմնում Հայաստանի պրոլետգրողների «Նոյեմբեր» միությունը՝ հիմք ընդունելով հետևյալ պլատֆորմը.
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ
«ՀՈԿՏԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ
Իբր գործունեության պլատֆորմ՝ Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունն ընդհանուր սկզբունքային առումով ընդունում է պրոլետգրողների առաջին համամիութենական կոնֆերենցիայի բանաձևը, այն վերապահությամբ, որ կազմում է այդ բանաձևի և կուսակցության բանաձևի մեջ եղած հիմնական տարբերությունը:
Այդ տարբերությունն ամենացայտուն կերպով արտահայտվում է.-
- Հեգեմոնիայի հարցում.
- Վերաբերմունքի հարցում դեպի գրական զանազան խմբավորումները:
Հեգեմոնիայի հարցում միությունս կանգնած է մեր կուսակցության բանաձևում արտահայտված և ընդգծված այն տեսակետի վրա, որ պրոլետարական գրողների հեգեմոնիա դեռևս գոյություն չունի, և այն մենք պետք է ձեռք բերենք ոչ թե, ինչպես ՎԱՊՊ-ի բանաձևն է ասում՝ «արվեստի ասպարեզում իշխանությունը խլելով, այլ մեր գրական արտադրանքներով, ազատ մրցմամբ, այդ հեգեմոնիայի համար պատմական իրավունք նվաճելով:
Վերաբերմունքի խնդրում դեպի գրական զանազան խմբավորումները միությունս հակառակ ՎԱՊՊ-ի անհամբերողական քաղաքականության, կանգնած է նույնպես մեր կուսակցության բանաձևում արտահայտված այն տեսակետի վրա, որ մենք «ոչ մի րոպե չհանձնելով կոմունիզմի դիրքերը, մի թիզ անգամ չնահանջելով պրոլետարական իդեոլոգիայից՝ երևան բերելով զանազան գրական ստեղծագործությունների օբյեկտիվ դասակարգային էությունը, միտքը,- պետք է անխնա պայքար մղենք հակահեղափոխական երևույթների դեմ գրականության մեջ… Միաժամանակ մեծ տակտ, զգուշավորություն և համբերություն պիտի ցուցադրենք գրական բոլոր այն առաջացող շերտերի նկատմամբ, որոնք կգնան պրոլետարիատի հետ»:
Միությունս անհրաժեշտ է համարում ընդգծել, որ եթե Ռուսաստանի իրականության համար մեր կուսակցությունն անհրաժեշտ է համարել ՎԱՊՊ-ի խիստ անհամբերողական գծին հակադրել ավելի մեղմ, զգուշավոր գիծ,- ապա Խորհրդային Հայաստանում այդ ավելի քան կենսական պահանջ է:
«Հավասարապես պարսավանքի է ենթակա այն դիրքը, որ լրիվ կերպով չի արժեքավորում պրոլետգրողների հաղափարական գերիշխանության համար պայքարի կարևորությունը: Մի կողմից անձնատուր լինելու (կապիտուլիանստվոյի) և մյուս կողմից կոմունիստական սնապարծության դեմ՝ այսպիսին պիտի լինի մեր լոզունգը:- Մենք պետք է պայքարենք նաև զուտ ջերմոցային «պրոլետական» գրականության դեմ: Երևույթների լայն ըմբռնումն՝ իրենց ամբողջ բարդությամբ, չպարփակել մի գործարանի շրջանակում, ոչ թե համայնքային գրականություն լինել, այլ պայքարող մեծ դասակարգի, որ իր ետևից տանում է միլիոնավոր գյուղացիների. այսպիսին պիտի լինեն պրոլետարական գրականության բովանդակության շրջանակները»:
Ահա մեր կուսակցության տված այն հիմնական գիծը, որով իր գործունեության ընթացքում անշեղ կերպով ընթանալու է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը:
Հ. Գ. Խնդրում ենք ուրիշ թերթերին արտատպել: