ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի Մաշտոցի պողոտայի 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Չարենցը երկար տարիներ բնակարան չի ունեցել: Յոթ տարի՝ 1928-1935 թթ. ապրել է «Երևան», այնուհետև՝ «Ինտուրիստ», այժմ՝ «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում: Դրանից առաջ էլ տարբեր տեղերում սենյակ է վարձել, երբեմն էլ պարզապես զբաղեցրել սենյակի մի անկյունը: Մի օր այս վիճակից հոգնած՝ կանգնել է մի շենքի առջև և ասել.
-Մինչև ե՞րբ պիտի հյուրանոցներում քարշ գամ: Մի բնակարան պիտի խնդրեմ հենց այս կարմիր տանը:
Աղասի Խանջյանի կարգադրությամբ՝ Չարենցը ստանում է Սունդուկյան 6, հետագայում՝ Լենինի 45, այժմ՝ Մաշտոցի 17 հասցում գտնվող կարմրատուֆ շենքի առաջին մուտքի երրորդ հարկի թիվ 12 երեքսենյականոց բնակարանը, որտեղ ապրում է կյանքի վերջին երկու տարիները՝1935-1937թթ.:
ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի N 44 որոշմամբ այդ բնակարանում հիմնադրվում է Ե. Չարենցի տուն-թանգարանը: Տնօրեն է նշանակվում Նվարդ Բաղդասարյանը: Թանգարանի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել բանաստեղծի դուստրերը՝ Արփենիկ և Անահիտ Չարենցները: Հավաքչական աշխատանքը տևում է 11 տարի: Սկզբնական շրջանում ցուցադրվում է միայն բնակարանը: Ցուցադրության հեղինակն էր նկարիչ-ձևավորող Վարդան Կարսյանը: 1975թ հունվարին թանգարանը բացեց իր դռները հանրության առջև:
1983-ին վերափոխվում է թանգարանի տարածքը: 1983-1989թթ.տնօրեն է նշանակվում Էմմա Բուդաղյանը: 1987-ին՝ Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առիթով՝ Կարեն Դեմիրճյանի միջնորդությամբ, թանգարանի տարածքն ընդլայնվում է և վերակառուցվում: Նկարիչ-ձևավորողն էր Կամո Նիգարյանը և ճարտարապետ Կարեն Ալեքսանյանը: Այսօր այն ընդգրկում է 626.3քմ տարածք: Ամբողջովին վերականգնված է մեմորիալ՝ հուշային հատվածը, իսկ մյուս երկու հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Ցուցադրության հեղինակներն էին Ռոբերտ Էլիբեկյանն ու Սամվել Բաղդասարյանը: 1989-2016թթ. թանգարանի տնօրենն էր Լիլիթ Հակոբյանը, 2016-2020թթ․-ն՝ Անահիտ Ասատրյանը, 2020թ․-ից՝ Ժաննա Մանուկյանը:
Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է: Այստեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի կենդանության օրոք:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական, մշակութային, հանրային-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է, ուր պահպանվում են բանաստեղծից մեզ հասած անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ՝ ներկայացնելով նրան որպես բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, հրապարակախոսի, թարգմանչի, հրատարակչի, գրաքննադատի, հասարակական գործչի, ամուսնու և հոր:
ՀԱՎԱՔԱԾՈՒ
Բազմաժանր և բազմաբովանդակ է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուն՝ անձնական իրեր, գրքեր, ամսագրեր և թերթեր, կենցաղ , ազգագրություն, կերպարվեստ, ձեռագիր և ձեռագրի լուսապատճեն: Այս ամենի մեջ, իհարկե, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում անձնական իրերը, որոնք իրենց գոյությամբ փաստում, բնութագրում և ավարտուն կոլորիտ են հաղորդում բանաստեղծի կենսագրությանը, պատկերավոր դարձնում բանաստեղծի ապրած ժամանակաշրջանն ու անձնական հետաքրքրությունները: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հուշատունը անխոս վկան է Չարենց մարդու, ստեղծագործողի յուրօրինակ ճաշակի, արևելքի հանդեպ տածած մեծ սիրո․ Բուդդայի արձանիկներն ու հնդկական շախմատը, ճապոնական գրավյուրաներն ու չինական պաննոները, պարսկական փոքր գորգերն ու ծխամորճը դրա լավագույն ապացույցն են։