ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
Աղավնի․ Եղիշե Չարենցն իմ կյանքում
Առաջին հանդիպումը մեր տանը կայացավ, մորաքրոջս որդու՝ Սանասարի, միջոցով, որ սովորում էր Երևանում. արձակուրդներին մեզ հյուր էր եկել և ինձ՝ գավառացուս, լուսավորելու նպատակով պատմում ու նկարագրում էր Երևանի փողոցներն ու այգիները, շուկաներն ու մրգերը և նշանավոր մարդկանց՝ Փափազ ու Օրի, Միշո Մանվելյան ու Գրիշա դյադյա, Արուս, Հասիկ, Գուլազյան... Հետո էլ կեցվածք ընդունեց ու արտասանեց «Ամբոխները խելագարվածը»: Արտասանում էր հիանալի, լսում էր հափշտակված, բայց երբ ինքն էլ իրենով հիացած ասաց, որ Չարենցը մեծ բանաստեղծ է, ես շփոթված տեսք առա՝ դեռ չգիտեի, որ Չարենց բանաստեղծ կա, որը մեծ է: —Ոչի՛նչ, դպրոցում կանցնեք, կտեսնես, որ մեծ է,—մխիթարեց Սանասարը և սկսեց նկարագրել Չարենցին. —Կարճահասակ է, քայլում է օրորվելով, քիթը մի քիչ մեծ է, կեռ, շրջում է գլխաբաց, որովհետև մազերը... իմոնց պես գանգուր են: Գնաց Սանասարն, իմ տետրում թողնելով իր ձեռքով արտագրած «Ամբոխները» և իր ստորագրությունը՝ «Ապագա արտիստ Սան-Հարից իր քրոջը»: Ի դեպ, երեխաների հայր դառնալուց հետո էլ Սանասարը չէր հրաժարվել ասմունքող դառնալու երազանքից՝ Չարենցին բեմերից արտասանելու համար, բայց... Հայրենական պատերազմը շատ անանուն շիրիմներ թողեց, որոնցից, չգիտեմ, թե որն է Սանասարինը... ԲԵՍԱՖՈՆԸ Չարենցին տեսա 1931թ. գարնանը: Արդեն ունեի լղարիկ մի գրքույկ: Կազմել, խմբագրել ու հրատարակության էր հանձնել Ալազանը: Չէի մասնակցել նրա այդ ազնիվ գործին, քանի որ դեռ չգիտեի, թե որևէ հեղինակ ինչպես է գիրք հրատարակում և, որ գլխավորն է, մտքովս չէր անցնում այդքան վաղ առանձին գրքով տեսնել իմ թոթովանքները: Բայց և այնպես, հպարտ էի, բավական էլ տագնապած: Ալազանը մեծ ու բարի գործ էր կատարել ինձ համար, բայց տպագրության ծախսն էլ հո չէ՞ր հոգալու: Պիտի վճարեի ինքս, իմ 60 ռուբլի աշխատավարձից: Երջանիկ անգիտություն, որ այսօրվա սկսնակների աչքում գավառական հետամնացություն կարող է դիտվել: Ու մի օր էլ Ալազանն ասաց, որ գնամ Պետհրատ, Չարենցի մոտ հոնորար ստանալու, և դեռ հանդիմանեց, թե ինչու մինչև հիմա չեմ գնացել: Մի անգամից երկու երջանկություն՝ Չարենց և հոնորար: Մենակ գնալ սիրտ չարեցի և իբրև առաջնորդ ընտրեցի Գարեգին Բեսին, նկատի ունենալով, որ Գարեգինը գիտեր Պետհրատի տեղը, ինքն արդեն գիրք ուներ և ինձ նախանձել չէր կարող, իսկ ամենագլխավորն այն էր, որ նա վաղուց ծանոթ էր Չարենցին, և ինքն էր իմ նախանձը շարժում, հաճախ պատմելով ու նկարագրելով նրա այս ու այն արարքը: Գարեգինի առաջնորդությամբ ուղևորվեցի դեպի Հայպետհրատ, քաղաքային զբոսայգում թողնելով Թաթուլ Հուրյանին ու Խաչիկ Մեսրոպյանին, որն այն ժամանակ դեռ չէր հանդիպել Չարենցին ու նրա կողմից չէր կնքվել նոր ազգանունով՝ Հրաչյան: Իհարկե, ամենավերջին պահին ապագա Հրաչյանը կրկին հիշեցրեց. —Մաղարիչը վրեդ է, չմոռանաս: Մի շարք գրասեղանների քսվելով, շփոթմունքից քրտնած, շաղված աչքերով ես հետևում եմ Բեսին, իսկ նա քայլում է ինքնավստահ, տնավարի ու բացում փոքրիկ մի դուռ. —Չարենց, կարելի՞ է: Թուքս ցամաքում է: Այ քեզ Գարեգի՜ն, մեկից-մեկ՝ «Չարե՛նց», կարծես ախպեր տղերք լինեն: —Արի՛, ներս արի,—ուսի վրայով ինձ է կանչում Բեսը, և ինքն առաջ է քշում: Նրա թիկունքից, ծիկրակելով, ես տեսնում եմ առավել շշմեցուցիչը՝ նա ձեռքը մեկնում ու բարևում է ահագին գրասեղանի ետևում հազիվ երևացող մարդուն. —Ողջո՛ւյն, Չարենց, ի՞նչ կա-չկա: —Հետինդ ո՞վ է,—հարցնում է Չարենցն ու իսկույն էլ հայացքն ուղղում վրաս. —Ո՞ւմ հետ պատիվ ունեմ... «Ո՜ւմ հետ... ես ի՜նչ գիտեմ, ում հետ...»: —Չարենց, սա Աղավնին է,—ներկայացնում է ճարտար Բեսը,—նա եկել է քեզ մոտ մի խնդրով: Չարենցը ծիծաղելիորեն հավաքում է շուրթերը, մի աչքը ժպտում է ու խաղացկուն հայացքով նայում է իմ կոմերիտական համազգեստին. —Զրահակի՜ ր Աղավնի: Ես էլ Չարենցն եմ: Նստիր, կոլեգա՛: —Գիտե՜մ, ընկեր Չարենց, գիտեմ, որ Դուք... Ես դեռ դպրոցում... —Կեցցե՛ս, Աղավնի: Ազգանո՞ւնդ: —Գրիգորյան: —Մեր կին գրողները խմբապետական հակում ունեն: Խմբապետ Քոչո կար, խմբապետ Կնո, Սմբատ, Սողո, դուք էլ՝ Լեյլի, Անուշ, Աղավնի, Կուրյո՜զ: Լեյլուն մի քիչ գիտեի, Անուշի պատմվածքները կարդում էի, Աղավնու գրքույկը գրպանումս էր, մնաց Կուրյոզը: —Ազգանունդ շատ հայկական է, ինչո՞ւ ես հրաժարվել: Իմի նման հո սղոցի թեփ չէ՝ Սողո-մոն-յան: Աչքերը կկոցում է, գլուխն օրորում, հարդարում է միանգամայն բարեկարգ գրասեղանը և չարաճճի ժպիտով՝ Գարեգինին.—Դո՞ւ ինչ մտածեցիր, որ Բես դարձար: Բես, այսինքն դյավոլ և ընդամենը մի Աղավնի ես ման ածում: Հա, ինչո՞վ կարող եմ ծառայել: Բեսը, հույսն ինձնից կտրելով, ինքն է ասում, թե ինչու ենք եկել: —Ուրեմն, հոնորար ես ուզում, Աղավնի: Սպասիր, տեսնենք ինչ ենք տալու:—Սեղանից վերցնում է կանաչ շապիկով իմ գրքույկը, հաշվում է տողերը, մտածում և թթի կտորի վրա գրում՝ 30:—Համաձա՞յն ես: Այսինքն, սկսնակի նորմա է՝ տողին 30 կոպեկ: Հետո, երբ կլասիկ դառնաս, կտանք մեկ ռուբլի: Շատ փող ունենալը լավ էլ չէ: Եվ, վերջապես, դու կարող ես կերակրվել նաև աստծո սեղանից, թռչուն ես, չէ՞: Երեսուն կոպեկով 225 ռուբլի է անում, նարկոմի աշխատավարձ: Օրդեր է գրում, հետո գրելն ընդհատում է, մտածկոտ նայում ինձ. —Երաժշտություն սիրո՞ւմ ես: —Դե՛, մի քիչ... —Հիանալի: Հիմա ես քեզ համար դուրս կգրեմ մի պատեֆոն: Գիտե՞ս ինչ է: Ճիշտն ասած, որոշակի չգիտեի և հարցական նայեցի Բեսին և իմ թիկնապահն ու հովանավորը հերոսաբար իրեն զոհեց. —Դա ի՞նչ նշանակություն ունի, Չարե՛նց, երաժշտական գործիք ունեցողը պետք է նվագել իմանա, իսկ Աղավնին, իմ կարծիքով... Չարենցը դավադիր քմծիծաղում է, ես զգում եմ, թե ինչպես քրտինքի կաթիլները քունքերիցս գլորվում են դեպի պարանոցս, Բեսն էլ աշխատում է անկոտրում մնալ: —Մի Բեսաֆոն էլ դու ես...—Մանկականորեն հավաքում է շուրթերը.—Ոչինչ, կպատահի, Ուրեմն, դա նախկին գրամոֆոնն է, Աղավնի, դու հետո կբացատրես Բեսաֆոնին: Հիմա դա կատարելագործել են, փոքրիկ մի ճամպրուկ են դարձրել: Պերվի վիպուսկն է ու շատ էլ գեղեցիկ է: Հիմա ես քո հոնորարի դիմաց դուրս կգրեմ, գնա ստացիր ու ընկերներով կարող եք ամեն օր քեֆ անել: Իմ անդրանիկ հոնորարի դիմաց Չարենցը գլխիս կապեց այդ չարաբաստիկ պատեֆոնը, երեսուն երգապնակով և առաջինն ինքը շնորհավորեց: Բայց նա հասկացավ, որ ես այնքան էլ երջանիկ չեմ ու մեղմ, աղաչական ժպտաց. —Գիտես, էսպիսի բան կա՝ մեծ քանակությամբ ստացվել են այդ պատեֆոնները, հիանալի բաներ են, բայց չեն գնվում: Մեր Պետհրատն էլ փող չունի: Ի՞նչ ես կարծում, պետք է իրացնե՞նք մեր խորհրդային ապրանքը: Եթե փող ունենայի, մեկն էլ ես կվերցնեի, բայց ես Աղավնի չեմ, ինձ փողն ո՜վ է տվել... ՆՈՒՅՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋԸ 1933 թվականին այժմյան «Երևան» հյուրանոցի ռեստորանը հատկացված էր մայրաքաղաքի մտավորականությանը, փակ ռեստորան էր համարվում և այնտեղ ճաշում էին գրողներ, գիտնականներ, արվեստի աշխատողներ: Այցելուները մեծ մասամբ ընտանիքներով էին լինում, որի շնորհիվ մի տեսակ ընտանեկան հացկերույթ էր դառնում՝ երեխաներ, կանայք, սեղանից սեղան անցնող մտերմական ասուլիս: Չարենցը, որ բնակվում էր նույն հյուրանոցում, ճաշելու էր գալիս մենակ, բայց առանձնացած չէր նստում, այլ՝ «խոլոստոյների», այսինքն մեզ հետ: Իհարկե, մեզ արված այդ պատվից մենք բավականաչափ փքվում էինք, ինքն էլ, երևում էր, որ դժգոհ չէր մեր ընկերակցությունից, բայց երևույթը նրան դուր չէր գալիս ու երբեմն քրթմնջում էր. —Չո՛րտ զնայետ չտո... Ինչո՞ւ են մեզ առանձնացրել։ Եթե դժվարություններ կան, բոլորս պիտի տանենք, հեղափոխությունը ոչ ոքի համար արտոնյալ վիճակ չի երաշխավորել: Երբեմն դժգոհությունն այսքանով էլ վերջանում էր, և Չարենցը մռայլված, առաջն էր քաշում իր բաժինը: Քիչ էր ուտում, մեծ մասամբ միայն երկրորդ տեսակը և անպայման՝ կոնյակով: Պատվիրում էր մի ամբողջ շիշ, մեզ էլ չէր ստիպում խմել՝ —Էհ, ինքս կաշխատեմ յոլա տանել, ձեզ համար դեռ վաղ է: Խմում էր մեկ-երկու գավաթ ու մտածկոտ լռում: Մի անգամ էլ այդպես խմեց, լռեց, մտածեց ու հատուկ խնամքով շիշն ու գավաթը բերեց իրար կողքի, ուղղեց, ծուռ-ծուռ նայեց ու ժպտաց. —Ի՞նչ եք կարծում, սրանք ովքե՞ր են... —Ովքե՞ր, ընկեր Չարենց: —Այս շիշն ու այս բաժակը: —Դե, ինքներդ ասացիք՝ մեկը շիշ է, մյուսը բաժակ: —Շիշը նա է՝ Թումանյանը, բաժակն էլ՝ ձեր խոնարհ ծառան։ —Ի՜նչ եք ասում, ընկեր Չարենց... Հապա ինչ էիք կարծում: Թումանյանի կողքին իմ բանաստեղծական բիճիմը այսքան է, այս բաժակի չափ: Թումանյա՜ն... Զարմանալի զարմանք: Բայց այդ զարմանահրաշ մեծությունը փակ ռեստորանից օգտվելու արտոնություն չուներ... —Դե՜, ընկեր Չարենց, գուցե... Գուցե ի՞նչ...—ափսեն ետ հրեց ու վեր կացավ: Գնաց մի երկու քայլ, ապա վերադարձավ վերցրեց կոնյակի կիսատ շիշն ու բաժակը, նորից առաջացավ մի երկու քայլ ու շուռ եկավ մեր կողմը. —Տղերք, գնանք վերև:—Ի դեպ, նա միշտ մեզ այդպես էր դիմում՝ «տղերք», կարևորություն չտալով, որ այդ տղերքից մեկն աղջիկ է:—Գնանք ինձ մոտ այս կոնյակը վերջացնենք: Բարձրացանք իր կացարանը: Լուսավոր, ընդարձակ սենյակ էր, միջնորմի տեղ ծառայող պաննոյով բաժանված երկու մասի, դիմացի ամբողջ պատն էլ զարդարում էր չինական, թե ճապոնական գունագեղ մի պաստառ, և՝ այլևայլ արձանիկներ, բուդդաներ, պարուհիներ, տարբեր զարդանախշերով թասակներ, որոնցից մեկը քաշեց գլխին ու եկավ նստեց: —Իզաբե՜լլա, տղերքին բաժակներ տուր:—Ինքը վերցրեց ռեստորանից հետը բերած բաժակը, շուռումուռ տվեց ու շուրթերը հավաքելով քմծիծաղեց.—Սա՞ որտեղից հայտնվեց... —Դուք Ձեզ հետ վերցրիք, ընկեր Չարենց: —Հա, էլի, օրը ցերեկով, պետական ունեցվածքի հափշտակություն: Ես նրանց տեղը լինեմ, ինձ դատի կտամ: —Մի բաժակի համա՞ր: —Այնուամենայնիվ, պետական ունեցվածք է: Դե՛ լավ, ձեր կենացը, տղերք ջան.— մյուսներին էլ կոնյակ լցրեց ու ինձ շրջանցելով, ծիծաղեց.—Թռչունները կոնյակ չեն խմում, ճի՞շտ է: Իզաբե՛լլա, այս թռչունին կոնֆետ բեր: Իզաբելլան՝ նուրբ, բարալիկ, դեռատի ու նազելի, անհարմարության զգացումով ինչ-որ բան շշնջաց, որ երևի նշանակում էր, թե տանը կոնֆետեղեն չկա: —Գարի կամ ցորե՞ն էլ չկա,—Չարենցը խաղացկուն նայեց կնոջը, և խեղճ կինը բոլորովին շփոթվեց.—Ա՛յ աղջիկ, գարի կամ ցորեն՝ թռչնի կեր, մի՞թե մեր տանը չկա... Իզաբելլային փրկեց մեր միահամուռ ծիծաղը, որից նա հասկացավ, որ Չարենցը ձեռք է առնում: Այդպես զվարթացած նա շարունակեց ասել-խոսել, մինչև կոնյակն սպառվեց, ու նա մարտական տեսքով շփեց ձեռքերը. —Այս մի հարցը հերոսաբար լուծեցինք, հիմա մի քիչ էլ գրականությունից խոսենք: Թե՞ շտապում եք: — Չէ՛, ի՜նչ եք ասում, ընկեր Չարենց: —Ո՜վ գիտե, զբաղված մարդիկ եք, հո ինձ նման կանցելյարսկի չինովնիկ չեք...—Վերցրեց դատարկ բաժակը, զգուշությամբ նորից դրեց տեղը և սկսեց նայել իմ չստերին: Այդ տարիներին Երևանում շատ էր հարգի սպորտային չստերի այն տեսակը, որ կոչվում էր «լոս», որովհետև կարում էին լոսի կաշվից: Գեղեցիկ, թեթև, ոտքին լավ նստող չստեր էին ու ձեռք բերելն էլ բավականին դժվար էր, ու ով ճարում էր, մի որոշ ժամանակ շրջում էր երջանիկ տեսքով ու ընկերների նախանձը շարժելով: Նայեց Չարենցը, նայեց ու. —Ա՜յ աղջիկ, էդ ինչ գեղեցիկ լոսեր ունես: Ո՞ր համարն ես հագնում: —Մոտավորապես երեսունյոթ: —Ապա, մի դեսը տուր:—Իմ ոտքից հանել տվեց, հագավ ու սկսեց սենյակում շրջել, ինքն իրենով հիացած.—Լսիր, քիչ է մնում էլ ոտքիցս չհանեմ, հիանալի բաներ են, ախր, ես շարունակ ուզել եմ սրանցից ունենալ ու չի հաջողվել, ասում են դրա համար սպորտսմեն պետք է լինել: Դու երևի սպորտսմեն ես, հա՞… —Ինձ լավություն է արել սպորտի բնագավառում աշխատող իմ մի ընկերը: —Լսի՛ր, ինձ էլ լավություն չի՞ անի քո այդ ընկերը: —Ինչու՝ ոչ, դա ինչ մի մեծ բան է որ: —Ուրեմն կարելի է: Երևակայիր, դա ինձ շատ կուրախացնի: Իսկական երեխայի նման ոտքերին նայելով ու հիանալով, շարունակում էր քայլել, հետո կանգնեց ու սատանայական ժպիտով դիմեց ինձ. —Լսիր, իսկ չի՞ լինի, որ սրանք թողնես ինձ, այն նորերը, որ քո ընկերը տալու է ինձ, վերցնես քեզ համար: Ես հիմա կվճարեմ, Իզաբե՜լլա... —Չէ՛, ընկեր Չա՛րենց, դա հնարավոր չէ... —Ինչո՞ւ...—լրջորեն կոտրվեց.—լրջորեն կոտրվեց.—Ուրեմն, վստահ չե՞ս, որ ընկերդ...— Վստահ չեմ, որ եթե գուլպաներով փողոց ելնեմ, վրաս չեն ծիծաղի: Ի՜նչ ես ասում... Իսկ ես... Դե՛ ինչ, ստիպված եմ բաժանվել այս հրաշալիքներից: Վերցրո՛ւ, վերցրո՛ւ քո ապրանքն ու շատ էլ մի երևակայի, քո ընկերը այնքան բարի կգտնվի, որ ինձ էլ կտա: Հենց նույն օրը, Չարենցի տնից դուրս գալուց հետո գնացի իմ ընկեր Մանուկի մոտ, որը Լենինականում իմ սպորտ-դասատուն էր եղել, ու խնդրեցի՝ —Ընկեր Մանուկ, Չարենցի համար մի զույգ «լոս»... —Չարենցի համա՞ր... Ճիշտ ես ասո՞ւմ: —Իհարկե: Իմոնք տեսավ ու խնդրեց, որ մի զույգ էլ... Եթե հնարավոր է —Ի՜նչ կխոսիս, հնարավորս ո՞րն է, մեր գլուխը մեռա՞ծ է, որ Չարենցը «լոս» ուզե ու չտանք: Արի երթանք պահեստ, ջոկե: Գնացինք պահեստ, ես ընտրեցի մի զույգ ամենաընտիրը, բայց երբ հինգ ռուբլիանոցը մեկնեցի Մանուկին, խիստ վիրավորվեց. —Չարենցի պես մարդուն ես փողով ապրանք ծախե՞մ: Իշտը երթանք մեռնինք, էլի: Պահե, հնգնոցդ պահե: Տար, թող հագնի ու ինձնից էլ շատ բարև էրա, ափսոս, հետը ծանոթ չեմ, իմանալովս, մեր կողմերեն է՝ կարսեցի, է՛հ, Կարսն ու Գյումրին էլ իշտը ախպեր են, էլի: —Շնորհակալ եմ, ընկեր Մանուկ, բայց փողն իզուր չեք վերցնում: —Տո՛, գնա, աստված սիրես, մեր ազգի ամենամեծ մարդուց էլ փող առնի՞նք: Հըլը իսոնք, որ մե քիչըմ գաղափար ունենան, Չարենցի պես մարդուն չպիտի թողնին, որ ձեռքը ջեբը տանի՝ ազգը պիտի ինոր ծախսը քաշե, զգը: Դե՛ գնա, իմ կողմանես ու իմ կոլեկտիվիս կողմանեն շատ բարև էրա ու ասա, որ մեր խանութն էլ, պահեստն էլ իրա տրամադրության տակ է: Լոսերը տարա Չարենցին ու պատմեցի Մանուկի մասին: Լսեց, գլուխն օրորեց. —Ի՜նչ ուդիվիտելնի ժողովուրդ է մեր ժողովուրդը: Հո միշտ չէ, որ նա դոսկոնալնո գիտե, թե ինչ է տվել այս կամ այն գրողը, մտածողը, գիտնականը: Բնազդը, բնազդն է խոսում նրա մեջ, բնազդով է հասկանում ու գնահատում արժեքը, պահպանում է, գուրգուրում, նույնիսկ սրբացնում: Նրա այս հատկության շնորհիվ են պահպանվել մեր մագաղաթները, մեր երգը, էպոսը, առհասարակ՝ մենք ինքներս իբրև ազգ ու ժողովուրդ: Այսպիսի ժողովրդին ծառայելը մեծ պատիվ է, դու լավ իմացիր: Լսի՛ր, քո այդ Մանուկին ծանոթացրու ինձ հետ, ես սիրում եմ այդպիսի մարդկանց...
Արշալույս Ջանիկյան․ Չարենցը՝ ուսուցիչ
Ես բախտ եմ ունեցել Չարենցի հետ ուսուցիչ լինելու, նրա հետ ապրելու 1920 թվականի խառնաշփոթ, ողբերգական օրերը: Դպրոցը՝ կազմակերպված Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից, բաղկացած էր երեք դասարանից, հետևյալ ուսուցչական կազմով. երրորդ դասարանի դաստիարակ-ուսուցիչ Եղիշե Չարենց, երկրորդ դասարանի ուսուցչուհի Արփիկ Աստվածատրյան (հետագայում՝ Չարենց), առաջին դասարանում՝ ես: Բանաստեղծ Չարենցը դարձել էր ուսուցիչ և որբանոցի կիսաքաղց երեխաներին հայոց լեզու, թվաբանություն էր սովորեցնում, սնվելով մանկատան խղճուկ սնունդով և միշտ համոզված, որ դա ժամանակավոր երևույթ է: Որբանոցի կառավարչուհին՝ Լուսնթագ Խանիկյանը, գնահատելով Չարենցի արժանիքները, հնարավորություն էր ստեղծել, որ նա կարողանա նաև ստեղծագործել, գրել. որբանոցում նրա համար առանձնացրել էր մի փոքր սենյակ: Այդ սենյակում են ծնվել Չարենցի «Երգ ժողովրդի մասին», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի», «Երազ տեսա. Սայաթ-Նովան մոտս էկավ սազը ձեռին», «Ես իմ անուշ Հայաստանի» և ուրիշ շատ պոեմներ, բալլադներ, որոնց ընթերցումը մենք՝ ուսուցիչներս, լսել ենք առաջինը: Չարենցը սիրում` էր արտասանել առանձնապես Վահան Տերյանի բանաստեղծությունները, կարդում էր զգացմունքով, գեղեցիկ: Ձեռքերը բարձրացրած, օրորվելով արտասանում էր. «Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չըմնաց»... Հետո մռայլվում էր, նյարդայնանում, ուզում էր մի բան ջարդել: Մի անգամ, հիշում եմ, ձեռքից գցեց բաժակը, կոտրեց, հետո զղջաց, խաղաղվեց, ժպտաց մանկան անմեղությամբ: Նման պոռթկումներ հաճախ էին պատահում, դա Չարենցի հակասական բնավորության արտահայտություն էր, որը դրսևորվում էր անգամ առօրյա հարցերում: Հապա նրա սրամիտ կատակներն ու սուր ծաղրանքը: Պատմում էր, թե ինչպես մի դաշնակ խմբապետ իր թիկնապահներով հաղթական տեսքով մտնում է մի գյուղ և տեսնում փողոցում, պատերի տակ նստած խղճուկ գյուղացիների. —Բարեւ՛ քաջերին,—գոչում է խմբապետը: Գյուղացիները կանգնում ու խոնարհ պատասխանում են. —Բարև, աղա ջան... Խմբապետը հարց է տալիս. —Ձեր մեջ բոլշեւիկ, կոմսոմոլ չկա՞: —Կա՛, աղա ջան,—և ցույց են տալիս գյուղի տերտերին,—սա մեր կոմսոմոլն է: Այս դեպքը Չարենցը պատմում էր ու քահ-քահ ծիծաղում: Որբանոցում Չարենցին այցելում էին արվեստագետներ, երիտասարդ, սկսնակ գրողներ, խորհուրդ հարցնելու այդ կարճահասակ, բայց օժտված ու խորաթափանց մարդուց: Չարենցի մոտ եղել են Նաիրի Զարյանը, Մահարին, Մկրտիչ Արմենը, Ակսել Բակունցը և ուրիշ շատերը: Չարենցը ողջ գիշերը աշխատելուց հետո, առավոտյան դաս էր տալիս, իսկ դասամիջոցներին՝ դպրոցի բակում շուրջպար էր բռնում երեխաների հետ: Նա ուզում էր գոնե մի քիչ ուրախացնել դժբախտ, որբ երեխաներին: Հիշում եմ, մի անգամ Չարենցը մեկին ասաց. —Վիգեն, ինչո՞ւ միշտ գետին ես նայում, նայիր վերև՝ երկնքին, ծառերին, կտուրին: Բայց Վիգենը չբարձրացրեց աչքերը. նա հայացքով մի բան էր փնտրում բերանը գցելու համար: Արդյոք Վիգենը կամ նրա բախտակիցները հիշո՞ւմ են իրենց ուսուցչին... Չարենցը երբեմն լուռ, երկար նայում էր մի երեխայի ու մտահոգված ասում. —Քաղցած են երեխաները, մերկ են, բայց պիտի սովորեն հայոց լեզուն:—Հետո կանչում էր երեխաներից մեկնումեկին, գուրգուրում էր ու հարցնում.—Լևոնիկ, կարդալ սիրո՞ւմ ես: Լռակյաց, սակավախոս Լևոնիկը կտրուկ պատասխանում էր «Այո՛»: Չարենցը տալիս էր մի գիրք ու ասում. —Լևոնի՛կ, ա՛ռ այս գիրքը, կարդա՛, քեզ համար է գրված: Երբեմն ուսուցիչներս դժգոհում էինք, որ երեխաները չեն սովորում: Չարենցը վրդովվում էր ու ասում. —Թողեք ազատ, երեխաները ուժ չունեն, հետո կսովորեն, կգա ժամանակը՝ կսովորեն: Չարենցը զայրանում էր, երբ գալիս էին դպրոցի պարապմունքները ստուգելու: Նա թողնում, հեռանում էր, որ չտեսներ ամերիկյան վերակացուներին: 1920 թ. դեկտեմբերի 31-ին Նոր տարին դիմավորեցինք Չարենցի հետ: Նա մեզ բարեմաղթեց լավ հասկանալ ժամանակի, իրերի դրությունը, քննադատորեն մոտենալ կյանքի հարցերին, չհավատալ դաշնակների հեքիաթներին: Հայաստանը անկախ կլինի միմիայն բոլշևիկների օգնությամբ: Հետո մտախոհ, թախիծով հիշեց իր հորը՝ Աբգար աղին, և մորը. —Հայրս հիմա կբարձրացնի բաժակը և կասի—տեսնես ի՞նչ է անում մեր մոլորված որդին՝ Եղիշեն: Այդ նոր տարվա գիշերը Չարենցը մեզ կարդաց մորը նվիրած գազելը: Չարենցը սիրում էր մատիտով նկարել զանազան դիմանկարներ, շարժեր: Մի անգամ նկարել էր դաշնակցական մի գործիչի: —Աղջկերք, եկեք ձեզ ցույց տամ Հայաստանի աքլորին, սիրուն է, չէ՞. «այսօր փողոցում տեսա:—Մի ուրիշ անգամ կարմիր կտորի վրա սև գույնով հիերոգլիֆներ էր նկարել ու մեզ առաջարկում էր գլխի թասակ կարել: Չարենցը անչափ սիրում էր հայկական երգերը ու սովորեցնում էր աշակերտներին, բայց ավելի շատ սիրում էր լսել Կոմիտասի, Սայաթ-Նովայի երգերը: Հաճախ մեր մանկատան դաստիարակչուհի Ազնիվին խնդրում էր երգել ու ինքն էլ հետը կամաց ձայնակցում էր: —Ազնիվ, սիրելիս,—երեխայի պես խնդրում էր նա,—երգի՛ր, տեսնում ես ձայն չունեմ, բայց քեզ հետ երգում եմ: Դու լավ ես երգում, երգի՛ր ինձ համար: Չարենցը մեզ պատմում էր Կարսի կյանքից, հիշում էր Կարսաչայը, «Կարսա բերդը: —Ի՜նչ անմահական օդ է Կարսի օդը, մի անգամ ոտով գնացել եմ մինչև Բաշքյադիկլար,—ասում էր ու ծիծաղում: 1921թ. գարնանը, դաշնակցության ավանտյուրայի նախօրյակին, Չարենցը բոլշևիկների հետ հեռացավ Երևանից: Ավանտյուրայից մի քանի օր հետո դաշնակցականները խուզարկեցին մեր մանկատունը և ինձ ու Արփիկին կալանքի տակ վերցրին որպես բոլշևիկյան ագիտատորներ և Չարենցին հետևողներ: Մանկատան դպրոցի պարապմունքները դադարեցին: Մենք վերսկսեցինք մեր աշխատանքը, երբ հաղթական կարմիր բանակը Երևան մտավ: Նրանց հետ էր Չարենցը: Անհուն հրճվանքով նա մեզ մոտ եկավ հրացանը ձեռքին ու մի տեսակ պարծանքով: Մենք դպրոցի դասերը սկսեցինք առանց Չարենցի: Նա անցավ իր բուն կոչմանը: Սակայն Չարենցը իր կապերը չխզեց մեր ուսուցչական կոլեկտիվից, մանավանդ սիրելի Արփիկից: Ինչքա՜ն ուրախ օրեր ենք անցկացրել Չարենցի հետ, ինչքան ենք երեքովս շրջել Երևանի այդ ժամանակվա զբոսավայր Աստաֆյան փողոցում ու հիշել մեր մանկատան կիսաքաղց օրերը: Անցան տարիներ: 1926թ. աշնանը Արփիկը Մոսկվայում էր: Չարենցը վերադարձել էր արտասահմանից, բայց դեռ չէինք հանդիպել: Չարենցը ուղղիչ ստանն էր: Հեռագրեցի Արփիկին: Արփիկը եկավ և կայարանից անմիջապես Չարենցի մոտ գնաց: Ես և Արփիկի քույրը սպասում էինք բանտի մոտ: Միառժամանակ հետո Արփիկը դուրս եկավ բանտից, ժպտալով. «Ոչի՛նչ, դատարկ բան է»,—Արփիկը հավատում էր Չարենցին, հասկանում էր նրա բնավորության ելևէջները, նրա տարօրինակությունները և հակասական պոռթկումները: Սկսվեցին Արփիկի ամենօրյա այցելությունները Չարենցին բանտում, որին քանիցս ներկա եմ եղել ես: Չարենցը առանձին էր. նա այնտեղ աշխատում էր, գրում: Սակայն Արփիկը ծանր հիվանդացավ. անհրաժեշտ էր վիրահատում: Պառկեցրինք Երևանի 2-րդ հիվանդանոցում ու ամեն օր այցելում էինք նրան: Արտաքուստ կարծես թե ապաքինվում էր, բայց վիրահատության ուշացման պատճառով մահացավ: Գնացի հիվանդանոց: Բակում Արփիկի դագաղն է՝ շրջապատված բազմությամբ: Եկավ Չարենցը: Ինձ տեսավ, մոտեցավ, լալով ասաց՝ «Տեսա՞ր, ինչ եղավ իմ Արփիկը, մեռավ ընկերուհիդ»: Արփիկի դիակը տանն է: Չարենցը խելագարի նման աղմկում է, լաց է լինում: Նրան ետ են պահում, գրկում են ընկերները, ոչինչ չի օգնում. դագաղի մոտ նստած նայում է Արփիկի անշնչացած դեմքին և փայփայում է: Չարենցի պահանջով հանում են հանգուցյալի դիմակը և ձեռքը: Թաղման օրը` Չարենցը դագաղի մեջ դրեց մի թանկագին իր, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ
Գևորգ Էմին․ Անավարտ հուշեր
Որ Չարենցը լավ գիտեր համաշխարհային գրականությունը, պատմությունը և փիլիսոփայությունը՝ այս կամ այն կերպ հասկանալի էր: Ամենից զարմանալին այն էր, որ նա քաջ ծանոթ էր նաև գիտության շատ ճյուղերի... Ամենից շատ հետաքրքրվում էր ատոմային ֆիզիկայի հարցերով և խնդրեց գտնել իր համար ատոմային միջուկի ֆիզիկայի մասին գրքեր: —Ա՛յ տղա, հրաշք է. էդ ինչքան էներգիա կա մի ատոմի մեջ, ընդհանրապես բնության մեջ, և մարդ դեռ ինչքան քիչ է օգտվում դրանից ու էլի տաժանակիր աշխատանք կատարում հանքերում՝ մի բուռ քարածուխի համար: —Բա եթերը, ռադիոն... Ո՞վ գիտե, թե այս սենյակում, օդի մեջ, ինչքան ձայներ ու պատկերներ կան, սկսած հին դարերից մինչև հիմա... Երանի թե հնարավոր լիներ էդ բոլորը որսալ, տեսնել ու լսել... Ոգևորված խոսում էր, երբ փողոցից աղմուկ լսվեց, կռվի ու վեճի ձայներ, սուլոց: Շապկանց վեր թռավ տեղից և դուրս եկավ պատշգամբ: —Մի վազենք, տեսնենք ի՞նչ է եղել, ո՞վ է կռվում: Կինն ասաց, որ ծեծում են իրենց հարևանին: —Մի իջնենք, օգնենք խեղճ մարդուն... Թե ինչո՛վ պիտի օգներ հարևանին իր «բոյ-բուսաթով» ու վտիտ կազմվածքով, ալլահին է հայտնի... Հազիվ մի կերպ համոզեցինք ու ներս բերինք: Իրեն հանգստացնելու ու մխիթարելու համար ասաց. —Տե՛ղն է, թող ծեծե՛ն. մենակ եմ, ասացի, արի բիլիարդ խաղանք, չեկավ... Որ գար, հո հիմա չէին ծեծի... Հատկապես հետաքրքրվում, ուղղակի այրվում էր բնագիտության ու կազմախոսության հարցերով՝ առանձնապես սաղմի աճման ու զարգացման հարցերով (ես նոր հասկացա, թե ինչո՛ւ էր նա այդքան կարևորություն տվել իմ թոթովախոս «Ճգնավորը» բանաստեղծությանը, որ նվիրված էր այդ նյութին): —Մարդ ապշում է էս սաղմի աճման պատկերից... այ տղա, մի չնչին սաղմ է (նա ձեռքով օդի մեջ սաղմ էր որոնում), էդ ոնց է զարգանում և ինչ ներքին կարգ ու կանոն ունի, որ մարմնի մասերը համաչափ են ստեղծվում, և ասենք, ոտքի մատներն ստեղծվելուց հետո, նյութը կանգ է առնում և չի շարունակում չափից ավելի երկարացնել մարմնի որևէ մասը, ասենք թե մատները... Ա՜յ տղա, բա էս սֆաթը, սֆաթը... (Նա ծիծաղելի կերպով ձեռքով` երկարում... ցույց էր տալիս իր սեփական դեմքը)... Էս ո՞նց է, որ քիթը չափից ավելի չի Այստեղ նա կանգ առավ, երևի զգաց, որ այդ օրինակը հարմար չէ... Տո, դեռ քիթը հեչ, ո՛նց է, ասենք, որ ականջը չի դառնում երեսի չափ... Բա խալերը: Չնչին մի խալ սերնդից սերունդ անցնում է և այն էլ դրված ճիշտ նո՛ւյն տեղը... Հոսում է նյութը, դնում խալի կետը, անսխա՛լ, նո՛ւյն տեղում եւ շարունակում է իր ճամփան: Իսկ գլուխն ու ուղեղն արդեն ապշեցուցիչ են. Գյոթեն ճի՛շտ է ասում: Գլուխը երևի մարդու ողնաշարի վերջին ողն է, ամենից շատ զարգացած ողը.... Ո՛նց է նա առաջանում, լցվում ուղեղով և կատարում այսպիսի բարդ գործողություններ... Չարենցի ոգևորված խոսակցությունն ընդհատվեց. օրորվելով ներս ընկավ փոքրիկ Արփիկն ու... —Պապա՛, Ադոկը զարթնեց, բերե՛մ հագցնես: —Լա՛վ, լա՛վ, նա ինքը կհագնի, գնա,—հեռացրեց նրան Չարենցը ու դարձավ ընդհատված զրույցին: Թե ինչպես պիտի երկու տարեկան Ադոկը հագներ իր շորերը, այդ միայն աստծուն էր հայտնի, և մեկ էլ, երևի, այս պահին գիտությամբ կլանված Չարենցին: Պատմությունից ամենից ավելի հետաքրքրվում և խոսում էր ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանի և հատկապես Ռոբեսպիերի մասին... Մի օր էլ, երբ մենակ էի իր մոտ, սկսեց կարդալ իր նոր սրամիտ էպիգրամները՝ նվիրված իրեն հալածող մարդկանց և այն բանաստեղծությունը, որ նա գրել էր իրեն Գրողների միությունից հեռացնելու առթիվ: Որպիսի՜ այդ բանաստեղծության մեջ գալիքի նկատմամբ, կատարված հավատ կար դեպքերի որպիսի խոր ըմբռնում և իր դերի ու նշանակության հանգիստ գիտակցություն: Հաստ քուրքը հագին, գլորվելով ներս ընկավ Արփիկն ու խանգարեց. —Պապա՛, էնքան լավ էին կուկլաները «Կաշտանկայում»: Հետո, մատով ցույց տալով պատի նկարները, ասաց.—սա Դանթե՛ն է, սա էլ Չարենցը: Պապա, ես Դանթեի մի նկա՛ր էլ գիտեմ, բերե՞մ: —Աղջիկ ջան, բեր տեսնեմ: Արփիկը հազիվ քարշ տալով բերեց Բայրոնի հաստ հատորներից մեկն ու սկսեց թերթել: Չարենցը հրճվանքից գոռաց. —Այ տղա, ես զիտեմ, թե սա ինչ է ուզում ցույց տալ, Բայրոնի «Դանթեի մարգարեությունը» պոեմում Դանթեի նկարը կա, երևի է՛դ է տեսել: Արփիկը ոգևորված շարունակեց. —Պապա՛, մի Դանթե էլ քո՛ գրքի մեջ կա, ուզո՞ւմ ես՝ ցո՛ւյց տամ: Նա բաց արեց «Գիրք ճանապարհին» և ասաց. «Ըհը՜, էս պուճուր պապայի նկա՛րն է, էս էլ՝ Դանթեի՛»: —Պապայի պուճուր նկարը,—ուղղում եմ ես, չդիմանալով այդ անարդար ձևակերպումին: Չարենցին, ըստ երևույթին, դուր է գալիս իմ պատանեկան անզիջում միջամտությունը, և նա ժպտալով քիթը վեր է քաշում: ...Երբ Արփիկը գնաց, Չարենցը մի տեսակ լրջացավ և ինչ-որ հատուկ խորհրդավորությամբ ասաց. —Էդ բոլորը հեչ. հիմի լսի՛ր, թե ի՛նչ եմ կարդալու քեզ... Իմ ամենալավ ստիխները։ Նա բարձի տակից հանեց իր ձեռքով ձևավորված մի փոքրիկ տետրակ և սկսեց կարդալ Խանջյանին նվիրված իր սոնետները: Չարենցը չէր սխալվում: Սոնետների այդ գրքույկը լավագույնն էր այն ամենից, ինչ նա գրել էր իր կյանքի վերջին տարիներում: Ինչպիսի՜ արվեստ, ինչպիսի՜ խորություն, դեպքերի ինչպիսի՜ մարգարեական ըմբռնում ու գալիքի հավատ: Միաժամանակ ինչքան մարդկային էին այդ ամենը: Ես ցնցված էի տպավորությունից: Սկսվեցին Երևանի անտանելի շոգերը: Քաղաքում քչերն էին մնացել. մեծ մասը մեկնել էր ամառանոցները: 1937 թ. հուլիսի 15-ին էր, թե՝ 18-ին՝ գնացի նրա մոտ: Նորից հիացած խոսեց երիտասարդ գրող Ա-ի մասին և կարդաց նրա նոր գործերից մեկը: Հետո խմեց մի փոքրիկ թաս կոնյակ և մետաքսե սպիտակ բլուզը հագնելով փնտրում էր գոտին: Վերջապես գտավ իր կնոջ զոլավոր գոտին և կապելով ասաց. —Մի գոտի՛կ ունենք, ես ու կնիկս հերթով կապում ենք... Իր գոտին նա, շորերի ու կոշիկների հետ միասին, նվիրել էր այն աղքատ, երիտասարդ գրողին, որի մասին քիչ առաջ հիացմունքով խոսում էր: Փողոցում ես նրան ասացի, թե կարդում եմ «Ժան Քրիստոֆը»: —Սքանչելի գիրք է: Ա՛յ տղա, ոնց է նկարագրել էդ հանճարեղ երեխայի բոլոր կապրիզներն ու ուրախությունները: Բա պապը: Հիշո՞ւմ ես էն տեղը, պապը ցույց է տալիս նոտաներն ու ասում Քրիստոֆին, թե սա էն քայլերգն է, որ դու երգում էիր... Ա՜յ, գիրք է, հա՜: Պետհրատը լավ էլ հրատարակել է, մենակ էն երեսի նկարի ձևը չհասկացա... Հասանք Սպանդարյանի ու Աբովյանի անկյունը և քայլեցինք Աբովյանով: Անցորդները զարմանքով, ակնածանքով և հետաքրքրությամբ նրան էին նայում՝ այնքան արտասովոր էր արևի վառ լույսի տակ նրա գունատ դեմքն ու գզգզված մազերը: —Երեխաներին տանելու եմ Դարաչիչակ. ասում են պապա՛, շոգից խեղդվում ենք... Է, ես ինչ անեմ, ես էլ եմ խեղդվում... Է՛ս է, երեխաներին տանեմ, մի քանի օրից հետո կգամ, կխոսենք: Քո «Ճգնավորը» չմոռանա՛ս, մշակի՛ր և բե՛ր: Նա սեղմեց իմ ձեռքը և մենակ քայլեց դեպի Գրողների տուն: Երկա՜ր, երկա՜ր ես նայում էի նրա ետևից, թեև մտքովս էլ չէր անցնում, թե դա վերջին անգամն է...
Մարիետա Շահինյան․ Եղիշե Չարենց
Վերջերս ինձ վիճակվեց լսել, թե ինչպես դիմանկարներում ու քանդակով տեսնողները՝ Եղիշե Չարենցին համեմատում են արտիստ Վախթանգովի հետ. —Զարմանալիորե՜ն նման է: Նույնպիսի՜ ոգեշնչված դեմք: Ահա ինչ է նշանակում «իդեալականացում»՝ ծագած ժամանակից և չիմանալուց: Հանճարեղ մարդիկ, որպես կանոն, ոգեշնչված դեմք չեն ունենում: Եվ պարզապես ցավալի է, որ մենք համարյա չունենք Չարենցին նման դիմանկարներ՝ որպեսզի մարդկության հիշողության մեջ պահենք հայ սովետական իրականության այդ բացառիկ երևույթի կերպարը: Ինչպես ինձ է թվում, Չարենցի հոգեբանա-ֆիզիկական հիմնական հատկանիշը, որ աչքի էր զարնում առաջին իսկ ծանոթությունից, ծայրահեղ քաշվածությունն էր և բացվել չկարողանալը արտաքին աշխարհին առնչվելիս: Նրա շատ նեղլիկ, ցած ընկած դեմքի (այդպիսիք խոսակցական հասարակ լեզվում կոչում են բադի) արտահայտության մեջ կար ներփակված, գրեթե դաժան ամաչկոտություն: Սովորաբար նման ամաչկոտ մարդիկ լիցքաթափվում են հանկարծ, չափազանց բուռն: Այդպիսին էր և Չարենցը: Մեր ծանոթությունից շատ առաջ,—իսկ դա վերաբերում է քսանական թվականների ամենասկզբներին,—Եղիշե Չարենցին հետևում էր սկանդալիստի համբավը: Աստված գիտի, թե ինձ ինչեր չէին պատմում նրա մասին, բայց փողոցային կամ ռեստորանային տուրուդմփոցի այդ պատմությունները միշտ էլ հիշեցնում էին ոչ թե «ագրեսիվ», այլ ավելի շուտ մի մարդու «պաշտպանողական» հարձակումներ, որը չի արժանանում` ճշմարիտ գնահատության: Չարենցն ինքնասեր էր, հասկանում էր, որ իրեն շատ է տրված, բայց միաժամանակ երբեմն ունենում էր սարսափելի տարակուսանքներ, որոնք նրան մերթ ընդ մերթ հասցնում էին մինչև ստորացուցիչ ինքնաոչնչացման... Բայց դառնամ մեր ծանոթության առաջին օրերին: Այն եղավ Հայաստանում, քսանական թվականների սկզբներին: Մեզ մոտ հյուրանոց հյուր եկավ ցածրահասակ ու անբարետես մի երիտասարդ, ինչպես ինձ թվաց, բոլորովին ոչ տիպական հայկական դեմքով. նա նույնիսկ «թխահեր-թխաչյա տղամարդ» չէր, այլ ավելի շիկավուն: Իրեն պահում էր շատ քաշված, համարյա մռայլ: Բայց հենց խոսեր, ունկնդիրը չէր կարող նույն պահին իսկ չհանձնվել նրա հանդգնորեն շեշտակի խոսքի հմայքին, խոցող սրամտությանը, նրա մտածողության ինքնօրինակությանը, որոնք միանգամից նրա վրայից հանում էին և՛ դեմքի աննշանությունը, և՛ ամաչկոտությունը, և՛ գավառական շարժուձևը: Այդ ժամանակից ես նրան բավականին շատ եմ հանդիպել ևեւ ամեն անգամ վիճել: Մենք համարյա ոչ մի բանում չէինք համաձայնվում, տարբեր էինք գնահատում հայ արվեստի միևնույն երևույթները, վեճի էինք բռնվում և փիլիսոփայական հարցերում: Եվ ամենից առաջ տարբեր ձևով էինք հասկանում հայ ժողովրդի պատմական տիպը: Թուրքական միջավայրում, ազգային երկու կուլտուրայի և երկու կրոնի հակամարտության վրա մեծացած Չարենցը իր վրա զգացել էր, թե ինչ է նշանակում որպես սրբություն պահպանել իր կոնկրետ-ազգային էությունը՝ խեղդամահությունից, ճնշումից, ոչնչացումից,—հայության պատմական դերի ողջ ուժը տեսնում էր նրանում ազգային առավել բնութագրականը, առավել «իրենը», անկրկնելին տիպականությամբ պահպանելու մեջ: Ես՝ հակառակը, մեծացել էի մոսկովյան ռուս-մտավորական միջավայրում, որտեղ ազգային առանձնահատկություններին մեծ կարևորություն չէր տրվում, այլ գլխավոր էին համարվում համամարդկային արժեքները և այդ արժեքները միաձուլելու, յուրացնելու կարողությունը: Մանկությունից շուրջս տեսնելով եվրոպականորեն կրթված մտավորական «ռուսահայերի», ինչպես իմ հիշողության մեջ մանկության բարեկամական անվանումով պահպանված Ալյոշա Ջիվիլեգովը կամ տաղանդավոր ուսանողներ, եղբայր Սպենդիարովները (որոնցից մեկը հետագայում դարձավ հայ սովետական երաժշտական կլասիկայի հիմնադիրը),—ես ամենից ավելի հպարտանում էի համաշխարհային մշակույթը խորապես յուրացնելու և «աշխարհաքաղաքացիներ դառնալու» հայերի հատկությամբ։ Մանկությունից հիշում էի Կլոդ Ֆարրերի ինչ-որ վեպը մի տարեց կնոջ մասին, որ դարձել էր փարիզյան սալոնի ամենակրթված տիրուհիներից մեկը. նա կարողանում էր ամեն լեզվով զրուցել շատ երկրների գիտնականների ու արվեստագետների հետ, այնինչ մինչև քսանյոթ տարեկանը, իր սեփական խոստովանությամբ, ապրել էր լուսամուտ չունեցող հյուղակում և եղել էր անգրագետ։ Չարենցին զայրացնում էին այդ բոլոր վկայակոչումներն ու քաղվածքները։ Նա պնդում էր, որ ոչ մի եվրոպացի, առավել ևս այնպիսին, ինչպիսին Կլոդ Ֆարրերն է, ոչինչ չի կարող հասկանալ հայ կնոջից, իսկ, ահա՛, եթե ինքը, Չարենցը, տեսներ փարիզյան սալոնի այդ տիրուհուն, կմոտենար նրան, ականջին հայերեն կշշնջար. «Մայրի՛կ, խոհանոցից բեր ինձ մի բաժակ սառը ջուր, բայց միայն ամենասառը»,—և նրա ուսերի շարժումից, նրանից, թե ինչպես է երերալով գնում խոհանոց և վերադառնում բաժակով, նրա աչքերի արտահայտությունից կտեսնեի ոչ թե այն հայուհուն, որ միաձուլել է «եվրոպական կուլտուրայի բոլոր բարձունքները», այլ նրան, որ հազարամյակներով խմելիք է տվել ամուսնուն, նստել է ուտելու միայն նրանից հետո, և, որպես լռության խոստում, կրել է ականջից ականջ ձգվող բերանկապ: —Այո՛ և Դուք, տիկի՛ն ջան,—ասում էր նա ինձ տասնյակ անգամ, հարուցելով իմ մեջ կատաղության անզոր նոպա,—Դո՛ւք, սիրելի Մարիամ, իսկ և իսկ այդպիսի հայ կին եք և երբևիցե ինքներդ դրանում կհամոզվեք: Նրա այդ խոսքերը ինձ այնպես սարսափելի կատաղեցրել էին, որ ես ոչ մի անգամ դրանք չեմ մտաբերել իմ և ոչ մի հուշում: Եվ եթե այդ մասին որոշել եմ պատմել հիմա, իմ կյանքի ութսունամյա հասակում, ապա այն պատճառով, որ... համոզվեցի, թե ճշմարիտը Չարենցն էր: Այժմ զննելով իմ ապրած ամբողջ երկարատև կյանքը՝ լի վիթխարի, անընդմեջ աշխատանքով և նույնպիսի վիթխարի վիրավորանքներով կամ, ինչպես հիմա մոդա է ասել՝ «տրավմաներով», չստանալով անցյալում այն, ինչ կարելի է համարել իրոք շնորհակալություն քո աշխատանքի, քո ամբողջ հոգով այդ աշխատանքին տրվելու համար, զարմանալով այդպիսի անհարգալից վերաբերմունքից իմ հանդեպ և շատ անգամ հարցնելով ինձ. «ինչո՞ւ», «ինչո՞ւ»,—հանկարծ ես հասկացա, որ ես—այդ նույն հայ կինն եմ, որ համառորեն շարունակում է աշխատել, որը ետևում ունի հազար տարիների բռնադատություն, և որի տքնությունը, եթե ասելու լինենք դառն ճշմարտությունը, հանգիստ բռնադատվում էր անցյալում, որպես ինքնըստինքյան հասկանալի ու բնական բան: Չարենցի հետ բոլոր վեճերում ինձ չի լքել նրա հանճարեղության զգացումը: Եվ դա զարմանալի էր նրանով, որ, բավականաչափ չիմանալով հայոց լեզուն, նրա բանաստեղծությունները ես չէի կարդացել և նրա մասին այդ բանաստեղծություններով դատել՝ չէի կարող: Եվ, ահա՛, այդ հեռավոր տարիներին իմ առջև դրեցին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ձեռագիրը, որ հայերենից ռուսերեն էր թարգմանել Յակ. Ս. Խաչատրյանը: Հարկավոր էր գրախոսել այդ ձեռագիրը և առաջաբան գրել: Իմ ապրածը նրա առաջին իսկ էջերը կարդալիս չեմ կարող ավելի ճշգրիտ սահմանել, քան «ցնցված» բառն է: Ես իսկապես ցնցված էի. ես զգում էի այն թեթև սառնությունը ողնաշարում, այն համարյա ֆիզիկական սարսուռը, երբ դեմ առ դեմ հանդիպում ես արվեստի ճշմարիտ ստեղծագործության: Այդպիսի պահերը հազվադեպ են լինում կյանքում: Բայց դրանք՝ անվրեպ են: Իսկականը արվեստում ընկալվում է ակնթարթաբար, և նրա ընկալման բերկրանքն այրում է ամեն տեսակի տարակուսանք, իբրև շատ ուժեղ շիկացում՝ իր վրա ընկած կաթիլը գոլորշիացնում է վայրկենապես: Հեղինակի սեփական սահմանումով «Երկիր Նաիրին»՝ «պոեմանման վեպ» է: Ռեալիստ արվեստագետի մեծ վրձնի խազերը ընկնում են կտավին անկապ, կտրտված, կրկնվում: Բայց, ընթերցանության հետ, աստիճանաբար այդ բոլոր կոտրտված բծերը, մեկուսի պատկերներն ու կրկներգերը շարվում են մի մեծ կտավի վրա: Առաջին տպավորությունը՝ նեղվածքն է հարստությունից, կամ, ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «embarrus de richesses»,—որը հանկարծ փոխարկվում է ժլատ ու հաշվենկատ վարպետության զգացումի, վարպետություն, որ մեծ կտավին հագեցվածություն է հաղորդում՝ այն աստիճանաբար պատկեր առ պատկեր ընդլայնելու ճանապարհով: Սկզբում այդ վեպն ընկալում ես որպես սատիրա, Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» նման: Չարենցի պատկերած գործող անձիք ընթերցողին ներկայանում են գրոտեսկորեն չափազանցված, կարիկատուրային, որպես յուրատեսակ Սոբակևիչներ, Մանիլովներ, Չիչիկովներ: Թվում է, թե Չարենցը, Պարոնյանի պես, կարող էր հանդիպել հայերի զայրալից առարկությանը: Մինչդեռ «Երկիր Նաիրին» միանգամից ցնծությամբ ընդունեց հայ մամուլը և համարյա անմիջապես օրինականացավ որպես հայ գրականության հանգուցային երևույթ, որ իր երևան գալով նշանավորում է նրա նոր շրջանի ժամանակագրական տարեթիվը:... …Չարենցը մարմնավորում է Կարսում իր վերապրած պատմական փորձը՝ յուր սոցիալական ամբողջ ճշմարտությամբ: Գեղեցիկ և անսահմանորեն շռայլ է վեպի լեզուն: Նրա ռիթմը և պատկերավորությունը` այնպես անհատականացված վառ և ուժեղ են, որ վեպին Չարենցի տված «պոեմանման» անվանումը լիովին արդարացնում է զուգորդությունը Գոգոլի անմահ «Մեռյալ հոգիների» հետ, որը նույնպես ռուս մեծ դասականը անվանել է «պոեմ»: Եթե հնարավոր լիներ ետ վերադարձնել կյանքից երեսուն տարի,—ես կցանկանայի նորից խոսքի բռնվել Չարենցի հետ: Ասել նրան շատ բան, որ չհասցրեցի ասել այն ժամանակ,—և այն, ինչ այն ժամանակ դեռ չգիտեի, որպեսզի ասեի նրան...
Նվարդ Բիչիյան․ Եղիշե Չարենց՝ իմ Բարենց
Եղիշեն իմ սիրելի և լավագույն բարեկամներեն մինն էր, երկուքս ալ նույն գաղափարներով տոգորված, բայց հաճախ կը վիճաբանեինք միասին: Դուրսի պտույտներ չէինք ըներ, որովհետև՝ «կը լսե՛ն»—կըսեր նա. ատոր համար իմ սենյակս կուգար կամ ավելի հաճախ աշխատած գրասենյակս, ու անուշ-անուշ կը խոսակցեինք: Ա՛խ, իմ բարի խեղճ Չարենց, ինքն ալ ինձ նման անտեր, անպաշտպան, ջահել տղա, ես ալ ջահել օտար նորեկ մի աղջիկ՝ կարոտ անկեղծ ընկերոջ,—ու լավ ընկերներ դարձանք: Բայց լավ կըլլա մի քիչ ծանոթություն տամ Չարենցի սիրելի օր. Նվարդի ով ըյյալը, և ինչ առիթով Երևան գալուն մասին: Ես՝ Նվարդս, բնիկ տրապիզոնցի ունևոր Գյուրճյան ընտանիքի դուստրն էի, տեղական ազգային վարժարանը հաջող ավարտելուն պես ուղարկած էին Մարզվան, ամերիկյան կոլեջը ուսանելու: Ամեն ամառ երկու ամսով կը վեր րադառնայի վաղանցի: Վերջին անգամ այդ եղավ 1914-ին աշնանը: Ես վերջին անգամ մեկնեցա ու մինչև 1918-ը չկարողացա վերադառնալ տուն՝ պատերազմի պատճառով։ 1917-ին ավարտեցի ուսումը, 1918-ին ուսուցչություն ըրի նույն հաստատության մեջ: 1919-ի աշնանը վերադարձա իմ ծննդավայրրը: Բայց ի՜նչ հուսախաբություն ու դժբախտություն մի երիտասարդ կյանքի համար, ամեն տեսակետով պատրաստված աղջկան: Իմ սիրելի հայրենական «օջախը թափուր ու քաղաքը ամայի: Հարազատներս բոլորն ալ զոհ գացած էին ահռելի աղետին (աքսոր): Բայց ես չհուսահատվեցա. հույն ազնիվ ծանոթներու օգնությամբ կսկսիմ անգլերեն, ֆրանսերեն և պիանոյի դասեր տալով ոչ միայն ինքզինքս, փոքրիկ քույրս, ուրիշ դեռ հինգ որբեր (թուրքերուն քովեն հավաքված) ևս խնամիլ: Սակայն մի քանի ամիսներ հետո կանցնինք «Պաթում՝ ազգականների մոտ: Հոն նույնպես գործի կանցնիմ Ամերիկյան կոմիտեի մեջ թարգմանի պաշտոնով... Արդեն ամերիկյան կոլեջը եղած ժամանակ հայերենի ուսուցիչներ էին հայտնի հայագետ բրոֆ. Գյուլյան և Գագիկ Օզանյան (Գարահիսարից), ուսանողներուն հոգին ու սիրտը կը վառեին հայրենիքի սիրով ու կարոտով: Նույն Տրապիզոնի մեջ շատ խիստ արգելված էր դպրոցին մեջ հայերեն երգեր երգել, հայերեն աշխարհագրություն սորվիլ: Այնպես որ մեր վարժապետը գրատախտակին վրա կգրեր ինչ որ պետք էր, ու մենք թուղթին վրա կօրինակեինք ու ծալելով գուլպաներուս մեջ կպահեինք մինչև որ կատարյալ գոց գիտնայինք ու լավ մը սորվելե վերջ միայն կոչնչացնեինք թուղթը: Ահա այսպես երևակայական հայրենիքի կարոտով մեծցանք, բայց մնացինք որբ ու անտեր: Երբ որ Պաթում կը գտնվեի, օր մը շեֆիցս խնդրեցի զիս ուղարկե Հայաստան. նա մի քիչ տատամսելե վերջ համաձայնեցավ, որովհետև հոն Ամերիկյան օգնության կոմիտեն անգլիախոսերու մեծ պետք ունի եղեր: Ու ահա մի շաբաթ չանցած Երևան էի: Ինձ տվին կահավորված և ամեն հարմարուիթյուններով սենյակ և թարգմանի պաշտոն կոմիտեի կենտրոնական գրասենյակին մեջ: Օրվան մի քանի ժամն ալ ինքնաշարժով որբանոցին ընդհանուր վարիչին հետ կայցելեինք որբանոցները: Այդ ժամանակ Ֆոտը ուներ 15 որբանոց Երևանի մեջ մոտավորապես 25 հազար որբերով: Կայցելեինք անոնց կարգը, սարքը, կարիքները, առողջապահական պայմանները քննելու և բարելավելու համար (շատ հիվանդներ ու քոսեր կային): Մի օր ինձ մոտ աշխատող մի պաշտոնյա, Արամ անունով (ազգանունը մոռցած եմ) մոտեցավ ու ըսավ՝ օրիորդ Գյուրճյա՛ն, Րաֆֆու փողոցի վրա հայերենի բարձրագույն կուրսեր բացված են, եթե կը ցանկանաք երթանք միասին: Ես իսկույն համաձայնեցա, ու աշխատանքից հետո գացինք: Եվ ի՜նչ անակնկալ իմ ծարավ հոգվույն համար. սրահը լեցուն հայ հազարավոր երիտասարդությամբ, դասախոսն էր հայագետ Մանուկ Աբեղյան: Որ ի՜նչ բախտ, ի՜նչ երջանկություն... Դասախոսությունից հետո գացի իր մոտ իր ձեռքը համբուրեցի. նորան հակիրճ պատմեցի իմ մասին, ու նա հուզվեցավ ու վրդովվեցավ: Դադարի պահուն, երբ ես մինակ օտար ու անծանոթ կանգնած էի ետևի պատշգամբում, հաջորդ դասախոսին սպասելու, մի երիտասարդ մոտեցավ ինձ ու՝ «Օրիո՛րդ, կարծեմ նորեկ եք, կարող ենք ծանոթանալ»— ըսելով՝ ձեռքը երկարեց, և ի՛նչ անակնկալ, երբ իր անունը ըսավ, այդ իսկ ինք Եղիշե Չարենցն է եղեր: Որովհետև ես իր մասին շատ լսած էի, բայց զինքը չէի ճանչնար: Իր համեստ կերպարանքը, խոհուն աչքերը, իր սրտանց անկեղծ խոսելակերպը ինձ շատ հաճելի եղան ու, ահա՛, մենք արդեն բարեկամներ դարձանք: Այն ժամանակ ինք միջահասակ, թույլ կազմվածքով, քիչ մը կքած, դանդաղ քայլվածքով, բայց վեհ ու մեծ հոգվով երիտասարդ մըն էր և միշտ ինձի կ’սեր, «Ա՛խր, օրիորդ Նվարդ, ինչո՞ւ Դուք այդքան օրիգինալ եք Ձեր սեռին մեջ, կարծես Ձեր սիրտը ու հոգին բանալիով կողպված է»: Այո՛, Եղիշե, Նվարդին հոգին ու սիրտը լեցուն է դառն ցավ ու վիշտ, ոչ ոք չի հասկնար անոր սրտի խոր ցավը: Եվ նա կը պատասխաներ. «Այո՛, սիրելի օր. Նվարդ, մեր սրտի ցավը շատ խոր է, ոչ ոք թո՛ղ չհասկանա», և սկսավ այնպիսի բաներ խոսիլ, որ կարծես ինք չէր, այլ աներևույթ երկնային ոգիներ իջեր էին իր մեջ: Մի օր ալ տեսնիմ Եղիշեն եկավ գրասենյակ, սաստիկ վրդովված ու ջղայնացած, զինքը դատապարտած են եղեր տնային աքսորի՝ իբրև կարմիր: Որքան կարող էի զինքը մխիթարեցի, քաջալերեցի, որ չի հուսահատի, ըսի՝ «Ապագան փայլուն է, անձրևից հետո արև կը ծագի, ամեն բան լավ է և լավ կը վերջանա»: Նա այնքան ոգևորվեցավ, որ մի րոպե արտակարգ տրտնջումով մը կրկնեց հետևյալը. «Ա՜խր, սիրելի օրիորդ Նվարդ, դու բրոնզ ես, բրոնզ ես, սուր ես, հուր ես դու, ախ ինչու ես այրում սիրտս հրակեզ» (այսպիսի բաներ, լավ չեմ հիշում), ու ձեռքերը վեր բարձրացնելով՝ «Բայց ի՞նչ անենք Արփիկը»: Ես այն ատեն իմացա, որ նա ունի իր սիրածը, որին չէր կարող տիրանալ: Նա երբեք ինձ մոտ չէր խոսած Արփիկի մասին: Արփիկը նրա սրտին սրբություն սրբոցն էր: Ահա անոր սրտին խոր ցավը և գաղտնիքը՝ հավասար իր իդեալ գաղափարներուն և խորհուրդներուն: Մի օր դարձյալ եկավ գրասենյակ, տեսա հուզված է, լուռ ու մռայլ... «Ի՞նչ կա, սիրելի՛ Եղիշե» հարցումիս՝ «Ախր, սիրելի օրիորդ Նվարդ»,—սկսավ: «Եղիշե, խնդրեմ ձգե սա օրիորդ բառը և զիս պարզապես Նվարդ կոչե»,—ըսի: «Ո՛չ, Դուք ինձ համար օրիգինալ, անմրցելի, արժանավոր օրիորդ Նվարդն եք»,—ըսավ: Ու սեղանիս վրայեն գրիչ ու թուղթ վերցնելով սկսավ գրիլ: Ես անոր ուշադրություն չի դարձուցի, որովհետև այդ օր շատ կարևոր թարգմանություններ ունեի ընելու: Մի քիչ հետո Եղիշեն գրված թուղթը ինձ երկարելով ըսավ. «Կարդա՛, սա մեր սրտին բանալին է, մինչև հիմա ոչ ոք չի կարողացավ կարդալ մեր սիրտն ու գաղտնիքը, ցավն ու վիշտը և այդպես էլ թող մնա»: Ահա այդ քառատողերն էին, որ սիրելի Եղիշեն գրեց մի քանի խոսքով ինձ համար (տե՛ս Չարենցի Երկերի ժողովածուն, հ. I, էջ 322—խմբ.): Նա կուգար գրասենյակ խոսակցելու միասին, որովհետև ես աշխատանքից հետո անգլերեն երեք կուրս ունեի, անկե հետ ալ հայկական բարձրագույն դասերու կերթայի և հազիվ իրիկուն 11-ին հոգնած սենյակս կը վերադառնայի... Ամեն գրասենյակ գալուն միշտ կամ գրած մի բան կը բերեր կամ մոտս կը գրեր, ըսելով. «Ա՛ռ, այս միմիայն քեզ համար է»: Մի օր դարձյալ ըսի իրեն. «Եղիշե՛, դուն այնքան բարի, այնքան համեստ, այնքան վեհ ու ազնիվ սիրտ ունիս, որ քեզ Չարենց չի վայելեր, եկ քեզ Բարենց անվանենք»: Բայց նա՝ «Ա՛խր, սիրելի օրիորդ Նվարդ, իմ մեջ բարի ու չար ոգիները խլրտում են, ես ալ չեմ իմանում ոնց անեմ»: Վերջին անգամ ալ եկավ գրասենյակ, շաբաթ օր էր: «Սիրելի օրիորդ Նվարդ, գիտես, էգուց ի՞նչ օր է»—ըսավ: «Այո՛,—ըսի,—վաղը կիրակի է, չենք աշխատիր»: «Ա՜խր, ո՛չ, չգիտցար, էգուց Վարդավառ է, քու անունի տոնն է, կուգամ էրթանք Զանգուի ափին մի քիչ զվարճանանք»: Մյուս օր գացինք, մի քիչ կոնծեցինք, մի փոքր ժամանց իմ սիրելի Եղիշե Չարենց-Բարենցի հետ: Ահա այս և ասոր նման հանդիպումներ ու կարճ ժամանցներ իմ Բարենցի հետ: Խեղճը միշտ հալածված ու Արփիկի սիրով վառված, տանջված... Իմ Երևանեն մեկնումին... մի բավական ժամանակ չեկավ, չերևաց, ըսին, որ հանկարծ գործով Մոսկվա մեկներ է... Ժամանակ մը վերջ Սոֆիա մեզ հասավ մահվան գույժը, սիրտս մուռմուռ լացավ: «Խեղճ Չարենց, իմ սիրելի Բարենց» ըսի. «Քո վեհ սիրտը ու ազնիվ հոգին ոչ ոք չկարողացավ կարդալ...». ու ակամա արտասվեցի՝ չնայած որ այդքան երկայն տարիներ անցած էին մեր բաժանումից ի վեր.
Նինա Տաբիձե․ Հանդիպումներ Չարենցի հետ
Շոգ էր: Ես նախորդ օրն էի ամառանոցից վերադարձել Թիֆլիս: Երեկոյան մեր տուն եկան Տիցիան Տաբիձեի մտերիմ ընկերները՝ Պաոլո Յաշվիլին և Վալերիան Գափրինդաշվիլին, որպեսզի միասին դուրս գանք զբոսնելու: Սոլոլակում գտնվող «Ստելլա» զբոսայգին: Այնտեղ հանդիպեցինք Սիմոն Փիրումյանին, Պողոս Մակինցյանին, Ալեքսանդր Շիրվանզադեին և Նիկոլոզ Միծիշվիլուն: Գրավեցինք մեր սիրած տեղը զբոսայգու աջ անկյունում, բաղեղափաթաթ տաղավարում: Սեղանի շուրջ նստած և սառնորակ գինի ըմպելով՝ զրուցում էինք գրականության և ընդհանրապես արվեստի մասին: Շիրվանզադեն ասաց, որ օրերս Երևանից ժամանելու է Եղիշե Չարենցը: Այդ անունն առաջին անգամ լսել էի Հովհաննես Թումանյանից: Հիշում եմ, ինչպես իրենով կախարդված՝ մենք նստել էինք իր սիրած քուրայի շուրջը, ինքը ոգևորությամբ պատմում էր երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին: Այդ երեկո Պողոս Մակինցյանը, որ նուրբ ճաշակի տեր մեծ էսթետ էր. մեզ համար կարդաց Եղիշեի անվերնագիր մի բանաստեղծությունը, որը Ս. Փիրումյանը տեղնուտեղը տողացի թարգմանեց վրացերեն: Ահա՛ այն. Ես մի անգին գոզալ տեսա Գյուրջստանի քաղաքումը,— Վզին՝ վարդեր ու խալ տեսա—Գյուրջստանի քաղաքումը: Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ, Գլխին ոսկի ու շալ տեսա Գյուրջստանի քաղաքումը: Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝ Շրթերը խաս ու ա՛լ տեսա Գյուրջստանի քաղաքումը: Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛, Դեմս կեցած մե սա՛ր տեսա Գյուրջստանի քաղաքումը: Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝ Անմահական մի յա՛ր տեսա—Գյուրջստանի քաղաքումը: Անդրկովկասյան ժողովուրդների բարեկամության ու սիրո երգիչ Սայաթ-Նովայի շնչով բուրող այդ ոտանավորը բոլորիս հիացրեց, և էքստրա ըմպեցինք Չարենցի և նրա պոեզիայի կենացը: Մեր հաճախակի հանդիպումները բազմիցս վկայեցին, որ հանձին Չարենցի մենք ունենք մի բազմատեսակ և շատ խելոք պոետ: Իմ Տիցիանը շատ էր սիրում նրան և ընկեր էր հետը: Խոշոր ակնոցներ կրող Շիրվանզադեն, ձեռնափայտին հենված, այդ երեկո սեղանակիցներին պատմում էր արտասահմանում՝ Չարենցի, Իսահակյանի և Մակինցյանի հետ ունեցած իր հանդիպումներից: Որքան գրավիչ էր կարողանում պատմել նա, ունկնդիրներին ինչպես էր ծանոթացնում իր ժողովրդի տառապանքներին, հոգևոր ու կուլտուրական հարստություններին... Մի քանի օրից մենք կրկին հավաքվեցինք «Ստելլայում», կրկին նստեցինք նույն սեղանի շուրջը: Սրախոսում էր Ս. Փիրումյանը: Մեկ էլ Ն. Միծիշվիլին, որը Չարենցին գիտեր դեռ արտասահմանից, բացականչեց. —Ահա և Եղիշեն: Ընկերները ձայնեցին, Չարենցը մոտեցավ մեր սեղանին: Նա ցածրահասակ էր, ուներ անսովոր խելացի աչքեր: Նրանց նայելով, դուք կարող էիք տեսնել նրա զարմանալիորեն ազնիվ, բարի, կարեկից հոգին: Բայց, եթե նա նկատում էր, որ հետևում եք իր հոգուն, կարծես, աչքերին վարագույր էր իջնում: Այդ պահին նրա աչքերն այնպես էին թախծոտում, որ նույնիսկ ցավալի էր: Տիցիանը Չարենցին ճանաչել էր այդ աչքերից, իսկ նա Տիցիանին՝ ժպիտով: Երբ Տիցիանը ժպտում էր, երևում էր նրա ամբողջ հոգին: Այդ օրերին նա խելահեղորեն հմայված էր Վաժա Փշավելայով, Չարենցի հետ խոսում էր նրա ստեղծագործության ու ժողովրդական պոեզիայի մասին և տողացի թարգմանեց ժողովրդական «Վագրը և պատանին» բանաստեղծությունը: Եղիշեն խոսում էր Իսահակյանի, նրա «Աբու-Լալա-Մահարի» պոեմի մասին, այն մասին, որ այդ պոեմը թարգմանված է աշխարհի ժողովուրդների քսան լեզվով: Նա խոսում էր այնպիսի սիրով ու հրապուրվածությամբ, որ տեղնուտեղը Տիցիանը խոստացավ «Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանել վրացերեն, որը և կատարեց հետագայում: Հայաստանից Թիֆլիս գալով, Եղիշե Չարենցը կամ լինում էր մեր տանը, կամ հեռախոսով զանգում էր: Եղիշեի և Տիցիանի յուրաքանչյուր հանդիպումը դառնում էր հայրենի գրականության նկատմամբ մեծ սիրո արտահայտություն: Մի անգամ Տիցիանը, սովորության համաձայն, իր կլոր սեղանի մոտ նստած աշխատում էր, երբ Եղիշեն եկավ ու Տիցիանին բերեց իր «Երկիր Նաիրի» վեպը՝ ռուսերեն թարգմանությամբ: Չարենցը ցավով էր խոսում, որ մեր երկու եղբայրական ժողովուրդները միմյանց գրականությունը չգիտեն, որ անհրաժեշտ է առավել արդյունավետ կերպով թարգմանել և ընթերցողներին փոխադարձաբար ծանոթացնել հայրենի գրականությանը: Տիցիանը նույնպես զգում էր այդ ամենը և նրան պատասխանեց, որ ինքը կգործադրի բոլոր ուժերը, որպեսզի իր ժողովրդին ծանոթացնի հայ գրականությանը: Նկատելով Տիցիանի կլոր սեղանի վրայի ձեռագրերը, Չարենցը հարցրեց. —Այդ ինչ է, վե՞պ ես գրում, Տիցիան: —Գրում եմ 19-րդ դարի վրաց գրականության համառոտ պատմությունը,— պատասխանեց Տիցիանը: Հայ բանաստեղծը ուրախացավ և նրան առաջարկեց այդ աշխատությունը հայերեն տպագրել: Տիցիանը խոստացավ աշխատանքն ավարտելուն պես ուղարկել Երևան: Սակայն Չարենցը երկար չսպասեց: Մի քանի օրից նա կրկին Թիֆլիսում էր. եկավ մեզ մոտ, համարյա զոռով վերցրեց և Հայաստանում առանձին գրքով առաջին անգամ լույս ընծայեց Տիցիանի ձեռագիրը, որը մինչև հիմա էլ վրացերեն հրապարակված չէ: «Վրաց նորագույն գրականությունը (19-րդ դար)» խորագիրը կրող այդ գրքից Չարենցը մի օրինակ ուղարկեց Տ. Տաբիձեին հետեւյալ մակագրությամբ. «Թանկագին Տիցիանին: Օ՜, Տիցիան: Քանի որ թղթի ճգնաժամի պայմաններում քո գիրքը տպագրել ենք ոչ շատ երևելի կերպով, ապա կարգադրեցի սույն օրինակը ոսկեզօծել անդրջրհեղեղյան ժամանակների մեր կազմերի ոճով: Ընդունիր և մի՛ վշտանա Հայպետհրատից: Ողջո՜ւյն սրտագին: Քո Եղիշե Չարենց, 1932. 9. 14. Երևան»: Հիշում եմ, երբ մի անգամ էլ Չարենցը եկել էր Թիֆլիս, մի րոպեով ներս վազեց մեզ մոտ, Մ. Սարյանի նկարած իր դիմապատկերը թողեց և շտապ ետ գնաց: Իմ հանգուցյալ ամուսնու արխիվում վերջերս գտա Եղիշեի հետևյալ գրությունը. «Թանկագին Տիցիան: Գրքիս համար հարկավոր է Սարյանի նկարած իմ պատկերը, որ ձեզ մոտ է: Վաղը բեր խնդրում եմ և թող այստեղ, ես կգամ ու կվերցնեմ: Կվերադարձնեմ երկու օրից: Ողջույն: Ինչո՞ւ չես երևում: Քո Չարենց: 13. 6. 1927 թ.»: Հայաստանում շրջագայելուց հետո Տիցիանը գրեց բանաստեղծությունների մի շարք: «Անապատի ավտոդորը» բանաստեղծության մեջ նա հիշում է Եղիշեին. Ասես, հյուր էի օտար երկրում, Չտեսա ոչ մի օտար, սակայն, Չարենցի էպոսն էի ես ունկնդրում, Գերվում հմայքով սարյանական...
Սիլվա Կապուտիկյան․ Չարենցի հոգևոր հովանու տակ
Մեր տան միակ գիրքն էր, համարյա միակը և անունն էլ՝ «Գրական գոհարներ»: Թե ինչ էր նշանակում այդ վերնագիրը՝ չէի հասկանում. ոչ «գրական» բառը գիտեի, ոչ էլ գոհար էի տեսել: Միայն այն եմ հիշում, որ սիրում-փայփայում էի այդ գիրքը՝ մի տեսակ ենթագիտակցորեն, բնազդորեն: Երևի այդպես սերնդե-սերունդ անցնող տոհմագիրքը կամ ավետարանն են փայփայում, իրենք էլ չիմանալով, թե ինչի մասին է բարբառում նրա խունացած էջերի մագաղաթյա գրաբարը: Մենք տոհմագիրք չունեինք, տոհմ էլ չունեինք: Մեր տոհմը ցրվել-ցվրվել կորել էր Վանից Երևան ձգվող փոշոտ, պատառոտված սոլ ու տրեխով չափվող անճանապարհ ճանապարհներին: Մի խարխուլ վարձու տնակ ունեինք ու մեջը տատս՝ իր չորս որբ աղջիկներով: Թե որտեղի՞ց էր ընկել այդ «Գրական գոհարները» մեր տուն, չգիտեմ: Հորս գրքերից չէր կարող լինել, հայրս մահացել էր 1918-ին, իսկ գրքում Հոկտեմբերյան հեղափոխություն կար, կար 1920-21 թվականներին գրված «Ամենապոեմ»: «Գրել» սկսել եմ տասնմեկ-տասներկու տարեկանից, արտասանել՝ դրանից առաջ: Եվ, ահա՛, հիմա ետին թվով զարմանում եմ, թե ինչպես իմ մանուկ արտասանության համար նյութ եմ ընտրել ոչ ավել, ոչ պակաս, քան «Ամենապոեմը» և կատարել իմ սեփական «մոնտաժը»՝ իրար կցելով պոեմի ամենամարտական հատվածները. Լսեցի՞ ք— Ելան— Բանակներ հսկա, երկաթազրահ: Լսեցի՞ք— Ելան— Աշխարհի բոլո՛ր դաշտերի վրա... Եվ այնուհետև՝ Մոսկովը ծփաց փողփողուն, Ինչպես մի բոսոր դրոշակ— Պարզե՛ց արնավառ աշխարհին Մի կարմիր խնդության նշան: Հիմա էլ կա այդ գիրքը, կազմի լաթը՝ հենց էն գլխից էլ գորշագույն, տպագրված հաստ, դեղնավուն թղթի վրա: Տարիները ավելացրել են այդ դեղինը, բայց չեն ջնջել իմ «մոնտաժի» հետքերը: Աշակերտական մատիտով ընդգծված տողերը հիմա էլ անգիր գիտեմ. ընդգծվել-մնացել են նաև ուղեղիս արդեն դեղնած թերթերին: Այսպես է մտել Չարենցը իմ կյանքի մեջ, մտել է «Գրական գոհարներից», երկաթազրահ ժամանակներին համապատասխան երկաթազրահ տողերով: Ժամանակներ, որոնք իրենց ալիքի վրա էին առել ողջ կյանքն ու շրջապատը, այդ թվում և ինձ՝ տասը-տասնմեկ տարեկան աղջնակիս, որը, ինչ խոսք, քիչ բան էր հասկանում և՛ այդ ժամանակներից, և՛ տողերից: Հետագա տարիներին, չգիտես ինչպես, տեղի ունեցավ մի անակնկալ «դավանափոխություն». մանկությունից պատանեկություն տանող շավիղներիս վրա ռոմանտիկ պարանոցը պարզած ինձ ընդառաջ ելավ Ազատ Վշտունու «Ուխտը», ապա «Ռամ Ռոյը», «Լենինը» և իմ «ասմունքային ռեպերտուարը» համարյա ամբողջովին գրավեց Ազատ Վշտունին: Կարծում եմ, որ այս «դավանափոխության» մեջ որոշակի դեր խաղաց այն, որ իմ պատանիացող սրտում ինչ-որ անորոշ զգացումներ էին ելևէջում համադասարանցի տղաներից մեկի նկատմամբ, և ելևէջները ինքնաբերաբար տարածվում էին համադասարանցու հոր վրա, որը ոչ այլ ոք էր, քան ինքը՝ մեր դպրոցում հաճախ երևացող բարձրահասակ, գեղեցիկ, սպիտակ կոստյումով ու լայնեզր գլխարկով Ազատ Վշտունին: Արդեն մոտենում էի 14-15 տարեկանին, տպագրել էի առաջին ոտանավորս, ներսումս խլրտում էին սերեր, ձգտումներ, երազանքներ, հստակվում էր ընտրելիք ճանապարհս: Եվ այդ ճանապարհի առաջին հրապուրող, իրեն կանչող հանգրվանը Երևանի Գրողների տունն էր: Կուլտուրայի տան Լենինի հրապարակի կողմում գտնվող այդ չորս-հինգ սենյակներն ու նեղլիկ դահլիճը, դահլիճի սևաքար ճակատն ու երկարուկ լուսամուտները ինձ համար եկեղեցու, թե ուխտավայրի խորհրդավորություն ունեին, իսկ ներսի քննարկումներն ու երեկոները սրբազան արարողություն էին թվում: Այնքան մեծ էր ակնածանքս ադ տան և նրա ներսում կատարվածի հանդեպ, որ քաշվումվախենում էի այնտեղ ներս մտնել միայնակ: Երեկոներին հաճախում էի մեր դասարանցի Մարիա Չուբարյանի (այն տարիներին՝ Մարուսիկ) հետ միասին, որը հայտնի իրավաբան Գրիգոր Չուբարի դուստրն էր, մեր մեջ ամենակարդացած, «հումանիտար գիտությունների մեջ խորացած» աղջիկը: Հիշում եմ, ինչպես էի խնդրում Մարուսիկին, որ միասին գնանք այս կամ այն երեկոյին, և, եթե նա ինչ-ինչ պատճառներով չէր կարողանում գալ, ես՝ չնայած տենչագին ցանկությանս, ուժ չէի ունենում հաղթահարելու ամաչկոտությունս և մնում էի Գրողների տան դռների մոտ կանգնած։ Պատանու միամի՜տ ամաչկոտություն, որը հիմա անհավատալի է թվում, և որն այնպես թրթռուն է դարձնում գոյությունդ, այնպես շիկնած, երկյուղած ու գեղեցիկ: Ահա այսպիսի մի հոգեվիճակով ես տեսա իրական Չարենցին, որը մշտապես ներկա էր այդ երեկոներին և, ամբիոնից խոսեր նա, թե չխոսեր, մի տեսակ կշիռ ու կշռույթ էր տալիս այդ երեկոներին: Իսկ եթե ամբիոն էր բարձրանում, սկզբից ևեթ իր սուր ու խելացի խոսքի ընթացքին էր լծում լեփ-լեցուն դահլիճի ունկն ու ուշադրությունը: Այդպես էր լեզվի հարցերի քննարկման ժամանակ, ֆորմալիզմի շուրջը ծավալված դիսպուտին, այդպես էր սովետահայ գրողների առաջին համագումարին, որտեղ Չարենցը տենդորեն ետ էր մղում «Գիրք ճանապարհի» գրքի ընդդիմախոսներին: Ցավոք սրտի, ես շատ քիչ բան եմ հիշում այդ երեկոների խոսք ու ելույթներից, իրադարձություններից: Հենց այս չհիշելն է պատճառը, որ ես հուշ գրել չեմ սիրում, ավելի ճիշտ՝ չեմ կարողանում: Որքան էլ զարմանալի թվա «Քարավանների» և «Խճանկարի» ընթերցողներին, հիշողությունս, որ վերոհիշյալ գրքերում ինչ-որ հրաշքով պահել ու բերել թղթին է հանձնել տեսածս ու լսածս,—մնացածի նկատմամբ՝ անասելիորեն տկար է ու անշնորհք, մոռացումի համատարած պատի վրա հազիվ մի քանի դեպք ու խոսքի լուսամուտներ պահող։ Դրան ավելացրած քիչ թե շատ պրոֆեսիոնալ գրողին ոչ սազական՝ հուշատետրեր չունենալու, որևէ բան գրի չառնելու ծույլ սովորությունս, որը ինձ համարյա զրկում է անցյալը ճշգրտորեն կենդանացնելու հնարավորությունից: Անցյալի վրա բացված սակավաթիվ լուսամուտներից է իմ ծանոթանալը Չարենցի հետ։ Դա 1936թ. հունիս ամիսն էր: Արդեն ավարտել էի Կրուպսկայայի անվան դպրոցը, ունեի մի քանի տպագրված բանաստեղծություն: Ավելորդ է ասել, որ վաղուց վերադարձել էի դեպի «Ամենապոեմը»՝ ոչ մանկական տարիների անիմանալի բնազդով, այլ հասկանալով: Օր-օրի բացվող միտքս արդեն հասու էր ըմբռնելու Չարենցի պոեզիան: Ահա թե ինչու ինձ համար գերագույն երջանկության օր եղավ այն օրը, երբ մեր գրականության ուսուցիչ ընկեր Սիմակը մեզ՝ չորս գերազանցիկ շրջանավարտներիս, որպես պարգևատրություն, տարավ Չարենցի տունը: Չարենցը ապրում էր այժմ Լենինի կոչվող պողոտայի վրա, այն բնակարանում, որը հիմա տունթանգարան է դարձել: Այդ չորսի մեջ էր նաև մեր ամենազարգացած «հումանիտարը»՝ Մարուսիկը: Այսպես ուրեմն, մենք Չարենցի սենյակում ենք: Ոչ մեծ մի քառանկյուն, ձախ կողմում արևելյան լայնշի թախտ է, մնացյալ երեք պատերը չեն երևում. գրքեր են, պահարաններում արդեն չպարտակվող, դուրսը՝ գրասեղանին, նստարաններին, հատակին թափված գրքեր: Տանտերը, ըստ երևույթին տկար, մեզ ընդունեց կիսապառկած վիճակով: Վտիտ էր, գունատ, սակայն աղմկոտ ու սիրալիր: Նա եռանդով մեզ հրավիրեց նստել, և, որովհետև գրքերից խեղդվող սենյակում աթոռներ չկային, բարձր ձայն տվեց. —Իզաբելլա, աթոռ բեր հյուրերին... Սենյակի դռների մեջ երևաց բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլայի, բարձրահասակ, բարալիկ կերպարանքը, ու սենյակում հայտնվեցին մի երկու հին աթոռներ: Մենք վերջապես նստեցինք՝ բոլորված թախտի շուրջը: Ընկեր Սիմակը ներկայացրեց իր աշակերտներին. «Գերազանցիկ են, գրականություն շատ են կարդում, Չարենց շատ են սիրում» և այլն և այլն: Բնականաբար ներկայացվողների մեջ շեշտը դրվեց «դասարանի բանաստեղծի» վրա, ու բանաստեղծն էլ հրավիրվեց իր «ստեղծածները» արտասանելու: Արտասանեցի իմ «Երկու պոետ» ոտանավորը: Պոետներից մեկը Տերյանն էր, մյուսը՝ Չարենցը: Ոտանավորն ավարտվում էր այսպես. Մինչև գիշեր քուն, թե արթուն Հրգիս երկու գիրք է կարդում, Մեկը աշուն՝ թաց թերթերով, Մեկը երկինք՝ լի աստղերով: Չարենցը, որ, իհարկե, հենց սկզբից էլ գիտեր, որ այդ երկու պոետներից մեկն ինքը պետք է լինի, հեգնական համեստությամբ աչքով արեց շուրջիններին, թե իբր՝ «տեսնո՞ւմ եք ինչ մեծ մարդ եմ եղել, որ ինձ ոտանավոր են նվիրում»: Հաջորդ արտասանածս, որ երևի բանաստեղծություն կարելի էր անվանել, ընդամենը չորս տող էր և նվիրված էր Սայաթ-Նովային. Կյանքումդ ողջ դու շրջեցիր զառ երգերիդ բաղի մեջ, Օրդ անցավ քո սիրուհու վառ կարոտի շաղի մեջ. Թե որ կյանքիդ հանգրվանը տխուր վանքն էր լինելու, Սազդ առած ո՞ւր իր ընկել գյոզալներու թաղի մեջ: Չարենցը սա հավանեց և ասաց, որ գրեմ ու թողնեմ իրեն: Ես ուրախացած քաշվեցի մի անկյուն և փոքրիկ մի թերթիկի վրա գրեցի այս տողերը և տվեցի իրեն: Հրաժեշտից առաջ Չարենցը բոլորիս մի-մի գիրք նվիրեց: Իր «Պոեմներ» ժողովածուն էր, բաց կապույտ կազմով, մասսայական հրատարակության մատենաշարից: Իմ գիրքը մակագրելիս՝ չարաճճի տղեկի պես կատակով հարցրեց. —Եթե «Սիրելի Սիլվային» գրեմ, հո չե՞ս նեղանա. Պատասխանս պարզ է, թե ինչ պիտի լիներ: Մեր գրքերը ձեռքներումս ամուր սեղմած, լցված ու երջանիկ դուրս եկանք Չարենցի բնակարանից: Դա ուսումնական տարվա վերջն էր, հունիսի երկրորդ կեսին, իսկ հետո... Հետո վրա հասավ հուլիսի 6-ը, Աղասի Խանջյանի ողբերգական վախճանի օրը: Լուրը տարածվեց կայծակի արագությամբ ու կայծակի պես էլ շանթահարեց բոլորին: Ու, թեև մենք դեռ կարճլիկ ու դալար տնկիներ էինք, կայծակը մեր ճյուղերին էլ դիպավ: Իմ կյանքի առաջին ցնցող հարվածն էր դա՝ իմ կյանք մտնելու հենց առաջին օրերին: Խանջյանի հուղարկավորության ժամանակ վերջին հրաժեշտի պահին, երբ հանգուցյալի դագաղի մոտ մնացին միայն հարազատները, ես այնպես ուժգին էի լալիս, որ կարգադրիչները կարծեցին, թե ես էլ Խանջյանի մոտիկ ազգականներից եմ և ինձ թողեցին մնամ այդ սենյակում: Այդտեղ էին նաև Մահարին, Ալազանը: Չարենցին այդ օրը չեմ հիշում: Սակայն աչքիս դեմ է նրա գունատ, մռայլ կիսադեմը 1935-ի ամռանը, հանգուցյալ Կոմիտասի աճյունը հողին հանձնելու արարողության ժամանակ: Կուլտուրայի տան սպիտակ դահլիճի կենտրոնում, թավշապատ պատվանդանին դրված էր Փարիզից Երևան փոխադրված հսկա դագաղը՝ շուրջը անհամար բազմություն: Չարենցը անջատված բոլորից, մենակ նստած էր բարձրադիր բեմահարթակի եզրին, հենց հատակի վրա, ոտքերը կախ գցած: Ըստ երևույթին, ամբողջ ժամանակ այնտեղ էր և հոգնել էր ոտքի վրա մնալուց: Հիմա, երբ կարդում եմ «Ռեքվիեմի» շունչ հատնեցնող տողերը, զգում եմ, որ այդ օրվա ծանր, բայց պատարագի հանդիսավորություն ունեցող մթնոլորտն է, որ դարձել է տող, պատկեր, խոհ ու տառապանք: Վերջին անգամ ես Չարենցին հանդիպեցի անսպասելի մի տեղ, այժմյան Սվերդլովի և Աբովյան փողոցի խաչմերուկում, փողոցի հենց մեջտեղում։ Նա, հավանորեն, գալիս էր Գրողների տնից, ես գնում էի Գրողների տուն: Հանդիպեցի հանկարծ, սիրտս զարկեց, ոտքերս ինքնաբերաբար կանգ առան։ Նա էլ մի պահ կանգնեց, ճանաչեց, թե չճանաչեց, չգիտեմ, մտացրիվ առավ բարևս ու անցավ: Մեր շուրջը սուրացող ավտոմեքենաներ էին, փողոցը կտրող մարդկանց լարված ընթացք— այդ խառնաշփոթում կանգնել-խոսելը անհնարին էր: Ճիշտ այդպես եղավ իմ հանդիպումը մեր ժամանակի հայ մեծագույն բանաստեղծի հետ՝ կյանքի ճանապարհներին: Տասնյոթ-տասնութ տարեկան աղջիկ էի, անփորձ, վախեցած ու լրիվ չէի հասկանում ինչը ինչոց է: Երբ տարիներ հետո ուշքի եկա, նոր զգացի կորուստիս տարողությունը: Տարեց-տարի այդ տարողությունը ավելանում է, ավելանում է նաև ափսոսանքս, որ այդքան անհեթեթորեն կորցրեցի Չարենցի գիրքը Չարենցի մակագրությամբ՝ «Սիրելի Սիլվային, հուսալով, որ կդառնա հայ խորհրդային լավագույն պոետեսան»: Թվում է՝ արդար էր, որ վախկոտ իմ արարքը պատժվեց անկրկնելի այդ կորուստով... Ահա՛, սա է Չարենցի հետ կապված իմ հուշերի պաշարը, փոքրիկ ճնճղկան պաշարի չափ մի բան: Մինչդեռ մեծ է մեծ բանաստեղծի ինձ վրա ունեցած ազդեցությունը, մշտատև է նրա հոգևոր հովանին: Կարծում եմ, որ իմ գրական կյանքի իսկական հիմքը, այն է՝ 36-37-38 թվականները, շաղախված են Չարենցով: Նրա պոեզիան է ինձ մղել քաղաքային և քաղաքական լիրիկա, դեպի ժամանակակից գրելաձև ու դրամտածողություն։ Այդ տարիներին աշխարհ եկած իմ ոտանավորները, որոնք թույլ լինելու պատճառով չեմ հրատարակել, թանձրորեն կրում են «Էպիքական լուսաբացի», և «Գիրք ճանապարհիի» կնիքը: Թեև հետագայում, Չարենցին մեր գրականությունից արհեստականորեն դուրս մղելու հետևանքով, զգալիորեն թեքմեքվեց մեր պոեզիայի, այդ թվում և իմ, զարգացման ուղին, սակայն հիմքի ամուր շաղախը ինձ օգնեց շուտ վերադառնալու դեպի Չարենցի պոեզիան, որը, ըստ իս, 20-րդ դարի հայ բանաստեղծության մայրուղին է և «Գրական գոհարների» երբեք չխամրող, հետագա բոլոր էջերին սկիզբ ու ընթացք տվող հավերժական էջը:
Վիլյամ Սարոյան․ Հանդիպում Եղիշե Չարենցի հետ
Առաջնորդս զիս վերելակով տարավ պանդոկին երրորդ կամ չորրորդ հարկը, հետո, նրբանցքե մը անցնելով, մենք կանգ առինք բաց դռան մը առջև: Չհասկացա, թե ուրկե հանկարծ երևաց Չարենց՝ ժպիտը դեմքին. մենք իրարու ձեռք սեղմեցինք և հայերեն խոսեցանք: Հետո ան ռուսերենով աղջկան բան մը ըսավ, և աղջիկը անգլերեն ինձ հայտնեց, թե ինք պիտի հեռանա ու մեզ մենակ ձգե, մեկ ժամեն վերադառնալու պայմանով: Հունիսյան օր մըն էր, ցերեկեն վերջ՝ 1935 թվականին։ Եվ այդ օրեն Չարենց մնաց իմ խոհերուս մեջ։ Միշտ նպատակ ունեի գրել Չարենցի մասին: Սակայն չեմ գրած շարք մը պատճառներով: Առաջին՝ որովհետև գրելիքս կրնար սխալ հասկցվիլ և Չարենցը մատնել անել կացության կամ անոր պատճառել մտահոգություն, անձնական դժվարություն, թերևս, նույնիսկ դժբախտություն: Ես կարող չէի նման պատասխանատվություն մը կրել իմ խղճիս վրա: Ես կարող էի միայն տարվե տարի աղոթել, որպեսզի Չարենց, ուր որ ալ ըլլա՝ իր ճակատագիրն ու բախտը շատ ծանր չկշռեն իրեն: Խորապես գոհ էի, որ կարողացա հանդիպել իրեն ու, թեև, ինքը երբեք չխնդրեց ինձմե, որ չգրեմ իրեն, սակայն ես զգացի, որ այդ հետևանք էր ներքին արիության ու հպարտության, զգացի նաև, որ իր անկեղծ ջերմ ու ազնվական վերաբերմունքը ինձ հանդեպ արտահայտությունն էր իր կատարյալ վստահության, որ ես կ՚ըլլամ զգույշ ու զուսպ: Երկրորդ, չգրեցի Չարենցի մասին, որովհետև ան բանաստեղծ է, որուն բանաստեղծությունը գրված է հայերենով, որ ես չեմ կարդացած: Երրորդ, չգրեցի, որովհետև ես Չարենցին հանդիպեցա երեք, թե չորս անգամ միայն: Սակայն Չարենցի մասին կան որոշ բաներ, որ կարծեմ կարող եմ ըսել: Նախ, կը վախնամ, որ չկարողացա ցույց չտալ, թե առաջին իսկ վայրկյանին նկատեր էի, որ Չարենց հասակով շատ փոքր մարդ էր և շատ տգեղ: Ես վստահ եմ, որ Չարենց տեսավ, թե ես նկատեցի այս պարագան: Սակայն, նույնիսկ եթե տեսավ, հայտնի չըրավ ու բան մը չըսավ: Սակայն կես րոպե իսկ չանցած՝ Չարենցի հասակը փոքր չէր այլևս... Անոր հասակը դարձավ կատարելապես անտեղի խնդիր մը, և փոխանակ տգեղ մարդ ըլլալու, ան դարձավ գեղեցկագույններեն մին: Անոր ձայնը ջերմ էր, և անոր աչքերը շիտակ էին, արթուն ու խելացի: Փոքր մարմնով, խոշոր անձև գլխով և մեծ ու ծուռ քթով մարդ չէր Չարենց, այլ կենդանի անհատականություն մը, որու բնակավայրը՝ մարմինը, արկածով էր, ան էր, ինչ որ էր: Անկարող էի հպարտ չզգալ, որ իրեն հետ եմ: Եվ փոխադարձաբար ան զգացուց, որ հպարտ է, որ ինձի հետ է: Ասով չեմ ուզեր ըսել, որ մեր խոսակցությունը ջերմ տափակություններե կամ զիրար շնորհավորելե անդին չանցավ: Ճիշտ հակառակը: Ըլլալով հայրենակից, ըլլալով գրչի մարդ, մենք շուտով մեկ կողմ դրինք քաղաքավարական կանոնները և խոսեցանք այնպես, կարծես շատ հին բարեկամներ ըլլայինք, որոնք պատեհություն չեն ունեցած իրարու հանդիպելու: Կարճ խոսքով, ես անմիջապես սիրեցի Չարենցը, բայց, ինչ որ ավելի կարևոր է, ունեցա այն տպավորությունը, որ ան ճշմարտորեն մեծ մարդ է: Շատ դժվար է բացատրել` մարդկային մեծությունը, և հաճախ մարդ կը սխալի, երբ, մեր վեցերորդ զգայարանքի վրա հիմնվելով, այսինչի կամ այն, ինչի մասին կարծիք կը կազմե: Կարծեմ, Չարենց ինձի մեծ թվեցավ, որովհետեւ իր էության մաս կը կազմեին որոշ ապշեցուցիչ առաքինություններ և քանի մը զվարճալի թերություններ: Անոր հոգեկան անկախության դեմ կար աշխարհ տեսած մարդու ժպիտը, անոր սուր մտքին հետ կար այնպիսի մանկական հետաքրքրություն մը, որ կը տանի միամտության, անոր չափազանց քնքուշ վարվելակերպին կողքին կար ծաղրական չարաճճիություն մը, որ կարելի էր դյուրությամբ կոպտության տեղ դնել: Սակայն, երբեք կոպիտ չէր Չարենց: Սրամիտ էր, և իր սրամտության պաշտոնն էր հսկել ինքն իր վրա, որ փքուն չդառնա: Արագ էր ամեն բանի մեջ և անոր մեջ կար թե՛ կիրք, թե՛ վճռականություն. վճռականությունը ստեղծագործ մարդու մը, որուն ունեցած կիրքը՝ ճշմարտության հանդեպ եղծված ու խարդախված էր դեպքերու բերումով, որոնցմե խուսափել կարելի չէր: Այս դեպքերը, ըստ երևույթին, պարտադիր էին թեև իմաստուն, սակայն կարգադրություն մը, որ բարոյապես անհանգիստ կը դարձնե մարդս: Ես արդեն հանդիպեր էի շարք մը ականավոր հայերու, որոնք շատ զգույշ էին ինձ հետ ունեցած իրենց խոսակցության ժամանակ: Օրինակ, ինձի համար շատ անմեղ հարցում մը կընեի հայերու մասին, և պատասխանը կըլլար խուսափողական, զգույշ, անորոշ և նույնիսկ կասկածելի... Չարենց, սակայն, գործ չուներ զգուշության հետ: Ան կ՚ըսեր ճշգրտորեն այն, ինչ որ կուզեր ըսել այդ վայկրյանին և որ խոսակցությունը կը պահանջեր: Իսկ իր խոսքերուն մեջ կային հակասություններ, որոնք ցույց կուտային, թե Չարենցի հոգին ազատ էր տակավին եւ վճռած էր չկորսնցնել ազատությունը: Նույն ատեն, սակայն, ան երբեմն բոլորովին արտառոց կամ անընդունելի բան մը կ՚ըսեր, բայց կը ծիծաղեր իր քթին տակեն ու կարծես ինքնիրենը բաներ մը կը մրթմրթար: Իր հայերենը կամ ոճը դժվար չեկավ ինձի, որովհետև կը խոսեր զարմանալի պարզությամբ: Ոչ ալ իմ հայերենը դժվար եկավ իրեն. իրողությունը այն է, որ որևէ խոսք չկրկնեցի և ստիպված չեղա որևէ միտք երկրորդ անգամ բացատրելու: Չարենց ինձի ըսավ. «—Դուն կը գրես անգլերեն, այսուհանդերձ դուն հայ գրող ես»: Ես համաձայն գտնվեցա ու նկատեցի, որ թեև ծանոթ չեմ իր գրություններուն, սակայն կը կարծեմ, որ ինք, հակառակ որ հայերեն կը գրե, այսուհանդերձ ու էապես համաշխարհային դրող է: Չարենց պատասխանեց. «—Թերևս կամ, հուսանք, որ այդպես է, թեև ինքնին բավարար է նաև հայ գրող ըլլալը»: Այս ամենը վերհիշելով չեմ ուզեր ըսել, թե բառացի կերպով կուտամ այն, ինչ որ խոսեցանք Չարենցի հետ, ասկե 20 տարի առաջ: Իհարկե, բառացի չեմ հիշեր: Մեր խոսածի իմաստը կը հիշեմ ու պիտի հիշեմ միշտ, բայց բառերը թռեր են իմ հիշողութենես: Օրինակ, Չարենց ինձ հայտնեց, որ դրժեր է իր առաջին շրջանի բոլոր գրությունները, և ես ալ իրեն բացատրեցի, թե այդ դրժումը անարժեք է, որովհետև ամեն գրություն իր սեփական կյանքն ունի և հեղինակն անգամ կարող չէ վերջ տալ այդ կյանքին, քանի որ անգամ մը այդ գրությունը լույս տեսած է արդեն: Չարենց նայեցավ ինձի, արագորեն ժպտեցավ ու ըսավ. «—Այո՛, բոլորովին ճիշտ է այդ»... Արդ, ես այն տպավորությունը կրեցի, որ երբ Չարենց ինձի ըսավ, թե ժխտեր է իր առաջին գրությունները, կ՚ակնկալեր, որ հավատամ իրեն, բայց երբ նկատեցի, որ չեմ հավատար, կրեցի այն տպավորությունը՝ թե չափազանց ուրախ է, որ չեմ հավատար: Այո՛, ահա օրինակ մըն է, թե ինչպես ընթացավ մեր խոսակցությունը: Մեր խոսակցության իրական արժեքը արտասանված բառերը չէին, այլ խոսքերուն ներքին իմաստին մեջ, հիմնված բառերու ետին գտնվող դրդապատճառներու վրա, այն բանե, որ կը բխեր մեր հոգեկան հաղորդակցութենեն ու շեշտեն: Չարենցը գտա լի կենսունակությամբ և գաղափարներով, առույգ և տեր խոր ապրումներու: Չզարմացա, սակայն, երբ քիչ հետո ամեն ինչ փոխվեցավ, և ես նկատեցի, որ կը գտնվիմ հոգեպես խռով ու մարմնով հիվանդ մարդու մը ներկայության: Հանկարծ ներողություն խնդրեց, որ վայրկյան մը պիտի հեռանա ինձմե... Ես դուրս եկա պատշգամբ և քանի մը վայրկյան դիտեցի փողոցին անցուդարձը: Քիչ վերջ Չարենց միացավ ինձի, ու մենք շարունակեցինք մեր խոսակցությունը, այնպես որ կարծես ընդհատում եղած չըլլար: Սակայն այդ դեպքեն հետո սկսա մտածել անոր կյանքի մասին, այդ կյանքի ամբողջականության մասին, երբ մանուկ էր Չարենց, ապա պատանի ու տղամարդ, և կը զգայի, թե այդ կյանքը ծանրացած էր ցավով, վշտով, հուսախաբություններով, բարկությամբ, դառնությամբ, ատելությամբ և այն բոլորով, որ կարող է սպանել պարզ մարդիկ, իսկ ուրիշ կարգի մարդիկ ալ կը տանի դեպի մեծություն: Այժմ, կանգնած պատշգամբի վրա, անոր ծիծաղը և ավելի լիաթոք էր, սակայն անոր մեջ ես կը նշմարեի մեծ, գրեթե անտանելի ցավ ու վիշտ։ Երևանի մեջ ես հանդիպեր էի բազմաթիվ հայերու, երիտասարդ ու տարեց, որոնց հանդեպ ունեցեր էի այն զգացումը, թե բոլորն ալ ընտանիքիս անդամ էին, նույնիսկ անոնք, զորոնք չէի սիրած: Սակայն Մոսկվայի մեջ, ուր հանդիպեցա այս հայուն, որ ձեռնոց նետեր էր ամբողջ աշխարհին, և ամեն չափանիշով ամենահասուն, քաղաքակիրթ, մեծարժեք, իմաստուն ու խռովահույզ էր, թերևս բուն այդ պատճառներով տեսակ մը խորհրդանշանն էր անխորտակելի հայկական կյանքին ու մշակույթին, ինչ երկնակամարի տակ որ ըլլա: Փափաքս էր, որ Չարենց այցելե Ամերիկա, կամ նույնիսկ հաստատվի այնտեղ։ Ժպտեցավ և հազիվ նշմարելի ձևով շարժեց գլուխը ու ըսավ. «—Ես այստեղ եմ, դուն այնտեղ: Ուրիշ մըն ալ՝ ուրիշ տեղ. թող այդպես ալ մնա»... Զգացի որ Չարենց եղբայրս էր: Այդպես կը զգամ նաև մինչև այսօր: Շատ գրողներու եմ հանդիպած բազմաթիվ երկրներու մեջ, սակայն չեմ հանդիպած և ոչ մեկին, որ իմ վրա ավելի խոր տպավորություն ձգած ըլլա, քան Չարենց: Մինչև այսօր ալ ծանոթ չեմ անոր գրություններուն և շատ քիչ բան գիտեմ սնոր կյանքի մասին: Այս կարճ հուշը որևէ կապ չունի քաղաքական նկատումներու հետ: Ես սիրեցի զայն։ Հիացում ունեցա անոր հանդեպ։ Հպարտ էի, որ հայրենակից եմ իրեն և իրեն նման գործի մարդ եմ նաև ես: Չարենցի հիշատակին հավատարիմ պիտի մնամ առհավետ։ *** —Չարե՛նցը, Չարե՛նցը... «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե զոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայրմեր»-ին նմանվող աղոթք մը: —Երբ 1935-ին առաջին անգամ և, ավա՛ղ, վերջին անգամ, գտնվեցանք դեմ-դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ի՛նք սկսավ խոսիլ, հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէ ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիներու հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են: Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ՝ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար, անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո: *** Չարենց: Եղիշե Սողոմոնյան էր անունը: Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կը նշանակե: Չար՝ ձևով մը կընշանակե խռովարար, և ոչ անպայման՝ «գեշ»: «Ենցը»-ը պատկանելիություն կը ցուցընե: Խռովքի մարդը: Ասիկա ոչ մասնագիտական բանասիրություն է և ենթադրություն՝ որ, թերևս, զուրկ է իմաստե... Երբ իրեն հանդիպեցա Մոսկվայի մեջ, 1935-ի մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը, առաջին անգամ ըլլալով Երևան այցելելե և հանդիպելե ետք Վահան Թոթովենցին, Գուրգեն Մահարիին, Զապել Եսայանին և այլ գրողներու, որոնք ևս իրենց կարգին, հաջող կամ անհաջող կերպով, կը փորձեին իրենց գրականությունը մշակել պատշաճ քաղաքականության մը ճամփով: Երբեմն լավ գրագետներ ևս, ինչպես Չարենցը, հաջողեցան ընել ատի կա... Փորձեցեք հետադարձ մը կատարել դեպի 1935-ի աշխարհը, դեպի սկզբնական շրջանի մաքառող Հայաստանի իրականությունը: Դյուրին չէ ընել ատիկա, սակայն բաղձալի է, եթե կարելի ըլլա.. Մոսկվայի մեջ Ինթուրիսթի առաջնորդուհին ըսավ. —Թերևս կը փափաքիք հանդիպել Չարենցին:—Չարենցը ո՞վ է, հարցուցի: —Բանաստեղծ է, ըսավ: Հաջորդ օրը զիս առաջնորդեց Մեթրոպոլ պանդոկը, Չարենցին սենյակը երկրորդ կամ երրորդ հարկին վրա, փոքր պատշգամով մը՝ որ չէր նայեր դեպի Կարմիր հրապարակ, այլ անկե անդին տարբեր ուղղությամբ: Քսանյոթ տարեկան էի: Հրատարակված մեկ գիրք ունեի միայն.—«Հանդուգն Երիտասարդը, Թռչող Թրափեզին վրա և Այլ պատմվածքներ», 1934, հոկտ. 15, լույս տեսած էր ութ ամիս առաջ: Այսուհանդերձ գրավվել էին մարդիկ ամեն տեղ, Եվրոպա կամ Ռուսիա, կարծես ծանոթ էին անունիս և գրագետի համբավիս: Ինթուրիսթի առաջնորդուհին թակեց դուռը, որ անմիջապես, գրեթե ուժգնորեն բացվեցավ: Ու տեսա կարճահասակ մարդ մը, շատ խոշոր կեռ քիթով, որ իմ վրաս խելագարի տպավորություն ձգեց՝ բառիս լավագույն իմաստով: Կ’եռևեփեր ինքնիրմով, մարդկությամբ, բանաստեղծությամբ, տագնապով, հիշատակներով, ձախողությամբ, զայրույթով, կսկիծով և վերջապես ամեն, ամեն ինչով, որուն մարդ էակը ծանոթ է, ապրած է և, սակայն, այս կամ այն ձևով հաջողած է պահել իր հակակշռին տակ: Կատաղի աչքեր ուներ, աչքեր՝ որոնք սակայն ջերմ էին ու հաճելի,—տարօրինակ հակասություն մը իր նկարագրի մյուս գիծերուն հետ: Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություններ ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային չորս, վեց կամ ութ տարբեր ուղիներով: Ճշմարտություն է նաև ամենուն համար: Տարբերությունը այն է, որ մարդոց մեծ մասը կը սորվի, ի վերջո տեղավորվիլ իրեն համար ամենեն օգտաշատ անհատականության մեջ և անկե ետք ապրիլ երջանիկ, ինչպես ասացվածքը կըսե, կամ տառապյալ կյանքին մնացյալ օրերը խաբված ըլլալու զգացումով մը՝ որ իր ունեցած արժեքեն նվազ արժեվորված ըլլալու մտածումեն կը ծնի: Չարենցը պարզապես շատ ավելին էր անկե, որ պետք է եղած ըլլար: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կը մղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ինչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես տասը տարի մեծ էր, այսինքն՝ 37 տարեկան, բայց ան իմ ճանչած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կ`ընթանար: Ես ինձի մտածեցի, ով ալ ըլլա այս մարդը՝ ժամանակին, փորձառության, հնարավորություններու և ընտրության ընդմեջեն կը ճամփորդե ավելի արագ, քան ես... Մենք կեցանք ու խոսեցանք: Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, ես խորապես մտահոգվեցա իրեն համար՝ որովհետև ամեն անգամ այնքան մոտ կը թվեր մահվան, խելագարության: Եվ սակայն աշխարհիկ մեծ իմաստություն մը ուներ: Կարծեք ուրախ էր այն իրողության համար, որ ինք և ես կրնայինք իրարու հետ խոսիլ մեր սեփական լեզվով,— խորհրդավոր լեզու մը կազմված իմաստությամբ, սրամտությամբ, կենցաղավարությամբ, համակրանքով, արհամարհանքով դեպի խաբեությունն ու կեղծիքը և քամահրանքով դեպի անպարկեշտությունն ու անպատվությունը: Հայեր էինք... իսկ աշխարհը տարբեր բան էր: Աշխարհ կրնար մերը ըլլալ՝ բայց չէր: Կարծես երբեք չէր եղած: Որևէ աշխարհ, որ երբևիցե հայերը ունեցած էին՝ կազմված էր իրենց իսկ կողմե ուրիշ աշխարհի մը, աշխարհներու մեջ: Եվ հիմա Չարենցի աշխարհը Ռուսիո մեջ էր, մինչ իմ աշխարհս՝ Ամերիկայի: Բայց մեր ներքին աշխարհները հայկական են, ըսավ ան, և ես պատճառ չտեսա վիճելու այս զգայական ընտանեկան տեսության համար, թեև պարզ իրողությունը այն է, թե ամբողջ երևույթը այնքան բարդ է խորապես՝ որ երկու եղբայրներու ներքին աշխարհները կրնան շատ ավելի տարբեր ըլլալ իրարմե, քան ներքին աշխարհները ֆրեզնոցի հայու մը, օրինակ, պիթլիսցի թուրքե մը կամ քյուրտե մը: Ինչո՞ւ հայերը այնքան մեծ արժեք կուտան ցեղային պատկանելիության: Է՜, ատիկա գոյատևման ընծայված մեծարանքի ձև մըն է ընդդեմ այն տարբերություններուն՝ որոնք այլ ժողովուրդներու ոչնչացումին պատճառ դարձան: Իրարու կը նայինք իբրև բախտավորներ—կամ թերևս անբախտներ, որոնք Եղեռնեն փրկված են: Ա՜, ուրեմն դո՞ւն ալ չես մեռած: Որքա՜ն ուրախ եմ, եղբայր, որ ողջ ես և թե բերնիդ մեջ ատամներուդ վրա տարված աշխատանքը սքանչելի է: Դասակարգային ամեն կարգի տարբերություն կրնա ի վերջո քանդել այս ընտանեկան զգացումը,—ասիկա Հայու սիրտին մեջ վիշտի աղբյուր` պետք չէ ըլլա: Մենք, ի վերջո, ամեն բանե առաջ մարդկային ցեղին անդամներն ենք, և պետք չունինք ըլլալու ասոր այն միակ ճյուղը, որ ծնունդով առաքինի է: Ամեն տեսակ մարդ ունինք, և բոլորն ալ ինձի համար հետաքրքրական են և հաճելի, թեև կը գտնեմ, որ հայ փաստաբանները, իբրև մասնավոր դասակարգ մը, նվազ արհամարհելի չեն, քան մյուս բոլոր ազգություններու պատկանող փաստաբանները: Թող Աստված սիրե զանոնք: Այսուհանդերձ, որևէ երիտասարդի կամ երիտասարդուհիի ուղղված թելադրությունս պիտի ըլլա իրավագիտության հետևել, նկատի առնելով անոր հարատև օգտակարությունը հարափոփոխ այս աշխարհին մեջ: Խոսեցանք ու խնդացինք, և այդպես ընելով իրարու հաղորդեցինք, թե մենք հայեր ենք, եղբայրներ, օտարներ, բարեկամներ և ապա՝ գրողներ,—հա՛յ գրողներ և ոչ թե ռուս կամ ամերիկացի գրողներ: Ես միշտ ինքզինքս նկատած եմ ինքզինքս և ոչ թե ուրիշ մեկը։ Զավակն եմ պիթլիսցի Արմենակ Սարոյանին և անոր կնոջ՝ պիթլիսցի Թագուհի Սարոյանին: Պիթլիսցի հայ մըն եմ, բան մը, որ բոլորովին իմաստե զուրկ է Ամերիկայի գրական ժամանակակիցներուս համար: Ասիկա սակայն այնքա՛ն նշանակալից էր ինձի համար՝ որ չկրցա նույնիսկ գրել սկսիլ, մինչև որ հաստատեցի այդ պարզ ճշմարտությունը: Ես ճշդիվ եմ ան՝ ինչ որ եմ: Երբեք փափագ չունիմ ուրիշ մեկը ըլլալու: Անըմբռնելի է, որ ուրիշ մը ըլլա ավելի լավ, քան ան, ինչ որ եմ: Վայրերը վաճառքի չեմ հաներ որևէ մեկու հետ, որևէ տեղ և որևէ ժամանակ: Ասիկա ևս հիմարություն է, բայց կը նախընտրեմ զայն այլ, ավելի ժողովրդական հիմարություններեն, ինչպես, օրինակ, ամչնալ իր սեփական ընտանիքեն, անունեն, պատմութենեն կամ նկարագիրեն: Ասիկա հիմարութենե ավելի գեշ է, հիվանդագին խելագարություն է: Եղիշե Չարենց 1935-ի մայիսին կամ հունիսին, հանդարտած, Մոսկվայի մեջ երջանիկ՝ բայց ինձի համար եղերական հայ մը, մարդ մը, բանաստեղծ մը, հայրենասեր մը, քաղաքագետ մըն էր: Զինքը նկատեցի աշխարհի մեծագույն մարդոցմեն մեկը: Այդ կարծիքը կը պահեմ տակավին: Կը տեսնեմ, սակայն, թե որքան ժամանակ սահի՝ ավելի խոր կերպով կը սիրեմ Վահան Թոթովենցի կյանքը, ճշմարտությունը, առասպելն ու ողբերգու թյունը... ...Այդ բոլորը սակայն ինքնաբուխ էին և իսկապես բավականին անմեղ և անվնաս։ Իր շարժումները, իրենք իրենց մեջ, ցուցադրական ոչ մեկ արժեք կը ներկայացնեին, ինչպես, օրինակ, համայնավարության առավելությունը դրամատիրության վրա: Մենք հազվադեպորեն կը մտածենք իրեն մասին իբրև Եղիշե, ինչպես օրինակ, այդ դարու ընտրելագույն անգլերեն լեզվով արտահայտվող բանաստեղծին Ուիլիըմ Պաթլըր Եյթսի մասին որպես Ուիլի: Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի և վերջապես լռության: Տխրեցա աղետալի սերմեր տեսնելով իր նկարագրին մեջ: Բայց ոչինչ գիտեի և ոչ ոք կրնար օգնել անոր: Նույնիսկ ինք անկարող էր ինքզինքին օգնելու: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար։ Ի՞նչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կը նետեր ինքզինք իր սիրեցյալ արևին: Մոտ 70 տարեկան հասակիս դժվար է հավատալ, որ եթե Չարենց ապրած ըլլար՝ 80 տարեկան պիտի ըլլար միայն, որովհետև կը ճանչնամ բոլոր ապրելակերպերը մարդոց և կիներու—թե՛ Սարոյան ընտանիքին մեջ և թե՛ անկե դուրս, որոնք հիմա անխռով 90-ին կը մոտենան. կը հուսամ կը հասնին, որովհետև հաճելի է ամռան նստիլ ծիրանի ծառին տակ և հիշել, թե չես մեռած այս բոլոր երկար, անույշ տարիներուն։ Եղիշե Չարենց ծնած էր 80 տարի առաջ: …Մոռնանք, որ մեռած է... Չարենցը ողջ է դեռ և կենսունակ՝ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա: Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են:
Նվարդ Թումանյան․ Մեր հանդիպումներից
1921 թ. ամառը Եղիշե Չարենցը այցելեց Թումանյանին: Նրանց առաջին հանդիպումն էր այդ: Չարենցը, ինչպես և իր նախորդը՝ Վահան Տերյանը, ժամանակին, իրեն մի տեսակ ճնշված էր զգում, քաշվում էր Թումանյանից և առանձին ակնածությամբ էր խոսում նրա հետ: Մինչ այդ հանդիպումը Թումանյանին ծանոթ էր Չարենց բանաստեղծը իր պոեմներով: Արդեն լույս էին տեսել՝ «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմները, որ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտները ոգևորված կարդում էին և արտասանում, իսկ օրիորդաց դպրոցների տրամադրության վրա դեռևս իշխում էր Վահան Տերյանը: Ավելի վաղ լույս էին տեսել Չարենցի «Դանթեական առասպել» և «Ծիածան» գրքերը, որոնց առիթով էլ, հիշում եմ, 1919 թվին Թումանյանի առանձնասենյակում տեղի ունեցավ մի զրույց՝ ժամանակի հայտնի քննադատներից մեկի հետ։ —Նոր բանաստեղծ է երևացել,—ասում էր նա,—գլխի՞ ես ում մասին է խոսքը. Եղիշե Չարենցի: Նրանք խոսում էին նոր բանաստեղծի նոր պոեմից՝ «Դանթեական առասպելից»: Քննադատը ցանկություն հայտնեց... մի զեկուցում կարդալ նվիրված այդ նոր բանաստեղծին: Սակայն, ինչ-ինչ պատճառներով երեկոն չկայացավ: Թումանյանը նախաձեռնել էր զանազան գործեր՝ ակադեմիական և մասսայական դասախոսություններ: Այդ ամառ մի շարք գրական երեկոներ տեղի ունեցան նվիրված մեր գրողներին՝ Ղ. Աղայանին, Ավ. Իսահակյանին, Վ. Տերյանին, իրեն՝ Թումանյանին, հերթականը պետք է լիներ Եղիշե Չարենցի երեկոն: Ժամանակակիցներից մեկի հուշերից երևում է, որ Թումանյանի նախագահությամբ կայացել է Չարենցին նվիրված երեկո, բայց Թումանյանը, զեուցողից դժգոհ մնալով, ասել է. «Չարենցը տաղանդավոր է, նրա քննադատը ևս թևեր պիտի ունենա»: Թումանյանի նախաձեռնություններից մեկը ամսագրի հրատարակման գործն էր, որը նրա վաղեմի երազն էր: Նա ցանկանում էր ազատ պայմաններում իր խմբագրությամբ հրատարակել «Նոր օր» անունով ամսագիր՝ երկու բաժնից՝ գեղարվեստական և տեսական-քննադատական: Նյութերը սկսել էր ժողովել: Բայց նրա այդ ցանկությունը, ինչպես և շատ ու շատ գործեր, մնացին անկատար: Ահա այդ ժամանակ էր, որ Չարենցը «Նոր օր» ամսագրի համար Թումանյանին էր հանձնել ութ ութնյակ և տասներկու տրիոլետ:
Ռեգինա Ղազարյան․ Իմ հուշերից
Չարենցի հետ ծանոթացել եմ 1930 թվականի ամռանը, երբ 15 տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա դպրոցը՝ լիովին նվիրել էի հեծանվային սպորտին. պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ, երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների՝ այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը: Ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած՝ մտա «Ինտուրիստ» (այժմ՝ «Երևան») հյուրանոցի զով սրահը՝ փոքր-ինչ հանգստանալու: Հանդիպեցի ծանոթ գրողների, այդ թվում բանաստեղծ Գուրգեն Մահարուն: Չանցած մի քանի րոպե նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները` մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց անհասկանալի ուժով իմ ուշադրությունը իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին հետը: Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո՝ հարցրեց, թե ով է հապա այս սպորտսմեն փոքրիկը՝ զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ ինչո՛վ արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգեստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան. նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. «Էֆֆերի՜մ»: Այդ ժամանակ Գուրգեն Մահարին բռնելով ձեռքս առաջ տարավ եւ ներկայացրեց ինձ՝ նուրբ խոսքերով շոյելով ինքնասիրությունս: Միայն Չարենց բառը լսելուց հետո ես զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել անձնապես ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե՛ դպրոցում և թե՛ հարազատներիս միջավայրում: Բախտի բերմամբ գրավեցի Չարենցի ուշադրությունը, և նա մեծ հետաքրքրությամբ սկսեց հարցուփորձ անել զբաղմունքիս բնույթի, ծնողներիս, մտադրություններիս, նույնիսկ հեծանիվիս մասին: Նրան անչափ հետաքրքրեց, որ ծնողներս եղել են հայ գիտական մտավորականության այն ներկայացուցիչներից, որոնք արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքներն ի սպաս դրել հայ ժողովրդին: Այդ օրվա խոսակցության ողջ ընթացքում նա այնքան էլ հավանելով Ոեգինա՝ իմ ոչ այնքան խրոխտ անունը, իր մեծ ու խորունկ աչքերով ինձ մի շտապ շեղ հայացքով նայելուց հետո՝ բոլորի մոտ հայտարարեց, որ ինքն այսուհետև ինձ Ռոլան է կոչելու, և որ ես իր փոքր ու մտերիմ բարեկամը պիտի լինեմ: Այդպես էլ եղավ: Նրա այդ կողմնորոշումը լիովին իրականություն դարձավ և որոշ ընդմիջումով շարունակվեց մինչև վերջ: Սրահի մեր այդ խոսակցությունից անմիջապես հետո Չարենցը մեծ աշխույժով բոլորին, այդ թվում և ինձ, հրավիրեց իր սենյակը՝ սուրճ խմելու (ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկում): Անսահման էր իմ ուրախությունը նրա բնակարանում: Այսօրվա պես հիշում եմ. պատից կախված ճապոնական մեծաճաշակ ոսկեզօծ պաննոյի կողքին, պատվանդանների և պահարանների վրա դրված էին եգիպտական և հնդկական արձաններ ու արձանիկներ. պատերին կախված կային մի շարք նկարներ, որոնցից պարզ հիշում եմ Դանտեի կիսադեմ նկարը և իր սիրելի հանգուցյալ կնոջ՝ Արփենիկի դիմանկարը:
Գուրգեն Մահարի․ Եղիշե Չարենց
Ամառային մի շոգ օր էր: Երևան քաղաքի, նախկին դաշնակցական մայրրաքաղաքի վրա, արևը շիկացած պղնձի նման հալվում էր ու թափվում: Մայթերը, շենքերի պատերը ջերմում էին տաք թոնրի նման, քաղաքային ժամացույցը երկու անգամ խփեց շոգից խուլ և շնչասպառ, այդ էլ լռեց: Մնաց՝ «Սեմիչկի ժարինի, կուպիծե բարինի», ապա՝ պապիրոս «Խանկեֆի՜», «Եգիպետսկի՜», «Սալիդնի՜ »... ավելի խուլ՝ «Սարի մաքուր ջուրը խմողը՜». ջրավաճառ ու պապիրոսավաճառ տղաների կանչերը: Տխուր, գավառական քաղաք: Անշարժ են ծառերի տերևները, անշարժ է պառլամենտի շենքի վրա կանգնած եռագույնը: Որբանոցից դուրս եկա և մոլոր ու տաղտկացած՝ բուլվարի նստարաններից մեկի վրա նստեցի: Ինչպես մի ռուս ժամանակակից գրող ասել է, այդ այն ժամանակներն էին, երբ ամեն ոք միլիոնատեր էր: Ես հիսուն ռուբլով մի փոքրիկ բաժակ մեմիչկա գնեցի և որպես «բարին» սկսեցի չրթել: Սեմիչկան ոչ միայն հաճույք էր ինձ համար, այլև սնունդ: Եվ այդպես, ես սկսեցի սնվել և հաճույք ստանալ: Դիտե՞լ եք երբևէ սեմիչկա ուտողներին: Նրանք ուտում են և անդադար նայում են աջ, հետո ուտում են և անդադար նայում են ձախ, հետո էլի ուտում և նայում են իրենց դիմաց: Զննում են, ուտում դանդաղ, բայց մի տեսակ լուրջ և կարևորություն տալով իրենց գործին, կենտրոնացած, խորիմաստ և ծանրակշիռ: Իմ կողքին նստած էր մի թեմականցի և քիթը պճկորելով «Հառաջ» էր կարդում, ապա երկու վանեցիներ, որոնց մեջ հետևյալ զրույցը տեղի ունեցավ. —Տաճիկն ելավ, տղա՛... —Քյո տուն շինվի, ռուս մնա՞ց... —Ռուսն էլ ելավ... —Ճախրակն ի՞նչխ ի... —Ջանըմ, ճախրակն էլ մարդահաշի՞վ ի... Խոսքը տաճկական, ռուսական ոսկու և Խատիսյանի փողերի մասին էր: Վերջինիս վրա նստած էր հայ կինը և ճախարակ էր մանում: Մի տուփ լուցկին 50 ռուբլի արժեր մոտավորապես: Դժվար չէ գուշակել, որ ամեն քաղաքացի օրական միլիոնների շրջանառություն ուներ: Մոտավորապես: Երբեք հայը այդքան հարուստ չէր եղել: Հասարակ ջուր ծախողի օրական վաստակը հազար ռուբլուց պակաս չէր: Այս էլ մոտավորապես: Բայց ամբողջ երկրում սավառնում էր քաղցն ու սովը: Սովը նայում էր ամեն տեղից, մինչև անգամ թղթադրամների զարդանկարների միջից: Իմ դիմացի նստարաններից մեկի վրա տեղ բռնեց մի երիտասարդ, անշուք, թափթփված, անփույթ: Կեռ քիթ և զննող աչքեր: Նա սեմիչկա գնեց և սկսեց ուտել մաղձոտ և դժգոհ դեմքով: Այդ երիտասարդը Եղիշե Չարենցն էր: —«Խան-կեֆի՜»... «Սա-լիդ-նի»... պապիրոս... Մի քիչ ետ... «Երբ մի լուրջ քննադատ մի օր, Սարսելով դահլիճն ու ֆոյեն–ավետեց ամբողջ աշխարհին, Որ ծնվել է նոր մի պոետ...»: Դժգույն էր և աղքատ դաշնակցական Հայաստանի Պառնասը։ Դաշնակցական Պառնասն այդ դժվար տարիներին բռնված էր գինարբուքով եւ թղթախաղով։