ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
-Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած՝ գիտէի արդէն իր այս քերթուածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամէն մէկ բառը բացատրել տուած էի ու գրեթէ գոց սորված: Զայն մինչեւ այսօր կը նկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմութեան նուիրուած ամէնէն գեղեցիկ երգը: Գովաբանման աղօթքը, «Հայր մեր» -ին նմանվող աղօթք մը:
Ուիլյամ Սարոյան
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝ անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր ... Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչե՜ր կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ։
Ավետիք Իսահակյան
… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը:
Հրանտ Մաթևոսյան
... Չարենցի անունը պայթեց ռումբի նման: ... Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի
Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ
Մեծ է լինում մեծերի սերը ու մեծ է լինում տառապանքը: Դժվար է մեր դարավոր գրականության մեջ գտնել մի այլ չափածո գործ, որ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության սիրո ուժը ունենար:
Վահագն Դավթյան
Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
Լուի Արագոն
Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին…» Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն: «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի և անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաստված լինել: