1897 թ. մարտի 13. Կարս քաղաքում՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի ընտանիքում, ծնվում է Եղիշե Սողոմոնյանը՝ Եղիշե Չարենցը:
1907-1912 թթ. սկզբնական կրթությունը ստանում է Կարսում՝ Հակոբ Ջամբազյանի հայկական մասնավոր դպրոցում, այնուհետև ուսումը շարունակում է Կարսի ռեալական ուսումնարանում:
1912-1915 թթ․ զբաղվում է ինքնակրթությամբ։
1912 թ. Թիֆլիսում հրատարակվող «Պատանի» ալմանախում տպագրում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին…» բանաստեղծությունը:
1914 թ. Կարսում Ե. Չարենց գրական անունով տպագրում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» խորագրով, որը բանաստեղծը նվիրում է իր պատանեկան առաջին սիրուն՝ Աստղիկ Ղոնդախչյանին:
1915 թ. Թիֆլիսում տպագրում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1915 թ. Մեծ եղեռնի օրերին կամավորական ջոկատների շարքում մասնակցում է Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարին, Վանի ինքնապաշտպանական մարտերին:
1915-1916 թթ. Թիֆլիսում և Մոսկվայում տպագրում է «Դանթեական առասպել» պոեմը, «Տեսիլաժամեր» և «Հրո երկիր» շարքերը:
1915-1917 թթ. ավարտում է «Լիրիկական բալլադներ» շարքը:
1916-1917 թթ. սովորում է Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում:
1917 թ. Մոսկվայում տպագրում է «Ծիածանը» բանաստեղծությունների ժողովածուն, «Վահագն» և «Աթիլլա» պոեմները:
1918-1919 թթ. Թիֆլիսում տպագրում է «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմները:
1918-1920 թթ. Երևան-Մոսկվա. ավարտում է «Ողջակիզվող կրակ» շարքը:
1919 թ. Երևանի պառլամենտի դահլիճում Հայաստանի առաջին Հանրապետության լուսավորության նախարար, գրաքննադատ Նիկոլ Աղբալյանը կարդում է «Մի նոր բանաստեղծ-Չարենց» խորագրով զեկուցում:
1919-1920 թթ. Չարենցը հաստատվում է Երևանում: Նա արդեն ճանաչված բանաստեղծ էր:
1920 թ. Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո նշանակվում է Լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ:
1920 թ. ավարտում է «Փողոցային պչրուհուն» շարքը:
1920-1921 թթ. գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերը:
1921-1922 թթ. ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, մեկնում են Մոսկվա՝ ուսանելու: Սովորում է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, Վ. Բրյուսովի ղեկավարած Գրականության ինստիտուտում:
1921 թ. գրում է «Ութնյակներ արևին» տրիոլետների շարքը:
1922 թ. Մոսկվայում տպագրում է «Երկերի ժողովածու» երկհատորյակը (պետական առաջին հրատարակություն):
1923 թ. Մարտիրոս Սարյանը ստեղծում է «Բանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարը» նշանավոր կտավը, որը 1924 թ. ցուցադրվում է վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե):
1923-1937 թթ. կատարում է բազմաթիվ թարգմանություններ ռուս դասականներից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններից:
1924-1925 թթ. մեկնում է արտասահման՝ Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա:
1925 թ. հայ գրողների մի խումբ՝ Գուրգեն Մահարու գլխավորությամբ, Գյումրիում ստեղծում է «Հոկտեմբեր» (հետագայում՝ «Նոյեմբեր») գրական միությունը, որի պատվավոր նախագահ է ընտրվում Ե. Չարենցը:
1926 թ. առանձին գրքով տպագրում է «Երկիր Նաիրի» վեպը:
1926 թ. սեպտեմբեր. դատապարտվում է ազատազրկման և հայտնվում բանտում՝ Երևանի ուղղիչ տանը:
1927 թ. հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը վախճանվում է բանաստեղծի կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը:
1927 թ. Թիֆլիսում տպագրում է «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» երկրորդ արձակ ստեղծագործությունը:
1929 թ. տպագրում է «Խմբապետ Շավարշը» պոեմը:
1928-1935 թթ. Չարենցը ստանձնում է Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնը:
1930 թ. տպագրում է «Էպիքական լուսաբաց» ժողովածուն:
1931 թ. ամուսնանում է Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի հետ (Իզաբելլա Չարենց):
1932 թ. ծնվում է Չարենցի ավագ դուստրը՝ Արփենիկը:
1932 թ. բանաստեղծի գրական գործունեության 20-ամյակի առթիվ հրատարակվում է «Երկեր»-ը:
1933-1934 թթ. տպագրում է վերջին մատյանը՝ «Գիրք ճանապարհի»-ն՝ Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ: 1934թ. արգելվում է գրքի պատրաստի տպաքանակը և վերահրատարակվում փոփոխություններով նույն թվականին (այն լիարժեք տպագրվում է Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով, 1997 թ.):
1934 թ. օգոստոսի 29, Մոսկվա. Չարենցի զեկուցումը Խորհրդային Միության գրողների առաջին համագումարում:
1935 թ. ծնվում է բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Անահիտը:
1936 թ. սեպտեմբեր. Չարենցը ենթարկվում է տնային կալանքի:
1936 թ. մայիսի 28. Կոմիտասի աճյունը Փարիզից տեղափոխվում է Երևան։ Չարենցը մասնակցում է Կոմիտասի հուղարկավորությանը։
1937 թ. հուլիս 27. Չարենցը ձերբակալվում է:
1937 թ. նոյեմբերի 23. ձերբակալվում, ապա աքսորվում է Չարենցի կինը՝ Իզաբելլան:
1937 թ. նոյեմբերի 27. Չարենցը վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում:
Գերեզմանի տեղն անհայտ է:
«Չարենց» գրական կեղծանվան մասին
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
Գրական ժառանգություն
Հայ նշանավոր գրող Եղիշե Չարենցը իր ստեղծագործական ուղին սկսում է 1912 թվականից, երբ Կարսում տպագրության է հանձնում առաջին բանաստեղծությունը։ 1910-ական թվականների չարենցյան ստեղծագործություններում գերիշխող էր ժամանակին իշխող գրական մեթոդը՝ սիմվոլիզմը։ 1920-ական թվականներին Չարենցը հեղափոխական երգիչ էր, իսկ արդեն 1925 թվականին հաղթահարել էր պրոլետարական «ձախ որոնումների» շրջանը: Այս մեծ անցումը պայմանավորվեց արդեն 1930-ական թվականին գրված նշանավոր «Էպիքական լուսաբաց» ժողովածուում արտահայտած նոր ու կենսական գաղափարների դրսևորմամբ։ Ստեղծագործական վերջին մատյան համարվող «Գիրք ճանապարհի» ժողովածուն նոր, ժամանակի համար թարմ ու կենսական խոսք էր հայ գրականության մեջ։ 1936-37 թվականների ստեղծագործություններում ևս ամփոփված են ժամանակի քաղաքական, հասարակական, փիլիսոփայական խոհերն ու տիրող իրավիճակի արձանագրումները։
Բազմաժանր հեղինակ է Եղիշե Չարենցը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ ժանրեր առաջին անգամ կիրառվեցին շնորհիվ Եղիշե Չարենցի: Նրա քառասնամյա գրական ուղին, հրատարակչական ու թարգմանական գործունեությունը պայմանավորեցին հայ նորագույն գրականության հաստատուն հիմքերը։