ՆԱՄԱԿՆԵՐ
Դերենիկ Դեմիրճյանին
Սիրելի Դերենիկ, Բացի պաշտոնական դիմումս՝ գրում եմ եւ մասնավոր ձեւով: Փարիզում հրատարակվող թերթը և մանավանդ ժուռնալը պետք է այն վայրը լինեն, ուր հանդիպելու են իրար Հայաստանի և արտասահմանի այն գրողները, որոնք անվերապահ կերպով փարած են Խորհրդային Հայաստանի գաղափարին: Այս նպատակին հասնելու գլխավոր պայմանը մեր այդտեղի գրողների կենդանի աջակցությունն է, առանց որի դժվար թե բան դուրս գա։ Մանավանդ կարևոր է մեր այն անկուսակցական գրողների աշխատակցությունը, որ ծանոթ են արտասահմանին: Այս տեսակետից շատ անհրաժեշտ է քո աշխատակցությունը: Հույս ունեմ, որ դու չես ծուլանա եւ ամենաեռանդուն կերպով կաշխատակցես ինչպես մեր թերթին, այնպես էլ ժուռնալին։ Շատ լավ կլիներ, եթե դու ուղարկեիր մեզ այնսլիսի պատմվածքներ ու ֆելիետոններ Խորհրդային Հայաստանի նոր կենցաղից վերցված, որպիսիքը պարբերաբար տպում ես «Խորհրդային Հայաստան»-ում: Նաեւ ցանկալի էր ստանալ քեզանից հոդվածներ տեղիդ գրական-գեղարվեստական անցուդարձի մասին: Մի խոսքով հույս ունեմ, որ դու ամենայն եռանդով կանցնես աշխատանքի:—Հիմա մասնավոր զրույց: Վենետիկում հանդիպեցի Իսահակյանին: Մի ամիս միասին էինք: Ամեն օր հիշում էինք քեզ: Շատ հաճելի մարդ է բնավորությամբ: Գրում է «Ուստա Կարոն», որ, եթե նման լինի իր պատմածին—վիթխարի գործ է լինելու։ Բայց վախում եմ, որ նա ավելի լավ պատմող է (բերանացի), քան արձակագիր: Դե գործը կվերջացնի—կտեսնենք: Հանձնարարել էր գալուս քեզ բարել իր կողմից— ընդունիր այս որպես այդպիսին: Ես նրան մեծ ոգևորությամբ պատմում էի քո «Դատաստանի», «Քաջ Նազարի» և այլ գրությունների մասին: Նա «Դատաստանդ» չի կարդացել, իսկ «Քաջ Նազարի» միայն վերջին գործողությունն էր կարդացել դասագրքում — շատ էր հավանել, ուղղակի հիացած էր: Դե ես էլ իմ կողմից յուղ լցրի նրա հիացմունքի վրա։ Արդեն քո «Քաջ Նազարի» առաջին ընթերցողը և հիացողը — եթե հիշում ես— ես եմ եղել: Է, սիրելի Դերենիկ, ո՞նց ես, ի՞նչ ես անում, ի՞նչ նոր բաներ ես գրել եւ դեռ ի՞նչ ծրագրեր ունես ապագայի նկատմամբ: Ես շատ կուզեի, որ սրանից հետո մեր նամակագրությունն ընդուներ կանոնավոր եւ պարբերական բնույթ: Այս նամակս ընդունիր որպես դրա պրոլոգը, մնում է որ դու «դամ» պահպանես— կարծեմ այսպես են ասում: Ես շատ հավանեցի Վենետիկը, Պոլիսը և Փարիզը. Հռոմը և Բեռլինը առանձին տպավորություն չարին վրաս: Սքանչելի էր Նապոլին, Կապրի կղզին, Վեզուվը և Պոմպեին: Աննման գեղեցկություններ են դրանք, հեքիաթային բաներ! Խնդրում եմ առայժմ այսքանով գոհ ըլլաս: Սպասում եմ նամակիդ և նյութերիդ: Խնդրում եմ մանրամասն գրես այդտեղի դրական-գեղարվեստական անցուդարձի մասին: Ընդունիր բարևներս, հայտնիր ողջույնս օղլուշաղիդ և համբուրիր իմ տեղը երեխայիդ: Քո՝ Չարենց Ժամանակավոր հասցե՝ Mons. S. Pirumoffe, Rue Grenille 79, Paris (Չարենցին) 7 V, 1925, Փարիզ
Աղասի Խանջյանին
<…..> երկերը իմ երկերի հետ- ես ֆորմալ նվաճումներով լինելով նրանք մակարդակի գրող, իդեոլոգիայով մի ամբողջ գլուխ <…..> (hինգ տող անընթեռնելի է) Համամիութենական պոեզիայի (մի տող անընթեռնելի է)<….>բացակայությունն այս <….> վարագուրվում, որի վրա կունենա <…..> տալ <.….>պոետները հավատացնում եմ քեզ, որ չկա վսեմափայլ անուն, որ իդեոլոգիապես այնքան մոտ լինի պրոլետարական հեղափոխությանը, որքան ես… Ախր, սա մի փաստ է, որ ոչ ոք չի կարող հերքել։ Եթե հիշում ես իմ ելույթը- իմ հիմնական թեզն այն էր, որ մենք, այսպես կոչված «բարձր» արվեստի ներկայացուցիչներս, իզուր ենք գլուխներս թաքցնում «արվեստի բարդության» թեորիայի ետևը, որ մեր <.….> (մեկ տող անընթեռնելի է) վերանհատականն է թե <…..>գլուխները, որ իրեն հերքել <.….> վճարի բարդությունն է բացի <.….> մոտիկության մասին պետք է հրամայել <.….> առնվազն անախրոնիզմ և այլն <.….> Երևակայիր, որ իմ այս ելույթից հետո, Գորկու տանը բանկետի ժամանակ ինձ մոտեցավ Էրենբուրգը Պաստերնակի հետ միասին։ Սկսեցին ինձ պախարակել «օպպորտյունիզմի» համար… Ինչ մեղքս թաքցնեմ, ես ևս զգում էի, որ իհարկե իմ ելույթի մեջ կար որոշ օպպորտյունիզմ, անգամ կրկնակին.- պոեզիայի «բարձր» հոսանքի առջև ես ինձ զգում էի «դավաճան», որովհետև համագումարում բոլորն անխտիր համարում էին այդ հոսանքի ներկայացուցիչ… (երկու տող անընթեռնելի է) <.….> պրոլետարական (մեկ տող անընթեռնելի է) «ֆրոնտի կտեսնեն» նրանց հանդիպումը <.….> ինչպես գիտես այս «ֆրոնտի» հանդեպ սպառնացել էին «անխառն» և պրոլետարական գրողներ- Դեմյան, Բեզիմենսկի, Պերվոմայսկի (Ուկրաինա), Վշտունի… Բայց ի՞նչ… Կարո՞ղ էի ես ակտիվ կամպանիային միանալ «բարձր» արվեստի ֆրոնտին, որը դրվատում էր ինքը՝ զեկուցողը՝ Բուխարինը, որին միացավ ամբողջ վրացական դեկլարացիան. վերջապես,- ոչ, չէի կարող… ես հիանալի տեսա և հասկանում էի,այս հակադրության գաղափարական իմաստը.- և ես չվարանեցի՝ ընդունելով հանդերձ բարձր արվեստի հետևողականությունը՝ հորդոր կարդալ իմ (երկու տող անընթեռնելի է) Արվեստը.- դժվար թե <.….> թափանցած պրոլետարիա <.….> և կյանքը պատկերացնի <.….> և այն, ինչով դուրս եկավ՝ կրկնակի «օպպորտյունիզմ» <.….> իմ «բարձր» կոլեգաները «մեղադրեցին ինձ», որ ես ինքս լինելով «բարձր» արվեստագետ ռեվերանս եմ անում «իդեոլոգիայի առջև»,- իսկ «պրոլետարականներն» ինձ ողջունելով հանդերձ (ես չեմ մոռանա մանավանդ Ֆաեևի «զարմանքը».- նրան ինչպես երևում էր մեր «պրոլետարականները» (Վշտունին, Նաիրին) այնքան էին լարել իմ դեմ, որ նա լինելով այդ նիստի նախագահողը՝ փաստորեն տապալեց իմ ելույթը՝ տալով ինձ վերջին ձայնը, որից հետո դահլիճը համարյա դատարկվեց, բայց իմ ելույթից հետո <նույն>հրաբորբոք հայացքով «ֆիզիքապես» զարմացած մոտեցավ ինձ և երկար թափահարելով իմ ձեռքը (հինգ տող անընթեռնելի է)<.….> ական անգետը պրոլետարական գրականության մեջ և այլն… և այս ձևով (<բառացի> ողջունելով հանդերձ «պրոլետարականները» այնուամենայնիվ ինձ մեղադրում էին այն բանում, որ «ես չեմ հրաժարվում իմ «բարձր» կոլեգաներից ամբողջությամբ… Շարունակում եմ <.….> Եվ այսպես ես դուրս եկա կրկնակի «օպպորտյունիստ», սակայն ես իմ ողջ էությամբ զգում էի, որ եթե իմ գրվածքները ծանոթ լինեին բոլորին՝ ապա ամենայն իրավունքով ես պիտի կարողանայի հանդիսանալ և ցուցադրվել իբրև խորհրդային գրողի համեմատաբար <.….>,- այսինքն իբրև (երեք տող անընթեռնելի է) Լենինյան դարաշրջանի <.….> Ես բոլորովին <.….> չեմ կարող <.….>, որովհետև հիանալի, <.….> досконально գիտեմ, թե ինչ է ներկայացնում այսօրվա խորհրդային պոեզիան թե իբրև ձև և թե իբրև բովանդակություն… Այս տեսակետից ես չէի Վարդանի ոչ Պաստերնակի, ոչ Տիխոնովի, ոչ Բաժանի, ոչ Յաշվիլու կամ այլ պոետների հետ, այսինքն այսօրվա խորհրդային պոեզիայի ամենակարևոր պոետների.- սակայն, Աղասի, եթե դու առիթ ունեցել ես ծանոթանալու պոետներին, ապա պետք է իմանաս, որ սրանք լինելով <.….> խոսքի (վեց տող անընթեռնելի է) որքան հայտնի է («Բալակը իր պոետներ<ին> գանգատ չէր անի»)- ինձ ֆիզիկապես!!! (մեկ տող անընթեռնելի է) պոետների ամենա <.….> հոխորտանքը՝ ես սրանց պարզ համեմատությամբ ոչ միայն խորհրդային <.….> պրոլետարական գրող եմ՝ իմ որևէ <.….><ստեղծագ>ործությունների իդեալական բովանդակությամբ.- իմ բոլոր սխալներով և <շեղու>մներով հանդերձ ես ողջ խորհրդային <.….> միակ պոետն եմ, որ՝ գրական կուլտուրայով <.….>իրնելով խորհրդային պոեզիայի վերստին տալ առաջնակարգ պլեադային՝ (չորս տող անընթեռնելի է) կլիներ նրա կյանքը <.….> լիներ այսպես <.….> փնտրում <.….>злодей, образной <.….> раз я помню <.….> по <.….> Сплет <.….> вообще <.….> այսպես էր արտահայտվել և այն էլ գրավոր! Պարզ <.….> ցար Նիկոլայ I-ի հասցեին… Էլ ի՞նչ սրտով Նիկոլայը նրան <.….> Պատկերացրու ցարի հասցեին- և ոչ թե, ասենք որևէ գավառային ցենզորի հասցեին <.….> Մի՞թե իմ հանցանքն ավելի է մեծ… 1935թ. 10/VI-ի (Պահպանվել են նաև այս նամակի առանձին թերթիկներ՝ առանց հերթականության) <.….> ու գնում շուտ, տխուր կլիներ ենթ<ադրել>, որ նրանց բոլոր սխալները չվերագրվեին կուսակցությանը… ծայրահեղ դեպքում իմ դժգոհությունը դժգոհություն էր և իմ սովորական անձնավորության դեմ, ընդամենը մի <.….> վարիչի դեմ, որի <.….> դեմ «արտահայտվելը» ոչ մի դեպքում չպետք է ընդունվի իբրև արտահայտություն սիստեմի, իշխանության և կուսակցության դեմ… Երբեմն ինձ պետք է <.….> թյան միչ <.….> տվին, թե միմի <.….> չեն ընդունում, որ իմ բողոքը <.….> արտահայտեմ <.….> բողոք է պետ <.….> այի <.….> (երեք տող անընթեռնելի է)։ Նույնիսկ այս դեպքում ո՞րն է իմ հանցանքի աններելիությունը… Մի՞թե Լևոն Արիսյանը իր պերսոնայով մարմնացնում է խորհրդային իշխանությունը և կոմունիստական կուսակցությունը… Ենթադրենք, որ ես հայհոյել եմ նրան և անգամ այն միտքը հայտնել, թե նման տիպերին վատ չի լինի «տալ սատկացնել»,- սրանով ես դարձա խորհրդային իշխանության թշնամի՞… Մի՞թե խորհրդային իշխանությունը և կոմունիստական կուսակցությունը պատասխանատու է Լևոն Արիսյանի յուրաքանչյուր քայլի համար։ Եթե այդպես լիներ, ապա կուսակցությունը պետք է իրեն պատասխանատվության կանչեր յուրաքանչյուր «քյալլագյոզի՞»… ծիծաղելի է այսպես մտածել <.….> է և <.….> կուսակց (երկու տող անընթեռնելի է)։ Աղասի! Հանուն ինչի՞ եք դուք ենթարկում նման հասարակական օստրակիզմի։ Մի՞թե ես այնքան եմ մեղավոր խորհրդային սիստեմի առջև, որ իմ անունն անգամ հարկավոր է ջնջել խորհրդային գրականությունից… Մի՞թե ես արդեն դադարել եմ խորհրդային գրող լինելուց, որ դուք հայ խորհրդային պոեզիայի դեկլարացիա եք կազմում առանց ինձ, ջնջում եք իմ անունը և դեկլարացիայի <.….> ինչի՞ն կներկայանա ասեք ռուս գրական <հասարակ>այնությունը, որ ես իբրև <.….>րայային <.….> վտարվում եմ <գրականու>թյունից <.….> սա ճի՞շտ <.….> սա դեռ հանրապետական (երկու տող անընթեռնելի է) լիներ, հավատա, որ ես առաջինը կլինեի ուրախացողներից, բայց, ավա՜ղ, այսպես չի… Այս է ահա, որ դառնացնում է ինձ, և միմիայն այս… Որքան էլ մեծ լինի իմ հանցանքը- մի՞թե դրանով իմ երկերը գնահատվում են հակախորհրդային… Չէ որ աբսուրդ է սա, բացարձակ աբսուրդ… Բայց այս վերաբերմունքը չխանգարեց <.….> դարձնելու համար <.….> Իմ ամենամեծ հանցանքը <.….> Ես <.….> զրույցի ժամանակ, մի <.….>, որ են ան <.….> (երկու տող անընթեռնելի է) անհրաժեշտ եմ գտնում հայտնել, որ նույն այդ Նշան Մակինցը շատ ավելի արմատական է եղել ինձ հետ ունեցած իր զրույցների ժամանակ, քան մեղավորս… Արմատական այն իմաստով, որ եթե ես մեր իրականության այս կամ այն հոռի կողմը վերագրել եմ կոնկրետ անձնավորությունների գործելակերպին, ապա նա միշտ և միշտ փորձել է համոզել ինձ, որ ոչ թե անձնավորություններն են մեղավոր, այլ սիստեմը, դիկտատուրան, <.….> կյան և պետական դաժան <.….> լացիան։- Ես միշտ առարկել եմ դրա դեմ, առաջադրելով այն կարծիքը, որ միևնույն սիստեմում <.….> մի հանրապետության մեջ (երկու տող անընթեռնելի է)։ <Ոչ թե> Նշան Մակինցին պատասխանատվության կանչելու և նրանից ինչ-որ ոխ հանելու համար, այլ պարզապես ցույց տալու համար, որ որպիսի հարաբերություններ են եղել մեր միջև,- որ ես նրա ներկայությամբ անգամ արտառոց միտք հայտնելու դեպքում <.….> երբեք չեմ մտածել, որ նա դրանից կարող է հանել պաշտոնական եզրակացություններ։ Ես <.….> նման բան ասած լինեի որևէ <.….> անվանի, որևէ <պատուհասելու>։ Դուք լիակատար իրավունք կա <.….> քաղաքական <.….> սակայն տվյալ (մեկ տող անընթեռնելի է) անհանդուրժելի մտքեր,- ուրեմն իմ ամենամեծ հանցանքն այն է, որ ես նման մի «բարեկամի» հետ ունեցած անձնական զրույցում հայտնել եմ այն միտքը, որ Արիսյանի նման վնասակար անձնավորություններին հարկավոր է «տալ սատկացնել», որպեսզի նրան հետևողներ չլինեն։ Այս է եղել ահա իմ ամբողջ մեղքը.- ըստ որում յուրաքանչյուր անաչառ մարդու համար պետք է միանգամայն պարզ լինի, որ <.….> բարեկամին ինտիմ ընկերական <զրույցի> ժամանակ <.….> գրոհել ջղայնացած <.….> պահին հայտնում <.….> նման միտքը <.….> ի՞նչ է, եթե ոչ (երեք տող անընթեռնելի է) լինելուց։ Եթե նման անձնական զրույցների հիման վրա պետությունը սկսեր հետապնդումներ կատարել, ապա ես համոզված եմ, որ անգամ կուսակցությունների մեծ տոկոսը պետք է այսօր աքսորում լինեին։ Հենց առաջինը ինքը՝ Նշան Մակինցը։- Երդվում եմ Լենինի անվամբ, որ ամենասրբազան բանն է իմ իդեական աշխարհում (համոզված եմ, որ սրա դեմ չեն կարող առարկել անգամ իմ ամենաոխերիմ թշնամիները)- երդվում եմ ահա Լենինի սրբազան անվամբ, որ նա <.….> Ես չգիտեմ դեպք Նշան Մակինցի <.….> փոխի <.….>թշնամական զգա <.….> ավ էր շատ <հա>վատում եմ նրան <.….> մանր, քան թե (երկու տող անընթեռնելի է)։ <.….> Սահակ Տեր-Գաբրիելյանը- իսկ կուլտուրայի վարիչ Լևոն Արիսյանը երկու ա<միս> շարունակում ձգձգում էր գրքի լույս ընծայումը… Որ իմ ներկայությամբ Սովնարկոմի նախագահը պաշտոնապես կարգադրել է 10 օրվա ընթացքում լույս ընծայել գիրքը (Չոփուրյանին)- իսկ Լևոն Արիսյանը կանգնեցրել է այդ և 2 ամիս ձգձգելուց հետո բարեհաճել է «թույլ տալ» ճիշտ նույն բովանդակությամբ, ինչ բովանդակությամբ որ կարգադրում էր լույս <ընծայել> Սովնարկոմի նախագահը <.….> գնացի Լևոն Արիսյանի <.….> Կենտկոմի և Սովնարկոմի, նույնիսկ <.….> և «խորհրդային իշխանու<թյան>։ Այս ամենով <.….> ևս (երկու տող անընթեռնելի է) հասկանալ… Նման դեպքի համար կամ այդպիսի դեպքում կարելի է խիստ նկատողություն անել և այլն… մանավանդ, որ գոյություն չունի ոչ մի լուրջ փաստ, որ տվյալ դեպքում գործ ունենք լուրջ, կոնկրետ, ռեալ քաղաքական գործելակերպի հետ,- էլ ինչպես կարելի է նման անիմաստ կազմակերպչական եզրակացություններ հանել մի պոետի վերաբերյալ <.….> իրականում ես, <.….> Աղասի, որը սակայն մի խալտուրա <.….> չի՞ հայհոյելու համար դրա <.….> գրազները և <.….> կմնա <.….> Ո՞վ է, որ <.….> չունի (չորս տող անընթեռնելի է)։
Արուս Ոսկանյանին
Գնո՞ւմ ես, էլի, Արուս ջան. բարով գնաս։ Չմոռանաս սկանդալիստ Չարենցին: Թող ինձ նկարդ. հիշո՞ւմ ես՝ դու ինձ խոսք էիր տվել: Է, էս էլ էսպես: Սաղոլ: Պայծառ մնաս: Համբուրում եմ ձեռքերդ: Քո՝ Չարենց 923, 10 ապրիլ, Երևան ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ Սիրելի Արուս Դառնացած սրտով խորին ներողությունս եմ խնդրում ձեզանից այն խայտառակությանց համար, որ հանել եմ ձեր գլխին գինու ընկերակցությամբ: Կուզեի անձամբ ներողություն խնդրել, բայց... դժվարանում եմ նայել ձեր աչքերին. կարծում եմ կհասկանաք: Ներողություն, ներող կլինեք-ներեցեք: Ձեզ հարգող՝ Չարենց Երևան 1923, 30 ապրիլի
Իզաբելլա Չարենցին
Իզաբելլա, Հանձնիր Ավետիքին, բայց այնպես, որ ոչ ոք բացարձակապես չիմանա և չտեսնի: Ասա նրան, որ կարդալուց հետո ոչնչացնի, կամ, եթե ուզենա պահել-պահի այնպես, որ ոչ ոք չիմանա, և որ բացարձակապես ոչ ոքի ցույց չտա: Ողջույն: Ինչպես եմ ես կարոտում քեզ, Բոժիկին, Ադոկին… Է, լավ է չգրեմ: Աստծով կհանդիպենք իրար: Ամուր եղիր, հարազատս,-եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք: Միայն աշխատիր պահել քեզ ու երեխաներին,-ես քեզանից պահանջումեմ միայն դա: Թող աստված ձեզ պահապան լինի,- չէ որ մենք հարազատս, ոչ ոք չունենք: Համբուրում եմ ձեզ շատ, բյուր միլիոն անգամ և ավելին: Ձեր` Չարենց 6 X, 1937, բանտ
Ստեփան Զորյանին
Ի՞նչ կարծիք է կազմել նա (Կովդ) Երեքի դեկլարացիայի մասին: Մենք այստեղ շնորհքով գործ ենք սկսել: Երեկոները` դասախոսություններ, ինչ որ կուզես: Արի մի քանի օրով Երևան և կհիանաս, կզարմանաս, կշշմես, կալեկոծվես!.. 922. VIII. 25. Երևան
Ալեքսանդր Մյասնիկյանին
Ամենահարգելի Ալեքսանդր Ֆյոդորովիչ, Ամենից առաջ թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, որ ինձ հնարավորություն տվիք տեսնել արտասահմանը: Ապա թույլ տվեք ասել, թե ես ի՞նչ եմ արել և ինչ եմ անելու: Մի ամսից ավելի է, որ ես սպասում եմ այստեղ Ամերիկա գնալու վիզա ստանալու համար. մինչև հիմա վիզա ստանալ չկարողացա և հույս չունեմ, որ եթե սպասելու լինեմ—կստանամ: Ուստի որոշեցի խաչ քաշել Ամերիկա գնալու գաղափարի վրա և շրջել Եվրոպայում, տեսնել Եվրոպան: Այստեղից վաղը ես մեկնում եմ Աթենք, ապա կգնամ Հռոմ, կշրջեմ իտալական զանազան քաղաքներում, հետո Փարիզ—Լոնդոն—Բեռլին—Վիեննա—Մոսկվա. ահա իմ ծրագիրը: Կհաջողվի՞, թե ոչ՝ կախված է այն հիմնարկներից, որ վիզա տալու աստվածային իրավունքն ունեն!.. Հենց այդ վիզաներն էին, որ ինձ խայտառակեցին. ես նախ գնացի Մոսկվա, մի ամիս մնալուց հետո—ետ Թիֆլիս, ապա այստեղ 1 ամսից ավելի. և այս ամենի հետևանքն այն եղավ, որ նախապես իմ ստացած 2000 ռուբլուց մոտս մնացել էր համարյա 1/3-ը. ստիպված եղա խնդրել լրացուցիչ դրամ ևս և անչափ եղավ ուրախությունս, երբ ստացա... Պոլիս հասնելուս պես ես ուզեցի կազմակերպել մի-երկու դասախոսություն, բայց Շահվերդյանը պարզե ի պարզ… խորհուրդ չտվեց.—ոչ ոք չի գա — ասավ նա, և պարզաբանեց իր տեսակետը ասելով, որ այստեղ չկա մեր հասկացողությամբ մտավոր տարր, որ հետաքրքրվի Խորհրդային Հայաստանի կուլտուրական կյանքով:— Եվ ես համաձայնվեցի նրա հետ։— Ու շուտով համոզվեցի, որ այստեղ ճիշտ որ չկա, բառացի, ոչ մի հասարակական կյանք (խոսքս հայ գաղութի մասին է). դաշնակցականներն են միայն, որ քիչ շատ շարժվում են հրապարակի վրա, բայց դրանք ևս ընդհանուր առմամբ քաշ են տալիս ողորմելի, ստվերային մի գոյություն... Անցյալ տարի կարդալով Պաոլո Մակինցյանի ֆելիետոնները, ես կարծում էի, որ խտացրել է գույները, բայց այստեղ ես համոզվեցի, որ նա ոչ միայն չի խտացրել, այլ մեղմել է և այն էլ բավականին։—Թե որքա՜ն ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը՝ դժվար է պատկերացնել.—մարդիկ պարզապես քարշ են տալիս ստվերային խղճուկ մի գոյություն, աշխատում են որքան կարելի է հաճոյանալ թուրք կառավարությանը, քծնում են, մեղայի գալիս,—իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, պրովոկացիաների, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են, ինչպես ասում են, բիզ-բիզ կանգնել!— Եվ զարմանալի չէ, որ այսպիսի մի մթնոլորտում` հայ գաղութը կորցրել է հասարակական կազմակերպություն լինելու ամենատարրական ատրիբուտներն անգամ. ոչ ժողով, ոչ դասախոսություն, կուսակցական կազմակերպություններ ունենալու մասին ավելորդ է խոսել... Ես այստեղ հանդիպեցի մի շարք «մտավորականների» հետ. խեղճ, ծեծված, ստվերային գոյություններ են դրանք, որոնց աչքերում սարսափն ու քծնությունը պսպղում են ու հայցում, հայցում, հայցում... Երբ նոր էի եկել՝ մի երկու թերթի խմբագիրներ մոտս եկան և տվին այնպիսի իդիոտային հարցեր, որ ես չգիտեի ի՞նչ պատասխանեի... օրինակ «Նոր լուրի» խմբագիրն հարցնում էր, թե հա՞յ է արդյոք պ. Մյասնիկովը, թե... Հայ կձևանա։—Կամ՝ կա՞ն արդյոք Ռուսիո մեջ հայեր, որ... պետական խոշոր պաշտոններ կվարեն! —Եվ այսպես շարունակ: Այս մեծապատիվ խմբագիրների հարցուփորձում մեծ տեղ էր բռնում... Պ. Մակինցյանը. ի՞նչ կընե, պաշտոնի վրա՞ է, թե չէ, անիկա համարում ունի՞, թե չէ և այլն և այլն և այլն... Եվ մի բան, որ ապշեցրեց ինձ, դա այն է, որ այդ խմբագիր(!!!) կոչեցող պարոնները ամենատարրական գաղափար անգամ չունեն խորհրդային իշխանության կազմության մասին. օրինակ, ոչ մի կերպ չեն հասկանում, թե ի՞նչ է Ցիկը և ի՞նչ է Սովնարկոմը, և նման տարրական բաներ: Մի խոսքով մի երկու նման «խմբագիրներ» մոտս եկան, ես որոշ տեղեկություններ տվի, բայց միայն «Ժամանակ» թերթը տպեց իմ ինտերվյուի մի չնչին մասը, էն էլ բավականին խեղաթյուրված. իսկ «Նոր լուր» և «Ավետիս» թերթերը Շահվերդյանին հայտնել էին, որ չեն կարող, դժբախտաբար, «իրենց թերթերը զարդարել» իմ ինտերվյուով, որովհետև... ոստիկանությունը արգելած է։—«Նոր լուրի» խմբագիրը ինձ մոտ ևս եկավ եւ հայտնեց միևնույնը. մի խոսքով այստեղ ինձ ընդունեցին, իբր «պոլշևիկյան ագենտ»-ի, և ես հպարտ եմ այդ բանի համար!.. Ես, իհարկե, ամեն տեղ և ամենքին հայտնում եմ, որ ճանապարհորդում եմ իբր գրականագետ և ոչ մի «միսիա» չունեմ ու ոչ մի հիմնարկության կողմից չեմ ուղարկված: Բայց չեն հավատում: Առհասարակ հարկավոր է ասել, որ Եվրոպայում շրջում է ոչ թե «կոմունիզմի ուրվականը», ինչպես ընդունված է ասել, այլ— կոմունիզմի սարսափը. այնպիսի մի սարսափ կա այս երկրներում բոլշևիզմի հանդեպ, որ անհնարին է նկարագրել. ամեն մի փոքր շարժումի, ամեն մի խլրտումի, ամեն մի ամենափոքր խլրտումի մեջ այստեղ գտնում են բոլշևիկների մատը և ահավոր թմբուկ են խփում, որ իշողները արթուն մնան: Ահաբեկված բուրժուան, շշմած եզան նման, արյուն է կալել աչքերին—ու ամեն տեղ, ամեն ինչի մեջ տեսնում է կարմիր գույնը ու բառաչում է վախից, ու ահազանգ է խփում... Եվ այդ ահազանգն է ահա, որ կերպավորվել է մըստր Չեմբեռլինի և ընկ. մեջ և ուզում է «ճակատ» կազմել բոլշևիկյան վտանգ հանդեպ: Եվ ահա այս մթնոլորտում ես շրջում եմ այստեղ, դիտում եմ «տիեզերական բուրժուայի» կյանքը և սիրտս ուռչում է հպարտությունից, որ բոլշևիկ եմ, կոմունիստ, լենինյան կազմակերպության անդամ... Ինչ վերաբերվում է իմ գրական գործերին — ես հույս ունեմ, որ այդ տեսակետից երեսս ցեխովը չեմ տա, ինձ կարդարացնեմ: Մտածում եմ մի վեպ գրել, որի մեջ պատկերանա այժմյան արտասահմանը՝ մեր տեսակետից: Գրել եմ մի շարք պոեմներ, որոնցից երկուսը ուղարկել եմ «Խորհրդային Հայաստանին», իսկ մեկը «Ստամբոլ» վերնագրով հրատարակել առանձին ուղարկել եմ Ձեզ. ինձ շատ հետաքրքիր էր իմանալ այդ պոեմիս մասին Ձեր կարծիքը... «Երկիր Նայիրի»-ն ուղում եմ հրատարակել Վիեննայում կամ Փարիզում, բայց առանց առաջաբանի չեմ համարձակվում. Մա- կինցյանին գրածս նամակում ես խնդրել էի այդ մասին, բայց պատասխան չունեմ. եթե գրեիք և ուղարկեիք Շահվերդյանին՝ նա ինձ կհասցներ— և ես խորապես շնորհակալ կլինեի: Ընդունեցեք խորին հարգանքներս. կոմ. բարևներով՝ Ձեր՝ Չարենց P. S. Կուզեի նաև հայտնած լինել, որ ես այստեղ առհասարակ ինձ հեռու եմ պահում հայ գաղութից, ոչ մի հարաբերության մեջ չեմ մտնում, այսպես կոչված, «ազգային մտավորականության» հետ. նույնպես հեռու եմ պահում ինձ ամենայն ալկոհոլից՝ խոր կսկիծով մտաբերելով Թիֆլիսի սկանդալը, որի հետևանքները, վախում եմ, որ արտահայտվեն վերադառնալուցս հետո կուսակցական տոմսումս՝ -յի հայտնի գրությամբ! Նույնը Պոլիս, 8 հունվարի, 1925 թիվ
Մարիետա Սերգեևնային
«Թարգմանություն» ԹԱՆԿԱԳԻՆ ՄԱՐԻԵՏԱ ՍԵՐԳԵԵՎՆԱ Գրում է Ձեզ Եղիշե Չարենցը: Գրում եմ Ձեզ երկրորդ անգամ. ինձ հետ կատարված պատմության մասին առաջին անգամ մանրամասներեն Ձեզ գրեցի երեկ չէ առաջին օրը`վերջում խնդրելով, որ ինձ պաշտպան կանգնեք և, եթե հնարավոր է, այդ ամենի մասին տեղյակ պահեք ընկ. Ստացկուն և, եթե հնարավոր է, ընկ. ՍԱՏԼԻՆԻՆ: Գրեցի նամակը, նորից կարդացի, առանձին էջերի վրա լրացումներ արեցի և մտածում էի նամակն արդեն ուղարկել Ձեզ, բայց վերջին պահին, ինձ համար առանձնապես դժվար ընթացք ունեցած հանգամանքների բերումով, Ձեզ հասցեագրած նամակին գրեցի փոքր նախաբան, այդ ամենը տեղավորեցի մի ծրարի մեջ և օդային փոստով ուղարկեցի ուղիղ… ընկ. Ստալինին!!-Այդ ամենը Ձեզ ամբողջովին պարզ ու հասկանալի կդառնա, երբ ստորև կծանոթանաք այն «գործին», որը հետևյալն է. Ես դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների ուպոեմների նոր գիրք` 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին, այն հիմնական գաղափարով, որ ոչ մի իշխող դասակարգ մեր ժողովրդին անցյալում չի տվել դրական պատմական գաղափար և միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պրոլետարիատը մեզ տվեց այդ գաղափարը: Սա, այսպես ասած, գրքի հիմնական հայեցակարգն է, որի մեջ, բացի անցյալին վերաբերող բանաստեղծություններից, կան նաև բանաստեղծություններ` նվիրված հարվածայիններին, կոլտնտեսականներին, ընկ. Ստալինին և այլն: Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական, և… ընկ. Խանջյանի բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից. գործի փաստական կողմին պետք է ավելացնել նաև հետևյալը. իմ գրքում կա դրամատիկական մի ինտերմեդիա, որտեղ թատերական աշխարհի պայմանական կերպարներով գեղարվեստորեն ցույց եմ տալիս և ապացուցում, որ համաշխարհային պրոլետարական հեղափոխության առաջադիմական ընթացի օբյեկտիվ մարմնացումը Ստալինն է, և Տրոցկին, չհասկանալով տվյալ պատմական փուլի մասսայական բնույթը, և, որպես «հերոսական» անձնավորություն, իրեն հակադրելով հեղափոխության ամբողջ դրական ընթացքին, անխուսափելիորեն պետք է զոհվեր և այդ մասսաների աչքում բուտաֆորային «հերոսից» պետք է վերածվեր ծիծաղելի, խեղճուկ ֆիգուրի, ծիծաղելի թատերական գործող անձի` «Պյերոյի». երկ այդ պատճառով էլ կոչվում է «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո»: Եվ ահա այդ երկը, ի հավելումն վերը ավելացրածի, մեր բթամիտները խորամանկորեն իրենց պաշտոնական որոշման մեջ հայտարարել են… տրոցկիստական երկ` ուղղված… մեր առաջնորդ ընկ. Ստալինի դեմ!!! Չէ՞ որ կարելի է խելարագվե՜լ, այնպես չէ՞, ինչ էր մնում ինձ անել, եթե ոչ գրել ընկ. Ստալինին և պահանջել այդ նենգ, կեղտոտ, ոչ մի արդարացում չունեցող գործի վերաքննություն: Բայց սա դեռ բոլորը չէ: Բանն այն է, որ այդ գիրքը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, դեռևս ձեռագիր, կարդացել է ընկ. Խանջյանը, և հիմնական մասով- Աշրաֆյանը: Եվ ի՞նչ: Խանջյանի արձակուրդ մեկնելուց հետո` սույն Աշրաֆյանը գերագույն կուսղեկավարության մի քանի անդամների հետ մտածում են հեղաշրջում անել, ղեկավարության փոփոխություն. սկսեցին ագիտացիա մղել Խանջյանի դեմ և ամեն ինչ ավարտեցին նրանով, որ իրենց ագիտացիայի կենտրոն դարձրին իմ գիրքը, ինչի համար էլ այն հայտարարեցին հակահեղափոխական` ուղղված ընկ. Ստալինի դեմ (հոգեբանությունը լրիվ նաիրյան է, այսինքն` ինչքան սարսափելի, իբր, այնքան լավ): Այս ամենը նրանք հարմարեցրին ընկ. Ստալինի պատմական նամակի 2–րդ տարելիցի օրվան, հրավիրեցին Երևանի կուսակտիվը, սույն Աշրաֆյանը տվեց իր զեկուցումը և ակտիվի գերեզմանային լռության մեջ հանեցին միտք մթագնող որոշումը: Բայց այս բոլորն ավարտվեց իսկական նաիրյան համաժողովրդական շփոթվածությամբ. վերադարձավ Խանջյանը, հեռացրեց Աշրաֆյանին, Երևանի ակտիվի որոշումը համարեց սխալ, Կենտկոմի որոշումը պետհրատի և իմ գրքի մասին` վերանայման ենթակա: Մի խոսքով, ոչ թե քաղաքականություն, այլ խայտառակություն, կուսակցության և խորհրդային իշխանության լրիվ և անամոթ վարկաբեկում: Այժմ մտածում են լույս ընծայել իմ գիրքը. այն մաս առ մաս բառացի թարգմանել են ռուսերեն, Անդրերկրկոմի կուլտպրոպբաժվար ընկ. Սեֆի գլխավորությամբ ստեղծել են հանձնաժողով, որը, իմ ինտերմեդիան կարդալուց հետո, զարմացել էր իրենց խմբական նպատակների համար ստեղծագործությունը ոտքից գլուխ շուռ տված մարդկանց լկտիության վրա, որ երկը բացահայտորեն գրված մեր բոլորի կողմից աստվածացված ընկ. Ստալինի փառաբանության համար, Կենտկոմի կողմից հրապարակավ հայտարարվել էր նրա դեմ ուղղված երկ… Ի՞նչ է սա, ընկ. Մարիետա Շահինյան, եթե որ խայտառակություն և ծաղր ու ծանակ` թե՛ 20 տարվա ստաժ ունեցող խորհրդային գրողի, թե՛ կուսակցության ու նրա առաջնորդ ընկ. Ստալինի հանդեպ: Պե՞տք է արդյոք մարդիկ պատասխան տան իրենց նենգ գործերի համար. չէ՞ որ սա խաղ է գրողի կյանքի ու հեղինակության հետ, կուսակցության և իշխանության վարկաբեկում և այն էլ` այնպիսի՛, ինչն չէին կարող սարքել և հորինել նույնիսկ մեր դասակարգային թշնամիները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ապրումներ ես պիտի ունենայի այդ օրերին. չէ՞ որ ես կարող էի սպանել և՛ ինձ, և՛ իմ ընտանիքը, խելագարվել, և ես զարմանում եմ, թե ինչու դա չարեցի: Պետք է Ձեզ ասեմ, որ նրանք իմ գրքի հետ մեկտեղ արգելել են մի շարք այլ գրքեր` Մ. Արմենի «Երևան» գիրքը` տպագրված 2 տարի առաջ և բավականին անվնաս, ինչ-որ ագրոնոմի գիրք, նախկին բատրակ Աղաջանյանի և այլն- բոլորն այս բնույթի. ամբողջ մեր խորհրդային մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր, վախեցած իր գրխի համար. բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում: Իմ առաջին նամակը, գրված Ձեզ և ուղարկված ընկ. Ստալինին, իր վրա կրում է այդ սարսափի բոլոր հետքերը, այն համարյա պաթոլոգիկ էր Sos–ի ազգականչերով:- Դա 2 օր առաջ էր, երբ օդի մեջ դեռ կախված էր ամբողջ կատարվածի անուղղելիությունը: Դե, հիմա էլ ոչինչ արված չէ ըստ էության. իմ գիրքը դեռևս լույս ընծայված չէ, և ես դեռևս վերականգնված չեմ պետհրատում: Թե ինչի կարող են հասնել մեզ մոտ իրենց հիմար բթամտությամբ` կարող եք պատկերացնել հետևյալ փաստով. այս «սարսափելի» օրերին որպես քաղվերահսկիչ Կենտկոմից մեզ մոտ` պետհրատ ուղարկված Սահակ Կիրակոսյանը որպես իդեալիստական գիրք… արգելեց… Գոգոլի «Տարաս Բուկբան»… Իսկ ինչ վերաբերում է հայ դասականներին` ապա նրանք համարյա բոլորը իմ գործի համեմատությամբ «մանրուքներ» են. սա նման է Բեյլիսի գործին, և ես համոզված եմ, որ ընկ. Ստալինը այս գործի բոլոր մեղավորներին կհանի ջրի երես. ես նրան, ինչպես տեր Աստծուն, վստահում եմ և խնդրում, աղաչում եմ Ձեզ, ընկ. Շահինյան, օգնեք մեզ այդ գործում: Սա ուղղակի հաղահեղափոխական դիտավորություն է. իրենց խմբակային քաղաքական նպատակների համար 20–ամյա գրողին, որոնցից 15 տարին նա նվիրել է Խորհրդային իշխանության, Հոկտեմբերի և նրա առաջնորդների` Լենինի և Ստալինի փառաբանությանը (միայն իմ վերջին 5 գրքում գործ է նվիրված ընկ. Սատլինին) և ահա այդպիսի գրողին անվանել հակահեղափոխական, գործին կառնել առաջնորդի սրբազան անունը, պաշտենական փաստաթղթերում Կենտկոմի անունից հայտարարել, թե տվյալ գրքում պայքար է մղվում Առաջնորդի դեմ- իսկ հետո, կարծես ոչինչ չի պատահել, թույլ տալ այդ գիրքը- չէ՞ որ սա հակահեղափոխականություն է, Կուսակցության և Առաջնորդի վարկաբերում, խորհրդային գրողի խայտառակություն, նրա վերածում իրենց խարդավանքների գործիքի: Այդ «արյունոտ» պատմության հերոսներից մեկը առանց որևէ ամոթի ասում էր ինձ այդ «սարսափելի օրերին». «Մի՞թե դու չես հասկանում, որ հարցն ըստ էության քեզ չի վերաբերում»… Այսինքն` համբերի՛ր, թող ամբողջ ժողովուրդը, որպես հակահեղափոխական, թքի՛ քո ռեխին, իսկ հետո, երբ մենք հաղթենք, քեզ համար լավ կլինի… Ի՞նչ կարող է լինել ավելի ցինիկ, ընկ. Մարիետա: Իսկ Աշրաֆյանը, իմ գիրքը հակահեղափոխական անվանելուց հետո, Կոմկուսի Կենտկոմի անդամ ընկ. Թաթարյանին ասել է. «Ոչինչ, մենք հետո ընկ. Չարենցին կվերականգնենք կուսակցության մեջ…»: Ինչ է սա, ընկ. Մարիետա, եթե ոչ բեյլիսիադա` կաշառումներով և «կամավոր զոհերով»… Բայց հանուն ինչի՞: Որպեսի Աշրաֆյանը դառնար 2–րդ քարտուղա՞ր… Հանուն դրա կեղտի մեջ տրորել խորհրդային գրողի՞ն, առաջնորդի անո՞ւնը, վարկաբեկել կուսակցությո՞ւնը և խորհրդային իշխանությո՞ւնը: Սա արդեն հրեշավոր է, ընկ. Շահինյան! Ես բողոքում եմ դրա դեմ!! Եվ աղաչում եմ. բոլորին տեղյակ պահել այս բեյլիսիադան: Չէ՞ որ Դուք համամիութենական գրող եք` համաշխարհային անունով: Ձեզ ճանաչում են բոլորը: Օգնեք ինձ: Ձեզ երևի կկանչեն ՀամԿ(բ)Կ Կենտկոմ, քանի որ Ստալինին ուղղված նամակում զետեղված է Ձեզ հասցեագրած իմ նամակը: Ձեզնից շատ բան է կախված: Թախանձանքով դիմում եմ Ձեզ. Եղեք ինձ համար մի նոր Էմիլ Զոլա: Չէ՞ որ սա նմանը չունեցող պատմություն է: Չէ՞ որ սա վարկաբեկում է Կուսակցությանը և Խորհրդային իշխանությանը: Դուք պետք է պաշտպան կանգնեք այս պատմությանը, ակտիվորեն խառնվեք այս գործին, այս գործը դարձնեք ամբողջ Միության, ամբողջ Խորհրդային հասարակության սեփականությունը: Այդ կարող եք անել միչայն Դուք: Սիրելի ընկ. Շահինյան! Ծանոթացեք այս նամակի բովանդակությանը ընկ. Ստացկուն: Գուցե այնպես պատահի, որ Դուք ներկայանաք նույնիսկ ընկ. Ստալինին: Մի լքեք ինձ և այդ գործը. չէ որ սա իմ անձնական գործը չէ, այլ, հիմնականում, Կոմունիստական Կուսակցության և Խորհրդային Իշխանության: Իմ գիրքը Ձեզ կամ Յակով Սամսոնիչին կհանձնի ընկերը, որի հետ ուղարկել եմ գիրքը: Ստիպեք Յակով Սամսոնիչին բառացի թարգմանել Ձեզ ամբողջ գիրքը- և այդ դեպքում դուք կհամոզվեք, թե ինչ կեղտոտ պատմություն խաղացին ինձ հետ: Ես մարդ եմ, չէ՞! Խորհրդային գրող եմ, չէ՞: Չէ՞ որ Դուք եք առաջինը ինձ երաշխավորել համամիութենական ընթերցողին: Ես հույսս Ձեզ վրա եմ դնում, սիրելի Մարիետա Սերգեևնա! Դեռևս ոչինչ արված չէ: Դեռևս կարող են ինձ սպանել: Ինձ փոխանցելու համար պատասխանը գրեք Մ. Ս. Սարյանի հասցեով: Ողջունում եմ Ձեզ սրտանց: Նվիրված Ձեզ` և՛ սրտով, և՛ հոգով: Ձեր դժբախտ գրչեղբայր: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ 1/XII-33թ. Երևան Հ. Գ. Այս գործի մանրամասները և անակնկալ փոփոխությունները Ձեզ կհայտնի ընկերը, որը կտա Ձեզ գիրքը: Ընկ. Ստալինին ուղարկված նամակը պետք է որ մինչ այդ հասնի իր նշանակման վայրը: Հնարավոր է Ձեզ կանչեն բացատրության: Այսպես ուրեմն, ես հուսով եմ, որ Դուք ազնիվ եք ու անկեղծ (չէ՞ որ դա Ձեր գլխավոր գիծն է, որի համար Ձեզ գովել է Լենինը- «Փոփոխություն»)… Սիրելի Մարիետա Սերգեևնա, իմ ճակատագիրը ոչ միայն որպես մարդ, այլև գրող, կախված է Ձեզանից: Շատ բան կախված է Ձեր ակտիվ պաշտպանությունից: Չէ որ ինձ ոչ ոք չի ճանաչում: Իսկ Ձեզ ճանաչում է ամբողջ աշխարհը: Օգնեք կրտսեր գրչեղբորը: Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ակտիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չէ՞ որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձանից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի և գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ! Եվ կրկին, վերջին անգամ, աղաչում եմ. օգնեցեք ինձ! ՉԱՐԵՆՑ