ՆԱՄԱԿՆԵՐ
Մանուկ Աբեղյանին
2. IX. 1932 թ. Ընկ. Մ. Աբեղյանին Ձեր կողմից մեզ ուղարկած «Հայ ժողովրդական վեպի» կազմելու, խմբագրելու և այլնի մասին պայմանագրի բոլոր կետերը մենք համարում ենք ընդունելի հետևյալ ճշտումով. 1. Աշխատությանը կցված կլինի մի առաջաբան Պետահրատի կողմից: . 2. Ինչպես տպագիր, այնպես էլ անտիպ օգտագործվող վարիանտների հեղինակների հետ պայմանագրեր կնքելու, վճարումներ կատարելու և հոնորարային նորմաներ նշանակելու ամբողջ գործը վերապահվում է Պետհրատին ու հեղինակների հանդեպ միմիայն Պետհրատն է պատասխանատու հոնորարների համար: 3. Անտիպ վարիանտների հեղինակների հետ բանակցություններ վարելու և ձեռագրերը ստանալու համար Ձեզ ժամկետ է նշանակվում մեկ ամիս: Ձեռագրերի հեղինակների հետ բանակցում եք դուք, ստանում եք նյութերը և Ձեր կողմից դրանք քննելուց հետո ուղարկում եք մեզ համապատասխան գրություն, որի հիման վրա մենք կնքում ենք պայմանագիր ձեռագիր վարիանտի տիրոջ հետ ու բնագիրը հանձնում ենք Ձեզ օգտագործելու համար: Եթե վերոհիշյալ ճշտումները Ձեր կողմից առարկություն չեն վերցնում, խնդրում ենք անցնել Պետհրատ՝ պայմանագի րը վերջնականապես ձևակերպելու և ստորագրելու համար: Գեղբաժվար՝ (Ե. Չարենց) Գործավար՝ (Շեհրիկյան) ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻՆ Ընկ. Աբեղյան Եթե համաձայն եք պայմանագրի այս վերջնական ձևակերպման հետ՝ ստորագրեցեք և մի օրինակը վերադարձրեք մեզ, որից հետո արդեն կանցնենք վարիանտների գնման աշխատանքին: Չարենց 1932, սեպտեմբեր ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻՆ Ընկ. Աբեղյանին Ի պատասխան Ձեր ս. թ. դեկտեմբերի 1-ի գրության Հայտնում ենք, որ 1. Համաձայն Ձեր պահանջի հոնորար կտրվի յուրաքանչյուր ամսի 10-ին: 2. Արամ Ղանալանյանի հետ մենք կկնքենք համապատասխան պայմանագիր: 3. «Խ. Հ.» և «Գրական թերթում» կտանք աշխատանքին վերաբերող մանրամասն հայտարարություն: Գեղ. բաժ. վարիչ՝ Չարենց Քարտուղար՝ Շեհրիկյան ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻՆ 11. մայիս, 1933 թ. «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի պատ. խմբագիր Ընկ. Մ. ԱԲԵՂՅԱՆԻՆ Խնդրում ենք բանակցել բանահավաք Չիթունու հետ, իր մոտ գտնվող վարիանտներն ստանալու համար: Հոնորարը դրամով վճարելու հնարավորություն չունենալով՝ մենք կարող ենք նրան ուղարկել Պետհրատի կողմից հրատարակված գրքերից, իր ուղարկած ցուցակի համաձայն: Գեղ. բաժ. վարիչ՝ Չարենց Քարտուղար՝ Շեհրիկյան
Էդուարդ Խոճիկին
Ընկ. Խոճիկին Խնդրում եմ Հ. Պարոնյանին վերաբերող Ձեզ մոտ եղած բոլոր նյութերը տրամադրեք Հ. գիտության և արվեստի ինստիտուտին՝ Հակոբ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուն պատրաստելու համար: Խորապես համոզված եմ, որ Ձեր անխարդախ և անշահավետ հարգանքը դեպի Հ. Պարոնյանը կդրդի Ձեզ բարձր մնալ անձնական փոքրիկ նկատառումներից և Դուք սիրով կանեք ամեն ինչ, որ կնպաստի Հակ. Պարոնյանի Երկերի որ քան հնարավոր է լիակատար հրատարակությանը: Խորին հարգանքներով՝ Ձեր Ե. Չարենց 1932
Ալեքսանդր Գատովին
Թանկագին Գատով, Մեծագույն բավականությամբ կարդացի իմ բանաստեղծությունների և պոեմների Ձեր թարգմանությունները, և, առաջին հերթին, պետք է Ձեզ ասեմ, որ ուղղակի հիացած եմ թարգմանություններից մի քանիսով. դրանք գրեթե համազոր են բնագրերին, Դուք զարմանալի լավ զգացել ու կարողացել եք թարգմանաբար տալ ոչ միայն իմ բանաստեղծությունների գրեթե տառացի իմաստը, տող առ տող, այլև (որը ամենագլխավորն է) իմ գրվածքների իսկական ոճն ու ոգին, որի համար անսահման շնորհակալ եմ Ձեզնից՝ ընկերոջ ու պոետի բարձր շնորհակալությամբ: Առանձնապես ինձ դուր եկան՝ 1. Յոթ խորհուրդը. 2. Մանկությունը. 3. Ռուբայիներից առաջինը, երրորդն ու չորրորդը, հատկապես առաջինը, որը հնչում է ուղղակի որպես բնագիր։ Մնացածները փոքր-ինչ ծանրաքաշ են, որը թերեւս կախված է այդ գործերի բուն կառուցվածքից: Անկախ դրանից, ռուբայիներում ամենագլխավորը (ձեւի տեսակետից) այն է, որ հանգերը, հատկապես չորրորդ, եզրափակիչ տողում, առանձնապես դիպուկ հնչեն, հակառակ դեպքում հանգը կորչում է կրկնություններում եւ դրանով իսկ քառատողից ստացվում է թերավարտ, աղոտ տպավորություն: 4. Անպայմանորեն լավ են «Ars poetica»-ի բոլոր Ֆրագմենտները: Ինչ վերաբերում է «Դաշնակներին» եւ «Հանդիպմանը», ապա անկեղծ ասած, դրանք ինձ դուր չեկան, թերեւս միայն այն պատճառով, որ թարգմանված են առանց հանգերի... Բանաստեղծություններն ինքնին պետք է գրեթե հանճարեղ լինեն, որպեսզի հնչեն առանց հանգի,— արդյոք այդ չի՞ պատճառը, որ շատ քչերին է հաջողվում սպիտակ ոտանավորը: Բլոկյան հանճարեղ սպիտակ ոտանավորներից բացի, ես ռուսական պոեզիայում ոչ մի այնպիսի բան չգիտեմ, որ իմ վրա խոր տպավորություն թողներ, նույնիսկ պաստերնակյան սպիտակ ոտանավորները մի տեսակ չեն գամվում հիշողությանդ մեջ, չեն ընկալվում որպես բանաստեղծու- թյուններ: Էլ ո՞ւր մենք, հասարակ մահկանացուներս, այն էլ այսպիսի ագիտացիոն-փքուն բովանդակությամբ խցկվենք մի այդպիսի ասպարեզ... Հետեւաբար, եթե Ձեզ չի հաջողվի դրանք խցկել հանգավոր յամբի մեջ, գրողի ծոցը նետեք, հատկապես՝ «Հանդիպումը»։ «Դաշնակները» ես կուզենայի ունենալ ժողովածուում հասկանալի նկատառումներով, բայց, եթե չհաջողվի, ավելի լավ է դուրս գցել, քան ժողովածուում ունենալ քիչ արժեքավոր ու փքուն գործ: Թանկագի՛ն Գատով. Ձեր թարգմանություններն ինձ այնքան դուր եկան, որ ես չէի ուզենա իմ ժողովածուների համար գործ ունենալ ուրիշ թարգմանիչների հետ. բացի «Զակկնիգայից», ես բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի հրատարակության պայմանագիր ունեմ նաեւ «Սով. լիտերատուրայի» հետ: Ահա, ուրեմն, հանձն չէի՞ ք առնի վերոհիշյալ ժողովածուների համար թարգմանել եւս 1000—1500 տող։ Եթե այո, Ձեզ կուղարկեմ պոեմներիս ու բանաստեղծություններիս տողացի թարգմանությունները- և Դուք, հուսով եմ, փայլուն կերպով կկատարեք այդ գործը: Երկրորդ. ինձ շատ հետաքրքիր է, թե արդյոք Ձեր թարգմանությունները, ավելի ճիշտ՝ իմ բանաստեղծությունները չե՞ք կարդացել ռուս պոետների մոտ. արդյոք տեղ հասնո՞ւմ են, աղոտ ու շաբլոն չե՞ն հնչում: Ես շատ եմ վախենում դրանից. պոեզիան ախր խարդախ բան է, եթե նա մի լեզվով հնչում է խոր ու ինքնօրինակ, դա դեռ երաշխիք չէ, որ մի այլ, ավելի կուլտուրական լեզվով թարգմանված էլ, կարող է տպավորություն գործել: Ես շատ եմ վախենում դրանից. գուցե իմ բոլոր բանաստեղծությունները քոռ կոպեկ էլ չարժեն եւ նույնիսկ ամոթ է դրանք ցույց տալ այնպիսի նրբաճաշակ ընթերցողների, որոնց համար Պուշկինը, Բլոկը, Մայակովսկին, Պաստերնակը իրենց հայրենական բանաստեղծներն են: Արժե՞ արդյոք, որ ես մի այդպիսի բարձունք մագլցեմ։ Նույնիսկ սարսափելի է մտածելը: Այն, որ աշխարհի այդ հանճարեղ գրականությունը (այսինքն՝ ռուսական) այսօր հեղեղել են ամեն տեսակ ժարովներ եւ ուտկիններ. դա իհարկե, դեռ չի կարող հույս եւ արդարացում լինել քիչ թե շատ լուրջ մարդու համար, որի համար պոեզիան դեռ չի դադարել կյանքի բարձր սխրանք լինել: Այնպես որ, ընկ. Գատով, շատ եմ խնդրում Ձեզ, գրեցեք ինձ ուղղակի, անկեղծ, առանց ձեւականությունների եւ սենտիմենտալության: Դուք ինձ չեք վիրավորի նույնիսկ ամենաոչնչացնող խոսքով. ինձ համար ավելի լավ է սկզբից ևեթ իմանալ ճշմարտությունը, քան կեղծ պատրանքներ սնել (թեև, երդվում եմ պոեզիայով, ես առանձնապես մեծ հավակնություններ չունեմ էլ. ինքս հրաշալի հասկանում եմ, որ բնավ էլ պարտադիր չէ նշանավոր պոետ լինել իր ազգային գրականությունից դուրս. լեհերի, սերբերի մեջ քի՞չ կան մեզ նմանները, որոնց անունը մենք չգիտենք): Եվ էլի ահա թե ինչպիսի խնդիրք ունեւմ ես. գրեցեք ինձ խնդրեմ, ի՞նչ տիպի բաները կարող են Ձեզ մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել: Արդյոք փիլիսոփայական կարգի՞, տեղական բովանդակությա՞մբ, թե՞ ժամանակակից համամիութենական հեղափոխական թեմատիկայով բանաստեղծությունները: Իմ գրվածքների դիապազոնը թեմատիկայի և ժանրերի տեսակետից բավական ընդարձակ ու բազմազան է, ես դժվարանում եմ ընտրության հարցում. ինձ, իհարկե, նախ և առաջ հետաքրքրում է, որ որևէ բանով տարբերվեմ խորհրդային պոետների այսօրվա պլեադայից (իհարկե, պոետական յուրօրինակության, ինքնատիպության, խորության տեսակետից), եթե ոչ, ախր խցկվել էլ պետք չէ: Ախ, ինչպես ափսոսում եմ, որ այդպես շուտ մեկնեցիք, այլապես կարող էի հենց տեղ ղում ծանոթացնել Ձեզ իմ ամբողջ «ստեղծագործության» հետ (մեր Միությունում այնպես են իմաստազրկել եւ էժանացրել այդ բառը, որ առանց չակերտների մարդ մի տեսակ ամաչում է գրել այն): Բայց Դուք մեկնեցիք: Հիմա ինչ արած, ստիպված պետք է գրագրությամբ պարզաբանենք այդ ամենը: Թանկագի՛ն Գատով, սպասում եմ Ձեզանից իմ հարցերի պատասխանին, և առհասարակ ինձ համար շատ հաճելի կլիներ Ձեզ հետ մշտական նամակագրություն ունենալ, ոչ միայն այս մերկանտիլ թեմաների շուրջը, այլև ընդհանրապես պոեզիայի, գրականության և այլ հարցերի շուրջը: Վախենում եմ միայն, որ Դուք շատ եք զբաղված: Իմ առաջին ընդարձակ նամակի պատասխանը ես Ձեզնից չստացա: — Ես, կարծեմ, գրել էի այն մասին, որ Դուք խոսեիք Շերվինսկու հետ իմ ռուբայիների լրիվ թարգմանության մասին (եթե Ձեզ չի հաջողվում) և էլի որոշ բաներ: Արդյոք նամակը չի՞ կորել, զուցե Դուք գրել եք, իսկ ես չեմ ստացել: Վերջինը, ինչ կուզեի ասել Ձեզ, այս նույն նամակում, դա Ձեր բանաստեղծությունների հարցն է: Ես հաճույքով դրանք կթարգմանեի հայերեն, բայց այս առաջարկն անում եմ որոշ երկյուղով, վախենալով, որ Դուք կարող եք կարծել, թե սա իր տեսակի «կաշառք» է իմ կողմից՝ Ձեզ սիրաշահելու թաքուն մտադրությամբ: Երդվում եմ, որ այդպես չէ: Եվ ռուս բանաստեղծի համար էլ մի մեծ պատիվ չէ թարգմանված լինել մի լեզվով, որը հասկանում են ընդամենը միլիոնից մի փոքր ավելի մարդիկ։ Սրանով էլ վերջացնում եմ իմ ուղերձը, հուսալով նույնպիսի երկար եւ ընդարձակ պատասխան: Սրտագին ողջույն: Ձեզ անկեղծ հարգող՝ Եղիշե Չարենց 7 IV, 1934, Երևան
Ասքանազ Մռավյանին
Հարգելի ընկ․ Մռավյան Այսօր առավոտյան արթնանալիս ես մշուշոտ կերպով հիշեցի, որ կարծեմ երեկ երեկոյան հեռախոսով Ձեզ հետ խոսելիս թույլ եմ տվել գործածել Ձեր հասցեին մի քանի անպատշաճ խոսքեր։ Այս տհաճ հանգամանքը ես հնարավոր եմ գտնում, որովհետև երեկ երեկոյան ես եղել եմ միանգամայն ինքնակորույս դրության մեջ․ առանձնապես ինձ խորը ցավ է պատճառում այն, որ իմ ինքնակորույս այդ դրությունը զուգադիպել է մի անձնավորության, որի հանդեպ ես չեմ կարող ունենալ ոչինչ, բացի խորագույն հարգանքից։ Այսօր ես հեռանում եմ Հայաստանից,
Մարիետա Շահինյանին
Թանկագին Մարիետա Սերգեևնա. Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք` 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին: …Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական, և… ընկ. Խանջյանի բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից: Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր, վախեցած իր գլխի համար, բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում… պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ: …Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չէ՞ որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձնից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի ու գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ: Եվ կրկին վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ: