ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Սույնը ներկայացնող ընկ. Դերենիկ Դեմիրճյանը իսկապես որ պրոֆեսիոնալ ջութակահար է, այդ պատճառով էլ թույլատրվում է նրան Հայաստանի սահմաններից իր հետ դուրս տանել անձնապես իրեն պատկանող մի ջութակ՝ տուփով:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
18 1, <19>21թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ
Հեռագիր
Հայպետհրատը առաջարկում է թարգմանել Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» Ակադեմիա հրատարակության ռուսերեն լրիվ տեքստը, նկատի ունենալով նաև անգլերեն բնագիրը:
Պայմաններն են՝ տպագրական մամուլը ութսուն ռուբլի, ժամկետը չորս ամիս: Խնդրվում է համաձայնության դեպքում հեռագրել պայմանագիրն ուղարկելու համար:
Չարենց
<1931, Երևան>
Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ
Հեռագիր
Թարգմանեցեք հիմնականում ռուսերենից՝ նկատի ունենալով նաև բնագիրը: Տեքստի խոշոր տարբերությունների դեպքում կողմնորոշում ունեցեք դեպի անգլերեն բնագիրը: Ժամկետը երկարաձգվում է մի ամսով:
Չարենց
<1931 սեպտեմբեր, Երևան>
Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ
Հեռագիր
Ակսելը մոբիլիզացված է այլ աշխատանքի։ Առաջարկում եմ թարգմանել հին պայմաններով. ժամկետը 20 դեկտեմբերի: Անգլերեն բնագիրը գտեք Մոսկվայում: Հեռագրով հաստատիր համաձայնությունդ, որպեսզի ուղարկվի պայմանագրի կանխավճարը:
Չարենց
<1931, սեպտեմբեր, Երևան>
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՍԵՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԻՆ
Հարգելի ընկեր,
Ձեր բանաստեղծությունների «Քաղաքում» ժողովածուի նյութերը հնացած են և հրատարակության համար աննպատակահարմար:
Գեղբաժվար՝ Չարենց
1933, 17 VII
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Ընկ. Դեմիրճյանին
Համաձայն Պետհրատի վարչության հայտարարած Գեղ. բաժնի 1932թ. թեմատիկ պլանի՝ Ձեր երկերի ժողովածուի 2-րդ հատորին հատկացված է 12 տպագրական մամուլ:
Գեղ. գրակ. բաժվար՝ Ե. Չարենց
Քարտուղար՝ Մ. Հայրապետյան
23 դեկտեմբերի, 1932 թ.
<ՀԱՅԿԻՆՈՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ>
Ամսիս 19-ին գրողների տանը նշանակել փակ ժողով՝ կինոյի թեմատիկ պլանի քննության համար: Այս մասին գրել Կինոյին և թերթում տալ համապատասխան հայտարարություն:
1931, 16 X
ՌԱԲԻՍԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍԵԿՑԻԱՅԻՆ
Խնդրում եմ շտապ կերպով ներկայացնել մեզ Երևանում գտնվող բոլոր պրոֆեսիոնալ երաժշտության ուսուցիչների <ցուցակը>, մանրամասն նշանակելով՝
1. Ազգանուն անուն:
2. Քանի՞ տարի է զբաղվում երաժշտության ուսուցչությամբ Երևանում:
3. Ի՞նչ երաժշտական մասնագիտական կրթություն ունի:
4. Ունի արդյո՞ք երաժշտական գործիք:
5. Հասցե:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
3 II, <1921 թ.>
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Պ. ՆԱԽԱԳԱՀԻՆ
Լուսժողկոմի կարգադրությամբ հայտնում եմ ի պատասխան Ձեր 1920 թ. դեկտեմբերի 24-ի գրության, որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը առհասարակ նպաստներ չի բաշխում աշխատավորներին, այլ վարձատրվում է նրանց աշխատանքը:
Մյուս կողմից խորհրդային իշխանությունը, որպես Հայաստանի սահմաններում ապրող աշխատավոր ժողովուրդների իշխանություն, չի կարող օժանդակություն ցույց տալ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ազգային կուլտուրական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության բնույթով ոչ մի առնչություն չունեն Խորհրդային Հայաստանի սահմաններում կատարվող կուլտուրական աշխատանքի հետ:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
25 I, <19>21թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Լուսժողկոմիսարիատի արվեստի բաժինը խնդրում է Ձեզ տրամադրել Ձեր դաշնամուրը «Մսուր» որբանոցին հինգ-վեց օրով՝ այնտեղ կայանալիք մանկական երեկույթի համար:
Դաշնամուրի ամբողջության և անվնաս կերպով վերադարձնելու համար երաշխավորում է Լուսժողկոմիսարիատի արվեստի բաժինը:
Արվեստի բաժնի վարիչ՝
5 հունիսի, 1921թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՌՍՖԽՀ ԼՈՒՍԺՈՂԿՈՄԱՏԻՆ ԿԻՑ
ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի սահմաններում թատերական գործի կազմակերպման վերաբերյալ որևէ նյութ չլինելու պատճառով Հայաստանի Լուսժողկոմատի թատերական ընկերությունը խնդրում է Ձեզ չմերժել ուղարկելու Երևան Լուսժողկոմատի հասցեով հետևյալ նյութերը.
1. Բոլոր այն հրահանգները, կանոններն ու օրենքները, որոնք վերաբերում են ինչպես թատերական ընկերությանը, նույնպես և թատերական մյուս հաստատություններին:
2. Այն ամսագրերը, գրքերը, լրագրերը, որոնց մեջ կան թատրոնին վերաբերող հոդվածներ:
3. Նոր ռեպերտուարի համար դրամատիկական ստեղծագործություններ:
4. Դերասանների և արվեստների մյուս գործիչների իրավական դրության մասին դեկրետներ և առհասարակ նյութեր, որոնք վերաբերում են թատրոնին ընդհանրապես, ժողովրդական թատրոնին՝ մասնավորապես:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
17 I, <19>21 թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՀԱՆԳ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՀԵՂԿՈՄՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՆ
Լուսժողկոմի № 13 հրամանի համաձայն առաջարկում ենք անմիջապես անցնել երաժշտական գործիքների ցուցակագրման և հաշվի առման ըստ հետևյալ ցուցակագրական թերթիկի.
Ցուցակագրական թերթիկ
- Գործիքների տեսակը և թիվը
- Ինչ դրության մեջ են գործիքները
- Ում մոտ են գտնվում
- Ով է նրանցից օգտվում
- Ինչով է զբաղվում գործիքի տերը
- Հասցեն:
Երաժշտական գործիքները հաշվի առնելիս տերերին տրվում է հետևյալ վկայականը.
ՎԿԱՅԱԿԱՆ
Տրվում է սույն վկայականը քաղաքացի . . . . . . . . . . . առ այն, որ նրանից հաշվի են առնված երաժշտական գործիքներ, որոնք . . . . . . . . . . գավառական հեղկոմի լուսավորության բաժանմունքը թույլատրում է իր մոտ պահել:
Ծանոթություն. ցուցակագրած գործիքները արգելվում է տալ ուրիշին, ծախել կամ նվիրել առանց լուսավորության բաժանմունքի գիտության: Սույն կարգադրությունը խախտողները կենթարկվեն պատասխանատվության հեղափոխական ժամանակների օրենքների համաձայն:
Արվեստի բաժնի վարիչ՝ Եղիշե Չարենց
Քարտուղար՝ Լ. Բաշինջաղյան
3 հունվարի, 1921 թ.
ԸՆԿ. ՌՈՄ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Լուսավորության ժող. կոմիսարի կարգադրությամբ հայտնում եմ Ձեզ ի գիտություն, որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի համար միանգամայն ցանկալի է, որ Դուք աշխատեք Ձեր զեկուցման մեջ հիշատակված երաժշտական գործունեությամբ, բայց ոչ թե Թիֆլիսում, այլ այստեղ՝ Երևանում: Ուստի, եթե Դուք դեմ չեք Երևան գալուն, հայտնեցեք մեզ այդ մասին, որից հետո միայն մենք կտեղեկացնենք Ձեզ աշխատանքի պայմանների <և> Ձեր Հայաստան տեղափոխվելու միջոցների մասին:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
17 I, <19>21 թ.
<Հ. ՀԱԿՈԲՅԱՆ «ՆՈՐ ԱՌԱՎՈՏ»
(ԸՆՏԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Գտնում եմ անհրաժեշտ հրատարակել անփոփոխ։ Պետք է կազմել նյութերի ցանկ, որից հետո պատրաստ կլինի հրատարակության։ Շարել կորպուս, ֆորմատ 5/8, շապիկը կուղարկվի առանձին: Պատվիրել պորտրեի կլիշեն:
Ե. Չարենց
1930, 10 II
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ ՇԱՀԳՅԱԴՅԱՆԻՆ
Լուսավոր. ժող. կոմիսարիատի արվեստի բաժանմունքը հիմնում է մի ժողովրդական պատկերասրահ, որի համար հավաքում է գեղարվեստական արժեք ունեցող նկարներ, արձաններ և այլն: Ուստի խնդրում ենք Ձեզ գավառական հեղկոմից վերցրած արձանը ուղարկել Լուս. ժող. կոմիսարիատ՝ արվեստի բաժանմունքին։
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
27 XII, <19>20 թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ շտապ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂ. ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏԻՆ
Ս. թ. 25-ին քաղ. Մելիք–Աղամալյանը հին զենքերի իր կոլեկցիայից Ձեր իրավասությանը ենթակա վարչ<ութ>յան զենքեր ընդունող պատասխանատու աշխատողին է հանձնել Դամասկոսի պողպատից, ոսկենախշ թուրքական մի հին թուր, որն ունի պատմա-գեղարվեստական արժեք:
Թուրը հանձնելիս քաղ. Մելիք–Աղամալյանը ընդունողին հայտնել է նրա արժեքը և խնդրել առանձնացնել մյուս թրերից:
Միաժամանակ այդ մասին նա տեղյակ է պահել արվեստի բաժնին, որի տնօրինությանն ու պահպանությանն է հանձնված նրա ամբողջ կոլեկցիան: Արվեստի բաժինը տրամադրել է նրան համապատասխան վկայագիր, սակայն, երբ դրանով նա ներկայացել է կայազորի պետի վարչություն՝ թուրն ստանալու, ընդունողը հրաժարվել է նրան տալ թուրը:
Խնդրում եմ Ձեր անհապաղ կարգադրությունը որոնելու մատնանշված թուրը, որ պետության սեփականություն է:
Ընթացքի մասին հաճեցեք հայտնել:
Բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
30 XII, <19>20 թ.
ԶԱՆԱԶԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏԿԱՆՈՒՄ…»>
Մենք չենք պատկանում գոյություն ունեցող գրական-գեղարվեստական հոսանքներից և ոչ մեկին: Բոլոր հոսանքներից էլ մենք վերցնում ենք այն ամենը, ինչ որ կարող է օգտակար լինել պրոլետարական հեղափոխության գործին: Մեզ համար գլուխգործոց է այն երկը, որ շինված է տեխնիկայի վերջին խոսքով, տարածում է կոմունիստական գաղափարներ, ագիտացիա է մղում մեր քաղաքական և տնտեսական հերթական խնդիրների շուրջը, հարվածում, ծաղրում է դասակարգային թշնամուն և լարում է պրոլետարիատի կամքը՝ հաղթանակի համար:
ԶԱՆԱԶԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<«ԱՅՂՐ ԼՃԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ…»>
Այղր լճի կառուցումը Հայաստանի աշխատավորության մեծագործություններից մեկն է և խորհրդային իշխանության մեծագույն հաղթանակներից մեկը:
928-13-V
Ե. ՉԱՐԵՆՑ
Այղր լիճ
ԶԱՆԱԶԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՄԲ. ԿՈՄԻՆ
Ենթադրելով, որ ձեր վերջին գրության վրա գրած իմ պատասխանը Շարապովան կարող է ձեզ տված չլինել՝ հարկ եմ համարում հայտնել.
1. Հիվանդությանս պատճառով չկարողացա անցնել ձեզ մոտ՝ խնդրում եմ ինքներդ բարեհաճեք գալ և իմանալ գործի դրությունը ինձանից։
2. Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար՝ խնդրում եմ առանց <իմ> կարծիքն իմանալու՝ Շարապովայի նման խուլիգանների տված տեղեկությունների հիման վրա դատարանական գործեր չսարքել,—հետևանքը կարող է լինել տխուր ոչ միայն նրա, այլև նման գործեր հարուցողների համար ևս:
Ընկ. բարևներով՝ ՉԱՐԵՆՑ
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
23. III. 34.
Ես գրել էի մի էպիգրամ Ալազանի մասին.—
Եղել է Տերյան,
Լուսեղու բարդ,
Վարդի պես բուրյան,
Վարդի պես վարդ:—
Հիմա— Ալազանն է
Պոետը մեր,—
Այս խարազանը
Ինչ ծա՜նր է, Տե՛ր.
Երբ ես այս էպիգրամը կարդացի Զարյանին, նա գտավ ինձ միանգամայն իրավացի:—Սակայն որոշ ժամանակ անց այս միևնույն էպիգրամը ես կարդացի Ալազանին այն փոփոխությամբ միայն, որ հինգերորդ տողը փոխեցի՝
Հիմա— Զարյանն է
Պոետը մեր…
Ալազանը ևս գոհ ժպտաց և գտավ, որ ես իրավացի եմ միանգամայն…
Իսկ իմ կարծիքն այն է, որ ուզում ես «Ալազան» ասա, ուզում ես «Զարյան»—մինույնն է.—
Այս խարազանը
Ինչ ծա՜նր է, Տե՛ր…
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
15/III
Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին:—Ի՞նչ սիմբոլ է այդ։—Չէ արդյոք այդ ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը… Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի… Հետաքրքի՜ր կոնցեպցիա… Ըստ այս կոնցեպցիայի—«Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի <հորինած> ոչ այլ ոք են, քան… Չերնիշևսկուց սկսած-մինչև… Լենինը… Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. ա՛յն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն:—Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ։—Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում—Չերնիշևսկին, Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը, Լենինը, Նիկոլայ Մորոզովը… Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը!… Իսկապես որ «Դևը» ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!
Իսկ ռուսական դրական ապողոնյան հանճա՞րը… Նա իր լավագույն արտահայտությունը գտել է հանձին Ա. Պուշկինի—և… մնացել է… մենակ!… Եվ սա՛ էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ դրական ապոլոնյան հանճարի ներկայացուցիչը սերում է… Աֆրիկայից!… Եվ մինչև այս չունի ո՛չ մի շարունակող ու հետևող <իր> լուսավոր գծին… Պուշկինը—ռուսական կուլտուրայի միակ դրական, <շինարար> սկզբունքն է—և մնացել է մենակ… Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում…
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
14. III, 1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան։ Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել իմ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում՝ միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել—թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է առաջ գալիս այս տպավորությունը—չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց և արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում և… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,—և, փոխանակ խղճալու,—արհամարհանք ես զզում և զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողակությունը: Իսկ ինչ է մահը—եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը։—Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ և անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ի՜նչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է և ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը—և ուրիշ ոչինչ… … Որքան չքնաղ տպավորություն են թողնում իմ վրա Տերյանի ձեռագրերը, որքան զզվելի, արգահատելի տպավորություն եմ ես ստանում Հ. Թումանյանի աղջիկներին տեսնելիս, կամ նրանց հետ որևէ գործ ունենալիս:—Զարմանալի անհամապատասխան «ժառանգություն»… Այդքան գծուծ, արգահատելի, չարչիական և անմաքուր «ցեղ»—դժվար է երևակայել: Մանավանդ՝ Նվարդը… Եվ երևակայել, որ Տերյանը, այդ լուսավոր պոետը սիրել է նրան և նվիրել որքա՜ն զմայլելի բանաստեղծություններ…
Իսկ Ստ. Զորյանի նման միջակ տափակությունը նույնիսկ Արմենի «Երևանը» համարում է աշակերտական թոթովանք: Խեղճ հայ գավառացի, որի ամբողջ տեսադաշտը Ղարաքիլիսան է… Տխուր է, երբ գավառացին գավառացի լինելուց բացի տառապում է… ֆիզիկական կարճատեսությամբ… Այդ դեպքում նրա հոգեկան կարճատեսության վրա ավելանում է և ֆիզիկական կարճատեսությունը—և մարդը դառնում է պարզապես կույր աղիք. դժբախտությունը փոքր է, եթե այդ պիսի անհատը լոկ իր համար է ապրում ու «արտադրում», իսկ երբ նա իր միակ օրգանով «արտադրում» է նաև հասարակության համար—սա արդեն մեծագույն աղետ է, քանի որ տարածում է իր շուրջը զարհուրելի գարշահոտություն:
Ամեն անգամ, երբ ես ուզում եմ պատկերացնել մեր կյանքի և գրականության ամբողջ սահմանափակությունը—իմ աչքերի առջև կանգնում է Ստ. Զորյանը՝ իր գավառական, «ղարաքիլիսացիական» արտաքինով և… ակնոցներով.. Խե՜ղճ մարդ, նույնիսկ կուլտուրականության պրետենզիա ունի, որի միակ ատրիբուտն է նրա պենսնեն… Եվ ինչու հեղափոխությունը չմաղեց այդ գավառական խլեցին—չես հասկանում: Չէ, ինչո՞ւ, հասկանալի է. խլեզը—հարմարվեց… և անգամ կարծում է հեղափոխությո՜ւնը հարմարեցնել իրեն… Եվ մարդիկ չեն նկատում… Ա՛յդ է ահա և՛ ծիծաղելի, և՛ ցավալի:-—Եվ կարո՞ղ է արդյոք լինել ավելի ցավալի և տխուր բան, քան երբ գավառացին իր հոգևոր «կույրաղիքին» կարճատես կերպարանքին է հարմարեցնում անգամ այնպիսի վիթխարի և անհուն բաները, ինչպիսին հեղափոխությունն է… Ստացվում է աբսուրդ, և—տխուր աբսուրդ: Իսկ երբ այդ աբսուրդը դառնում է մի ամբողջ ժողովրդի իրականության միջին մակարդակ— դա արդեն ոչ միայն տխուր է, այլև աղետալի ու ողբալի…
<Ի. Ա. ՏՈՒՐԳԵՆԵՎԻ «ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»՝
ԳԱՐԵԳԻՆ ԲԵՍԻ ԿԱՏԱՐԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այս թարգմանություններն իրենց ամբողջության մեջ մոտ են բնագրին և բանաստեղծական. այսուհանդերձ անհրաժեշտ է կատարել որոշ լեզվական խմբագրություն, համեմատելով բնագրի հետ, ճշտելու համար թարգմանությանց մոտիկությունը բնագրին և շտկելու համար որոշ ոճական անհարթություններ:
Չարենց
1934. 7. 28
<«ՆՈՅԵՄԲԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»>
1. Ծագումը.—
«Նոյեմբեր».— իմ հիմնական մոտեցումը՝ զուտ գրա կան էսթետիկական մոտեցում.—Գ. Մահարի—Մ. Արմեն (այն ժամանակ հետևողական պրոլետգրող).—հիմնական կադրը՝ ես, Գ. Մահարի, Մ. Արմեն, հետո—Ակսել.—Իմ ծանոթությունը Ա.-ի հետ 1926 թ.-ին՝ արտասահմանից հետո.—իմ անվստահելի վերաբերմունքը դեպի նա՝ սկզբում,—նրա գրական աշխատանքի երկու կողմը՝ հիանալի նովելիստ և մակերեսային օչերկիստ.—
«Մթնաձորը»,—գյուղական օչերկները.—Նրա տարօրինակ ընթացքը սկզբից ևեթ միության ներսում.—էպիզոդիկ մասնակցությունը միության գործերին: «Խխունջ»—փոխադարձ սիմպատիաներ «Ն».-ի կենտրոնական ուժերի միջեւ՝ Չ-ց, Ա-ն, Բ-ց, Մ-ի.—կենցաղային ամեհի անկում.—
Բարեկամություն Ա-ի հետ կրկին անշոշափելի:
<1935>
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՏԼԱՆՏԻԴԱ
Երկիր կորուսյալ—թերևս չեղյալ ու անհասանելի, սկսված 1937թ. մարտի 29-ին ն. տ., ցերեկվա ժամը չորսին
Հեղինակի քառասնամյակից—երեսունից իր բնակարանում, Սունդուկյանի № 6—ՌՋԼԷ
Մեկնիչ:—Ի՞նչ է Ատլանտիդան,—առաջին հերթին պիտի հարցնի ապագա ընթերցողը (եթե այդպիսին լինի) հենց որ սույն իմ առանց այն էլ տարօրինակ երկի ավելի քան տարօրինակ վերնագիրը կարդա—Ի՞նչ «Ատլանտիդա»-ի մասին է խոսքը,—պիտի հարցնի ընթերցողը, եթե նա դասական կրթության տեր մարդ է՝ գաղափար ունենալով բառի ուղղակի՝ անմիջական իմաստի մասին: Սակայն եթե` մեր ենթադրյալ ընթերցողը երիտասարդ է, հետ-հեղափոխական կրթությամբ, ապա միանգամայն վստահ կարելի է կարծել, որ նրա համար անծանոթ և անհաղորդ պիտի հնչի ինչ-որ բան հիշեցնող՝ այս անունը,—և նաև այնպես էլ չպիտի իմանա բառիս անմիջական նշանակությունը, որ նույնքան անհրաժեշտ է երկիս ընդհանուր իդեան հասկանալու համար, որ քան և այդ անվան փոխաբերական իմաստն զգալն ու պատեկերացնելը: Ավելին՝ գրության հիմնական դրույթն ըմբռնելու համար ամենից առաջ հարկավոր է իմանալ վերնագրի ուղղակի նշանակությունը, որ ոչ միայն ուղեցույցն է երկիս, այլև խորհրդանիշն ու բանալին։ Սկսենք ուրեմն «Ասլանտիդա» բառի ուղղակի, անմիջական՝ առարկայական նշանակությունից:
Վերնագիր
Անվերնագիր ճանապար- հորդություն դեպի Ատլանտիդա՝ սկսված հազար ինը հարյուր երեսուն և յոթ թվականին, մարտ ամսի քսան և իննին, ցերեկվա ժամը ուղիղ չորսին, թվական Հայկազյան ՌՅՁԵ—Anno Domini MCMXXXVII
Ճանապարհորդություն դեպի Ատլանտիդա (Երկիր կորուսյալ)
Motto
«Հասակ մը կա մեր կենաց մեջ, «Երբ ամենայն իղձ թառամի, «Հասակ մը երբ հոգին ի տենչ «Հիշատակաց յուր կարոտի: «Երբ վոր քնարն իմ ցրտանա «Սիրո տալով վերջին բարև,—«Երթամ ննջել զիմ Կիլիկիա «Աշխարհ, որ ինձ յետուր արև…
Նահապետ Ռուսինյան
«. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .»
«. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Պլատոն»
Հեղինակ՝ Եղիշե Չարենց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
Ե. Չարենցից
Հայտարարություն
Հայտնում եմ, որ այսօրվանից ես դուրս եմ գալիս Գրողների կորպորացիայից՝ ցանկություն ունենալով իմ ընդունակությունները (եթե այդպիսիք կան) կիրառել խորհրդային արվեստի այլ ասպարեզներում՝ կինո, թատրոն, օպերետ, ռեկլամ և այլն: Եթե այս ասպարեզներում ևս ես չկարողացա ապահովել իմ ապրուստի մինիմումը, մնում է մտնել որևէ գործարան, կամ զբաղվել որևէ կուստար արդյունաբերությամբ։
Խնդրում եմ դիմումս ընդունել առանց հետին մտքերի, չտալ նրան քաղաքական բովանդակություն: Ես չեմ այն հիմարը, որը կարող է բողոքել օբյեկտիվ հնարավորությունների դեմ: Ինչպես երևում է՝ փոքր ժողովրդի գրողը չի կարող ապրել միմիայն գրական աշխատանքով։ Քսան և հինգ տարի գրականությամբ զբաղվելուց հետո, ահավասիկ տեսնում եմ, որ չեմ կարող ապահովել միջին կուլտուրական կենցաղ՝ ծառայելով գրականությանը: Երեք տարի է սպառվել է իմ երկերի ժողովածուն, ամեն կողմից պահանջում են այն,—բայց Պետհրատը մերժում է տպագրել նոր ժողովածու՝ պատճառաբանելով թղթի և հերթի բացակայությամբ: Եվ ես ինքս գտնում եմ, որ Պետհրատն իրավացի է: Ուրեմն ի՞նչ անել: Քսան և հինգ տարի ստեղծագործելուց հետո ապրել միայն թարգմանական կամ խմբագրական աշխատանքո՞վ։ Համաձայն եմ: Բայց… ցավն այն է, որ նույնիսկ այս տիպի աշխատանքը մեզանում կարող է դիտվել իբրև բարձր բարիք, որ պետք է բաշխվի բոլոր գրողների վրա, և ամեն մեկին կարող է հասնել սահմանափակ քանակությամբ աշխատանք… Ես ամենից քիչ հավակնություն ունեմ բողոքելու այս ամենի դեմ,—փոքրիկ իրականության մեջ չի կարելի ունենալ «մեծ» պրետենզիաներ։—Իսկ որո՞նք են, հետաքրքիր է այդ «մեծ» պրետենզիաները—ամսական 2000 ռ. հասույթը, որ ես պատրաստ եմ վաստակել նույնիսկ օրական 15 ժամ աշխատանքով:—Բայց… որտեղից տա Հայպետհրատը ամսական 20 մամուլ խմբագրական աշխատանք, կամ գրական այլ աշխատանք:
Ես նրա համար չեմ քսանհինգ տարի ծառայել արվեստին, որպեսզի վերջում նույնիսկ գրական-տեխնիկական աշխատանքով չկարողանամ ապահովել իմ և իմ ընտանիքի կուլտուրական ապրուստի մինիմումը:
Ապա հա՞րկը… ես, որ գրական-տեխնիկական աշխատանքով չեմ կարող ապահովել անգամ իմ ապրելու մինիմումը, հարկադրված եմ վճարել ամսական 300 ռուբլի եկամտահարկ, որովհետև դժբախտաբար անցյալ տարի հրատարակվել է իմ գիրքը, որից ես ստացել եմ տաս հազար ռուբլի հոնորար… Կարծես այդ դրամը ես գրպանումս եմ պահել, որ այս տարի ամսական վճարեմ 300 ռուբլի եկամտահարկ…
Կրկնում եմ՝ ոչ ոքի չեմ մեղադրում, ամենից քիչ ես հավակնություն ունեմ մեղադրելու խորհրդային ապարատը: Ինչպես երևում է՝ պետք է հաշտվել այն բնական դրության հետ, որ փոքր ժողովրդի գրողը չի կարող ապրել գրականությամբ, մնում է, որ նա ձեռք բերի այլ մասնագիտություն և ապրի նրանով:
Բոլոր հայ գրողներից (թե անցյալ, թե ներկա) ամենից քիչ ինձ կարելի է մեղադրել ստեղծագործական ծուլության մեջ. ոչ մի հայ պոետ այնքան չի գրել, որքան ես։—Հետո՞։—Հո՞ ես չեմ կարող օրական մի գիրք բանաստեղծություն գրել, որ ապրեմ դրանով… Եթե գրեմ էլ՝ ով է տպողը և վճարողը… և ինչ կլինի այդ գրվածքների որակը…
Վերջացնելով, խնդրում եմ կրկին՝ չտալ դիմումիս քաղաքական իմաստ և այսօրվանից ջնջել իմ անունը գրողների ցանկից: Թերևս ես կարողանամ ավելի օգտակար լինել խորհրդային կուլտուրայի այլ ասպարեզներում և, միևնույն ժամանակ, ստիպված չլինեմ զբաղվել գործի և հասույթի մուրացկանությամբ:
Ե. Չարենց
1935, մարտի 8, Երևան
< ԾՐԱԳՐԱՅԻՆ ՆՇՈՒՄՆԵՐ>
«Չարչարանաց լերան աղոթքը»
1 մարտ, 1937թ.
Առավոտ
Տուր ինձ շնորհք և կորով և <1 անընթեռնելի բառ> մերժելու մութ խոսքերի, գաղտնահնչյուն բառերի նույն չնչին խոհն—հաճախ—բյուր կողմերից խուժող պատկերների,
Մանավանդ—բոլորն էլ խոր ու գեղեցիկ թեկուզ—հաճախ իսկապես այդպես—իրար ետևից ոստայնների պես անվերջ. եկող—ընտրության […….] տուր ինձ կորով, քաջություն՝ ետ մղելու, ջոկելու, զոհելու, անցնելու դիերի վրայով:
Վարժիր ինձ անընդհատ, ամենօրյա անկարելի զոհաբերության,- ընտելացրու այն մտքին, օրենքին՝ որ կյանքը ինքը, գոյությունն ինքը՝ անընդհատ, ամենօրյա ընտրություն է՝ մահ անվերջանալի:
և այս է «թանձրագույն ձևի» էության լինելիության իմաստն ու գաղտնիքը և միակ ուղին,—միակ միջոցը,—դիսցիպլինը ոգու, Աստծո, նյութի և ավազի……..և այս է հանճարների մեծագործությունը՝ նրանց չարչարանաց լեռը, որ հասցնում է մինչև աստղերը, մինչև ոգու նոր տիեզերքներ, կազմակերպելու՝ ոգու սիզիֆյան տքնությամբ անընդհատ խուժող նոր խոհերը ետ մղելով—սակայն և ընտրելով լավագույնը—ստեղծել հնարավորը—предельно возможный լավագույն ընտրությամբ:
1. III. 1937
<ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ>
Մեր գրական լեզվի հարցը դնելիս սկզբից ևեթ, առաջին հերթին մենք պետք է ճշտենք հարցի դրվածքը, այսինքն ամենախստիվ կերպով սահմանագծենք մոտեցման այն կերպերը, որոնք կազմելու են մեր դիսկուսիայի բովանդակությունը: Միայն այս կերպ մենք կարող ենք հասկանալ, թե ինչի մասին է վեճը և ինչ ուղղությամբ պետք է ընթանան մեր դիտողությունները:
<1934>
<ԱՎԵՏԻՔ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ «ՀԻՆ ՀԱՅՈՑ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ>
I. Սա է գիրք հանճարեղ և զարմանալի՝ գրված լինելով 90-ական թվականներին մի ինչ-որ անհայտ շուշեցի ուսուցչի ձեռքով… Մեր հին և նոր տաղաչափական արվեստի հետ կապված բոլոր պրոբլեմները շոշափված և մասամբ հանճարեղ ինտուիցիայով լուծված են այստեղ, պրոբլեմներ, որ սրանից հետո ոչ միայն չեն դրվել ու արծարծվել մեր տեսական գրականության մեջ, այլ մինչ օրս չեն էլ հասկացվել։
Այս գիրքը էապես մի զարմանալի հանք է՝ գտնված հանճարեղ բնազդի տեր հեղինակի կողմից, որ, դժբախտաբար, միմիայն բնազդով ցույց է տալիս, մատնանշում է հանքի գոյությունը, մերթ անգամ շոշափում է հանքի անխափան ջղերը, և որքան դեռ ընդհանուր կուլտուրա և ջանք է հարկավոր, որպեսզի մեր գրականագիտությունը՝ գնալով Բահաթրյանների հետքերով՝ բաց անի, համակվի և օգտագործի մեր հին տաղաչափության հրաշալի հատկությունները:
II. Ըստ էության՝ մեր նոր գրականագիտությունը (Աբովյանից մինչև օրս) ունի ընդամենը երկու ինքնուրույն, միանգամայն անօրինակ, համարյա հանճարեղ դեմք, կամ անուն:—Դրանք են՝ Գևորգ Հախվերդյանը և ահավասիկ այս մոռացված գրքի հեղինակ Ավետիք Բահաթրյանը։ Երրորդը―Մ. Աբեղյանն է, բայց սա արդեն եվրոպական առումով մի (իհարկե չափազանց արժեքավոր) ուսյալ գիտնական է միայն, համեմատած վերոհիշյալների հետ, մի տքնաջան մշակ է միայն, որ եվրոպական գիտության խոփով ամենայն սիրով ու համառությամբ հերկում է հայրենի գիտության հերկը՝ կատարելով խիստ օգտակար աշխատանք, իսկ վերոհիշյալները՝ հայրենի հանճարներ են իրենց տքնության մարզում- հանճարներ, որ ավելի կռահում ու գտնում են, քան կատարում գիտական ամենօրյա տքնաջան աշխատանք, սակայն հենց սրանով էլ հանճարեղ են նրանք և ինչպես ամեն հանճար՝ անկրկնելի…
<1937>