ՆԱՄԱԿՆԵՐ
Մոսկվա, Կրեմլ, Ստալինին
Խնդրում եմ Ձեր պաշտպանությունն ու հովանավորությունը՝ ստոր և հակահեղափոխական քայքայիչ գործունեության համար պատասխանատվության ենթարկված մարդկանց պրովոկացիոն ցուցմունքներից, մինչ այդ, կուսակցականի դիրքից օգտվելով, տարիներով ինձ հետապնդող, ինչի հիման վրա, որպես հակահեղափոխական, տրոցկիստական-տեռորիստական գործունեության համար մեղադրվող, որ երկար ժամանակ զբաղվել է պայքարով՝ ընդդեմ կուսակցության և Խորհրդային իշպանության, ես ենթարկվել եմ դատական պատասխանատվության: Դա կեղծ, վայրենի մեղադրանք է՝ բխած մեղադրյալների կեղծ ցուցմունքներից, որոնք տարիներով հետապնդել են ինձ դեռևս Խանջյանի օրոք և քիչ էր մնացել ինձ հրեին դեպի անդունդը. միայն Ձեր Հայրական օգնությամբ ես փրկվեցի կործանումից: Սոսկ իմ արդարացիության հանդեպ ունեցած անսահման ներքին ազնվությունն է ինձ բարոյական իրավունք տալիս պաշտպանության համար խնդրանքով դիմել Ձեզ, որպեսզի...գործը տրվի քննության... <1937, բանտ, Ե. Չարենց>
Բանաստեղծուհի Լեյլիին
Սիրելի Լեյլի, Խիստ ցավում եմ , որ գլուխ չեկավ քո թարգմանությունը, և այս հանգամանքը վերագրում եմ քո անիմաստ երկչոտությանը: Ես առանձնապես ուզում էի, որ քո անունը վերստին շողշողար մեր գրական երկնակամարում: Այսպես թե այնպես՝ դեռ ուշ չէ և դու, եթե միայն ուզենաս աշխատել այդ ուղղությամբ, Պետհրատն ընդառաջ կգա քեզ գերազանց ուրախությամբ և պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է չարաբաստիկ հեռագրին՝ հավատացած եղիր, ո՜վ Լեյլի Մեջլումովնա, որ այդ արվել է առանց իմ գիտության, երբ ընդհանուր առումով ստուգել են պայմանագրերը և նման հեռագրեր ուղարկել բոլոր ժամկետը խախտողներին: Ինչևէ: Գևորգն ասում է, որ հեռագիրը քեզ վրա թողել է վատ տպավորություն: Իրավացի ես: Սակայն իրավացի է, իր հերթին, նաև հիմնարկը, քանզի դու կարող էիր գոնե տեղեկացնել մեզ, որ աշխատությունը կուշանա, և մենք կարող էինք ժամկետը երկարացնել: - Թողնենք սակայն այս ամենը, տանք մոռացության,- և թող թույլ տրվի ինձ երազել, որ դու այնուամենայնիվ մի գեղեցիկ օր կրկին կփայլատակես մեր գրական հորիզոնում և չես մնա քաքարաթաքույս, ինչպես մնում ես մինչև հիմա: Ընդունիր սրտագին ողջույններս, ո՜վ Լեյլի, ողջ լեր և եղիր սրտով պայծառ ու բարի: Գալու եմ Մոսկվա, թե երբ չգիտեմ, բայց գալու եմ անպայման: Եվ կխոսենք այնժամ ամեն ինչի մասին սրտառուչ և անհիշաչար: Քո՝ Ե. Չարենց 29 X, 1933, Երևան
Հովհաննես Թումանյանին
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից: Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նայիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքա՜ն իմաստուն և այնքա՜ն լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը: Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր ‹‹Հազարան բլբուլը››, որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան ‹‹շռայլ›› ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր: Նորից ու նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն, համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը: Ձեր՝ Եղիշե Չարենց Մոսկվա, 1 հունվարի, 1923
Ավետիք Իսահակյանին
Սիրելի Ավետիք․ Ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը, ընդունիր իբրև ձոն և ողջույն․ Որքան գնում․․․- այնքան խոնարհ, Այնքան անհուն և այնքան ջերմ Ես խոնարհվում եմ քո առջև Ե՛վ սեր, և՛ սիրտ, և՛ քնար։ Արդեն ցնորք է անհնար՝ Ունենալ երգ այնքան նայիվ, Որ հմայե երեխային Եվ ծերունու սրտում մնա։ Սիրտդ կարող է վեհանալ, Որ անսալով նրա սրտին՝ Երգ ես տվել ժողովրդին, Որ իր երգով անմահանա։ Ա՛խ, կուզեի ես ունենալ Գոնե մի երգ այնքան ջերմին, Որ գրեի խուղիս որմին- Եվ նա հավետ այնտեղ մնար։ Եվ սերունդներ այսպես գային, Եվ կարդային խուղիս որմին Սրտիս միակ երգը ջերմին, Եվ երգս այդ ես քեզ տայի։ Այս է, սիրելի Ավետիք։ Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում ու հոշոտում, այդ էլ թողնում եմ Ալլահին և հայ ժողովրդին։ 1937, 27.IX. բանտ, գիշեր
Տաճատ Խաչվանքյանին
Տաճատ, Խնդրում եմ, անձամբ հետևես, որպեսզի Խաչիկ Դաշտենցի գիրքը շնորհքով տպագրվի՝ կազմիր տիտուլ, տուր տառերի սիստեմ (վերնագրեր և այլն), - հետևիր լուսանցքներին, որ չափսը տեղը լինի։ Խաչիկն ասում է, որ դու գիրքը ձևավորել ես, մնում է, որ հետևես լավ տպվի. Խաչիկը լավ պոետ է և արժանի է, որ նրա գիրքը լույս տեսնի խնամքով։ Մնում է շապիկի հարցը։ Եթե Շավարշի նկարածը վատ է, նորը թող նկարի, տուր նրան ցուցմունքներ, լավ կլինի, եթե շապիկը լինի երկու գույնի և տպվի կլիշեով, որ գործը չբարդանա, կարծեմ Չոփուրը չի ուզում շապիկի խնդիրը բարդացնել. մնում է, որ դու, իբրև ելք, նկարել տաս երկու գույնի, բայց գեղեցիկ շապիկ և, եթե գործը լիտոգրաֆիայի ընկնի՝ դժվար թե Չոփուրը դեմ լինի գրքի գեղեցիկ արտաքինին։ Լիահույս եմ, որ կանես հնարավորը և կփրկես Խաչիկի գիրքը տխուր արտաքինց։ Չարենց <1934, Երևան>
Բորիս Պաստեռնակին
Չարենցի տողացի թարգմանությունների միջոցով թարգմանել է «Գանգրահեր տղան» Չարենցի ու Պաստեռնակի հանդիպումը եղել է Սովետական գրողների առաջին համագումարի առթիվ Գորկու ամառանոցում կազմակերպած խնջույքին։ Պաստեռնակը նրա մասին ասել է. «Չարենցը քայլում էր կռացած, քայլելիս նման էր լարված աղեղի, և զգում էիր, որ ինչքան լարվում է ու ձգվում, այնքան հեռուն է թռչելու»։ (Նամակը թարգմանված է ռուսերենից) Ընկ. Պաստեռնակ Խնդրում եմ ինձ ներեք, որ ձեռագիրը անմաքուր է. Ընկ. Նեմչինովը ինձ այնպես էր շտապեցնում, որ ես չհասցրեցի արտագրել կամ տալ մեքենագրելու: Այնուամենայնիվ, ինձ թվում է ձեռագիրը պարզ է, թեկուզև այնքան, որ կարելի լինի ծանոթանալ գրվածքների բովանդակությանը: Իսկ ձեռագրի փնթիության համար խոնարհաբար խնդրում եմ ներել: <1935>
Հարություն Սուրխաթյանին
Գտնվում եմ արտասահմանում: Պետք է շեշտեմ, որ արտասահման ասածդ այնպիսի մի բան է, որի նմանը մենք չենք տեսել անգամ մինչհեղափոխական Ռուսաստանում՝ ոսկեփոր բուրժուայի սանձարձակ թագավորություն, որ հասել է իր տեսակի կատարելության։ Պատկերացրեք ամեն տեսակի իրեր, իրեր, իրեր—սքանչելի օթելներ, վիտրիններ, թատրոններ, խանութներ, մանեկեններ, կիներ, լակեյներ, ժուռնալիստներ, քահանաներ, մոլլաներ, դիպլոմատներ, գրողներ, թերթեր, ղրքեր, օթոներ, անասուններ—ու այս ամենի վրա նստած ճարպավիզ մեկը, որ իշխում է, լափում ու տիրապետում: Եվ այդ բոլորը քծնում են նրան, իրենց գերագույն տիրոջը՝ տիեզերական բուրժուային, որ նստում է շքեղ օթելներում, ուտում է ուստրից ու պարում ֆոկստրոտ: Սա, իհարկե, առաջին ընդհանուր տպավորությունն է, որից շշմում է մարդ, բայց հետզհետե սովորում է աչքը, եւ մարդ սկսում է ավելի սառը նայել ու տեսնել այս պատկերի զանազան կողմերը։ Նախ եւ առաջ հիացմունք է առաջացնում նյութական կուլտուբայի այն բարձր մակարդակը, որի հանդեպ մեր երկիրը դեռ նահապետական է, համարյա նահապետական։ Հարկավոր է սառը սրտով խոստովանել, որ այսօրվա այդ հաստասնդուկ դեգեներատը, այդ համաշխարհային բուրժուան հարյուրավոր տարիների իր տիրապետության ընթացքում կարողացել է կազմակերպել նյութական այնպիսի մի կուլտուրա, որ եթե նրա արանքից մենք այսօր կարողանայինք հանել այլեւս պարազիտ դարձած այդ անասունին,— կյանքը դրախտ կդառնար: Մեծ, վիթխարի, նյութական ահռելի կուլտուրա է կուտակվել այստեղ, Եվրոպայում: Մարդ շշմում է նրա փայլից ու հարմարություններից, բայց երբ տեսնում է, երբ ֆիզիկապես շոշափում է, որ այդ բոլոր բարիքներից դեռեւս օգտվում է միմիայն դեգեներացիայի հասած, այդ կուլտուրայի առաջաղիմությունը կասեցնող բուրժույը—նա առնվազն... կոմունիստ է դառնում, եթե դեռ չէր... Կոմունիստ— գիտե՞ք ինչ հպարտ զգացմունք է առաջանում իմ մեջ այն մտքից, որ ես կոմունիստ եմ, բոլշեւիկ, Լենինական կազմակերպության անդամ: Այսինքն մի «բան», որի անունը միայն սարսափի է մատնում այստեղ ամեն մի բարեկիրթ բուրժուայի: Այնպիսի մի զարհուրանք, անասնական վախ կա այստեղ բոլշեւիզմի հանդեպ, որ անհնարին է նկարագրել։ Համարյա ամեն մի քայլում այստեղ զգացվում է բոլշեւիզմի ներկայությունը, եւ կա արդեն ոչ թե «ուրվական» է, այլ ահռելի (բուրժուտների համար, իհարկե) մի իրականություն, որ շարժվում է եւ կուտակվում, որպես հալած երկաթի հեղեղ, որպեսզի սրբե աշխարհի երեսից տիեզերական ձրիակերին, այսօրվա դեռ հղփացող բուրժուային: Եվ նա զգում է այս, բնազդով զգում է մահվան մոտալուտ վայրկյանը, բայց չի ուզում հավատալ դրան ու մահամերձի վերջին հուսով գործի է դնում զանազան չեմբեռլինների ու մուսոլինների, որոնք դժվար թե կարողանան նրան փրկել: 1925