Ամսիս 23-ին, երեկոյան ժամը 9–ին, Մոսկվայում վախճանվել է մեր մեծագույն բանաստեղծը—Հով. Թումանյանը։
Չի կարող լինել և ո′չ մի սիրտ, որ խորին դառնությամբ ու թախիծով չարձագանքե այս մահաբոթ գույժին, և ի՞նչպես կարող է այդպես չարձագանքել, երբ չկա մեզանում և ո´չ մի գրագետ, որ մայրենի լեզուն սովորած չլինի Հով. Թումանյանի բանաստեղծություննեից։
Սերունդնե´ր են կրթվել մեր մեծ պոետի գործերով– և այդ գործերից շատ-շատերը այսօր և վաղը կրթելու են նորանոր սերունդներ։ Որովհետև Հով. Թումանյանն է հնչեցրել ընչազուրկ աշխատավորության, չքավոր գյուղացու առաջին երգը—«Արի գութանը». չքավոր գյուղացու, աշխատավորի սրտից է խմել մեր մեծ պոետը իր դառն ու տխուր երգերը։
Հնի, նահապետական անցյալի մութ ու մռայլ իրականության պատկերողն էր Հով. Թումանյանը, այն իրականության, որ արդեն սահել է հավիտենության գիրկը։ Եվ որքան մութն ու աղետաբեր էր այդ աշխարհը աշխատավորի համար—այնքան էլ տխուր ու վշտալի էին մեր մեծ պոետի երկերը։
Աշխատավորության դասի գոյության թարգմանը լինելով հանդերձ` Հով. Թումանյանը իր գեղարվեստական բարձրարժեք երկերում հասցրել է մեր լեզուն անտեսանելի ճկունության, հաղորդել է նրան առնություն և ուժ, միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին։ Մեր մեծ պոետի մահով մեռնում է վերջին մոհիկանը մեր ժողովրդական առույգ ու հյութալի բարբառի—և մեր գալիք գրականությունը շատ բան ունի վերցնելու Հով. Թումանյանի գանձարանից։
Հանգիստ վաստակած աճյունիդ, աշխատավորի վշտի երգիչ և մայրենի լեզվի մեծագույն վարպետ։ Հայաստանի աշխատավորությունը վառ կպահե քո պայծառ հիշատակը իր սրտում և շնորհակալություն կհայտնե քո ապրած դժվար աշխարհից իրեն ուղղած իմաստուն պատգամի համար.
Ապրե´ք, երեխեք,
Բայց մեզ պես չապրեք։