(Դասատուներին)
Մայրենի լեզվի նկատմամբ բարձր տիպի (V—VII) դպրոցի նպատակներից են՝ բացի զուտ լեզվական ունակությունների (գրավոր և բանավոր) զարգացումից՝ տեղեկություններ տալ աշակերտներին XIX և XX դարի գրականության մասին՝ տվյալ ժամանակաշրջանի հեղինակների այնպիսի գրվածքների միջոցով, որոնք՝ ա) մատչելի են տվյալ տարիքին, բ) զուրկ չեն գեղարվեստական արժեքից, գ) բնորոշում են տվյալ հեղինակի սոցիալական դեմքը և գրական առանձնահատկությունները:
Գրականության ուսուցման հիմնական մեթոդն է մարքսիստական սոցիոլոգիական մոտեցումը, որ հնարավորություն է տալիս պարզել գրական երկերի թե՛ սոցիալական պայմանականությունն ու արժեքը և թե՛ զրական-գեղարվեստական առանձնահատկությունները: Այս տեսակետից VI խմբակը միայն նախապատրաստական նյութ է տրամադրելու հետագա աշխատանքների համար:
Պարզ է, որ այժմյան դպրոցն իր ակտիվ մեթոդներով աշխատանքի գրքի պահանջն է առաջադրում, սակայն, մյուս կողմից, աշակերտներին անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ տվյալ շրջանի հեղինակների համապատասխան գրվածքները. այս իսկ պատճառով ներկա գիրքն իր մեջ երկուստեք ամփոփելու է այս նպատակները՝ հանդիսանալով թե՛ իբրև աշխատանքի գիրք և թե՛ գրական քրեստոմատիա։
Տվյալ դասընթացը կազմված է ըստ Պետգիտխորհի ծրագրերի և ընդգրկում է հետևյալ հիմնական թեմաները.—
- Նոր կենցաղը ժամանակակից հեղինակների գրվածքներում:
- Քաղաքային բուրժուազիան XIX դարի վերջի և XX դարի առաջին քառորդի հեղինակների գրվածքներում:
- Գյուղացիությունը միևնույն ժամանակաշրջանի հեղինակների գրվածքներում:
- Բանվոր դասակարգը և նրա պայքարի առաջին քայլերը միևնույն ժամանակաշրջանի հեղինակների գրվածքներում:
Ելակետ ընդունելով այս ծրագիրը՝ նյութերի ընտրությունը կատարված է այնպես, որպեսզի ընտրված նյութերը համապատասխանեն վերոհիշյալ հիմնական նկատառումներին, այն է՝ ա) մատչելի լինեն տվյալ տարիքին, բ) զուրկ չլինեն գեղարվեստական արժեքից, գ) բնորոշեն տվյալ հեղինակին գրական-հասարակական տեսակետից և դ) նյութի ամբողջ շարքը (ցիկլը) որոշ գաղափար տա հայ գրականության զարգացման որոշ էտապի մասին: Պարզ է, որ այս վերջին կետի մասին VI խմբակին տրվելու են միմիայն համառոտ, ոչ սիստեմատիկ, ընդհանուր տեղեկություններ՝ գրականության ղարգացման սիստեմատիկ դասընթացը թողնելով ավելի բարձր դասարաններին, իսկ լիակատար դասընթացը բարձրագույն դպրոցին։
Նյութի ընտրության ժամանակ առանձնապես ուշադրություն է դարձված այն հանգամանքի վրա, որպեսզի առանձին հեղինակներից չվերցվեն նյութեր, որոնք թեպետև վերաբերում են գրքի հիմնական թեմաներին, բայց բնորոշ չեն տվյալ հեղինակի համար ընդհանրապես (օրինակ, Ահարոնյանի պատմվածքները բանվորի կյանքից), և կարող են սխալ գաղափար տալ աշակերտին հեղինակների գրական-հասարակական դեմքի մասին:
Երկերի գրական-հասարակական վերլուծությունը դյուրացնելու նպատակով հոդվածների վերջում զետեղված են հարցեր, որոնք դասատուի համար ծառայելու են իբրև թեզիսներ՝ տվյալ երկը բացատրելիս: Հարցերի առաջին խումբը վերաբերում է գրվածքների բովանդակությանը, այսինքն հասարակական արժեքին, իսկ երկրորդ խումբը՝ գեղարվեստական առանձնահատկություններին, ըստ որում այս վերջին խմբի հարցերին պատասխանելիս դասատուն պետք է տա տարրական տեղեկություններ գրական սեռերի, հեղինակների ոճային առանձնահատկությունների, տաղաչափական որոշ կանոնների և լեզվի մասին։ Հարցերի երկրորդ խումբը տրված է ցիկլերի վերջում. այս հարցերի նպատակն է՝ անցած նյութերի համեմատության միջոցով հանգել գրական-հասարակական ամփոփումների:
Ինչպես հայտնի է՝ սույն դասագիրքն սկզբում ծրագրված է եղել և նրա առաջին հրատարակությունը լույս է տեսել իբրև միմիայն հայ գրականության դասընթաց, առանց թարգմանական նյութերի, որոնք լույս են տեսել չորս պրակներով, առանձին-առանձին: Փորձը ցույց տվեց, որ դա աննպատակահարմար էր գերազանցապես այն պատճառով, որ աշակերտն ստիպված էր գնել գրականության… հինգ դասագիրք,— մի հանգամանք, որ շատերին անմատչելի էր դարձնում այդ դասագրքերը: Սակայն երբ, հարկադրված, այս տարի մենք ձեռնամուխ եղանք միացյալ դասագիրք կազմելու գործին՝ իսկույն աչքի զարկեց այս երկրորդ տիպի դասագրքերի բոլոր բացասական կողմերը: Դրանցից ամենագլխավորն այն է, որ անհնարին է մի դասագրքի մեջ տալ գոնե մինիմումը՝ ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ եվրոպական գրականության նմուշներից: Եթե նույնիսկ յուրաքանչյուր բաժնում զետեղելու լինենք մի-մի նյութ ռուսականից, վրացականից, ադրբեջանյանից և եվրոպականից-սա արդեն կկազմի համարյա մի դասագիրք… Ուստի և մենք թարգմանական նյութերը զետեղել ենք բաժիններում ո՛չ թե ելնելով հավասարապես բոլոր գրականություններից նմուշներ տալու սկզբունքից, այլ այս կամ այն գրականությունից ա՛յն նյութը զետեղելու, որն անհրաժեշտ է տվյալ բաժինը այս կամ այն թեմայով լրացնելու համար: Օրինակ, հին գյուղը պատկերող բաժնում վրացերենից մենք զետեղել ենք երեք նյութ, ի նկատի ունենալով, որ դրանցից երկուսում շատ ցայտուն կերպով դրսևորված է չքավոր գյուղացիության հեղափոխական պայքարն ընդդեմ կալվածատերերի և ցարական իշխանության, մի թեմա, որ համարյա իր արտացոլումը չի գտել մեր գրականության մեջ: Եվ այսպես՝ բոլոր բաժիններում:
Ավելորդ չի շեշտել նաև այն, որ լեզվի, տաղաչափության և գրական այլ ֆորմալ խնդիրներ պարզաբանելիս, դասատուները պետք է օգտվեն անպայման ինքնուրույն նյութերից,—ահա այս հանգամանքն ի նկատի ունենալով է, որ կազմողն այդօրինակ հարցերը զետեղել է միմիայն ինքնուրույն նյութերից հետո: