1. Մեր մանկական գրականության, որի 80%-ը թարգմանական է, հիմնական թերին այն է, որ չափազանց ետ է մնում վերակառուցման շրջանի տեմպերից, համարյա չի շոշափում վերակառուցման շրջանի թեմատիկան: Ինքնուրույն գրականությունը մեծ մասամբ կրում է իր վրա «Հասկերի» և «Աղբյուր-Տարազի» կնիքը, որ ոչ միայն ձևական է, այլև հաճախ գաղափարախոսական (ապոլիտիկ «բնագիտական» թեմատիկա, լիբերալ «հումանիստական» մոտեցում շոշափված սոցիալական խնդիրներին, կարմիր «սոցիալիստական» խալտուրա, որ հրամցվում է «Հասկեր»-ի ոտանավորների 7—8 վանկանոց սիլաբիկ տաղաչափությամբ և այլն):
Այս ամենի պատճառն այն է, որ մանկական գրականության ասպարեզում մինչև օրս հիմնականում աշխատում են մարդիկ, որոնց մանկագրական ստաժը գալիս է «Հասկերից» և «Աղբյուր-Տարազից»:
Սրա ամենալավ ապացույցը «Հոկտեմբերիկ»-ի 30-31թթ. համարներն են, որոնցից յուրաքանչյուրը լիքն է նախահեղափոխական «մանկագրության» անգերազանցելի նմուշներով: Առհասարակ պետք է ասել, որ «Հասկերի» ոգին մինչև օրս սավառնում է «Հոկտեմբերիկի» էջերում:
2. Մեր մանկական գրականության մեջ արմատական բեկում մտցնելու միակ միջոցը անվերապահ կերպով կուրս վերցնելն է դեպի պրոլետգրողները, երիտպրոլետգրողները, պատկորները։ Պետք է ձեռք առնել բոլոր միջոցները, որպեսզի գրական այս կադրերը ներգրավվեն մանկական գրականության ասպարեզը, Պետհրատի մանկական գրականության ասպարեզը։ Պետհրատի մանկական գրականության բաժնի վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ սա միանգամայն հնարավոր է և, եթե մինչև օրս չի արված՝ մեղավորը ոչ թե «օբյեկտիվ» պատճառներն են, այլ միայն և միայն համապատասխան հիմնարկում բուն դրած ինքնահոսը:
3. Բացակայում է լույս տեսնող մանկական գրականության ամենօրյա, սիստեմատիկ քննադատությունը: Զարմանալի է, որ մինչև օրս ոչ «Պիոներ կանչը» և ոչ էլ «Հոկտեմբերիկը» չունեն մշտական քննադատական բաժիններ, ուր պատկորները և հոկտեմբերիկները սիստեմատիկ կերպով արտահայտվել կարողանային լույս տեսած գրքերի մասին:
Մինչև օրս չեն կազմակերպված մանուկ-ընթերցողների կոնֆերանսներ, այնինչ դա պետք է լիներ լույս տեսնող մանկական գրականության քննության հիմնական առօրյա ձևերից մեկը։
Շատ քիչ բան է անում մանկական գրականության սիստեմատիկ քննադատության ասպարեզում նաև «Ավանգարդը», որը այս գործում պետք է կատարեր ղեկավար դեր:
4. Իմ վերջին զեկուցման ժամանակ (պիոներ տանը), հայտնի դարձավ մի զարմանալի հանգամանք ևս. աուդիտորիան 80 տոկոսով կազմում էր պիոներ ակտիվը. պարզվեց, որ ներկա գտնվողների ճնշող մեծամասնությունը չի կարդացել մեր լույս ընծայած մանկական գրականությունը: Հետաքրքիր է պարզել պատճառները, եթե պիոներները չեն կարդում մեր մանկական գրքույկները — ապա ի՞նչ են կարդում նրանք:
5. Չափազանց վատ է մեր մանկական գրականության լեզուն։ Չեն պահպանվում քերականական տարրական օրենքները. ոճի մասին ավելորդ է խոսել:
Այս ասպարեզում ևս «առաջնության» դրոշը պատկանում է «Հոկտեմբերիկին», որի համարներում զետեղված նյութերը լիքն են գռեհկաբանություններով, ոճային խալտուրայով, քերականական տարրական սխալներով և այլն:
6. Անհրապույր են մեր մանկական գրականության նկարները. և ընդհանրապես թե՛ «Հոկտեմբերիկի» և թե՛ առանձին գրքույկների արտաքին ձևավորումը:
Այս ասպարեզում շատ անելիք ունեն մեր պրոլետ. և հեղափոխական նկարիչները:
7. Ինքս ոչինչ չեմ գրել և ոչինչ չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում եմ լուրջ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ: Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից՝ կփորձեմ գրել:
8. Վերջում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ես այստեղ բնավ հավակնություն չեմ ունեցել շոշափելու մանկական գրականության վերաբերյալ բոլոր խնդիրները: Պատասխանելով «Պ. կանչի» անկետային՝ ես այստեղ նշել եմ մի քանի հիմնական խնդիրներ միայն, իսկ մանկական գրականության մյուս ոչ պակաս կարևոր թերիների մասին ես բազմիցս զեկուցել եմ գրողների տանը և վերջին անգամ՝ պիոներ-ակումբում: