Չարենցի ձեռագրերի «վերադարձը»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ հանդես եկավ «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Նախաձեռնության մեկնարկը տրվեց թանգարանի օրհնման արարողությամբ, որից հետո կազմակերպվեց այց Եղիշե Չարենցի հուշարձան` խնկարկելու և հարգանքի տուրք մատուցելու պոետի հիշատակին։

Միջոցառման ընթացքում բանաստեղծի թոռնուհին` Գոհար Չարենցը, ընտանիքի հավաքածուում պահվող 15 ձեռագիր նվիրեց տուն-թանգարանին։ Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, երախտիքի խոսք հղելով Չարենց ընտանիքին, խնդրանք-կոչով դիմեց իրենց անձնական հավաքածուներում չարենցյան ձեռագրեր, պատառիկներ, կրկնօրինակներ պահող անհատներին՝ հետևելու բանաստեղծի թոռնուհու օրինակին:

Օրվա գեղարվեստական հատվածում ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը ընթերցեց «Իմ լերան աղոթքը» պոեմից մի հատված։ Երաժշտական կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային քառյակը: