ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Եղիշե Չարենցի հոբելայանական 125-ամյակին նվիրված երաժշտաթատերական երեկո։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան) ընթերցմամբ հնչեցին Եղիշե Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները։
Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված երեկոն ավարտվել է «մերօրյա աղոթք»-ով՝ «Ես իմ անուշ Հայսատանի» բանաստեղծությամբ, որը հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը։
Նախագծի ռեժիսոր և կոմպոզիցիայի հեղինակ՝ Արամ Սուքիասյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան
Երաժշտաթատերական ներկայացումը հետագայում շարունակեց ընդլայնել իր սահմանները դեպի Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Վաղարշապատ։
«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է․ ամփոփում է հայության և´ հոռետեսությունը, և´ հայրենասիրական վերելքները, և´ բառ ու բանը՝ բառիս ամենաբարձր իմաստով։ Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։