2022 թվականի նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան էր, որի շրջանակում էլ իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մեծ կարևորություն ներկայացնող «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովը։ Հատկանշական է, որ Չարենցին նվիրված հոբելյանական ծրագիրը եզրափակվել է կարևոր նախաձեռնությամբ՝ բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ, և դրան հաջորդող միջոցառումներով։
«Այսօր բացվում է Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը, որը տեղադրվում է այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրել է Չարենցն իր կյանքի երկու տարիներին։ Նա Երևան է եկել 1919 թվականի խոր աշնանը․ ապրել է տարբեր տներում, երբեմն ուղղակի զբաղեցրել է սենյակի մի անկյուն, տարիներ շարունակ բնակվել է նախկին «Ինտուրիստ» հյուրանոցում։ Մի օր այստեղով անցնելիս տեսնում է կարմիր տուֆից կառուցվող շենքը և խնդրում, որ իրեն այդ շենքից բնակարան հատկացնեն։ Աղասի Խանջյանի կարգադրությամբ՝ այս շենքի 3-րդ հարկի թիվ 12 բնակարանը տրվել է բանաստեղծին։ Ըստ Արփենիկ Չարենցի՝ այս տանն են ծնվել Չարենցի հայտնի «Նավզիկե», «Աղասի Խանջյանին», «Հերոսի հարսանիքը» ստեղծագործությունները»,- նշել է թանգարանի տնօրենը։

1954-ից հետո ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թվականին Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը, որի նախագահն էր Անտոն Քոչինյանը, որոշել է Չարենցի տունը վերածել հուշային բնակարանի։ Մինչև 1975 թվականը հուշային բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթեր։ 1975 թվականին մեմորիալ բնակարանը պատրաստ էր՝ այցելուներ ընդունելու։ Հենց այդ շրջանում այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել։

Նոր հուշատախտակի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։ Հեղինակի ստեղծագործական մտահաղացման հիմքում ընկած է Չարենցի՝ դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերքը ձգտելու գաղափարը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ Չարենցը՝ որպես արևի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ, մեր աշնան մեջ շատ արև ու լույս է բերել։ «Հոբելյանական միջոցառումների ընթացում բազմիցս խոսել եմ նրա դերի, նշանակության մասին, մեր օրերում նրա կերպարի, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին»,- ընդգծել է նա։