
«Չարենցն ու իր ժամանակաշրջանը» հանրապետական գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին
Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբողյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն իրականացվել է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը։
Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ընգծել, որ հոբելյանական միջոցառումների համատեքստում կարևորվում է այս գիտաժողովը, և այն պետք է դառնա լուրջ առիթ՝ վերաիմաստավորելու Չարենցի գրական ժառանգությունը։
Արա Խզմալյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի բոլոր անդամները համակարծիք էին մի կետում․ Չարենցի հոբելյանը չի կարող նշվել որպես զուտ հոբելյանական հանդիսություն։
«Չարենցը ուղերձ է մեզ համար, և հոբելյանական բոլոր միջոցառումները պետք է ունենային հանրային ուղերձ։ Չարենցը մեր հոգևոր պատմության այն դեմքերից է, որն ավելին էր, քան պոետը։ Նա մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ։ Ինչպես ասում են, նա ավելին է, քան պոետը, և նրա ստեղծագործական ժառանգությունն ավելին է, քան արվեստը։ Չարենցն իր գործերում խտացրել է մեր ազգի տագնապները, մտահոգությունները, փակուղիները, բայց և խոսել է մեր նվիրական զգացումների՝ հայրենասիրական մտահաղացումների մասին։ Նրա՝ «Ես իմ անուշ Հայաստանի» չգերազանցված գլուխգործոցն այդ ապացուըցներից մեկ է։ Հիմա Չարենց ընթերցելու, վերընթերցելու ամենապատեհ ժամանակներն են»,- շեշտել է Արա Խզմալյանը։
«Չարենցի երբեմնի շատ մռայլ, հոռետեսական գործերում անգամ կա ուժ, կա պետության քաղաքացի, որն ամուր կանգնած է մեր հողի վրա։ Եթե մենք ուզում ենք ճանաչել մեր արատները, մեր առանձնահատկությունները, մեր թռիչքներն ու մեր ուժը, պետք է անընդհատ կապի մեջ լինենք Եղիշե Չարենցի հետ»,- եզրափակել է նախարարի տեղակալը։
Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի համոզմամբ՝ բանաստեղծական աշխարհը ստեղծել են տաղանդները, սակայն նրանց միշտ առաջնորդել են հանճարները, որոնցից մեկը Եղիշե Չարենցն է։
«Նրա բանաստեղծական աշխարհում զգում ենք, թե որքան խորն է Չարենցի մտածելակերպը, որքան ազդեցիկ և հիմնավոր են այն գաղափարները, որոնք արտահայտել է իր երկերում։ Չարենցը նորարար է թե´ բովանդակային առումով, թե´ ոճական և հատկապես բառերի ընտրության հարցում։ Անգամ բարբառային որոշ բառեր, որոնք օգտագործում է իր գործերում, տեղին են ու անվիճելի»,- շեշտել է Սուվարյանն ու հիշեցրել, որ Չարենցն իր ստեղծագործություններով հիմնականում անդրադառնում է հայրենիքի, հայրենասիրության, կյանքի և աշխարհի հավիտականության, սիրո թեմաներին, որոնք հավերժական են։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում հանդես է եկել բազմաժանր միջոցառումներով, որոնք նախատեսված են եղել թիրախային տարբեր լսարանների համար, սակայն տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն առանցքային նշանակություն է տալիս եռօրյա գիտական նստաշրջանին։
Եռօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել գիտնականներ, Երևանի պետական համալսարանի նորավարտ շրջանավարտներ։ Ներկայացվել են Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկույցներ, որոնք կարող են նոր լույս սփռել նրա թողած հսկայական գրական ժառանգության վրա։
Գիտաժողովի երկրորդ նիսստը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, երրորդ նիստը՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
Ներկայացված զեկույցները հրատարակվել են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի ժողովածուում։