Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակի առթիվ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Ավանդույթի համաձայն Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը, Երևանի Եղիշե Չարենցի անվան N67 հիմնական դպրոցը և մի խումբ չարենցասերներ այցելեցին Եղիշե Չարենցի հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին բանաստեղծի հիշատակին:
Այնուհետև տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենց-նամե» պոեմի երկլեզու (հայերեն-պարսկերեն) հրատարակության շնորհանդեսը: Ելույթով հանդես եկան հրատարակության հեղինակներ Ժաննա Մանուկյանը, Անուշ Թասալյանը և Ժորժ Աբրահամյանը:
Միաժամանակ թանգարանում գործող «Լուռ ներկեր. Ռեգինա Ղազարյան՝ հիշողության պահապան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում առաջին անգամ ցուցադրվեց բացառիկ նմուշ՝ Չարենցի չգրված թղթերի տետրակը, որը 1937թ. Չարենցի ձեռագրերի հետ միասին փրկել էր Ռեգինա Ղազարյանը։