2025 թվականի դեկտեմբերի 19-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Չարենցի «Երկերի ժողովածու»-ի ակադեմիական նոր՝ 13-հատորյա հրատարակության 2-րդ հատորի շնորհանդեսը։
Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առիթով և իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի և «Անտարես» հրատարակչության միջև կնքված հուշագրի շրջանակում։
Միջոցառումը մարդաշատ էր: Բացման խոսքով հանդես եկավ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մեծապես նպաստել են այս ծրագրի ընթացքին և հույս հայտնեց, որ մնացած հատորները թերևս կհրատարակվեն առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը իր խոսքում անդրադարձավ գրքի կազմման մասնագիտական նրբություններին՝ ընդգծելով հատկապես կատարված աշխատանքի բովանդակային, գաղափարական և գիտական առանձնահատկությունները, գիտականորեն ճշգրիտ ներկայացման հանգամանքը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն իր ելույթում հատկապես ընդգծեց Եղիշե Չարենցի գրավոր ժառանգության պահպանման բացառիկ կարևորությունը՝ այն դիտարկելով որպես ազգային մշակութային հիշողության անբաժանելի մաս։ Նրա խոսքով՝ Չարենցի տեքստային շերտերի գիտական պահպանումն ու ամբողջական հրատարակումը երաշխավորում են ոչ միայն գրական ժառանգության շարունակականությունը, այլև հետագա հետազոտությունների հավաստի հիմքը։
Միջոցառումն անցավ չարենցյան ոգով, տաք ու ջերմ մթնոլորտում: Այն մեկ անգամ ևս փաստեց, որ Չարենցի գրավոր ժառանգությունն ու «ժամանակի շունչը» անխզելիորեն կապված է ներկայի և ապագայի ընթացքին: Նրա ստեղծագործություններում հնչող հարցերը շարունակում են մնալ մեր հասարակական և մտավոր օրակարգի կենտրոնում։ Չարենցի ստեղծագործությունը չի տալիս մարդուն, հասարակությանն ու սերունդներին հուզող հարցերի պատասխանները: Այն հորդորում է մտածել, կասկածել, վերաիմաստավորել։ Սա է թերևս, որ նրան դարձնում է դասական և ժամանակակից յուրաքանչյուր սերնդի համար։
Եղիշե Չարենցի ակադեմիական 13-հատորյա հրատարակությունը հուշում է, որ նրա գրական խոսքը շարունակական, հարահոս ընթացք է՝ բոլոր ժամանակների գաղափարական առանցքներից մեկը։ Դա այն նույն սկզբունքն է, որի մասին խորհում էր հենց ինքը՝ Չարենցը՝ գրականության ու գրողի առաքելությունը կապելով յուրաքանչյուր ժամանակի հետ. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»։
Չարենցի «Երկերի ժողովածու»-ի ակադեմիական նոր՝ 13-հատորյա հրատարակության 2-րդ հատորի շնորհանդեսը