Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և  Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի գործակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անցկացվել է գրական-երաժշտական միջոցառում։

 «Բառի և մեղեդու երկխոսություն» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  հայտարարված ընթերցանության տարվա շրջանակում և Թարգմանչած տոնին նվիրված, որն այս տարի նշվելու է հոկտեմբերի 10-ին։

Միջոցառմանը հնչել են տարբեր երաժշտական համարներ, արտասանվել Եղիշե Չարենցի ստեղծագործությունները՝ թարգմանված տարբեր լեզուներով։ Հատուկ անդրադարձ է կատարվել Չարենցի ստեղծագործությունների թարգմանություններին, քանի որ Չարենցը  1928-1935 թթ․ աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում՝ սկզբում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա՝ որպես գլխավոր խմբագիր և այդ տարիներին ծավալել է նաև թարգմանչական գործունեություն։

Միջոցառումը միավորել է գրականությունը և երաժշտությունը՝ ստեղծելով Չարենցի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հետաքրքիր և բովանդակալից միջավայր։