Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ թանգարանում անցկացվեց «Չարենցյան ընթերցումներ․ հայերեն-լեհերեն» խորագրով միջոցառումը՝ նվիրված Թարգմանչաց տոնին։

Միջոցառման ընթացքում լեհ բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրականագետ Կալինա Իզաբելա Զիոլան ընթերցեց Եղիշե Չարենցի ստեղծագործություններից, որոնք ամփոփված են «Լուսամփոփի պես աղջիկ» հայերեն-լեհերեն գրքում։ Գրքում տեղ են գտել Չարենցի՝ լեհերեն թարգմանված «Ծիածան», «Սոմա», «Հայրենիքում» և այլ ստեղծագործություններ։

Կալինա Իզաբելա Զիոլան 21 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել են շուրջ 30 լեզուներով։ Լինելով Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ՝ նա նշանակալի ավանդ ունի հայ գրականության հանրահռչակման գործում՝ լեհերեն թարգմանելով հայ դասական և ժամանակակից գրողների բազմաթիվ ստեղծագործություններ։

Միջոցառումը վերածվեց հայ-լեհական մշակութային երկխոսության ջերմ ու հուզիչ հանդիպման, որտեղ Չարենցի պոեզիան հնչեց երկու լեզուներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրականության՝ ժողովուրդներին միավորելու ուժը։