Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Այն իրականացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը ծանոթացավ հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող տարբեր ընծայագրերով գիրք-մասունքներին՝ հաղորդակից դառնալով նրանց բարեկամությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև գրքի մշակույթի բացառիկ դերին:
Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը հիմնականում փակ է այցելուների համար:
Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Խոսելով Գիրք նվիրելու օրվա մասին՝ նախարար Վ. Դումանյանը նշեց. «Ուզում եմ՝ մարդիկ կարողանան հաղորդակցվել այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանն ու Չարենցը և այլ մեծեր: Դա կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելքի»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հայաստանյան այլ թանգարաններում և գրադարաններում ևս այդ օրը կազմակերպվեցին տարաբնույթ ցուցադրություններ և միջոցառումներ՝ նվիրված հայ մեծ պոետի և մտածողի ծննդյան 125-ամյա հոբելյանին: