Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը:
Առաջին հատորը ընդգրկում է գրողի 1912-1922 թվականների ստեղծագործություները։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Միջոցառումը մեկնարկել է «ԱՐԱՐ» երգչախմբի կատարումներով (Եղիշե Չարենց` «Ես իմ անուշ Հայաստանի», «Աշնանային», երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի)»: Ցուցադրվել է «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության 1-ին հատորի ստեղծագործական աշխատանքների մասին պատմող ֆիլմը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է բոլորին գրքի լույսընծայման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել դրա ստեղծման գործում իրենց անգնահատելի դերակատարումն ունեցող անձանց և կազմակերպություններին՝ Եղիշե Չարենցի տուն թանգարանին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին, «Անտարես» հրատարակչությանը, գրքի խմբագրական խորհրդի անդամներին:
«Անչափ կարևորում եմ, որ այս աշխատանքը նախաձեռնվեց և իրականացվեց համատեղությամբ ու գործակցությամբ՝ պետության, մասնավոր հատվածի, մտավորականների հետ համատեղ ջանքերով: Նման համագործակցություններն են, որ ցույց են տալիս նաև աշխատանքի որակը: Չարենցն այն բացառիկ մեծություններից է, որի հանդեպ յուրաքանչյուրս որոշակի անձնական առնչություն և հարաբերություն ունենք: Այստեղ շատ լավ հնչեց, որ պետք է կարդալ Չարենց, հասկանալ, որովհետև իրականում շատ տարբեր կարող են լինել այդ ընթերցումներն ու ընկալումները, և թերևս դրա մեջ են Չարենցի մեծությունն ու հանճարը: Անձնական առնչությունը մի կողմից շատ մոտեցնում է Չարենցին, մյուս կողմից լրացուցիչ աշխատանք է պահանջում նրան հասկանալու համար: Կարծում եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» բառերի մեջ բազմաթիվ են այն շերտերը, որ մենք կարող ենք բացահայտել նորից ու նորից, բազմաթիվ են այն շերտերը, որ մենք պետք է բացահայտենք այս հատորն ընթերցելիս: Առաջին հատորով արդեն սահմանվել է բարձր նշաձողը, և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ հատորների լույսընծայմանը: Վստահ եմ, որ ամեն հատորի հետ նորովի ենք բացահայտելու Չարենցին և մեր հարաբերությունը Չարենցի հետ»,- նշել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և իրականացնում են այս կարևոր գործը»:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը իր խոսքում նշեց. «Տուն-թանգարանի հիմնական առաքելությունը Չարենցի գրական ժառագության պահպանումն ու հանրայնացումն է։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Չարենցի «Երկերի ժողովածու»-ի այս և հետագայում հրատարակվելիք հատորները ևս կդառնան գրողի գրական ժառանգությունը ներկայացնող համապարփակ սկզբնաղբյուրներ:
Ակադեմիական այս նոր հրատարակությամբ կարծես հիմք է դրվում նոր՝ այլընտրանքային գիրք-թանգարանի ստեղծմանը»։
«Ամանորին ընդառաջ այս գիրքը կդառնա չարենցասեր հանրույթի անբաժան ուղեկիցը: Իսկ տարեվերջյան այս միջոցառմամբ մենք ամփոփում ենք «Չարենց ընթերցելու տարի»-ն, որը գրողի 125-ամյա հոբելյանի խորհրդանշական շարունակությունն էր: Գրողի 125-ամյա հոբելյանի ավարտը ազդարարում է տուն-թանգարանի հիմնադրման 60 (2024 թ.) և բացման 50-ամյա (2025 թ.) հոբելյանների սկիզբը»:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնությանն աջակցելու համար պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի «Եղիշե Չարենց» հուշամեդալով: Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական և գնահատանքի խոսքով հանդես են եկել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Միջոցառումն ավարտվեց հատորյակին նվիրված գինեձոնով (կոնյակաձոն)։
Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը հիմնարար և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է գիտական, ակադեմիական համայնքի, մասնավորապես՝ չարենցագետների և չարենցասերների համար: