2022 թվականի մարտի 13-ին տրվեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Չարենցյան տարվա միջոցառումները սկսվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տիկին Աննա Հակոբյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան այցելությամբ:

Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը մեծարգո հյուրերին ներկայացրեց բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հասարակական գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար Եղիշե Չարենցի կրտսեր դստերը՝ գրականագետ Անահիտ Չարենցին, պարգևատրեց Երախտագիտության մեդալով: Վերջինիս ի պատասխան՝ Անահիտ Չարենցը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և մշակույթի նկատմամբ Կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Այնուհետև տեղի ունեցավ «Ե’ս եմ հիմա մի պոետ…» հոբելյանական երթ, որը կազմակերպվել էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 և Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցների հետ: Թվով 125 չարենցասեր դպրոցականներ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից դեպի Չարենցի հուշարձան քայլեցին բարձր արտասանությամբ` ազդարարելով հանճարեղ պոետի հոբելյանական տարվա մեկնարկը։

Իբրև հարգանքի տուրք Չարենցի հիշատակին` երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին, որին հաջորդեց փոքրիկ չարենցականների ելույթը։

Այնուհետև բանաստեղծի տուն-թանգարանում կայացավ «Ճանապարհ գրքով. Չարենց 125» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը և «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը։

Եղիշե Չարենցի անձնական գրադարանի գրքերն այս ձևաչափով ցուցադրելու նպատակն էր հնարավորություն ընձեռել գրքասեր, արվեստասեր հանրությանը` նորովի ընկալելու մեծ բանաստեղծի գեղագիտական, փիլիսոփայական հայացքներն ու գաղափարները։

Օրն ավարտվեց բանաստեղծի «Ամբոխները խելագարված» ստեղծագործության հիման վրա կազմակերպված համանուն բեմադրությամբ (ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան) և հոբելյանական չարենցյան հյուրասիրությամբ:

Միջոցառումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ազատ Եղիազարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, բազմաթիվ մտավորականներ և այլ հյուրեր: