«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի ունեցավ Հայասատանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։
Հուշադրամը Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ էր դրել դեռևս 2022 թվականի ապրիլից։ Չարենցի տուն-թանգարանին նվիրաբերվեց նաև գրողի դիմապատկերով 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ (1999 թվականի թողարկման)՝ տեղադրված ակրիլային բլոկում, 100 ՀՀ դրամ հիշատակային շրջանառու մետաղադրամ (1997 թվականի թողարկման)՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին։
Հուշադրամի նկարագրությունը․
Դիմերես՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն․ Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ․ Թորոսյան, 1985թ․)։
Դարձերես՝ դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ․ Չուբարյան, 1957թ․) և նրա ստորագրությունը։
Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես)։
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։
Տեխնիկական չափանիշները՝
Անվանական արժեքը՝ 10․000 դրամ,
Մետաղը/հարգը՝ ոսկի 900°,
Քաշը՝ 8,6 գ,
Տրամագիծը՝ 22,0 մմ,
Որակը՝ պրուֆ,
Դրամաշուրթը՝ ատամնավոր,
Թողարկման քանակը՝ 300 հատ,
Թողարկման տարեթիվը՝ 2022 թ․։
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնական բանկի գործընկերներին նախաձեռնության և այդ կերպ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին գնահատելու, հոբելյանական տարին արժևորելու համար։