Չարենցյան տարվան համահունչ «Հնար արվեստի աշխատարան»-ի պատանի ստեղծագործողները «Չարենց բացահայտելով» կրթամշակութային նախագծի ընթացքում այցելեցին այն թանգարանները, որոնք առնչվում են Չարենցին, նրա կյանքին և ստեղծագործություններին։
Ծրագրի մասնակիցները տուն-թանգարանում ծանոթացան Եղիշե Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին, բազմաբովանդակ և բազմաշերտ ստեղծագործություններին, կենցաղին և նախասիրություններին։ Ոգեշնչված այդ ամենով` նախագծի մասնակիցները ստեղծեցին քանդակային, գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ չարենցյան մոտիվներով դիմակներ։
«Չարենց բացահայտելով» կրթամշակութային նախագծի արդյունքները ամփոփվեցին հուլիսի 14-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի բացումով։