«Леф» № 5. Москва, 1924

«Լեֆի» մասին մեր հիմնական տեսակետն այն է, որ եթե «Լեֆը» զտեր իր շարքերը ամեն տեսակի «զաումնիկ»-ներից` ներկայիս ամենաընդունելի և ամենաառաջավոր հոսանքը կդառնար։ Այնպես, ինչպես  որ նա կա` երկդիմի է, ոչ ուղղագիծ,—և սրանում է կայանում «Լեֆի» ամենամեծ թերությունը։

«Ստանդարտի» ապագա թվերում մենք մանրամասն քննության  կենթարկենք ինչպես «Լեֆի»  տեսականը, այնպես էլ պրակտիկան։ Այստեղ № 5-ի մասին միայն այն կարող ենք ասել, որ համարի ամենաուժեղ և ակտուալ գործն է Ս. Տրետյակովի «Рычи Китай» պոեմը, որից թարգմանաբար տվել ենք մի հատված։ Վասիլի Կամենսկին, Պաստերնակը և Արտեմ Վեսյոլին առհասարակ պետք է տեղ չունենային «Լեֆում»։ Տեսականում կան մի քանի հոդվածներ Լենինի լեզվի մասին։ Բոլոր հոդվածագրերն էլ մատնանշում են այն հանգամանքը, որ Լենինը հռետորական արվեստը ենթարկել է այսպես կոչված «ոճի իջեցման»—«снижение стиля»— հանգամանք, որ հատուկ է և մեր ժամանակաշրջանի լավագույն գրողներին, հատկապես Մայակովսկուն։  Մեր կարծիքը ևս այն է, որ ներկայիս գրականությունը, մասնավորապես բանաստեղծությունը, շատ բան ունի սովորելու Իլյիչի լեզվից և ոճային պրիոմներից։

«Октябрь»— журнал  МАПП —  № 1. Москва, 1924

«Октябрь»-ը ժուռնալն է պրոլետգրողների այն նույնանուն խմբակի, որ ժամանակին բաժանվեց «Կուզնիցիայի» նեյնիմիստներից և առաջադրեց իր գրական նոր պլատֆորմը։ Ներկայումս պրոլետգրողների այդ խմբակի անմիջական ղեկավարության տակ է գտնվում Պրոլետգրողների Մոսկվայի ասոցիացիան, որի անունից և հրատարակվում է ժուռնալը։

«Октябрь»-ի գրական պլատֆորմի հիմնական տեսակետն այն է, որ պրոլետգրականությունը պետք է թողնի ընդհանուր-հեղափոխական թեմաները և զբաղվի հեղափության կենցաղագրությամբ, պետք է ձգտի պատկերել հեղափության «կենդանի մարդու» դեմքը։ Մենք միանգամայն համաձայն ենք այս պլատֆորմի առաջին մասի հետ, բայց երկրորդ մասը ընդունեւմ ենք շատ մեծ վերապահությամբ։ Մենք… թողնում ենք, որ ոով ցանկություն ունի գրի հեղափոխության «մասին», մեզ խնդիր դնելով գրել հեղափոխության համար։

Այս №-ում ծավալով ամենամեծ երկն է Տարասով-Ռոդիոնովի «Линев» վեպը, որը բառացի անընթեռնելի է` շնորհիվ կենցաղական այն բալաստի, որով հեղինակը իզուր ծանրացրել էր իր երկը։ Եվ բնական է, որ չնայած հեղինակի նախորոշած ցանկությանը ( տալ «հեղափոխական»  «կենդանի մարդու» տիպը ) — ոչ հեղափոխական է դուրս եկել, ոչ էլ մանավանդ «կենդանի մարդ»։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ մարդը բնավ էլ չի երևում։ Եվ այդպես կլինի միշտ էլ, քանի որ մապպովցիները չեն հասկանա, որ հենց այդ «կենդանի մարդուն» և էն էլ «հեղափոխական» դուրս բերելու համար հարկավոր է զբաղվել ոչ թե կենցաղի ու հոգեկան նեյնիմների նկարագրությամբ, այլ տալ գործողությունը, դեպքերի արագ հաջորդականությունը և «հեղափոխական մարդու» գործնական վերաբերմունքը դեպի այդ դեպքերը։ Ուրիշ ուղի չկա։

Ժուռնալի մյուս աչքի ընկնող երկը —Բեզիմենսկու «Пролог»<-ն>  է, որով, ինչպես երևում է, հեղինակը լեֆիստների «ջիգրու» ուզում է ցույց տված լինել, որ կարելի է նորի մասին պատմել հին ձևերով։ Պատմել ամեն բան կարելի է, ինչի մասին էլ որ կուզեք, բայց թե ի՞նչ դուրս կգա դրանից—այստեղ է հարցը։ Հեղափության մասին «Евгений Онегин»-ի ստրոֆներով ու յամբերով գրելը մենք նույնքան  անիմաստ ենք համարում, որքան որ անիմաստ կլիներ մեր կրասնաարմեյեցին կաֆտան հագցնելը։ Կաֆտան գուցե և լավ բան է և ժամանակին շատ-շատերին փրկել է ցրտից . բայց որքա՞ն է նա այսօր նպատակահարմար իր նահապետական ծանրությամբ, երբ կան շինելներ և երբ մարդ ժամանակ չունի այնպես դանդաղ քայլելու , ինչպես որ կարելի էր միջնադարում։ Հատվող տողերով գրելը մենք նպատակահարմար ենք համարում հենց այն գործնական առումով, որ տողը որտեղ հարկավոր է կարող ես վերջացնել և կարիք չունես յամբը տեղը գցելու կամ միևնույն տողում նույն քանակությամբ յամբական ոտք դուրս բերելու համար ավելորդ բառեր գործածել ( իսկ նման դեպքերում անգնահատելի ծառայություն է մատուցում ածականը)։

Համենայն դեպս, չնայած որոշ հարցերում եղած մեր տարաձայնությունը, մենք ողջունում են Պրոլետ-գրողների Մոսկվայի ասոցիացիայի ժուռնալը և կարծում ենք, որ նրանում աշխատակցող ընկերները հետզհետե կազատվեն գրական հնագույն պրիոմների նահապետական խլամից և կտան հեղափոխության համար գրված ակտուալ երկերի իսկական նմուշներ։ Նրանց իդեոլոգիական անողոք ու անշեղ գիծը ամենալավ երաշխիքն է մեր այդ համոզմունքի։

«Վերելք» № № 1,2—3. Երևան, 1924

Եթե օրենք է, որ ամեն մի հանրապետություն պետք է ունենա իր «ակադեմիկ, «հաստ» ժուռնալը—«Նորքը» կա և, կարծում ենք, բավական է Հ. Ս. Խ. Հ.-ի համար։ Թեկուզ «Նորքի» ռեցենզենտը (տե´ս № 4) երևի տեղասիրական զգացմունքից  դրդված, կարծում է, որ «Վերելքը» երկրորդ աստիճանի դպրոց է, իսկ «Նորքը» համալսարան,—մենք, ինչ մեղքներս պահենք, այդ չենք կարծում։ Ինչպես գեղարվեստական, այնպես էլ մյուս բաժինների երկու այդ օրգանների էլ աշխատակիցները նույնն են, նյութերը նույնը, գրելաձևերը նույնը։ Գուցե Ավդալբեկյանի «Ազդարարի» մասին գրված հոդվա՞ծն է որ «Նորքի» ռեցենզենտը գտնում է ավելի պոպուլյար, քան նույն հեղինակի մյուս հոդվածները` տպված «Նորքում»։ Մենք այդ էլ չենք կարծում։

Միակ բանը, որ կա «Վերելքի» լուսանկարներն են և այն հոդվածները, որ ինֆորմացիա են տալիս  Հ. Ս. Խ. Հ.-ի քաղաքական անցուդարձի և առօրյա շինարարության մասին։ Դրանց ցույց են տալիս, որ «Վերելքը» հնարավորություն ունի և ըստ ամենայնի կարող է իսկական պոպուլյար ժուռնալ դառնալ։

Երկու խոսք «Վերելքի» մասնավորապես գրականի մասին։

Յուրի Լիբեդինսկու «Մի շաբաթը» ամենացայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես կենցաղագրությունն ու պսիխոլոգիզմը փչացնում են նույնիսկ այնպիսի երկերը, որոնք առանց դրանց կարող էին լինել ավելի ներգործող և ավելի նշանակալից։ Հանեք այդ երկից բնության ու մարդկանց սենտիմենտների նկարագրությունը, թողեք միայն գործողությունն ու դիալոգները—և այդ երկը կդառնա ժամանակիս համար օգտակար ու օրինակելի։

Դերենիկ Դեմիրճյանի «Անմահները» ըստ մոտեցման եղանակի կարող էին գրվել և Հոկտեմբերից առաջ։ Բավական չէ բացասել , ծաղրել—պետք է ասել, թե ու՞մ կողմից եմ բացասում կամ ծաղրում։ Ծաղրում էր և Հ. Պարոնյանը, բայց ի՞նչ էր առաջադրում։ Այստեղ է մեզ համար ծանրության կենտրոնը, որ կարող է արդարացնել որևէ գրական երկ։

Զորյանը ապոլիտիկ է, ինչպես միշտ։ Ու՞մ ինչ, թե ինչ որ մի կնոջ հետ, ինչ որ պատճառով, ինչ որ բան է պատահել։

Գուրգեն Մահարու «Գյուղերի երգը» մի երկարագույն նեյնիմ է, որ դեռ սպառնում է շարունակվել։ Գրելու ձըը Չարենցի առաջին հեղափոխական պոեմների գրելաձևն է։ Մասնավորապես մեծ է «Ամբոխները խելագարված»-ի ազդեցությունը, որից վերցված  կան ամբողջ դարձվածքներ ու տողեր։ Անհասկանալի է, թե ու՞մ համար է գրված Գ. Աբովի «պոեմ պարզը»։ Մի՞թե  որևէ մեկին  դեռ հարկավո՞ր է մեր նախապատերազմյան գյուղի կենցաղագրությունը և այն էլ անկոնկրետ, ծամծմված ու ձանձրալի։ Հով. Թումանյանը այդ նյութը շատ վաղուց է մշակել`շատ ավելի կոնկրետ, հասկանալի, «պարզ»։ Ի դեպս ի՞նչ է նշանակում «պայքարում ռումբի պես տաշած», «մթաթույր» «հարվածող ռիթմ» և այլն։ Պետք է հարցնել «գյուղացոց»—երևի նրանք կհասկանան։

«Վերելքի» մասին մեր վերջնական կարծիքն այն է, որ նա լավ կանի, եթե թողնի իր կիսաակադեմիկ բնույթը, ծավալը կրճատի մինչև 32 էջ, շապիկը և թուղթը էժանացնի, միանգամայն ընդմիշտ ձեռք քաշի Կոջոյանի գերմանո-նայիրյան էսթետիզմով թքոտած շապիկից ու զարդանկարներից—մի խոսքով դառնա «Прожектор»-ի տիպի պոպուլյար ժուռնալ։ Այն ժամանակ «Վերելքի» ընթերցողների այն կադրին, որ առաջադրում է «Նորքի» նույն ռեցենզենտը, կավելանան բանվորն ու գյուղացին։ Իսկ սա քիչ բան չէ։

Աբով.—«Եդինի ֆրոնտ»

Քաղաքական ագիտկա, Մոսկվա,   1924 թ., երես 20 Անկասկած Աբովի համար դրական մի քայլ է վերացական ու եթերային «Դանակը բկինից» ու կենցաղագրական «Պոեմ պարզից» հետո ագիտկային անցնելը։ Աբովի այս ագիտկան նպատակ ունի «Հոկտեմբերյան երկրի բանվոր գյուղացուն» հասկացնել, որ «Հոկտեմբերը երկու ֆրոնտ է բացել» և որ պետք է «ցույցերին երկուսի էլ հարվածել»։ Բայց որքան  ընտրված թեման կոնկրետ է, նույնքան մշակման եղանակը տարածական է և անսյուժե։