ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
Ավետիք Իսահակյան․ Չարենցի հետ Վենետիկում
Մեծատաղանդ բանաստեղծ Եղիշե Չարենցին առաջին անգամ ես տեսա Վենետիկում, 1924 թվականին: Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու: Ինձ մոտ եկավ նա Հռոմից: Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, փայլուն չէր: Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով: Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում, և մենք շատ և շատ խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք: Ամբողջ օրը միասին էինք: Առավոտը կանուխ գալիս էր հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը: Թափառում էինք հրաշալի Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք Մխիթարյանների վանքը՝ սուրբ Ղազար: Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին — գիտության, գրականության, փիլիսոփայության, ռևոլյուցիայի, բոլոր այն մեծ խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց: Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ ամենագեղեցիկ հրապարակի՝ սուրբ Մարկոսի հրապարակի վրա: Մի կողմը սուրբ Մարկոսի սքանչելի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են, սրճարաններ՝ բոլորն էլ մարմարակերտ պալատներ: Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք սուրբ Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում: Սուրբ Մարկոսի հրապարակը լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր, տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում էր նրանց: Հրապարակում ծախում են հունդեր, սիսեռներ՝ կերակրելու համար աղավնիներին: Հասարակությունը, մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում սիսեռներ բռնած: Աղավնիները գալիս նստում են, կտցահարելու համար, և ուսերի վրա, և գլխարկների վրա: Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք սուրբ Մարկոսի հրապարակի վրա՝ աղավնիների հետ միասին: Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին երեք-չորս աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ: Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝ անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր: Արդեն ես նրան ճանաչում էի նախքան նրա հետ ծանոթանալը: Ես կարդացել էի (Վենետիկի վանքը ստանում էր հայկական ամեն մի հրատարակություն, ուր էլ որ լինի) Չարենցի երկհատորյակը, որ տպված էր Մոսկվայում, 1922 թվականին: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով, «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից: Դա եզակի, աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խորքով գրված բան գոնե ես չեմ հիշում: Պետք է ասեմ, որ Չարենցը հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա, մանավանդ ռիթմի, լեզվի, տաղաչափության, պոետիկայի կողմից: Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, ղեռ ինչե՜ր կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ: Հարգանք նրա հիշատակի
Մարտիրոս Սարյան․ Արվեստը ըմբռնելու զարմանալի ընդունակություն
Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ Չարենցն ինձ վրա թողեց իր ժամանակի մեծ խնդիրներով ապրող, հուզվող և այրվող խանդավառ երիտասարդի տպավորություն, երիտասարդ, որը ուղեղի ամբողջ լարումով ուզում էր ճանաչել աշխարհի բոլոր գաղտնիքները, իր հոգու ամբողջ խորությամբ սիրում էր աշխարհի բոլոր գեղեցկությունները: Այդ գեղեցկությունների հիմա քում ընկած էր ժողովուրդը իր լավագույն երազանքներով: Նրա անսահման սերը դեպի իր հարազատ հայ ժողովուրդը՝ նրա այդ տիեզերական հումանիզմի գրանիտե պատվանդանն էր: Կարո՞ղ էի արդյոք ես այն ժամանակ կանխազգալ, որ այդպես երիտասարդ էլ, այդպես հրաբորբոք ու այրվող էլ նա կհեռանա մեզանից: Չարենցն օժտված էր ստեղծագործական ծայրահեղ լարման հասնելու աներևակայելի ուժով: Նա ոգևորվում էր ինքնամոռացության աստիճանի և հուսահատվում՝ հասնելով խոր հիասթափության: Օժտված լինելով աշխարհի վերափոխմանը ամենաակտիվ կերպով մասնակցելու ներքին զորեղ պոտենցիալով, նա ոխերիմ թշնամի էր ամեն տիպի քարացած և դոգմատիկ մտածելակերպի: Նա անընդհատ ամենասուր կոնֆլիկտի մեջ էր գտնվում քարացած նախապաշարմունքների հետ կյանքի բոլոր ասպարեզներում և այդ կոնֆլիկտի մեջ էլ հաստատում էր իր ստեղծագործական նվաճումները: Հազվագյուտ սրությամբ էր նա զգում և գիտակցում հայ ժողովրդի ողբերգությունը և նույնպիսի ուժով խանդավառվում նրա երջանիկ վերածնունդով: Երևույթները չափազանց սրությամբ վերապրելու Չարենցի բնավորությունը նրա կյանքի վերջին տարիներին հասցնում էր նրան այնպիսի աղետի, որ նրա բարեկամների, այդ թվում և իմ, խորհուրդներն ու թախանձանքները անզոր էին կանխել: Այդ օրերին ես հիշում եմ նրա մի ելույթը Երևանում, Գրողների տանը: Իր այդ ելույթում Մոսկվայից եկած Վ. Յա. Կիրպոտինի ներկայությամբ, ի հակադրություն չարամիտ զրպարտությունների, չափազանց հուզված վիճակում նա բացատրում էր ազգային ձևի իր ըմբռնումը, կրքոտ կերպով պաշտպանվում էր այն զրպարտություններից, որոնք վերագրվում էին իրեն և իր համախոհներին (Ա. Բակունց, Մ. Արմեն), հաճախ բացականչելով. «Умереть можно!»: Չարենցի հետ առանձնապես ինձ կապում էր նրա խանդավառ հայրենասիրությունը և արվեստի ծայրաստիճան նուրբ ընկալումը: Նա մասնագետի պես գիտեր կերպարվեստի պատմությունը և, որ ամենակարևորն է, զգում էր կերպարվեստը՝ արվեստի զգացումը նրա վեցերորդ զգայարանն էր: Եվ գուցե այդ էր պատճառը, որ դեռ 1923 թվականին, մեր ծանոթության երկրորդ տարում, ես նկարեցի նրա յուղանկար պորտրեն: Ֆոն ծառայող կապույտ թաշկինակից ես կախեցի իմ ամենասիրած եգիպտական դիմակներից մեկը: Դժվար է ասել, թե ի՞նչ էր իմ նպատակը, երբ ես նկարում էի Չարենցին և հազարամյակների խորքից եկող դիմակը՝ կողք-կողքի: Հաճախ է պատահում, որ արվեստագետը, ենթարկվելով ինչ–որ մի ներքին թելադրանքի, մինչև վերջ չգիտակցված բովանդակություն է մտցնում ստեղծագործության մեջ. այդ բովանդակությունը բացահայտում են տարիները, ժամանակը: Կարևորն այն է, որ այդ եգիպտական դիմակը չափազանց սիրեց և Չարենցը, ըստ երևույթին հազարամյակների խորքում ստեղծված արևելյան արվեստի այդ գլուխգործոցները մեր երկուսիս գեղարվեստական ճաշակների կիզակետերից էին: Դիմակի հավերժից եկող, սառած աչքերը կոնտրաստի մեջ մտնելով Չարենցի կենդանի և խորիմաստ աչքերի հետ, ընդգծում էին բանաստեղծի աչքերի անհուն խորությունը: Այդ պորտրեն մեկ տարի հետո կայացած Վենետիկի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվեց, և այնուհետեւ Չարենցը նույն այդ պորտրեն օգտագործում է 1932թ. հրատարակված իր «Երկերի» համար. որպես ճակատանկար: Ոչ միայն ստեղծագործելու, այլև ստեղծագործությունը ընկալելու համար պետք է օժտված լինել բնությունից, այդ բնական ունակությունը կարող է նպաստավոր պայմաններում տարեցտարի զարգանալ և խորանալ կամ աննպաստ պայմաններում աստիճանաբար համարյա անէանալ: Կարելի է բարձրագույն կրթություն ունենալ, կարելի է արվեստաբան լինել և նույնիսկ նկարիչ և զուրկ լինել արվեստն զգալու այդ ունակությունից, կարելի է ընդհանրապես ոչ մի կրթություն ստացած չլինել, տեսած չլինել ոչ մի նկար և ունենալ արվեստն ըմբռնելու զարմանալի ընդունակություն, որը սպասում է նպաստավոր պայմանների, որպեսզի ծաղկի և փթթի: Չարենցը մեր կուլտուրայի այն գործիչներից էր, որի բնական հանճարը ներդաշնակվում էր ժամանակի սուր զգացողության, զարմանալի հարուստ էրուդիցիայի և հազվագյուտ արտիստիկական ճաշակի հետ: Տարիների ընթացքում չտեսնված արագությամբ նրա այդ ունակությունները խորանում էին, զարգանում, հստակվում էին և գտնում իրենց արտացոլումը նրա պոեզիայում:
Կարինե Քոթանճյան․ Հուշեր Չարենցի մասին
Կարսը մտաբերելիս՝ Չարենցի հասակակիցներս, առաջին հերթին հիշում ենք Կարսի այգին՝ աստիճաններով, աստիճանների շարունակությամբ գլխավոր ծառուղին, դիմացը՝ ակումբը, ծառուղու երկու կողմերից՝ նստարաններ: Ձախից հոսում էր Կարսա գետը: Այգին զինվորական այդ փոքրիկ քաղաքի միակ զբոսավայրն էր, սիրելի հատկապես դպրոցականներին: Արձակուրդներին այդտեղ էինք անցկացնում օրվա մեծ մասը, ամառը նավակ էինք նստում, շարժվում ափից ափ, ձմեռը, երբ սառչում էր գետը, սահում էինք չմուշկներով: 1914թ. հունիսն էր. ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շագանակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու: Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան: Տարօրինակ էր նաև կեցվածքը: Գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր, մեկ բռնում, մեկ գետնի վրա ինչ-որ գծում, խզմզում: Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերը, խորաթափանց և, ինչպես ինձ այն ժամանակ թվաց,— չար արտահայտությամբ: Տղաներից հետաքրքրվեցի, թե ով է այդ երիտասարդը: «Բանաստեղծ է»,— ասացին: Աղջիկները ծիծաղեցին այդ պատասխանից. «ֆուտուրիստ է»,— բացականչելով: Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, հետևում էի տղային և այն եզրակացությանը եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ: Միտքս ասացի իմ ընկերներին: Նրանց տարօրինակ թվաց այդ տարօրինակ տղայի հետ մտերմանալու առաջարկը, սկզբում ծիծաղեցին, հետո հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընկերություն չանել ինձ հետ. չար է տղան, և իրենք չեն պատկերացնում մտերմություն նրա հետ: Ես համառեցի, և մեր ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին: Ձեռքս մեկնելով առաջարկեցի նրան ծանոթներ լինել: Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց տեղում, արժանապատվությամբ բարձրացավ, և մենք ծանոթացանք: Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի, որ սխալված չեմ. խելոք էր երիտասարդը՝ կարդացած, զարգացած և, որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ և իմ ընկերուհիներին, բարեհամբույր: Շուտով Եղիշեի հետ ծանոթացան նաև մեր աղջիկներից մի քանիսը: Այնուհետև մենք միշտ միասին էինք լինում, միասին զբոսնում, նավակ նստում, զրուցում ժամերով: Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում, մեծ մասամբ մեր տանը: Վերահաս պատերազմը բաժանեց բոլորիս, դպրոցները փոխադրվեցին Թիֆլիս: Ձախողվեց ռազմաճակատ մեկնելու իմ ցանկությունը (ընկերուհիս՝ քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն սպառնաց, թե կհայտնի ծնողներրիս): Մեկնեցի Թիֆլիս, բայց չկարողացա ստիպել ինձ շարունակելու կրթությունս, մտա հոսպիտալ աշխատելու որպես քույր: Ամռանը վերադարձա Կարս: Չեմ հիշում որ թերթում կարդացինք Հովհ. Թումանյանի կոչը՝ ուղղված հայ օրիորդներին. «Ով իսկական հայրենասեր է, թող գնա Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը, որբերին»: Առանց մտածելու մեկնեցի Էջմիածին, հենց ուղղակի շատ սիրելի Թումանյանի մոտ. սկզբում նա համոզեց վերադառնալ և շարունակել ուսումը. «Հայրենասեր օրիորդը կրթություն ստանալով կարող է ավելի օգտակար լինել հայրենիքին»,—ասաց նա, նկարագրելով գաղթականների սոսկալի դրությունը Էջմիածնում: Հետո իմ համառությանն ընդառաջելով, առաջարկեց զբաղվել որբերի խնամքով: Շատ ժամանակ չանցած (3 ամիս աշխատելուց հետո)՝ հիվանդացա, և Բարեգործական ընկերությունն ինձ Մոսկվայի հիվանդանոցը փոխադրեց: Առողջանալուց հետո սկսեցի հաճախել դասընթացներ... Ամռանը, արձակուրդներին վերադարձա Կարս: Հանդիպումներ, զրույցներ Եղիշեի հետ, տրամադրեցի գալ Մոսկվա և սովորել: Չարենցը Մոսկվա եկավ 1916 թ. աշնանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջերին և ընդունվեց Շանյավսկու համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Ապրում էր մի շատ փոքր սենյակում, որտեղ կար մահճակալ, սեղան և երկու աթոռ: Շատ պատկառելի և զգայուն տանտիրուհի ուներ, նա միշտ բողոքում էր, թե Եղիշեն օր ու գիշեր նստած գրում է ու գրում, առանց սնվելու, ընդունելով միայն քաղցր թունդ թեյ և ուրիշ ոչինչ: Խնդրում էր ինձ հաճախ այցելել և նրան դուրս բերել տնից: Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը. հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ծանրոց ստացավ: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը. Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»: Սակայն այդ դառն օրերին, ինչպես և հետո, Չարենցը երբեք չէր սիրում խոսք բացել նյութականի մասին, տրտնջալ աղքատությունից: Չափազանց հպարտ էր, արժանապատվությամբ լի, դրամ ունենալիս ծախսում էր առանց որևէ հաշվենկատության, հետո նորից մնում առանց դրամի, խմելով շատ սիրած պարսկական թեյը: Փուշիներից երեքը, տարբեր գույնի, նվիրեց ինձ, ասելով, որ նվիրում է, որպեսզի հագնեմ ես ու համոզվեմ, որ իմ աչքերը հագուստներիս համապատասխան փոխվում են, ընդունում տարբեր երանգ, որի համար գրել ու ինձ է նվիրել «Ծիածանը»: Թերևս աղջկական չարությամբ կամ մի այլ զգացումով, փուշիները ես նվիրեցի իմ տանտիրուհու աղջիկներին: Շատ բարկացավ դրանից Եղիշեն, հուզվեց, վիրավորվեց: Մոսկվայում ամենից հաճախ լինում էինք Գորկայում. ես սահնակ էի նստում կամ սահում չմուշկներով, նա երբեք չէր ձեռնարկում անել ոչ մեկը, ոչ մյուսը, քաշվում էր մի կողմ ու նայում: Մինչև տպարան տանելը, «Ծիածանը» կարդաց ինձ, մի քանի հատված առաջարկեցի հանել. լավ չեմ հիշում, բայց երեւի կատարեց իմ ցանկությունը: Չարենցը Մոսկվայում մնաց մինչև 1917 թ. մարտ ամիսը: Մինչ այդ, փետրվարյան հեղափոխության օրերից, մենք կորցրել էինք իրար: Ես թողել, հեռացել էի իմ բնակարանից. առիթը իմ հրացանն էր եղել, որ սարսափի մեջ էր գցել տանտիրուհուս: Հանդիպեցինք Չարենցի հետ պատահաբար, երբ փողոցում որպես միլիցիոներ ես կարգ էի պահպանում: Եղիշեն խնդրեց ինձ գնալ տուն, պատմեց, որ շատ է անհանգստացած իմ տանտիրուհին. խիղճը տանջում է, որ ինձ փողոցում է թողել, և ես, ով գիտե, գուցե տրորվել եմ ոտքերի տակ: Նույն օրն էլ հայտնեց, որ ինքը մեկնում է Կարս. «Գնա՛նք, այնտեղ շատ գործ կլինի անելու». ասաց, թե ինչ-որ գրականություն է տանում իր հետ: Գնացի կայարան՝ ճանապարհելու. նա կարդաց «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը: Շատ հուզված էր, շատ զգացված, ասում էր, որ ոչ ոք չունի ինքը, և ես մայրն եմ նրա, նրա քույրը, ամեն ինչ: Հանձնարարեց ինձ կարդալ և հասկանալ, որ ցարի տապալումը դեռ ոչինչ չի նշանակում, որ շատ բան կա դեռևս անելու: Մեկ ամիս հետո Կարս վերադարձա նաև ես, չկարողանալով մասնակցել քննություններին: Չարենցը Կարսում Տաճատ Ալեքսանյանի հետ միասին մտադիր էր հրատարակել գրական ամսագիր, եթե չեմ սխալվում՝ «Կարմիր աստղ» խորագրով: Ամսագրի համար հանձնարարվեց ինձ ռուսերենից թարգմանել, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Գարշինի «Крацный цветок» պատմվածքը: Չգիտեմ ինչ ընթացք ստացավ նրա այդ մտադրությունը հետագայում։ Գաղթականներին օգնելու նպատակով մեկնեցի շրջակա գյուղերը, իսկ հետո սկսվեց գաղթը: Չարենցին հանդիպեցի միայն 1919 թ. ամռանը, նորից Կարսում և շատ վատ վիճակում: Նա մի կերպ հաջողացրել էր ուսուցչության պաշտոն ստանձնել շրջակա մի գյուղում: Ինձ հաջողվեց մի զույգ կոշիկ գնել նրան, քույրս կոշկակապ գործեց: Հորս նախատինքի տակ («Մտավորականը այս օրերին իրավունք չունի թափթփված լինել, պետք է կարգին երևալ ժողովրդի մեջ»), Եղիշեն սկսեց կարգի բերել իրեն: Մինչ նա կմեկներ գյուղ, ես ճանապարհվեցի Երևան, մտադիր էի ուսանել մանկավարժական երկամյա դասընթացներում: 1919 թ. աշնանը անցնում եմ ներկայիս Աբովյանով և կարդում եմ մի հայտարարություն՝ գրական մի դասախոսության վերաբերյալ: Այդ օրերին ես ապրում էի Շավարշի տանը: Նա մանկուց որբացել էր, և հայրս որդեգրել էր նրան: Դասախոսության գնացինք ահա այդ նույն Շավարշի հետ: «Չգիտեմ կենդանի՜ է գրողը, թե մեռած,— ավելացրեց զեկուցողը,— բայց նրա երկերից ելնելով կարելի է ասել, որ բանաստեղծը պետք է, որ բոլորած լինի 40 տարին»: Ես լուռ լսում էի, հետո, երբ ավարտվեց դասախոսությունը, բարձրացա բեմ և հայտնեցի, որ բանաստեղծը ընդամենը 21 տարեկան է և որ ուսուցչություն է անում Կարսի մոտակա գյուղերից մեկում: Առաջարկեցին Չարենցին կանչել Երևան: Հետևյալ օրը հեռագրեցի, մոտավորապես այս բովանդակությամբ. «Եղիշե՛, բախտդ բացվել է, շտապ մեկնիր Երևան»: Այդ օրերին ես արդեն աշխատում էի որբանոցում և հաճախում մանկավարժական դասընթացներ, որտեղ մտերմացել էի Արփենիկ Տեր-Աստվածատրյանի (Չարենցի) հետ: Արփիկը նուրբ դիմագծեր ուներ, ազնիվ և անմեղ հայացք: Ծանոթացրեցի նրան Չարենցի հետ. ճաշակս արժանացավ Եղիշեի հավանությանը: Նույն ժամանակներում հիվանդացան իմ աչքերը, պետք էր մեկնել Թիֆլիս բուժվելու: Եղիշեն էլ հորից նամակ ստացավ. հայրը հայտնում էր, թե ինքը թողնում է Թիֆլիսի իր տունը՝ կահ-կարասիներով, պահանջում էր տիրություն անել: Մեկնեցինք միասին, հայրը թողել էր միայն այն, ինչ հնարավոր չէր եղել վերցնել հետը կամ իրացնել. սեղան, մահճակալ, աթոռներ: Թիֆլիսում մեզ հետ էր նաև Կարսի մեր ընկերներից Վռամ Ղազանչյանը: Մի քանի օրից ես վերադարձա Երևան, նրանք մնացին: Հետո ես լսեցի, որ նա իրերը համարյա ամբողջությամբ թողել էր տանտիրուհուն: 1920թ. սեպտեմբերին էր, թե հոկտեմբերին, Եղիշեն, կարծեմ, արդեն վաղուց խզել էր կապերը այն մարդկանց հետ, որոնցից դրամ էր ստանում: Մեկ օր ահա գալիս է նա որբանոց իր ողջ գրականությունը հավաքած. «Կարինե՛, խնդրում եմ պահիր սրանք, ինձ հետևում են»: Նույն օրերին որբանոցում ես թաքցնում էի նաև մեկ ուրիշի: Որբանոցում էր աշխատում նաև Պողոս Ղուկասյանը, նրանք երկուսով հաճախում էին ժողովների... Չանցած մի քանի օր, կանչում են ինձ Օֆիս (Ամերկոմի գրասենյակ), պահանջում են ներկայանալ դոկտոր Ռուբենին՝ դաշնակցության կոմիտեի քարտուղարին: Ես այդ գրասենյակի հետ առնչություն չունեի, որպես որբանոցի բժշկական մասի վարիչ ենթարկվում էի բժշկական բաժնին: Դա կասկածանքի մեջ է գցում ինձ և զգուշության համար Չարենցի կապոցը հանձնում եմ մայրապետներից մեկին: Դոկտոր Ռուբենը ընդունում է սառը և ապա սկսում գոռգոռալ. «Բոլշևիկյան որջ ես դարձրել որբանոցը. Չարե՛նց, ինչ-որ աղջիկ...»: Ստիպված Երևանից մեկնում եմ Կարս, տուն: Բայց մնում եմ Ալեքպոլում, ճանապարհը փակ է... Հետո, չգիտեմ ինչպես, նորից ընկնում եմ Երևան, ճիշտ այն օրերին, երբ բոլշևիկները մտել էին քաղաքը: Պետթատրոնի առջև կանգնած լսում եմ երկու բառ՝ «поэт Чаренц». շրջվում եմ՝ մաուզերը կողքին, սպառազեն կանգնած է Եղիշեն: Մոտենում է, խնդրում ուղեկցել իրեն Արփենիկենց տուն՝ ամուսնանալու մտադրությամբ: Գնում ենք. Տանտիրուհին ինձ ասում է, որ Արփիկը պատուհանից նկատելով մեզ, գնացել է տնից: Եղիշեն բարկանում է, աղմկում: Մի քանի օր հետո նորից եմ հանդիպում Եղիշեին: Իսկ հետո... Հետագայում հանդիպել ենք առիթից առիթ: Հիշում եմ 1924-ին էր, կարծեմ, Մոսկվայից մի բացիկ ստացա, Թալինում: Եղիշեն լիազորում էր ինձ ստանալ «Խորհրդային Հայաստան» թերթից իր հոնորարը. ես, իհարկե, չստացա: Հանդիպեցի նրան նաև արտասահմանյան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո. «Պետք է արտագրեմ և ձեռագրով նվիրրեմ քեզ, Կարինե՛, «Ծիածանը»,— ասում էր նա: Չնվիրեց: Թերևս չհասցրեց նվիրել, բայց միշտ էլ մնացինք բարեկամներ
Գեորգի Լեոնիձե․ Բարեկամիս հիշատակին
Շա՜տ ափսոս, որ մեզ հետ չէ Եղիշե Չարենցը: Ինչպիսի՜ սիրով եմ ես վերհիշում Սովետական մեծ Հայրենիքի մեծ հայրենասերի, ազնիվ ինտերնացիոնալիստի պատկերը: Չարենցի համար, իհարկե, մահ չկա: Եվ ես առանձնապես ուրախ եմ, որ իմ սիրելի եղբայրն ու բանաստեղծը վերադարձավ հայրենի տուն: Այս օրերին ես առանձնապես զգում եմ նրա պոեզիան, և վերհուշերը ալեկոծում են իմ հոգին: Եղիշե Չարենցը մեր սերնդի պարծանքն էր: Չարենցին ես լավ էի ճանաչում, բարեկամություն էի պահպանում նրա հետ, ինչպես եւ իմ ընկերներ Պաոլո Յաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Նիկոլո Միցիշվիլին: Մենք հաճախ էինք իրար հանդիպում Թիֆլիսում ու Երևանում: Հիշում եմ, թե ինչպես Երևանում Չարենցը մեզ հրավիրեց իր տուն: Այդ ժամանակ նա ապրում էր հյուրանոցում: Ուշ աշուն էր, սեղանի վրա խաղողի մի դեզ կար: Բոլորս էլ շատ ուրախ էինք, գինի էինք խմում, կատակում (Չարենցը սրախոս էր), հետո էլ բանաստեղծություններ կարդացինք: Այն ժամանակ շատ էին խոսում Չարենցի «Էպիքական լուսաբաց»-ի մասին, և ինքն էլ այդ ցիկլի բանաստեղծություններից էր կարդում մեզ: Ներկաներից մեկը՝ բանաստեղծի մի հայ բարեկամ, բանավոր թարգմանում էր մեզ համար (տողացի) Չարենցի բանաստեղծությունները, և մենք կատակով ասում էինք, որ առանց լեզուն իմանալու, հավատում ենք միմյանց հենց ազնիվ խոսքով: «Լավ է, երբ բանաստեղծները իրար են հանդիպում», «Լավ է, երբ հարևանները սիրում են միմյանց»,—հափշտակված ասում էր Չարենցը: «Մենք պետք է իրար ավելի լավ ճանաչենք, քան ճանաչել են Վաժա Փշավելան ու Հովհաննես Թումանյանը»: Այնուհետեւ սկսեցինք խոսել պոեզիայի մասին: Խոսում էինք բանաստեղծի վեհ կոչման, խստապահանջության մասին, որ ներկայացնում են պոետին ժողովուրդն ու ժամանակը: Մեր հայացքները համընկնում էին, որովհետև նույն սերնդի մարդիկ էինք, գրական նույն ճաշակների տեր, անցել էինք պոետական նույն բարդ ուղին և հավասարապես ձգտում էինք չափատողով արտահայտել նոր կյանքի բաբախումը: Հենց վերջերս ես ռուսերեն թարգմանությամբ առաջին անգամ կարդացի Չարենցի «Թուղթ բանաստեղծ բարեկամիս՝ N. N.-ին, գրված Երևանից» և «Ներբող առ քննադատն N. N.» բանաստեղծությունները, և, զարմանալի՜ բան, դրանք ասես այն ժամանակ Եղիշե Չարենցի հետ ունեցած մեր խոսակցության սղագրությունը լինեին: Նա «սերտած խոսքերի, կռտած մտքերի» թշնամի էր, ատում էր իր զոիլներին1 , որոնք ուզում էին փշրել նրա քնարը: Նա վստահ էր իր պոեզիայի հաղթանակին, որովհետև դա հավատարմաբար էր ծառայում ժողովրդին. Եվ կերգեմ կրկին:— Եվ ո՛չ մի ժանիք Ինձ չի բաժանի լենինյան դարից, Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի բաժանի Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից... Այդ երեկոյան մեր խոսակցությունը շոշափեց նաև բանաստեղծների համագործակցության, նրանց եղբայրական, ինտերնացիոնալ կապերն ամրապնդելու հարցը, որ այնքան հուզում էր Հայաստանի ու Վրաստանի գրողներին: Վերջին անգամ Եղիշե Չարենցին հանդիպեցի Թիֆլիսում, Մաչաբելու փողոցում, Վրաստանի Գրողների միության շենքի մոտ: Դրանից հետո այլևս չտեսա զմայլելի բանաստեղծին, որն այժմ արդեն զրնգում է պոետական փառքի բրոնզով: Հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը իր «բարեկամությամբ բազմապատկեց մեր երջանկությունը»: Փա՜ռք եղբայրական ժողովրդի անմահ երգչին:
Իլիա Սելվինսկի․ Ջինջ և հուժկու ձայն
Միջահասակ, գանգրահեր, հայացքը լարված. ահա այսպես է իմ հիշողության մեջ մնացել Եղիշե Չարենցը: Ես նրա հետ ծանոթացել եմ Մոսկվայում: Քսանական թվականներն էին... Դասակարգային դաժան պայքարի և նոր աշխարհի կառուցման մեջ իր տեղը գտնելու համար ինտելիգենցիայի կատարած տանջալի որոնումների տարիները: Այն ժամանակ Չարենցը բոլորովին երիտասարդ էր, համարյա պատանի: Նա ռևոլյուցիային բերում էր իր ունեցած լավագույնը՝ բանաստեղծական ձիրքը: Վառ էր այդ ձիրքը, բոցաշունչ ու ինքնատիպ: —...Հայաստան... Իրականացել է հարյուրամյակների երազը: Մենք դարձել ենք պետություն: Ինչպիսի՜ երջանկություն: Պատկերացնո՞ւմ եք: Բայց դեռ մեզ մոտ կան չինովնիկներ, որոնք առաջվա պես գավառական ձևով են մտածում և Երևանը դիտում են շատ-շատ որպես Երևանյան նահանգի կենտրոն,— այսպես էր ասում ինձ Չարենցը: ...Դժվար ապրեց Եղիշեն իր կարճատև կյանքը: Սակայն մեծ բանաստեղծները չեն մեռնում: Չարենցն այսօր լիաձայն խոսում է իր ժողովրդի հետ, և այդ ձայնի հնչյունը, դրա վճիտությունն ու ուժը արձագանքում են մեր սովետական բազմամիլիոն ընթերցողի սրտերում:
Միքայել Մազմանյան․ Չարենցի հետ
Եղիշե Չարենցին առաջին անգամ տեսել եմ 1917 թվականի աշնանը, Թիֆլիսում: Քաղաքային դումայի առջև էին հավաքվում այդ օրերին այլևայլ քաղաքական հոսանքների պատկանող գործիչներ և ուսանողներ, բուռն ու հախուռն վիճաբանում ու քննարկում էին իրարամերժ ծրագրեր, եռում էին ու աղմկում: Բացօթյա այդ դիսպուտները հին Աթենքի իմաստասերների վեճերն էին հիշեցնում Արեոպագոսում: Չարենցին միշտ տեսնում էի այդտեղ իր մի ընկերոջ հետ: Երկար ժամանակ ես երկուսին շփոթում էի իրար, այնքան նման էին արտաքին տեսքով, կեցվածքով: Շուտով կանգ առա Չարենցի վրա՝ նշան ունենալով նրա քիթը, որ ավելի եռանդուն կորագծով էր նստած նիհար դեմքին: Նա վտիտ էր մարմնտվ, գլխահակ, նայում էր հոնքերի տակից անվստահ հայացքով: Սակայն զարմանալին նրա աչքերն էին՝ զննող ու կենդանի: Ես կարդացել էի նրա «Դանթեական առասպելը» և մի-երկու այլ գործեր: Ծանոթացնելու կարիք չկար այլևս, որովհետև վիճաբանության ընթացքում ակամա ծանոթություն էր հաստատվում: Չարենցն անմիջական մասնակցություն չէր ունենում վեճերին, սակայն հասկացվում էր, որ նրա համակրությունը կոմունիստների տեսակետների կողմն էր: Հրավիրեց իր տուն: Երեկոյան անցա Էկզարշեսկայա հրապարակի մոտ գտնվող Ակիմովսկայա փողոցի N 34 միհարկանի տունը, որի մի սենյակում ապրում էր Չարենցը: Սենյակը կահավորված էր Թիֆլիսի հասարակ ընտանիքներին հատուկ ձևով. հնօրյա թախտ, կոմոդ, կարի մեքենա, սեղան, աթոռ և այլն: Չարենցը նստած էր թախտի վրա ծալապատիկ, գլխին թասակ, ձեռքին թազբեհ: Չնայած իր քսանամյա հասակին՝ տարեց մարդու տպավորություն էր թողնում, ծխում էր ու դանդաղ խոսում դելֆյան պատգամախոսի նման հատիկ-հատիկ: Ըստ իս, ավելի ձեւացնում էր՝ ծանրակշիռ տպավորություն թողնելու նպատակով: Հետագայում, երբ ավելի մոտեցանք, շատ ավելի հա- սարակ էր պահում իրեն: Իսկույն հարց տվեց, թե ի՞նչ եմ կարդում, գրողներից ու՞մ եմ հավանում: Շուտով ըմբռնեց, որ հետը խոսողը ծանոթ է հայոց հին գրականությանը, նաև նորին, որ Ներսիսյան դպրոցում աշակերտել է Մանուկ Աբեղյանին: Խոսք բացեց սիմվոլիստների գործերի մասին և ապա, գլուխը տըմբտըմբացնելով՝ անակնկալ հարցրեց. —Իոգերի մասին լսած կա՞ք,— ու մի խորամանկ ժպիտ նետեց աչքերիս:—Հիմա կբռնեմ,—երևի անցավ մտքովը, մտածեցի ես: Տվեցի մի քանիսի անունները, որոնց գրքերը ռուսերեն թարգմանությամբ լույս էին տեսել այդ տարիներին, և ես արդեն կարդացել էի: Գրական այս քննությունից հետո Չարենցը վեր կացավ՝ խախտելով իր իոգական նստելակերպը, հանդիսավոր մոտեցավ հնամաշ կոմոդին, բացեց դարակներից մեկը, որտեղ կանոնավոր դասավորված էին բարակ տետրակների ձևով լույս ընծայած իր գրքերը, և մեկական օրինակ նվիրեց ինձ: Այդ օրվանից սկսվեց մեր ծանոթությունը, որ շուտով փոխվեց մտերմության ու տևեց մինչև մեծ բանաստեղծի կյանքի վերջը: *** 1921 թվի սեպտեմբերին, մի օր, երբ վերադարձա հանրակացարան, տեսա մեկը մահճակալիս վրա փռել է գրքերս ու, ինքն էլ վերարկուով ու գլխարկով նստել, կարդում է: Մոտեցա, տեսնեմ Չարենցն է: —Տո, Եղիշե՞,—բացականչեցի: Գնանք մեզ մոտ, ԿՈՒՏՎ, Արփիկն այնտեղ է, հանրակացարանում,—եղավ Եղիշեի պատասխանը: Իսկապես, Չարենցն ամուսնացել էր և հունիսին թե հուլիսին եկել Մոսկվա՝ համալսարան մտնելու ցանկությամբ: Սակայն Պետական համալսարանը հանրակացարան չի ունեցել այդ ժամանակ և Չարենցը ստիպված մտել է КУТВ (Коммунистический университет трудящихся Востока), որը և տրամադրել է նրան և մի անկյուն իր հանրակացարանի սենյակներից մեկում: Սենյակից սենյակ անցնելով՝ հասանք Չարենցի անկյանը, որտեղ մի մահճակալի վրա պառկած էր Արփիկը: Արփիկին ես աշակերտական նստարանից գիտեի, և ես էի ծանոթացրել Չարենցի հետ 1919 թվին: Խոսում էինք այստեղից-այնտեղից, իսկ մեր կողքից անցուդարձ էին անում հարևան սենյակներում ապրող ուսանողները: Ազգերի մի ցուցահանդես էր այդ հանրակացարանը, անցնում էին չինացիներ, ճապոնացիներ, հնդիկներ, կորեացիներ, տաճիկներ, թաթարներ, յուրաքանչյուրն իր բնորոշ դիմագծերով, շարժուձևերով ու բարձրաձայն խոսելով անծանոթ լեզուներով: Արփիկը դժգոհ էր, դժվարությամբ էր տանում այդ պայմանները, իսկ Չարենցը, ճիշտ է, սովոր էր չարքաշ կյանքի, սակայն խիստ մտահոգված էր Արփիկի վիճակով ու ամեն կերպ աշխատում էր ելք գտնել այդտեղից: Վերջապես, նրան հաջողվեց տեղափոխվել Լազարյան ճեմարանի միհարկանի տներից մեկը՝ հայկական եկեղեցու բակում: *** Չարենցի հետ հաճախ պտույտի էինք դուրս գալիս Մոսկվայի փողոցներում: Նա որպես «վաղեմի» մոսկվացի ինձ ցույց էր տալիս մի շարք կաֆեներ, որտեղ հավաքվելիս են եղել ռուս պոետները: Բոլշայա Դիմիտրովկայի վրա, ներկայիս հեռագրատան շենքի դիմաց, ցույց տվեց «Պոետների կաֆեն» (հիմա նրա տեղը խոշոր շենքեր են կառուցված), որտեղ հաճախ ելույթներ է ունեցել Անդրեյ Բելին: Չարենցը ներկա է եղել նրա զեկուցումներից մեկին` գրականության հարցերին նվիրված: —Անդրեյ Բելին սկզբում խոսում էր կանգնած,—պատմում էր Չարենցը,—հետո նստեց, ապա նորից կանգնեց: Խոսում էր լալագին ձայնով: Մեկ էլ տեսնեմ ծնկաչոք դիրք ընդունեց, ձեռքերը վեր բարձրացրեց, ոնց որ աղոթելիս լիներ, ու վերջացրեց իր զեկուցումը բազկատարած, աչքերը վեր համբարձած: Չարենցը ամեն առավոտ գալիս էր, թե՝ —Գնանք պտտենք: Գնում էինք: Ուր էլ գնայինք՝ էլի գալիս կանգնում էինք գրախանութների առջև, գրքեր նայում ու վերադառնում տուն: Այսպես թռան աշնան ամիսները: Չարենցը գիշերներն աշխատում էր իր «Ամենապոեմի» վրա։ *** Չարենցը վաղուց ցանկություն էր հայտնել տեսնելու ֆրանսիական նորագույն նկարչության հավաքածուները Մոսկվայում: Եվ ահա, մայիսյան մի առավոտ, երբ մայթերը տակավին թաց էին, սակայն օդի մեջ գարնանային բուրմունք կար, դուրս եկանք հանրակացարանից ու մեկնեցինք դեպի պատկերասրահ: Նկարներն արտակարդ թարմություն էին ստացել ու կենդանացել այդ օրը: Դիտումն սկսեցինք իմպրեսիոնիստների գործերից: Մոնեի կտավների ջինջ գույներն իրենց մաքրությամբ, նրանց վրա տիրապետող լույսը, օդը` հեղհեղուկ, շարժուն — հմայում էին դիտողին: Ակադեմիական նկարչության հեղձուցիչ, գորշ մթնոլորտից հետո, թարմ գարնանային բույր և առատ օդ ու լույս ունեին Մոնեի ու իր համախոհների գործերը, որոնց առջև լիաթոք կարելի էր շնչել: Հիրավի, ճշմարիտ է ասել ֆրանսիացի նկարչուհի Բերտա Մոքիզոն. «Մոնեի նկարների առջև ես գիտեմ, թե ո՞ր կողմը պետք է դարձնեմ հովանոցս»: Չարենցը զմայլված էր բնության այդ ճշգրիտ պատկերումից: Մոտենում էր նկարներին, ապա հեռանում, նորից մոտենում, սակայն չէր շտապում կարծիք հայտնել: Պարզ էր, այնուամենայնիվ, որ նկարներն ունեցել են իրենց ներգործությունը: Մտանք Պոլ Գոգենի դահլիճը: Գոգենի թաիթյան պատկերներն առավել պայծառ էին հնչում այդ օրը: Չարենցը միանգամից գամվեց տեղում ու զմայլված սկսեց դիտել: Առաջին հայացքից նրան կախարդեցին Գոգենի կտավներն իրենց հյութեղ ու թարմ երանզներով, ոսկեմորթ թաիթուհիներն իրենց ճկուն շարժուձևերով, մոնումենտալ ու պարզ կեցվածքով, անգին քարերի ցոլքով վառվող հեքիաթային պտուղներով ու ծաղիկներով: Չարենցին դուր եկան ոչ միայն Գոգենի կտավների վրա բոցկլտացող գունային խարույկները, այլև նրանց մեջ տիրապետող լավագույն, սակայն փոքր-ինչ վշտոտ տրամադրությունը, որոնցով տոգորված էին բոլոր թաիթուհիների դեմքերը: Հակիրճ և ընդհանրացած գույներով, որոշ ռոմանտիկական միգով էր պատում Գոգենն իր բնանկարները: Գոգենին իր ժամանակակիցներից տարբերող ծրագրային բովանդակությունը, մարդու և բնության այս զմայլելի ամբողջականությունն ու միասնությունը՝ հավասարակշռված պատկերի սահմաններում, ժողովրդական արվեստի ավանդների կիրառումը Չարենցի սրտին մոտ եղան, և նա իր ընտրությունը կայացրեց Գոգենի վրա: Առանձնապես նրա ուշադրությունը գրավեցին «Պտուղներով կինը», «Մաորիական կանայք», «Մրգահավաքը»: Ապա անցանք Հանրի Մատիսսի նկարների դահլիճը, որը տեսնելուն պես Չարենցը բացականչեց. —Մարտիրոսի նկարները սրանցից ավելի լավն են: Սրանք արհեստական հասարակ թղթի ծաղիկներ են, մեր Մարտիրոսինը բնական, դաշտից պոկած ծաղիկներ են: Առաջ գնացինք ու կանգ առանք Պիկասսոյի և մյուս կուբիստների նկարների առջև: Չնայած իմ ջանքերին՝ տեսականորեն հիմնավորելու Պիկասսոյի և մյուս ձախերի գործերը՝ Չարենցի սրտին անհաղորդ մնացին նրանց բարեմասնությունները եւ մինչև վերջն էլ չհաշտվեց այն մտքի հետ, թե արվեստը կարող է այդպիսի ծամածռությունների հետևից գնալ: Նորից մսանք Գոգենի դահլիճը, Չարենցը անհագուրդ կլանում էր գունային զմայլելի հնչյուններն իրենց չնաշխարհիկ ներդաշնակությամբ, և մեծ դժվարությամբ անջատվեց նրանցից: Դուրս եկանք: Չարենցը երկար ժամանակ Գոգենի նկարներից ստացած հմայիչ տպավորության մասին էր խոսում: Հետագայում ևս նա հաճախ էր մտաբերում թաիթուհիների թողած անթառամ տպավորությունը՝ իբրեւ ոսկեզօծ մանկության մի հուշ: *** Չարենցն ինձ պատմել է, որ դեռևս աշակերտ Կարսի ռեալական դպրոցում, 1912 թվին, մի ռուբլի է թռցրել Աբգար-աղայից (այդպես էր անվանում հորը) ու գնել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որ նոր երևացել էր Կարսի գրախանութի ցուցափեղկում: Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ. զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի: Առանձնանում էի ու շարունակ կարդում: Այնպիսի կախարղական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ: Վահան Տերյանն իր քնարերգությամբ Չարենցի համար մնաց «առաջին սիրո» պայմաններում մինչև իր կյանքի վերջը: Խոր համակրանք ու ակնածանք ուներ նրա հանդեպ, և նրա երկերը: Չարենցի համար մնացին որպես գրական վարպետության չափանիշ: Չարենցը Տերյանին կյանքում չէր տեսել, ավելի ճիշտ՝ մի անգամ էր տեսել հեռվից «Մի բաժակ թեյ» կաֆեում, Գոլովինսկի պողոտայի վրա, 1917 թվին: Ես տեսել էի Տերյանին մի քանի անգամ, լսել էի նրա ելույթներն ու մի զեկուցումը Թիֆլիսում: Չարենցը բազմիցս հարցուփորձ է արել Տերյանի արտաքինի մասին, ձայնի, դիմագծերի մասին: Ոչ մի գրողի նկատմամբ այնպիսի հետաքրքրություն հանդես չի բերել նա, որքան Վահան Տերյանի: Կլանում էր ամեն մի հիշողություն, ամեն մի ակնարկ նրա մասին: Բանաստեղծ Ռաֆայել Զարդարյանի ալբոմում Տերյանը գրել էր երկու քառյակ, որ ես անգիր գիտեի: Երբ 1919 թվականին Թիֆլիսում մի հանդիպման ժամանակ արտասանեցի Չարենցի համար, նա իսկույն գրի առավ և ապա տպագրեց Երևանում լույս տեսնող «Կոոպերացիա» ամսագրում: Դրանցից մեկն էր «Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս», իսկ մյուսը՝ «Մի տրտնջա վշտիդ համար, սիրո առատ աղբյուր է նա»: Չարենցի «Տաղարանը» այս ներշնչման արդյունքն է անշուշտ: Տերյանը տիրապետող էր այդ տարիներին, առանձնապես երիտասարդ արտերին, ձեւակելպում էր նրանց հույզերը: Տերյանի բանաստեղծություններն էին հնչում հասարակական ու դպրոցական հանդեսներին: Տերյանը ըստ ամենայնի եղել է Չարենցի ուսուցիչը, ուղեցույցը: Նա է դաստիարակել Չարենցի ճաշակը՝ սեր արթնացրել դեպի հայ լեզուն, բառը, նրա բույրը, հնչյունականությունը: —Ի՞նչ կաներ Տերյանը, եթե կենդանի մնար,—հաճախ հարց էր տալիս Չարենցը,—ի՞նչ կգրեր, ինչպե՞ս կերգեր: Ըստ երևույթին Չարենցն իր հարցի պատասխանը գտնում էր իր երկերում:
Միքայել Մազմանյան․ Հուշեր Չարենցի մասին
Չարենցի ձայնը տենորային էր: Նա խոսում էր բարձր նոտաներով ու բարձրաձայն ավելի գյուղացու, քան քաղաքացու ինտոնացիայով: Մի բան ասելուց առաջ ցուցամատը մեկնում էր առաջ, գլուխը ետ տանում, հոնքերը բարձրացնում, ապա արտասանում խոսքերը: Խոսակցության ժամանակ շատ էր դիմում ձեռների շարժումներին և ուներ հարուստ միմիկա: Չարենցի առոգանությունը բարբառային էր, կարսական, ու խոսելիս զգալիորեն գործածում էր այդ բարբառի դարձվածքներ ու բառեր: Ռուսերեն խոսելիս նույնպես զգացվում էր մայրենի առոգանությունը, թեև ռուսերեն խոսում էր անսխալ և ճիշտ շեշտադրությամբ: —Չարենցի հասակը 1,60 մետր էր, որից և ճնշված էր զգում իրեն: Նախանձում էր բարձրահասակ մարդկանց, առանձնապես Կարո Հալաբյանին ու կատակով ասում էր. —Ոչինչ չէի ուզենա—Կարոյի բոյը իմը լիներ, Երևանի գոզալները իմը կլինեին: Հագնվում էր պարզ. սովորական շապիկ մուգ կապույտ՝ ձմեռները, իսկ ճերմակ՝ ամառը, դնում էր կեպի: Ճամփորդությունից վերադարձավ եվրոպական հագուստով, շլյապայով ու այդպես էլ մնաց մինչև վերջ: *** Արփենիկը Չարենցի համար և ընկեր էր, և քույր, և մայր, ինչպես և գրական խորհրդատու: Առաջինը Արփենիկին էր կարդում նա իր երկերի սևագրությունները: Նրանք անբաժանելի ընկերներ էին ու միասին էին ամենուրեք: Արփիկն իր մեղմ բնավորությամբ բարերար ազդեցություն ուներ Չարենցի փոթորկալի խառնվածքի վրա: Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս: Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար: Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել: Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմած նախագծի: Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար. նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար: Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը: Փորողը նիհար ու բարձրահասակ մի կին էր, հողագույն դեմքով—գերեզմանատան պահակը: Իր օգնականի ընկերությամբ հողը հանեցին և հասան գերեզմանին: Չարենցը կարգադրեց բանալ դագաղը: Ես արգելեցի, սակայն նա կտրուկ պահանջեց իրենը: Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ: Խե՜ղճ Արփիկ... ինչպես էր փոխվել... Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը: —Տես ի՞նչ է դառել,—ասաց Չարենցը վշտացած ու զարմացած: Կափարիչը ծածկեցին: Վերոհիշյալ գերեզմանապահ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը: Մի քանի օր հետո Արփիկի նոր գերեզմանն արդեն ձևավորված էր, ուներ գերեզմանաքար, ցանկապատ ու մի հատ ծառ շվաք էր տալիս նրա շիրիմին: Չարենցը ծաղիկներ ցանեց գերեզմանի շուրջը, և այցելում էր հաճախակի: Արփիկի մահը ճնշող ազդեցություն ունեցավ Չարենցի վրա: Մի օր հանդիպեցի նրան Թիֆլիսում, Արփիկի ծնողների տան մոտ՝ նախկին առևտրական դպրոցի կողքին: Հուսահատ էր Չարենցը, լաց եղավ: Կյանքն այլևս զին չունի ինձ համար: Մխիթարեցի ու տարա մինչև Արփիկի ծնողների տուն ու հեռացա: Այդ վիշտը մնաց անբուժելի մինչև մեծ պոետի կյանքի վերջը: *** 1927 թվականին, ամառային մի կիրակի առավոտ, Չարենցն եկավ թե՝ —Գնա՛նք ուղղիչ տուն, շատ հետաքրքիր տեղ է, մի զարմանալի աշխարհ: —Ինձ կթողնե՞ն,—հարցրի: —Կթողնեն,—վստահ ասաց նա: Իսկապես. Չարենցը Երևանի ուղղիչ տան պետի հետ մտերիմ էր, կարծեմ հայրենակիցներ էին: Կարճահասակ, եռանդուն տեսքով մի մարդ էր պետը, որ տեսնելով մեզ՝ գոչեց. ―Օ՜, ընկեր Չարենց, բարով եք եկել: Չարենցն ինձ ներկայացրեց պետին ու հայտնեց մեր գալու նպատակը: Դարպասներից ներս մտանք ինձ անծանոթ այդ վայրը: Չարենցը, գործին լավ տեղյակ մարդու աշխուժությամբ, առաջնորդում էր ինձ: —Այս պատի հետևը քսղաքականներն են, իսկ դիմացը, ուր գնում ենք՝ քրեականսերը: Ես սրանց հետ էի: Չարենցին լավ ծանոթ էին ուղղիչ տան տեղադրությունը, ներքին կազմությունը, առանձին բաժինների դասավորությունը, մարդիկ՝ իրենց կատարած հանցանքներով, կենսագրությամբ: Հին բարեկամի նման նա հարցուփորձ էր անում սրա-նրա մասին: Չարենցը տալիս էր անհրաժեշտ բացատրություններ, ծանոթացնում էր ինձ այս յուրօրինակ թանգարանի կառուցվածքին՝ իր կենդանի էքսպոնատներով: —Սա Ղարան է, իմ լավ բարեկամը, լավ հեքիաթներ ու դեպքեր գիտե պատմել: —Այսինչն ու՞ր է... մեռա՞վ... վա՜յ, ափսո՛ս տղա,—անկեղծորեն ցավակցում էր Եղիշեն: Պատմում էր հիշողության մեջ վառ մնացած դեպքեր հանգուցյալի մասին: Տեղնուտեղը մարդկանց բնութագիրն էր տալիս, հակիրճ, մի-երկու խոսքով ու շարժումով, բայց պատկերավոր արտահայտում էր յուրաքանչյուրի կերպարը: Չարենցի այցելության լուրը վայրկենապես տարածվել էր ուղղիչ տանը: Բոլորը դուրս էին թափվել իրենց բներից՝ տեսնելու Չարենցին: Նորեկները մի կողմ քաշված՝ ակնածանքով նայում էին նրան: Չարենցը ամեն մեկի հետ խոսում էր նրա լեզվով՝ պահպանելով յուրաքանչյուրի բարբառն իր առանձնահատկություններով: Անցանք արհեստանոցները, ճաշարանը և ապա ակումբը: Կանգ առավ ակումբի աշխատանքների վրա, նրանց սպեցիֆիկ բնույթի վրա, ապա ծանոթացրեց ակումբի գեղարվեստական ղեկավար Եֆիմ Բրավերմանի հետ: Չարենցը լեզու էր առել, արտակարգ աշխույժի մեջ էր, դեմքը մերթ լուսավորվում էր, մերթ մթագնում, խոսում էր, կատակում, երբեմն էլ քահ-քահ ծիծաղում: Արդեն ուշ էր, ճաշի ժամը եկել էր. հրաժեշտ տվինք ու հեռացանք այդ, այնուամենայնիվ, մռայլ միջավայրից: —Տեսա՞ր ինչ հետաքրքիր աշխարհ է ուղղիչ տունը,—ասաց Չարենցը՝ գոհունակությամբ եզրափակելով մեր պտույտը: *** —Ահա՛ քեզ խմբապետ Շավարշը,—ներկայացրեց մի օր ինձ Չարենցը Խորառծառի ակումբում հաղթանդամ մի մարդու,—սրանից եմ առել իմ պոեմի հերոսի կերպարը, ծանոթացե՛ք: Մի տարիքոտ, բարձրահասակ մարդ էր այդ Շավարշը, բեղերով, աջ թե ձախ այտին դանակի հարվածի սպիացած հետքով: Միքելանջելոյի սիքստոսյան որմնանկարների մոնումենտալ ուժն ունի իր մեջ Չարենցի պոեմի այդ ֆրագմենտը՝ խոշոր ոճի իր ընդհանրացումնելով, առանց պաճուճանքների, վրձինի անողոք հարվածներով ստեղծված իր կերպարներով: Ինքը՝ Շավարշը նայում էր մեզ ժպտերես, թերևս գոհ, որ մազապուրծ է եղել դաժան ժամանակի ճիրաններից ու արժանացել մեծ բանաստեղծի ուշադրությանը: Չարենցը հետը խոսում էր իբրև վաղեմի մի բարեկամի հետ, ինչպես Միքելանջելոն կխոսեր իր մոդելի հետ, որից առնում էր իր հերոսի կերպարը: *** 1929 թվին Չարենցը հիվանդացավ ու պառկեց Մոսկվայի քաղաքային երկրորդ հիվանդանոցում: Մի հայտնի վիրաբույժի կատարած անդամահա տությունից հետո, ես ու Կարոն այցելեցինք Չարեսցին: —Տեսե՛ք, ինչ ահռելի քարեր հանեցին երիկամունքներիցս,—ասաց Չարենցն ու բացեց թղթի մեջ փաթաթված կաղինի չափ մի քար և դրա կեսի չափ էլ՝ մյուսը: —Զարհուրելի ցավեր էի զգում օպերացիայից հետո, ու ցավերը մեղմելու համար մորֆի սրսկեցին մի քանի անգամ: Խիստ դուր եկավ ինձ: Հիմա էլ թեև ցավեր չեմ զգում, սակայն գոռգոռում եմ, իբրև թե ցավեր ունեմ, ու գալիս սրսկում են: Այսպես սկսվեց Չարենցի բարեկամությունը մորֆիի հետ: Նա զգում էր դրա ավերածությունն իր օրգանիզմի վրա, սակայն արդեն ընտելացել էր ու դժվարանում էր թողնել: Օրինակ էր բերում Վալերի Բրյուսովին եւ ուրիշներին, որոնք գործածում էին, ու դրանով մխիթարվում էր: Մի քանի անգամ Երևանում, կեսգիշերին, արթնացրել է ինձ, որ ուղեկցեմ մինչև հիվանդանոց (Ազիզբեկովի հրապարակի վրա): Հերթապահ բժիշկներն ու քույրերը գիտեին այդ և ընդառաջում էին: Տրամադրությունը բարձրանում էր ու սկսում էր զրուցել կամ գրել: Ապա ձեռք բերեց բոլոր պարագաներն ու ինքն էր սրսկում իրեն տանը` հաճախ խոսակցի ներկայությամբ մերկացնելով թևը: Գնալով առավել ուժգին էր դառնում պահանջը: Հաճախակի էին դառնում սրսկումները: Մորֆիի ազդեցությունն անցնելուց հետո Չարենցը դառնում էր մռայլ ու անհանզիստ: Սրսկելուց հետո աշխուժանում էր, պայծառանում ու նստում մինչև խոր գիշեր սենյակում, ուր վաղուց ննջում էին կինն ու երեխան: *** Օգոստոսի շոգ օրերից մեկն էր: Մի-մի ձմերուկ առած Չարենցի հետ բարձրանում էինք Աբովյան փողոցով դեպի տուն: Ճանապարհին Չարենցն արտահայտեց հետևյալ միտքը. —Նկարչի նկարը ինքնին արժեք է, դա վերջնական ձևավորված երկն է, վերջնական նպատակը. մինչդեռ ճարտարապետական նախազիծը դեռևս ճարտարապետական երկ չէ, նա դեռևս տուն չէ, այլ թուղթ է: Որպեսզի տուն դառնա, պետք են՝ շինանյութ, գործիքներ, բանվորներ: Իրական կառուցվածքի վերածվելով միայն նախագիծը դառնում է շինարարություն, հասնում իր նպատակին, ստանում է արժեք: Սարյանի նկարը ինքնին արժեք է, ինքն է, որ կա, ուր ուզես հետդ կտանես: Ճարտարապետական շենքի նախագիծն ինչի՞ս է պետք, նայելու համար հո չի, ինձ շենքն է հարկավոր իբրև վերջնական նպատակ, որպես արժեք: Չարենցը ճիշտ էր պատկերացնում արվեստներից յուրաքանչյուրի սպեցիֆիկան, նրանց դժվարին կողմերը ու միշտ մատը դնում էր նրանց վրա։
Վիվան․ Հանդիպումներ Չարենցի հետ
1917թ., ուշ աշուն-1918թ., վաղ գարուն... Ռազմաճակատից նոր էի վերադարձել գնդապետ Սամարցևի «բանակ»-ի հետ: Կամավոր էի գնացել Խնուսի մոտ երկու ամիս մի գետնատնում, որը ռազմական կետ էր համարվում: Խա՜ռը ժամանակներ: Թուրքերը սպառնում են բոլոր կողմերից: Ռազմավիրական ճանապարհով սկսվել է հայերի գաղթը դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ քաղաքացիական պատերազմն է բորբոքվել: Լուրեր են հասնում, որ այնտեղ հացը սպիտակ է, էժան և առատ, իսկ Թիֆլիսում սև է, ցեխի նման, թանկ և դեռ պետք է գիշերով հերթ պահել փռերի դռանը: Մենք էլ էինք հերթի... մի դռան: Ծերուն Թորգոմյանը պատրաստվում էր սկսնակ գրողների մի ժողովածու հրատարակել: «Հրազդան»-ի դռանը, Երևանյան հրապարակում «հերթի կանգնածների» մեջ ես էլ կամ: Անհամբեր սպասում ենք ժողովածուի լույս տեսնելուն: Այնտեղ մի օր ես սպասում եմ նաև մի մարդու, որը դպրոցական իմ հին ընկեր Վ. Չիթունու միջոցով ժամադրություն է տվել՝ ինձ հետ ծանոթանալու համար: Ճիշտ ժամին գալիս է անծանոթը և բարևում վաղուցվա ծանոթի նման: —Սողոմոնյան… Ինձ նման «հերթի էր կանգնած» մի երիտասարդ: —Շատ ուրախ եմ: Կարդացել է «Գործ» ամսագրում տպագրված իմ պատմվածքը՝ «Հովակին ժպիտը» և ցանկացել է անձամբ ծանոթանալ ու զրուցել: —Մեծ սիրով ու հաճությամբ: Բայց նա չի ուզում երրորդի ներկայությունը և դառնալով Վ. Չիթունուն, որը նույնպես «հերթի կանգնած» մի երիտասարդ է. —Դու մնա,—ասում է չոր ու հրամայաբար: Եվ երբ ես դեռ ուշքի չեմ եկել այդ տարօրինակ վարմունքից, նա թևս մտած քարշ էր տալիս ինձ դեպի Գոլովինսկի պողոտա: Զրույցի ժամանակ նոր ես զգում եմ, որ գործ ունեմ «հերթից արդեն դուրս եկած» մարդու հետ, երբ, թող ամոթ լինի խոստովանել և թվա առասպել, ո՛չ Չարենց անունն էի լսել, ո՛չ «Դանթեական»-ը կարդացել: *** Այն, ինչ ասում էր իմ երախայրիքի—«Հովակին ժպիտի»—մասին, ինձ համար անհասկանալի լինելուն չափ զարմանալի էր: Ըմբռնման, ընկալման մեր եղանակները ինչ-որ նույնը չէին: Բառերը նրա մոտ ինչ-որ տարբեր իմաստ էին առնում: Նա ինձ մտցնում էր մի այնպիսի բնագավառ, որտեղ մեզ ծանոթ երկրային կշիռն ու չափերը փոխվում են, որովհետև փոխվել է ձգողության օրենքը: Նրա մոտ ամեն միտք հիպերբոլա էր՝ անսահման տարածվում էր ու ձգվում, դառնում անընդգրկելի կամ ծանր, ինչպես այն գրքերը, որոնց էջերը ես կարողացել եմ միայն բացել: Նա ավելի առաջ էր անցել: Արվեստի մասին իր հասկացողությունները նա սկսում էր արտահայտել մաթեմատիկական ֆորմուլներով: Նա իմ պատմվածքը համեմատեց Պյութագորյան թեորեմներից մեկի հետ և դրանով ուզեց միայն ապացուցել, որ ինքը ձգտում ունի ամեն ինչի մեջ ավելի խոր թափանցել, մինչև իսկ եթե դա մի երկ է և ունի հեղինակ: Սկզբում դա ինձ փոքր-ինչ տարօրինակ թվաց, և ես նույնսկ ժպտացի որպես հեղինակ, բայց հետո, քանի գնաց, ինձ համար դարձավ պարզ ու հասկանալի: —Տիեզերքն էլ երկ է և «հեղինակ» ունի, բայց մարդն է իրերի խորքը թափանցողը: Իսկ նա, որ առաջին օրը ինձ թվաց որպես լոկ «հերթից դուրս պրծած», հաջորդ օրերն իմ աչքին մի ոգի էր՝ «աստղերի ծիրը մտած»: *** Բոլորը կարմիր Ռուսաստանի ճանապարհն էին բռնել՝ թուրքական վտանգից ազատվելու համար, իսկ դա առիթ էր համարում «հարդագողի ծիրը» մտնելու: —Գնանք,—ասաց նա ինձ մի օր,—քանի ժամանակները այսպես խառն են... Դուրս գնանք լայն աշխարհ... Ու վաղ գարնան մի արևոտ օր վերցրինք` մեր իրերը, որոնց մեջ մի ծանր սնդուկ՝ գրքերով ու ձեռագրերով լիքը և բարձրացանք ֆուրգոն: Երբ քաղաքից դուրս գալով՝ ընկնում էինք փոշոտ ու լայն խճուղին, անիվների ձայնին խառնվեց երգի նման միաժամանակ` մեր մրմունջը: Մեր ֆուրգոնում, որպես ուղեկից, ունեինք մի ընտանիք՝ մի զինվորական իր կնոջ ու երկու դստեր հետ, վերադառնում էին հայրենիք: Անսահման հիացել էինք Դարյալի կիրճի գեղեցկությամբ: —Ո՞ր պեյզաժն է քեզ ավելի դուր գալիս... Եվ երբ վեճը ծավալվում էր մեր նախասիրությունների շուրջը, ես զգում էի իմ պարտությունը և տեսնում, թե ռուսական լայնարձակ դաշտերին (և ոչ միայն դաշտերին) ծանոթ լինելը ինչքա՜ն հզոր թևեր է տվել նրա մտքին: Հասանք Վլադիկավկազ: Վերջապես կարող ենք աչք փակել հանգիստ: Առավոտյան կայարանում ենք: Բոլորը շտապում են, խուճապի մեջ են: Մի կին իր ծանր բեռը չի կարողանում բարձրացնել վագոն: Չարենցն իսկույն մոտենում է և օգնում. վերցնում է բեռը մեջքին և ներս տանում: —Բա: Տոլստոյն էլ էր էդպես: Նրան փող են տվել այդպիսի ծառայության համար, և նա մինչև անգամ վերցրել է: —Իսկապե՞ս... —Իհարկե: Վագոնում, որտեղ հազիվ նստելու տեղ ենք ճարել, նորից մի զինվորական է մեր կողքին, խոսք է բացվում ճանապարհների մասին: Ինչ-որ կայարանի համար վեճ է ծագում. վեճի առարկա կայարանը (անունը չեմ հիշում) Իրկուտսկ տանող երկաթուղու վրա է: Զինվորականը պնդում է, որ այդ կայարանից գնացքը Իրկուտսկ չի գնում: Ինչպե՜ս թե... Քարտեզը հեռու չէ, սնդուկում է, պարաններով կապկպված և վագոնի առաստաղի մոտ, այլոց կապոցների արանքում մնում է ճխտված, կորած, իսկ ներքևում շարժվելու տեղ չկա, լույսն էլ վագոնում այնքան թույլ է, որ իրար երես հազիվ ենք տեսնում: Հնա՜ր չկա: Չի հանգստանում, մինչև սնդուկը ցած չի բերում, պարաններն արձակում, դուրս հանում քարտեզը և լուցկու լույսի տակ ճշգրտելով վեճի առարկա կայարանի տեղը՝ ապացուցում իր ասածի ճշտությունը: Գնացքը կանգ է առնում Արմավիր կայարանում և այլևս առաջ չի շարժվում: Ցարիցինում կռիվներ են գնում: Ուղևորների հետ իջնում ենք գնացքից` և խառնվում կառամատույցում թափված անհամար զինվորներին: Հանկարծ մեկը մոտենում է մեզ. —Բա՜րեւ, Եղիշե... Հայրենակից է Չարենցին: Տեսել է նրա ծնողներին ճանապարհին... Կարսից մեկնելուց: «Ի՜նչ աստղով է» իմ ընկերը: Ծնողները նրան իրենց հետ տարան Տիխորեցկ: Ես այդ իմացա վաղուց Արմավիրում հաստատված մի ուսուցչի տանը, որտեղ ինձ փոխադրել էին` բարձր տաքության մեջ զառանցելիս: Մարդը ինձ հայրենակից էր և հեռավոր ազգական: Չէր թողել հիվանդանոց տանեն և Չարենցին հավաստիացրել էր, որ կորած տեղ չի տանում ինձ: Ես երբեք քեզ չեմ մոռանա Թառայան, Կայարան` Տիխորեցկ
Իզաբելլա Չարենց․ Չարենցի հետ
1931 թվականն էր, ապրում էի Մոսկվայում. մայրս խնդրեց գալ իր մոտ՝ Երևան, հյուր: Այդ ժամանակ ես քսանմեկ տարեկան էի, հավաքվեցի, եկա Երևան։ Իհարկե, հին քաղաքն այնպիսին չէր, ինչպիսին է այժմ. հյուղակներ էին, փոքրիկ տնակներ: Գտա մորս: Խորթ հայրս աշխատում էր տպարանում` որպես գրաշար: Այդպես մի երկու շաբաթ նստած էի տանը: Մի օր նստած գիրք էի կարդում, երբ եկավ երիտասարդ նկարիչ Արարատ Ղարիբյանը, եկավ ու ասաց. —Ընկե՛ր Ավետիս Կոդաբաշյան, Չարենցը եկել է տպարան, կանչում է քեզ. շարելու են նրա գիրքը, ուզում են Դուք ստուգեք: Հետո նայեց ինձ ու ասաց.—Իսկ այս ջահել աղջիկն ո՞վ է: Ասում է՝ մեր աղջիկն է, եկել է Մոսկվայից: —Հա՞,—ասում է,—համակրելի, համեստ աղջիկ է: Եվ այդպես նա գնում է. նորից գալիս է մի շաբաթ հետո և ասում. —Թույլ տվեք ձեր աղջկան հրավիրել մեզ մոտ հյուր, այսօր իմ տղայի ծննդյան օրն է: Մայրս ասում է, թե ես այստեղ դեռ ոչ ոքի չգիտեմ: Ես էլ ասում եմ՝ ոչինչ, կգնամ, կծանոթանամ երևանցիների հետ, կտեսնեմ Երևանը, առաջին անգամ եմ այստեղ: Գնալով այնտեղ՝ տեսնում եմ հյուրերին նստած: Իսկ ցանցե ճոճում օրորվում է 34 տարեկան մի տղամարդ. գանգուր մազեր ուներ, շագանակագույն կոստյումով էր, նայում էր՝ այսպես, ճակատի տակից: Արարատ Ղարիբյանն ասաց.— —Ծանոթացե՛ք, մեր Եղիշե Չարենցն է, գրող է, մեր բանաստեղծը։ Ասում եմ՝ շատ հաճելի է, ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ գրականություն չգիտեմ: —Դե՛, ոչի՛նչ, մենք Ձեզ կսովորեցնենք հայ գրականությունը,—ասում է Չարենցը: Այդպես նստում եմ, զրուցում, ժամը տասին արդեն պատրաստվում եմ գնալ։ Այդ ժամանակ Չարենցը ելնում է ու ասում.—Թույլ տվեք Ձեզ ուղեկցել: Ասում եմ՝ փոքր չեմ, կարող եմ ինքս գնալ: Ասում է՝ հո միայն փոքրերին չեն ուղեկցում: Պատասխանում եմ՝ եթե ուզում եք՝ ուղեկցեք: Ուղեկցեց մինչև տուն: Ճանապարհին նա հարցնում է ինձ.—Դուք գրականություն սիրո՞ւմ եք: Ես ասում եմ՝ գրականություն սիրում եմ շատ, բայց գիտեմ միայն ռուսականը, քանի որ ամբողջ ժամանակ բնակվել եմ Մոսկվայում: Նա սկսում է հարցուփորձ անել, թե որտեղ եմ ապրում, այնպես որ ես նրան պատմում եմ ամեն ինչ: Հետո նա ինձ ասում է, իսկ ինչո՞ւ եք այդպես շտապում: Ապա ասում է.—Դուք Պուշկինին սիրո՞ւմ եք: Ես ասում եմ՝ շատ եմ սիրում Պուշկինին, Լերմոնտովին: —Դե՛, ես հիմա Ձեզ կպատմեմ Պուշկինի մասին. Դուք կլսե՞ք: Ասում եմ՝ մեծագույն հաճույքով: Եվ նա սկսում է պատմել Պուշկինի մասին: Իսկ ես այսպես զարմացած նայում եմ նրան ու ասում՝ Դուք 19-րդ դարո՞ւմ եք ապրել, ինչ է: Դուք այնպես եք պատմում Պուշկինի մասին, որ կարծես եղել եք հարազատ եղբայրներ: Նա ծիծաղում է և ասում.—Իսկ գուցեև ապրել եմ 19-րդ դարում... Եվ ինձ անմիջապես հետաքրքրում է պատմածը. մտածում եմ, թե ով է գրողի մասին պատմող այս գրողը. նա ուներ ինչ-որ յուրահատուկ կախարդանք, հասկանում եք, նա պատմում էր ինչ-որ հետաքրքիր: Այսպես հասանք մինչև մեր տուն: Նա ինձ առաջարկեց երկրորդ օրը գնալ «Ալմաստ» օպերան, ասում է՝ Ձեզ կծանոթացնեմ մեր օպերայի հետ: Երկրորդ օրը նրա հետ գնում ենք օպերա: Օպերայում նա ինձ պատմում է «Ալմաստի», նրա նշանակության մասին: Շատ գոհ ենք մնում, ապա վերադառնում ենք տուն: Դե՛, այսպես մենք ամեն օր հանդիպում էինք Շահումյանի հուշարձանի մոտ: Եվ ահա՛, մի օր նա սկսում է ինձ ասել.—Դուք համեստ, լավ աղջիկ եք, ես ուզում եմ ընտանիք ունենալ, քանի որ իմ առաջին կինը վախճանվել է 1927 թվին, նրանից հետո ես ընտանիք չունեմ: Ես այնպես եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին, որպիսին, ահա՛, Դուք եք: Միայն,—ասում է,—ես Ձեզ տալիս եմ երեք օր ժամանակ. այդ երեք օրվա ընթացքում Դուք ինձ պետք է պատասխան տաք՝ այո՛, կամ՝ ո՛չ: Ես,—ասում է,—ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ, և, ասում է,—դատարկ ժամանակ վատնեմ: Ես ասում եմ՝ իհարկե, Դուք գրական մարդ եք, բանաստեղծ, Դուք զբաղվում եք պոեզիայով, այնպես որ ժամանակ չունեք ինձնով զբաղվելու, ուրեմն ես երեք օր կմտածեմ, բայց շատ կարճ ժամանակամիջոց է: Ես չգիտեմ, ինչպես պատասխանել, բայց կաշխատեմ: Գալիս եմ տուն և երեք օր ամբողջ ժամանակ կրկնում՝ այո՛-ո՛չ, այո- ո՛չ, ապա ասում եմ վերջին խոսքս՝ այո՛: Իմ կարծիքով նա լավ մարդ է, գրող է, հանճարեղ խելքի տեր, չի կարող վատը լինել: Եվ ես գնում եմ նրա մոտ ու ասում՝ այո՛, ես համաձայն եմ ամուսնանալ: Ժպտում է, գոհ է, ասում է՝ —Վաղը ժամը 12-ին կգաս Պետհրատ, կգնանք ԶԱԳՍ: Հաջորդ օրը ժամը 12-ին գալիս եմ Պետհրատ: Պետհրատի բոլոր աշխատողները գիտեն, որ Չարենցն ամուսնանում է: Դա մի այնպիսի զարմանալի սյուրպրիզ էր. ինչ-որ տեղից եկել էր մի աղջիկ և կարողացել այդքան արագ ամուսնանալ նրա հետ: Պետհրատից որպես վկա վերցնում ենք Մակինցին և մեկ ուրիշի, գնում ԶԱԳՍ: Գրանցվում ենք ու գալիս հյուրանոց: 1931 թ. սեպտեմբերի 29-ն էր, երբ ԶԱԳՍ-ից դուրս եկանք, ես թեթև զգեստով էի, բարակ անձրև էր մաղում: —Ինչո՞ւ ես այդպես դուրս եկել,—ասաց,—և իր պլաշչը գցեց ինձ վրա. բարձրացրեց, նստեցրեց մեքենա, և մենք եկանք տուն, մորս մոտ:—Երեկոյան հայրիկի և մայրիկի հետ եկեք մեզ մոտ հյուրանոց, սեղանները բացված կլինեն, կլինեն իմ ընկերները՝ կանանց հետ, կլինի ոչ թե հարսանիք, այլ՝ երեկո: Երեկոյան ժամը 8-ին հորս ու մորս հետ եկանք հյուրանոց, այժմյան «Երևան» հյուրանոցը, որտեղ ապրում էր նա: Այնտեղ էին Մակինցը՝ կնոջ հետ, Մարուսյա Դուրգարովան, Կարո Հալաբյանը, կինը, Միշա Մազմանյանը, կինը: Սեղաններն արդեն բացված էին, լի էին ծաղկեփնջերով: Ուրախանում ենք, գրկախառնվում, համբուրվում, պարզապես երեխայի նման: Այդ երեկոյին Շարա Տալյանն էր երգում, իմ հարսանիքին: Ապա մեզ ուղեկցում են տուն: *** Դրանից մոտ երկու ամիս հետո գնացինք Մոսկվա, ամեն տեսակի շատ գնումներ արեցինք, հագուստ, ամեն ինչ. դա արդեն 1932-ին էր, երբ առաջին անգամ միասին եղանք Մոսկվայում. գնեցինք մանկական իրեր, և 32 թվականին արդեն ծնվեց մեր աղջիկը: Նա անչափ ուրախացավ. ասում էր.—Իզաբելլա՛, ես ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում, եթե դու ինձ աղջիկ նվիրես: Ասում էր՝ գիտես ինչի համար, ես ուզում եմ նրան տալ Արփիկի անունը՝ հիշատակի համար: Աղջիկ էլ ունեցա, որին անչափ սիրում էր: Նա միշտ գիշերներն էր աշխատում, մեկ-մեկ քնած երեխաներին վերցնում էր գիրկը, գրկում էր, համբուրում անընդհատ. ես ջղայնանում էի, ասում էի՝ երեխան կարթնանա: Ասում էր.—Իզաբելլա՛, մի ջղայնանա, թող կարոտս առնեմ: Նա միշտ կրկնում էր այդ խոսքերը, թե՝ անընդհատ ուզում եմ քե՛զ էլ համբուրեմ, երեխաներին է՛լ համբուրեմ, կարոտս չեմ կարողանում հագեցնել: Որպես ամուսին շատ ընտանիքասեր էր, ոչ մի բան չէր խնայում, շատ բարի էր նա ընտանիքի հանդեպ, գորովալից: Երբ մենք ամուսնացանք, առաջին տարիներին գալիս էր Ակսել Բակունցը, հուզված խոսում էին: Ակսելը այնպես գրգռված էր լինում, Չարենցը ավելի զուսպ էր, Ակսելին հանգստացնում էր. ասում էր՝ Ակսել, դու ճիշտ չես, դու այդպես մի ասա. նա չէր հասկանում Չարենցին, էլի իր ասածն էր ասում. սենյակում քայլում էր հուզված, ջղային, խոսում էր բարձր-բարձր։ Բայց Չարենցը նրան սիրում էր շատ: Եվ տարիները մի տեսակ քննություն եղան նրա համար: Գալիս էին Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Նորենցն էր գալիս, Արտեմի Եղիազարյանը, դե՛, ամենամոտիկ ընկերներից էր Ներսիկ Ստեփանյանը, Միշա Մազմանյանը։ Ավետիք Իսահակյանը, երբ արտասահմանից եկավ, ամեն օր մեզ մոտ էր, ինքն էլ գնում էր նրանց մոտ։ Խանջյանն էր գալիս: 1932թ., երեխայից հետո, նա սկսեց գրել «Գիրք ճանապարհին»: Խանջյանը «Գիրք ճանապարհին» շատ հավանեց և սկսեց Չարենցին շատ սիրել: Երբ տխուր կամ հիվանդ էր լինում, Չարենցին կանչում էր իր մոտ, ասում էր վերցրու «Գիրք ճանապարհին», եկ ինձ մոտ ու մի քանի բան կարդա քո գրքից: Եվ նա գնում էր ու կարդում: Գալիս էր Կոջոյանը. այնքան հանգիստ մարդ էր։ Երբ Չարենցը «Գիրք ճանապարհին» գրեց, ասում էր՝ —Իմ գրքի համար դու գրավյուրներ պետք է անես: Կոջոյանը էսքիզները բերում ցույց էր տալիս Չարենցին։ Չարենցն ասում էր. —Ա՛յ տղա, էստեղ մի քիչ էսպես չես արել: Չէր մերժում, նորից էր գրավյուրներ անում ու բերում: Գրավյուրները փայտերի վրա էր անում, միայն թե մերժած չլիներ Չարենցին: Եվ Չարենցը շատ հավանում էր նրա գործերը: Նա շատ մեծ նկարիչ էր, և Չարենցը նրան հարգում էր որպես մեծ նկարչի: Միշտ ասում էր՝ դու պիտի իմ գրքի նկարներն անես, քեզնից բացի՝ ոչ ոք: Եվ նա ևս շատ հաճախ էր մեզ մոտ գալիս: Բոլորը հարգում էին նրան: Նա շատ լավն էր եւ իբրև մարդ, ես սիրում էի նրան, և Չարենցն էլ հարգում ու սիրում էր նրան: Մարտիրոս Սարյանի հետ նա ինձնից առաջ էր ծանոթ, առաջին կնոջ ժամանակից, բայց իմ ժամանակ ևս նա գալիս էր մեզ մոտ: Գ. Ազնավուրյան—Հիշո՞ւմ եք, նկարվել եք՝ Դուք, Մազմանյանը, Սարյանը, Չարենցը: Հա, այն ժամանակ ես հիվանդանոցից նոր էի տուն եկել՝ երեխայից հետո. իմացել էին, որ Չարենցն ինձ տուն է բերել, Մազմանյանը, Սարյանը, ուրիշ շատերը եկան: Չարենցը շատ էր ուրախացել, որ հայր է դարձել: Հիշում եմ, երբ մենք հյուրանոց պետք է գայինք, ինքը վերցրեց երեխային, փաթաթեց ու առաջ ընկավ: Բերելով տուն՝ դրեց մահճակալին, հետո դուրս եկավ, գնաց: Մեկ էլ տեսնեմ՝ երկու զուռնաչի, որ կային, է՛,—նրանց բերեց ու ասաց, որ նվագեն «Արևուդ մեռնիմ, յար ջան...»: Հյուրանոցով մեկ այնպիսի գոռգոռոց էր ընկել: Հետո ինձ թողեց մենակ, գնաց. էն որ փողոցում ծաղիկներ էր ծախում, նրանից երկու զամբյուղ ծաղիկ ձեռքն առած, զուռնաչիներին էլ ասում է.—Դուք էլ իմ հետևից եկեք,—երկու զամբյուղն էլ լիքը վարդեր, սպիտակ ծաղիկներ, բերեց տուն, դրեց երեխայի մահճակալի կողքերին: Ես նեղանում եմ, ասելով, թե միայն մեռելի կողքին են ծաղիկներ դնում: հակառակո —Չէ՛,—ասում է,—դա իմ ուրախությունն է: Ծաղիկները դնելուց հետո հարցրեց, թե ինչքան պետք է վճարի երկու զամբյուղին, նրանք ասացին այսքան, վճարեց, գնացին... *** Գրողների համագումարին Չարենցը ինձ և երեխային վերցրեց հետը. աղջիկս երկու տարեկան էր, և մենք գնացինք Մոսկվա: Իջանք ճարտարապետ Կարո Հալաբյանի տանը, որը շատ էր սիրում Չարենցին: Չարենցն էլ շատ էր սիրում Կարոյին, Վիկտորիային նույնպես, որը միաժամանակ շատ գնահատում էր Չարենցին. մոտիկ ընկերներ էին: Նա ասաց, թե դուք պետք է մնաք մեր տանը, շատ կնեղանամ, եթե գնաք հյուրանոց, լավ եք արել, որ եկել եք մեր տուն: Լավ հարմարություններ ուներ: Հետո Չարենցը 15 օր գնում էր համագումարի: Երբ համագումարից տուն էր գալիս, նստում խոսում էր ինձ, Կարոյի ու Վիկտորիայի հետ, այստեղ էլ քնում էր: Պատմում էր, թե ինչպես է անցնում համագումարը, ինչ են խորում-ասում համագումարում: Կարո Հալաբյանը հետաքրքրությամբ լսում էր: Ասում էր՝—Կարո՛, տեսնում ես, համագումարում կան չորս ճանաչված բանաստեղծ, Սովետական Միության մեծ գրողներ, որոնց չի կարելի շրջանացել: Շնորհավորե՛ք ինձ,— ասում էր: Կարո Հալաբյանը հարցնում է, թե —Իսկ ովքե՞ր են մյուսները։ —Պոնոմարչո՛ւկ(՞—խմբ.), Ալեքսեյ Տոլստո՛յ, հետո Չարենց... (Չորրորդին մոռացել եմ, էլի շատ ճանաչված էր): —Շատ երիտասարդություն կար, և ես խոսեցի գրականության մասին, և՛ հայ, և՛ ռուս, անգամ խոսել եմ այն մասին, թե ինչ վրիպումներ կան ռուս գրականության մեջ, բոլորը շատ հավանել էին: Համարյա մեկ ժամ խոսել եմ: Դրանից հետո, երբ համագումարն ավարտվեց, բանկետ արեցին: Չարենցն ասում է. —Դե՛ հագնվիր, գնանք. ինչո՞ւ չես ուզում, բանկետում մի փոքր կհանգստանաս: Եվ այդպես Չարենցի հետ հագնվեցինք, գնացինք: Երեխան մնաց Վիկտորիայի մոտ, մենք գնացինք բանկետի: Բանկետում նա ինձ ծանոթացնում էր գրողների հետ. ասում էր, ահա՛, սա Վլադիմիր Լուգովսկոյն է, սա՛ Իլյա Էրենբուրգը, ա՛յ, այն սեղանին Մաքսիմ Գորկին է նստած, գնանք քեզ ծանոթացնեմ: Ես շատ ուրախացա: Երբ մոտեցանք, տեսա բարձր հասակով, բեղերով... երեսը կարմիր, առողջ մարդու տեսք ուներ, վերնաշապիկն էլ երկնագույն էր: —Ծանոթացե՛ք,—ասում է Չարենցը,—Մաքսիմ Գորկի, իսկ սա՝ իմ կինն է: —Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք։ Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը՝ ջահել, սիրուն կին էր. սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում: Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ, ընթրիքի: Նա ասաց, որ նրանց մեջ նաև Չարենցն է: Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորիային, թե Գորկին ցուցակ կազմեց, «ես էլ ընկա մեջը»։ Ասում է՝—Վաղը հրավիրում է իր մոտ: Դե՛ լավ է,—ասում է Վիկտորիան,—Իզաբելլային էլ կտանես: Ասում է. —Չէ՛, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է: Եվ գնաց մենակ. հետո վերադարձավ, այսպես ժամը 9-ը կլիներ։ Եկավ խոսեց ինձ հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է. —Վիկտորիա՛, ա՛ռ, նայիր, տես ի՞նչ տուփ է: Վիկտորիան ասում է՝ ծխախոտի տուփ է: —Չէ՛,—ասում է,—Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա՛, թե ինչ եմ գրել: Ընթրիքի ժամանակ,—ասում է,—Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց՝ «Вот Наири, Страна Наири»,— ասում է՝ «Вот сидит Цтрана Наири»: ...Հետո,—ասում է,—երբ վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրեցի, ամիս ամսաթվով գրեցի, որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել... *** Ամառ էր, շոգ էր, 1937 թիվն էր, Չարենցն ասաց՝ արի քեզ երեխաների հետ ուղարկեմ Դարաչիչակ, այնտեղ հով է, լավ կլինի: Ինձ երկու երեխայի հետո մեքենա նստեցրեց, տարավ, վերևի հարկում մի սենյակ վերցրեց, գրողների հանգստյան տունն էր: Մի լավ սենյակ տվեցին, ես երեխաներով մեկ ամիս այնտեղ ապրեցի, Չարենցը վերադարձավ Երևան: Չեմ հիշում ով էր, եկավ ասաց, որ դուք պետք է արդեն այս սենյակն ազատեք: Ասում եմ՝ ինչո՞ւ: Ասում է մեկ ամիս ապրել ես՝ բավական է, հիմա պետք է ուրիշներն ապրեն: Ասում եմ՝ բա ես ուր գնամ, սպասեցեք մի քանի օր, Չարենցին հայտնեմ, գա մեզ տանի Երևան: Չսպասեց: Առավոտյան մարդ գտա, խնդրեցի, որպեսզի հայտնեն Չարենցին, թե ինչ դրության մեջ եմ Դարաչիչակում: Չարենցը եկավ Դարաչիչակ, շատ հուզված էր. տեսավ մեր դրությունը՝ երեխաները, ես ընկած պատշգամբի վերջին ծայրում: Նա ուղղակի սոսկալի հուզվեց, իրեն վատ էր զգում, ոչինչ չասաց, գնաց մի սայլորդ վարձեց, սայլը բերեց, ասաց.—Դու բարձրացիր սայլ, երեխաների հետ նստիր: Այդպես կամաց-կամաց հասանք մինչև Դարաչիչակի մոտի փոքրիկ կամուրջը, այնտեղից մեքենա նստեցինք ու եկանք Երևան: Երեւանում շոգ էր:—Արի Նորք տանեմ քեզ,—ասաց։—Երեխաների հետ տարավ Նորք: Սենյակ վարձեցինք. երկհարկանի մեծ տուն էր, չգիտեմ ումն էր, չեմ հիշում: Առավոտյան էր, թեյ խմեցինք, վերջացրինք, մի երեխային գրկեց, մյուսի ձեռքը բռնեց, գնացին ջրի ափը... *** ...Ինձ համար հանելուկ է մնում, թե ուր կորավ Չարենցի գրասեղանը: Նրա վեց դարակները լիքն էին. նամակներ, նկարներ, ձեռագրեր, սևագրություններ. նամակները տարբեր էին, դասդասված էին ըստ տարբեր հանրապետությունների... Ռոմեն Ռոլան, որին գրում էր նամակներ, նրա գիրքը ուներ՝ վերջինը, երբ նա եկել էր Հայաստան (Մոսկվա—խմբ.) ...Հետո ռուս գրողներն էին նրան նամակներ գրում, ինքն էլ պատասխանում էր: Տերյանի նամակները՝ Չարեցին (Շփոթում է. Տերյանի ձեռագրերը, որոնք արդեն Չարենցը վերադարձրել էր թանգարան—խմբ.): Այդ բոլորը պահում էր գրասեղանի դարակներում: Գ. Ազնավուրյան—Իսկ ե՞րբ թանգարան հանձնեց Մայակովսկու բյուստը: —Երբ ես ամուսնացա, Մայակովսկու բյուստը դրված էր դաշնամուրի կողքին, դրա ևր գրասեղանի միջև: Գրասեղանի վրա Մայակովսկու գիրքն էր՝ բաց. ես վախենում էի բյուստից, թվում էր աչքերը շարժվում են, շատ էի վախենում: Երբ Չարենցը տուն եկավ, ասացի: —Վաղուց պիտի ասած լինեիր, ինչո՞ւ ես քեզ այդքան մաշել, կհանձնեմ թանգարան: Եվ նա Արփիկի դիմակն ու Մայակովսկու բյուստը հանձնեց թանգարան. դա 1932 թվականին էր...
Արփենիկ Չարենց․ Խոսք ի խորոց սրտի
Աստծո կերպը ինձ համար հայրիկիս էության պատկերով է սրբագործված... Ինձ համար ամեն լավը քեզնից է սկսվում, սիրելի հայրիկ... Քեզ պատկանած ամեն մի իր մասունքի խորհուրդ ունի իմ մեջ... Ես անսահման երախտապարտ եմ իմ զգացմունքների նվիրվածությանը, այն մեծ սիրուն, որ տածում եմ քո հիշատակին ու քո անվանը... Ինչ փույթ, թե ես բոլորովին մանուկ զրկվեցի քեզանից, ինչ փույթ, թե կարճատև եղավ քո կենդանի ներկայությունը վայելելուս հրճվանքը. Չէ որ կան պահեր, որոնք հավերժության կորովն ունեն իրենց մեջ... Ես ուրույն մի թարմությամբ սրտում իմ կփայփայեմ մանկությանս հուշն այդ վաղահաս ու վաղանց... Անո՜ւշ, բայց անտև... Կարծես այսօր, հիշում եմ դեմքդ մագաղաթե, ճակատդ՝ բարձր ու ազնիվ, խռիվ, քմահաճ մազերով, անսահման բարի, իսկական գգվանքներ տենչացող, ես կասեի՝ շոշափելի թախիծով լի աչքերը քո... Ես հիմա չգիտեմ, թե ինչ գույն ունեին աչքերը քո՝ նրանք երբեմն մուգ սև, երբեմն կանաչ, երբեմն բաց կինեմոնագույն էին լինում... Հարափոփոխ էին աչքերը քո, ինչպես քո ոգին... Փոքրամարմին, թասակդ գլխիդ, ծալապատիկ նստած Մահաթմա Գանդիի պես... Պատեհ կամ անպատեհ առիթներով, երբ խուժում էի աշխատանոցդ, պարզում էիր ձեռքերդ ինձ գիրկդ առնելու: Ինձ անասելի երկար էին թվում թևերը քո, ես դեռ երեխա, զարմանում էի՝ այդքան փոքր մարմին և այդքան երկար ձեռքեր: Հետո միայն հասկացա, որ թևերիդ երկարությունը ֆիզիկական երևույթ չէր, այլ՝ հոգևոր... Այդպես լինում են անսահման սիրող ձեռքերը միայն: Ես դեռ չորս տարեկան, դու ինձ սովորեցրիր մաշտոցյան տառերը, մինչև հիմա էլ սրբությամբ պահում եմ լուսանկարը իմ, որի վրա մակագրել եմ՝ «Իմ պապային. Արփիկից»: Ամեն անգամ այդ լուսանկարին նայելիս՝ լցվում է սիրտս արցունքով ու հպարտությամբ—դու իմ առաջին ուսուցիչը եղար... Անսահման երախտագիտությամբ ու հպարտությամբ է լցվում հոգիս, երբ տեսնում եմ, որ ինձ ես նվիրել՝ քո հանճարի թևավոր ձին, քո բազում խոհերի, բազում տվայտանքների ժամանակի անողոք բովում ճշտված մատյանը—մատյանը ճշմարտության՝ «Գիրք ճանապարհին», որի ինձ նվիրված օրինակի վրա, ես՝ դեռ երկու տարեկան, ձեռքս բռնած գրել ես. «այսօր լրացավ իմ երկու տարին—Արփիկ», իսկ վարը մի բանաստեղծություն. ԱՐՓԻԿԻՍ Դու իմ լուսե բալիկն ես, Դու մեր վսեմ գալիքն ես... Պայծառ լինի թող օրն այդ հար, Ինչպես աչքերը քո կայտառ... Քո մեջ բացվի թող այգն իմ նոր Այգը շքեղ ու փառավոր... Այգը վսեմ, որ վառ հորդի Ձիրքն իմ անմահ ժողովրդի... Ու հիմա, երբ չկաս դու, երբ հուշ է դարձել պատկերը քո, տարիների մշուշից դու կրկին ու կրկին այցի ես գալիս հոգուս, սիրելի հայրիկ, տարածելով շուրջս հովանավորող շունչը քողար Ահա՛ իմ ամբողջ մանկությունը, էլ ի՞նչ, Էլ ի՞նչ կարող եմ հիշել՝ ավելի վառ... ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑ Ես հայրիկիս՝ Եղիշե Չարենցին, տեսել եմ հինգ տարի, այսինքն՝ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է սիստեմավորված հուշագրություն լինելու հավակնությունից և իրենից ներկայացնում է հուշաբեկորների մի փոքրիկ շղթա, որ օղակ առ օղակ հավաքել եմ, հուշերիս ժապավենը հանձնելով լույսին:
Արտաշես Ալեքսանդրյան․ Չարենցը ռեալական դպրոցում
Ուսումնական տարին Կարսի ռեալական դպրոցում արդեն վաղուց սկսվել էր: Դպրոցի հոյակապ տուֆակերտ շենքը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Գուբերնատորսկայա փողոցի վրա, ամեն առավոտ լցվում էր մեծաքանակ աշակերտների աղմուկով՝ առավոտյան ժամը 8-ից, բացի ձմռան խիստ ցուրտ օրերը, երբ փողոցներում կախում էին կարմիր դրոշակներ: Այդ կճան‐ճռճռան ցուրտ օրերին դասեր չէին լինում, և երեխաները մնում էին տներում փակված՝ թե՛ դռներով և թե՛ ղափլուղներով: Դպրոցի դիրեկտոր, ստատսկիյ սովետնիկ Նիկոլայ Ստեպանովիչ Սազանովը խիստ պահանջկոտ մարդ էր՝ թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների հանդեպ, և այդ պատճառով բոլորը ժամանակին գալիս էին դպրոց ու տեղավորվում դասարաններում: Մեր դասարանի պատասխանատու ուսուցիչն էր Իլյա Իվանովիչ Ալիխանովը, ազգությամբ հայ: Աշակերտները հարգում էին նրան և անգամ դասամիջոցներին մեր դասարանը աշխատում էր քիչ աղմուկ բարձրացնել խաղերի ժամանակ, որպեսզի մեր անկարգության համար Ալիխանովը զգուշացում չստանա Սազանովից: Աշակերտներիցս յուրաքանչյուրը ըստ դասացուցակի հերթապահում էինք ամիսը մեկ անգամ: Եղիշե Չարենցի հերթապահության օրն էր: Հայոց լեզվի դասը Արտեմի Գրիգորեւիչ Թասլախչյանը վերջացրել էր: Հետևյալ ժամը Իլյա Իվանովիչի դասն էր՝ գեղագրություն: Կոլեժսկիյ ասիստենտ Ալիխանովը ճշտապահ ուսուցիչ էր, սակայն այդ օրը զանգից հետո դեռ դասարան չէր մտել: Եղիշեն վաղուց վերջացրել էր հերթապահի պարտականությունը. թաց շորով մաքրել էր գրատախտակը, տեղը դրել կավիճը, բացել ու դրել էր դասացուցակը ամբիոնի վրա, ու այժմ անհամբեր, ժամանակ առ ժամանակ նայում էր շեմքից դուրս ուսուցչանոցից վերև բարձրացող սանդուղքներին, հայտնելու համար Ալիխանովի գալը: «—Տղե՛րք, չաղմկեք,—ասաց նա մեզ,—Ալեքսանդր Արխիպովիչ Յարուշենկոն (տեսուչը) մտավ 3-րդ դասարանը»: Երբ մեկ էլ նայեց միջանցք, հանկարծ Եղիշեի լուրջ դեմքին երևաց խորամանկ ժպիտ: —Միտքը բան ընկավ,—շրթները ականջիս մոտեցնելով ասաց հետևում նստած Աշոտ Փալանջյանը: Դեռ Աշոտի ձայնն ականջումս էր, երբ Եղիշեն կանգնեց առաջին նստարանների մոտ և, գրպանից հանելով, չգիտես որտեղից գտած մի փոքրիկ սև փայլուն իր, որ հիշեցնում էր թանաքամանից թափված դեռ չչորացած թանաք, դրեց բաց դասացուցակի վրա, որը ծածկեց մի քանի ազգանունների վերջավորություններ և միայն Ալիխանովին հայտնի գնահատական-նշանները. միաժամանակ կողքի վրա պառկեցնելով կիսաչորացած թանաքամանը՝ այն մոտեցրեց «թափված թանաքին»: Ստացվեց մաքուր դասացուցակի վրա թափված թանաքի խիստ նման պատկեր: Ապա փոքրիկ Չարենցը շտապեց դեպի դուռը: Նրա աչքերը խորամանկորեն և գոհունակությամբ փայլում էին: Նա նստեց կողքիս, իր տեղը և, դառնալով ետևում նստածներին, ասաց. —Սս՜... Սա՜... Գալիս է: Տիրեց մեռելային լռություն: Իլյա Իվանովիչը դասարան մտավ ուրախ տրամադրությամբ: Դասարանը ոտքի կանգնեց: —Նստեցե՛ք,—ասաց ուսուցիչը՝ ուղղելով ա-լա Վիլհելմ սարքված բերղերը և բարձրացավ ամբիոն... Նա իսկույն տեսավ շուռ եկած թանաքամանը և «թափված թանաքը»: Դեմքի ժպիտն անցավ: Երեսին գծագրվեցին բարկության նշաններ: —Ո՞վ է հերթապահը,—դիմեց նա դասարանին՝ հանելով քթի վրայից պենսնեն: Ձայն չեղավ: Ռուս, հայ, հույն աշակերտներից և ոչ մեկը չտվեց Եղիշեի անունը: —Ո՞վ է, հարցնում եմ, հերթապահը,—ավելի խիստ ձայնով կրկնեց ուսուցիչը: —Ես,—տեղից վեր կենալով և լուրջ դեմք ընդունելով ասաց Չարենցը, բայց անմիջապես երեսին ժպիտ երևաց: Դասարանը ծիծաղեց, և Ալիխանովը նորից նայեց դասացուցակին. գլխի ընկնելով, թե ինչումն է բանը, ինքն էլ քահ-քահ ծիծաղեց՝ բարձրացնելով պառկած թանաքամանը և «թափված թանաքը», ապա Եղիշեին մեղմորեն ասաց՝ «Садись, шельма». գեղագրության դասը սկսվեց, բայց ծիծաղողներ դեռ կային: *** Կարսի դպրոցները տոների կապակցությամբ արձակել էին: Փողոցները լցված էին աշակերտ-աշակերտուհիներով, որ վեր ու վար էին անում «պզդի ժամի քովեն տեյ Քարե կամուրջը» ու հետ գալիս՝ նորից ծիծաղելով ու կատակելով: Մի օր դասընկերս՝ Իոսիֆը, եկավ ինձ մոտ և ասաց. —Կուգա՞ս էրթանք մի քիչմ զվռնենք. թոփը նոր է գցե: Դուսը տաք է: Մենք դուրս եկանք: ...Թե գիտենաս, Արտաշե՛ս,—շարունակեց նա,—խափանի քովը ինչ նստելու ձիեր կան—խելքդ կթռնի: Քովս տաս շահի կա: Երկու ձիու համար մե սհաթվա հերիք կենե, նստինք ման գանք... Հասանք վարձու ձիերի տեղը ու դարպասեն ներս մտանք: Մենք դեռ խոսում էինք, թե որ մեկս որ ձին է վերցնելու, ներս մտավ ձիերի տերը... Իոսիֆը դեռ բերանը բաց չէր երել, կառապանը հայտարարեց՝ ձի չկա: —Հբը իսոնք ի՞նչ են,— ձիերին դնչով ցույց տվի ես: —Օր կըսեն չկա՝ չկա: Հայվանները նոր են էկե... —...Քիչմ սպասեք՝ հիմի ուր օր է Չալկեն ու Բուլանը կուգան: Մեկիդ մեկը կուտամ, մեկելիդ՝ մեկելը: —Աշե թե կուգան շան ծիծ կերածները. վախտեն կես սահաթ անցել է: Ձիերը ո՞վ է տարե,— հարցրեց Իոսիֆը: —Ձեր ըշկոլի տղերքը, ո՞վ: Էրկուսն էլ էդ ձեր ըշկոլի ղլլղով՝ շախպեքը, քյամութները... մեկը կարճլիկ, սև պլպստան սատանի աչքերով մանչմ էր, մեկելը՝ ուռում Խառիտովի տղան էր, օր Նոխրատյանի աղջկա ետևեն ման կուգա գիմնազի դռան առաջը: Մենծ տղա է, չէ էղե օր ձի վերցնե ու ուշացնե... —Հպը էն մեկել պզդիկը ո՞վ էր,—հարցրի ես... —Եսիմ վով էր: Սհաթմ է կսեմ չիտեմ, չե՞ս հասկնա. դմդմբո՞ց կուգա։ Ըսավ Աբգար աղի տղեն եմ, խալի, կարպետի գործ օր կենե։ Հիմի եսիմ, դուզ ըսավ, թե սուտմ բստրեց: Սիֆթաեն էտ տղեն աչքիս ալա-բուլա էրևաց: Մեկ ըսի չտամ, հմը էմպես լիզու թափեց օր բան չկրցա ըսեմ, տվի։ Օղորդ է հետև փոշմնա, հմը ուշ էր, Բուլանը թռավ:… *** Դեռ նոր էր նա չիբուխը բերանը դրել, բակում ձիերի դոփյուն լսվեց: Եկան: Ժամացույցը գրպանը դնելով դուրս եկավ կառապանը։ Մենք հետևեցինք նրան: Եղիշը ցած էր իջել ձիուց ու սանձից բռնած քաշում էր գոմ: Հետքից գալիս էր Խառիտովը Չալկայի հետ: Բուլանի ոտքերը ցեխոտված էին: —Էս ի՞նչ օրն ես գցե ձիուն,—բարկացկոտ ձայնով ասաց կառապանը: —Քեռի՛,—վրա բերեց Եղիշը,—կաթոկի գոմեշներուց էր, թե շիբին ջարդողներուց, խրտնավ, ետ, ետ գնաց կանաֆը ընկավ քիչմ չամռոտվավ... —...Քեզ ով ըսավ օր Ջլավուզու շոշ երթաս, օր շիբին ջարթողի, յա կա- թոկի գոմշի ռաստ գաս: Ապա դառնալով մեզ հայտարարեց: —Բիտունդ էլ գնացեք, ձի՛ չկա: —Քելեք, տղե՛ք,—ասաց Եղիշը,—և մենք բոլորս դարպասից դուրս եկանք: Այդ օրը ընտրեցի գրածս ոտանավորներից մի քանիսը ու իրիկնադեմին գնացի Չարենցի մոտ՝ նրա կարծիքն իմանալու: Քայլում էի դանդաղ, խորասուզված մտքերիս մեջ: Շատ տարիներ էին անցել այն օրից, երբ մենք՝ միևնույն դպրոցի ու դասարանի աշակերտներս, կապված մանկական մտերմությամբ, երկար ժամանակ իրար չէինք հանդիպել և թե՝ մտերմությունից ինչ մնացած կլիներ, չէի կարող գուշակել: Չէ որ Չարենցը այն փոքրիկ Սողոմոնյանը չէր, որ դպրոց գնալիս շվշվոցի ազդանշանով կանչում էր տնից Աշոտ Փալանջյանին և ապա ինձ, որ միասին գնանք դպրոց: Մեր ճանապարհն ընկնում էր «Չուգունե կարմնջի» վրայով: Այնտեղ Եղիշեն գրպանից հանում էր «սլլան քարերը» և հավասար բաժանում մեզ՝ Ղարսաչայը նետելու համար: Մենք հերթով «սլլանները» նետում էինք գետը՝ մրցելով, թե որ մեկս ավելի հեռուն կնետի: Զարմանալի էր, որ փոքրիկ, կարճահասակ ու լղարիկ Եղիշեն, գրեթե միշտ, ինձնից հեռու էր նետում, և անգամ հաջողվում էր նրան «թռցնել» սլլանները՝ մի քանի ցատկոցով, ջրի վրայով: Մտաբերեցի նաև Կարսի քաղաքային դպրոցի որոշ աշակերտների չարությունները. նրանք դեղին եզրերով գլխարկ տեսնելիս «կռո՜ւ, կռո՜ւմ էին բղավում և, եթե հաջողվում էր, թռցնում էին գլխարկները՝ այդ տառագերբերը պոկելու համար: Մեկ անգամ Ալեքսանդրյան փողոցի վրա, աղջիկների գիմնազիայի մոտ մեզ էլ պատահեցին այդ չար տղաները: —Կռո՜ւ, կռո՜ւ,—լսվեց հետևներիցս: —Տղե՛ք, ձեն չհանեք,—ասաց Եղիշեն, ուղղելով մեջքի գրքերով լիքը պայուսակը.— կռկռան, կռկռան էրթան: Եվ, իրոք, չմոտեցան: Հետո հասկացանք, որ նրանք մեզնից շուտ էին նկատել Պոլիցեյսկայա փողոցի անկյունում կանգնած գորոդովոյին, որը անկարգություն նկատելուն պես ամեն մեկից կպահանջեր աշակերտական գրքույկը և կներկայացներ համապատասխան դպրոցի դիրեկտորին: Պարզ էր, որ այդպիսի արարմունքների համար կարող էին աշակերտի ձեռքը տալ «Волчий билет» («Գայլատոմսակ») և հեռացնել դպրոցից: Իսկ ա՞յժմ, ա՞յժմ, ի՞նչ մնացած կլիներ մեր մանկությունից: Մենք երկուսս էլ ամուսնացած էինք, երեխաներ ունեինք: Բացի այդ, Չարենցը ականավոր գրողներից մեկն էր և ուներ մեծ հռչակ: Ահա՛, այդ մեծ մարդու տունն էր, որ ես պետք է մտնեի, գրածս ոտանավորներից մի քանիսը նրան ցույց տալու և նրա կարծիքն իմանալու համար: Հասա այժմյան Լենինի պողոտայի No45 տունը և առաջին մուտքով մտա ու արագ բարձրացա երկրորդ, թե երրորդ հարկը, սեղմեցի զանգի կոճակը: Չգիտեմ ինչու սրտիս աշխատանքն արագացավ: Կճանաչի՞ արդյոք՝ մտածում էի ես: Դուռը բաց արեց մի երիտասարդ, բարեդեմ կին և, իմանալով, որ Չարենցին եմ ուզում, ներս հրավիրեց՝ ցույց տալով նախասենյակի ձախ կողմի դուռը: Չարենցի փոքրիկ սենյակը համեստ էր կահավորված: Ձախ կողմում մենակ, թախտի վրա, ոտքերը դեպի դուռը, շորերով մեջքի վրա պառկած էր Չարենցը՝ երկու ձեռքը դրած գլխի տակ: Թախտից ոչ հեռու, պատուհանի ձախ կողմում գրասեղանի վրա անկանոն դրված էին զանազան գրքեր և թղթեր: Պատի վրայի ճտպտիկ գույնզգույն նախշերը կախարդական տպավորություն թողին վրաս: տովանահայ —Հանգիստդ խո չխանգարեցի՞,—հարցրեցի ես կարսեցու առոգանությամբ՝ հիշեցնելու համար իմ ով լինելը: —Արտաշե՞ս,—վեր թռավ տեղից Չարենցը ու փաթաթվեց ինձ։—Էս—ո՞ր խաչից: Նստի՛ր, նստի՛ր,—ու ավելացրեց.—զինվորական բժիշկ ես, հա՞: Միասին նստեցինք գորգով ծածկված թախտին: Նա հարցուփորձ արեց ինձնից, հետաքրքրվեց Կարսի ընկերներից՝ ո՞վ կա, ո՞վ չկա: Ինձ զարմացրեց նրա հիշողությունը. նա հիշում էր մանկության օրերի ամեն մի դեպք եւ մեծ հրճվանքով պատմում՝ թափանցիկ, վառվռուն սև աչքերը չհեռացնելով ինձնից: Իմանալով գալուս պատճառը, Եղիշեն վեր կար ցավ տեղից ու նստեց գրասեղանի մոտ: Ես էլ տեղափոխվեցի պատուհանի տակ դրված աթոռը և նստեցի նրա դիմաց: —Կարդա՛ տեսնենք,—ասաց նա՝ գլուխը հենելով ձեռքի ափերին: Ես կարդացի մի քանի ոտանավոր, «Մուկն» էլ կարդաց ինքը: Ես անհամբեր սպասում էի, թե ինչ պիտի ասի նա, և վերջապես լսեցի. «Լա՛վ է, ես հավանեցի»: Նա խորհուրդ տվեց ինձ շարունակել գրել, հետո պոկեց «ԽՍՀ խորհրդի 8-րդ համագումարի պատգամավոր» վերնագրով բլոկնոտից մի թերթիկ և սկսեց արագ գրել: Ես աչքի տակով հետևում էի գրածին (երկտողը թվագրված 14. 7. 1935, տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1968, էջ 454—խմբ.): Մենք բավական երկար խոսեցինք, ու ես՝ չուզենալով խանգարել նրա հանգիստը, մնաս բարով ասացի նրան և ուրախ-ուրախ տուն վերադարձա: Անմոռաց օր:
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան․ Արտակարգ հմայիչ մարդ էր նա
Եղիշե Չարենցի հետ ծանոթացել եմ 1932 թվականին: Ռուբեն Դրամփյանի հետ այցելեցինք նրան, Դրամփյանը հայտնեց իմ ով լինելը և ասաց, թե ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ Չարենցը տեսնի իմ նկարները: Չարենցի մոտ այդ օրը հյուրեր կային, մոտ 10-12 հոգի, մեծ մասամբ գրողներ, զրուցում էին, վիճում: Եվ, որովհետև հայերեն ես համարյա չէի հասկանում, մենակ էի զգում ու մոտեցա գրապահարաններին: Շատ հարուստ գրադարան ուներ Չարենցը՝ բեռնավորված գեղարվեստական, արվեստաբանական, փիլիսոփայական, աստվածաբանական և այլ գրականությամբ: Որքան ես կարողացա նկատել, Չարենցն այդ ամբողջ երեկոյի ընթացքում հայացք անգամ չնետեց ինձ վրա, բայց, հյուրերի գնալուց հետո, երբ վերջինը հրաժեշտ էինք տալիս ես ու Դրամփյանը, խնդրեց մնալ: Երբ մենակ մնացինք, սկսեց խոսել իմ մասին, և ես զարմացած էի, թե ինձ չճանաչող, անծանոթ այդ մարդը, որքան հավաստի է պատկերացնում ինձ: Հետո զրուցեցինք արվեստի հարցերի շուրջը: Չարենցը մեծ էրուդիտ էր, բայց առավել եւս՝ Ռ. Ռոլանի պես, բոլոր արվեստները ինտուիցիայով խորապես զգացող անհատականություն: Նա, անշուշտ, բոլոր արվեստների գիտակ չէր, բայց արվեստի ուզածդ հարցից կարող էր խոսել և ծավալվել ժամերով: Այդ օրը, ինչպես և հետագայում, նա ինձ հետ երկար զրուցում էր եգիպտական մումիաների և սարկոֆագների մասին: Դրանց վերաբերյալ այդ տարիներին ռուսերեն լեզվով գրականություն այնքան էլ չկար, բայց նա խոսում էր զգացողությամբ, այն էլ «ահավոր» կռահումներով ու համոզիչ հիմնավորումներով: Ամենից շատ սիրում էր արվեստի 18-րդ դարը, չափազանց շատ հետաքրքրվում էր ու կարդում. սիրում էր հատկապես Վատտոյին և խոսակցության ժամանակ հաճախ դառնում նրան: Արվեստի զարմանալի զգացողություն ուներ Չարենցը, որսալու և թափանցելու անօրինակ ունակություն: Հետագայում՝ մասնավորապես 1935-ին, երբ բացված էր իմ ցուցահանդեսը Երևանում, բազմիցս հանդիպել եմ Չարենցին՝ մեծ մասամբ նրա բնակարանում: Շատ ճաշակով կահավորված բնակարան ուներ. այնտեղ չկար ոչ մի ավելորդ, ընդհանուր ոճից շեղվող առարկա, չկար նույնիսկ աննշան մի իր, ասենք մոխրաման, որ մատներ տանտիրոջ անճաշակությունը: Տանն ուներ Բուդդա, բազմաթիվ բարձրաճաշակ իրեր, նկարներ, պաստառներ: Չարենցը խնդրեց, և ես նրա համար գծագրեցի գրապահարան, գծագիրը պատվիրեց մի վարպետի, նա պատրաստեց: Մի օր էլ որոշեցինք, որ ես պետք է նկարեմ իրեն: Ներկեր չունեի, վերցրեցի Սարյանից: Միասին որոշեցինք դիրքը, ֆոնը՝ թիկունքից Բուդդան, գլխահակ, ծալապատիկ նստած, մոտավորապես այնպես, ինչպես մատիտանկարում է: Տասնհինգ րոպե հազիվ համբերեց, հետո հոգնեց, ջղայնացավ կեցվածք ընդունել չէր սիրում: 1935-ի այդ օրերին Չարենցը մեծ մասամբ լինում էր տանը, անկողնում պառկած... Այդպես էլ ընդունում էր մարդկանց. խոսելիս աստիճանաբար ոգևորվում էր, այդ պահերին արտակարգ գեղեցկանում էր, աչքերն ստանում էին ոսկե փայլ, և ինքը, ասես ոգիացած, վերանում էր... Չարենցը սպասում էր արտասահման մեկնելու վիզայի. պետք է մեկներ Փարիզ՝ բուժվելու, երազում էր գնալ և բուժվել: Չափազանց հետաքրքիր զրուցակից էր Չարենցը և կարողանում էր ցանկացած բանում համոզել: Մի անգամ հարցրեց իմ կարծիքը Վլ. Մայակովսկու մասին. պատասխանեցի, թե Մայակովսկին իմ հոգուն ոչինչ չի ասում: Սաստիկ բարկացավ ու ասաց, որ ինքը չի պատկերացնում կիրթ մարդ, որ այդպես արտահայտվի Մայակովսկու հասցեին: Մայակովսկին մեծ երևույթ է,—անընդհատ կրկնում՝ էր նա: Դրանից հետո երկու երեկո ինձ համար կարդում էր Մայակովսկի՝ բանաստեղծական կառուցվածքի, պատկերի, շնչի ու կրքի ծանոթությունբացատրություններով: Կարդում էր հատկապես վաղ Մայակովսկուն և ինձ հաշտեցրեց Մայակովսկու հետ: Այդ օրերին խոսել-զրուցել ենք նաև Սայաթ-Նովայի, Ավ. Իսահակյանի մասին: Իսահակյանին Չարենցը շատ բարձր էր գնահատում՝ և՛ որպես մարդ, և՛ որպես բանաստեղծ, բայց համարում էր անհետաքրքիր զրուցակից: Չափազանց անմիջական ու անկեղծ մարդ էր Չարենցը, ինչ և ով դուր չգար՝ առանց քաշվելու կասեր երեսին: Մի անգամ ես նրան կատակով ասացի, թե իզուր է կարծում, թե ինքը Դանտե է. կռվեց, հայհոյեց ինձ, գժտվեցինք: Հետո սկսեցի կարոտել նրան, տխրել, հաշտարար միջնորդ ուղարկեցի. ընդունել էր և ասել՝ թող գա: Գնացի, համբուրվեցինք, հաշտվեցինք: Շատ յուրօրինակ մարդ էր նա, իսկապես. համբուրվեց, հետո գրպանից հանեց թաշկինակը և մաքրեց շրթունքները: Հայ նկարիչներից շատ բարձր էր գնահատում Մարտիրոս Սարյանին: Սիրեց նաև իմ նկարները, դրանցից երկուսը ցանկացավ գնել. չհամաձայնվեցի, և մենք գժտվեցինք նորից: Հաշտվեցինք Թիֆլիսում, եկել էր պաշտոնական տեսակցության, որը տևել էր ժամեր... Այդ օրերին ես նրան հանդիպել եմ շատ անգամ, զրուցել ենք ամենատարբեր հարցերի շուրջը: Չարենցը, իհարկե, դյուրագրգիռ էր, բորբոքվող, բայց իր ամբողջական նկարագրով մեծ էր, արտակարգ հմայիչ և սիրելի մարդ, պաշտելի անձնավորություն: Իմ կյանքի ողջ ընթացքում, վերհիշելով նրան, ես չեմ մտաբերում որևէ մանրուք, որ առիթ տար վատ մտածելու բանաստեղծի մասին: