Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հոկտեմբերի 18-ից 25-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է «Թանգարանային փորձառություններ․ պահպանությունից ներգրավվածություն» միջազգային մասնագիտական ծրագրին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են պետերբուրգյան թանգարանների աշխատանքին, փորձի փոխանակում ունեցել արդիականացված ցուցադրությունների, նոր լսարանների ներգրավման և թանգարանային առարկաների պահպանության ժամանակակից մեթոդների վերաբերյալ։ Ծրագրի փակման արարողությանը մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ։ Շնորհակալական խոսքը Ժաննա Մանուկյանն ավարտել է խորհրդանշական ընթերցմամբ՝ ներկայացնելով Եղիշե Չարենցի «Հրաժեշտ Լենինգրադին» բանաստեղծությունը, որը գրվել է 1929 թվականի հոկտեմբերի 26-ին՝ բանաստեղծի՝ Լենինգրադ կատարած առաջին այցելության ընթացքում։

Սանկտ Պետերբուրգում գտնվելու ընթացքում թանգարանի տնօրենն այցելել է նաև Քանդակագործության քաղաքային թանգարանի «Արվեստի գործիչների պանթեոն»՝ հարգանքի տուրք մատուցելով ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու հիշատակին։ Չարենցը քաջատեղյակ էր Դոստոևսկու ստեղծագործություններին և հայ գրողներին ու արվեստագետներին հաճախ հորդորում էր սովորել մեծ գրողից՝ մարդկային հոգեբանությունը խորությամբ և կատարելությամբ պատկերելու նրա վարպետությունը։
Այնուհետև Ժաննա Մանուկյանն այցելել է Ե․ Չարենցի տուն-թանգարանի հավաքածուի 2 թանգարանային առարկայի համալրման նվիրատու, պետերբուրգաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանի՝ «Պահպանելով հիշողությունը» թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։







ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ