Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և..․» երկլեզու գրքի շնորհանդեսը հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության յուրօրինակ դրևորում է



Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի <<«Ծիածանը» և…>> երկլեզու գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվեց տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։ Այն նվիրված է Եղիշե Չարենցի 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին։
Շնորհանդեսի շրջանակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը և ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը։

«Անչափ ուրախ եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցության համար, ինչի արդյունքում էլ ֆրանսերեն թարգմանվեց և հրատարակվեց Չարենցի ««Ծիածանը» և…» գիրքը»։ Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է ֆրանկֆոն հանրությանը ներկայացնել Չարենցի ստեղծագործությունները։ Հայ ժողովրդի համար Չարենցն ու նրա ստեղծագործություններն առանձնահատուկ են, մեզ համար՝ նույնպես, որովհետև մենք Հայաստանի հետ ունենք շատ ամուր մշակութային կապեր։ Առիթից օգտվելով` ուզում եմ Ֆրանսիայի դեսպանատան անունից հարգանքի տուրք մատուցել գրքի ֆրանսերեն թարգմանության հեղինակ Արամ Բարլեզիզյանին»,- նշեց Գիյոմ Նարժոլեն և շնորհակալություն հայտնեց գրքի ստեղծման գործում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլե

«Չարենցն իր ստեղծագործություններով 20-րդ դարի հայ գրականության ներկապնակի ամենախիտ և հիմնային գույներից է, և նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հայ գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու, Հայաստանի մասին ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ՝ Աստղիկ Մարաբյան

«Թանգարանի գործունեության ռազմավարական ուղղություններից է Չարենց-կերպարը, Չարենց-անհատին միջազգայնացնելը և այդ նպատակով գրողի գրական ժառանգության թարգմանությունների ապահովումը։ Այդ գաղափարի իրագործման ճանապարհին ստեղծվեց « «Ծիածանը» և… » երկլեզու գիրքը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն՝ Ժաննա Մանուկյան

«Գիրքը վերնագրված է « «Ծիածանը» և …», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր՝ թվով 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն): Քանի որ գրքում ներկայացված ստեղծագործությունները սիմվոլիստական են, շապիկին էլ նման լուծում տրվեց։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահպանվում է Կառլեն Հովսեփյանի՝ 1987 թվականին արած այս աշխատանքը։ Սիմվոլիզմ է ամբողջությամբ՝ Չարենցն է, մյուս կողմից կինը, անուն չկա, ընդհանուր սիրած կինն ու սիմվոլիստական գույն»։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ՝ Անուշ Թասալյան: